Հովհաննես Թումանյանի ծննդավայրում, Թումանյանի տուն-թանգարանում, «Հովհ. Թումանյան-150» հուշամեդալ՝ վաստակաշատ մանկավարժ Արշակ Թումանյանին
Դսեղում, Մեծն Լոռեցու տուն-թանգարանում, տեղի ունեցավ ևս մեկ Թումանյանաշունչ միջոցառում: Հեղինակը արվեստագետների կողմից ճանաչված և ըստ արժանվույնս գնահատված «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի խորհուրդն էր: Մասնակցեցին խորհրդի անդամներ, արվեստագետներ, հյուրեր երկրի տարբեր քաղաքներից: Նույն օրը թանգարան էր այցելել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը/նա հանդիսանում է երկրի թանգարանային համակարգի, այդ թվում՝ նաև Դսեղի տուն-թանգարանի,ղեկավար/ ով սիրով միացավ մասնակիցներին, ողջունեց և արժևորեց ՀԿ-ի հերթական նախաձեռնությունը:
Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից Թումանյանի մասին մի հատվածի ասմունքից հետո ՀԿ-ի նախագահ, «Արվեստագետ» հանդեսի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը ներկայացրեց Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի երկարամյա տնօրեն, այժմ՝ փոխտնօրեն, վաստակաշատ մանկավարժ, ծնունդով դսեղցի Արշակ Թումանյանին, ով մեծ ավանդ ունի քոլեջի կայացման գործում: Հենց նա էլ արժանացավ «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի խորհրդի միաձայն որոշմամբ հաստատված «Հովհ. Թումանյան-150» հուշամեդալի: Այն Արշակ Թումանյանին հանձնեց «Արվեստագետ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, Պատվավոր պրոֆեսոր, Արշակ Թումանյանի նախկին դասախոս Ռոբերտ Սահակյանը: Շնորհավորական խոսք ասացին Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, ՀՀ ժողավրդական արտիստ, Վանաձորի Պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանը, ի.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-գնդապետ Էդուարդ Մանևիդիսը, տողերիս հեղինակը, «Մաշտոց» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Վահագնաձորի Պատվավոր քաղաքացի Ստեփան Դալլաքյանը, ով կատարեց Գուսան Զաքարյանի «Անմահ» Թումանյան երգը: Արշակ Թումանյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի կազմից, իր հերթական պարգևը համարեց ստացած պարգևների մեջ անչափ կարևոր:
Գագիկ Անտոնյան

