Ժողովրդական երգիչ Ստեփան Դալլաքյանը գերում է հանդիսատեսին և միշտ մնում նրա գերին
Ստեփան Դալլաքյան-75
Վաստակաշտ, փառաբանված, ժողովրդի կողմից վաղուց ժողովրդականի կոչում նվաճած երգիչ Ստեփան Դալլաքյանի մասին դիմանկարային այնպիսի հոդված արարել, որ լինի համապարփակ, գործուհամբավին, մշակութային գործչի մեծագույն վաստակին համահունչ, ընդունում եմ՝ դժվարին խնդիր է: Նրա երգարվեստին գերվելով դեռ պատանի հասակից, ապա հետագայում ծանոթանալով, մտերմանալով երգչի հետ, ինձ բախտ է վիճակվել ոչ միայն խորն ուսումնասիրել այդ «բազմաշերտ» մարդուն, հայտնաբերել առաջին հայացքից աննկատելի, բայց անչափ ուսանելի նորանոր որակներ ու մարդկային գծեր, այլև բազմիցս անդրադառնալ նրա եռանդուն գործունեությանը, մի քանի անգամ էլ դիմանկարային հոդվածների հեղինակ դառնալ: Երկար մտորում էի՝ էլ ի՞նչ նոր բան կարող եմ ասել, նախորդ տարիների ասվածին ավելացնել: Բայց երբ գրիչս ձեռքս առա՝ հասկացա՝ Լոռու Սոխակի մասին դեռ շատուշատ բան կա ասելու:
Բեմում է հանրապետության վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը: Նա պետք է կատարի սիրված գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգը: Դահլիճում սպասման լռություն է: Մի մայր կողքին նստած դստերն է ծանոթացնում՝ մեծանուն երգիչն է՝ մեր Ստեփանը, արդեն 75 տարեկան է: Դուստրը կասկածում է՝ «չի կարող պատահել»: Մեղք չունի աղջնակը: Կորամեջք, հազիվ քայլող ծերունու փոխարեն նա տեսնում է երիտասարդական ավյունով լեցուն, գեղեցկատես, բեմական առույգ կեցվածքով ու ազգային տարազով «պճնված» ԲԵՄԻ ՏԻՐԱԿԱԼ մի այրի, որոնցով նա վանում է 75տարեկան լինելու մտապատրանքը:
Ապա՝ ձայնը...Շատ երիտասարդ երգիչներ կերազեին այդպիսի թավիշ, զուլալ, կախարդիչ ձայն ունենալ: Ու երգում է: Ու թվում է անմահական աղբյուրներն են խոխոջում Լոռու ձորերն ի վար, շնկշնկան հովն է լեռան կատարից աննկատ իջնում ու շոյում ամեն մի ունկ: Դահլիճում ներկաներն իրենք էլ չիմանալով՝ ինչպե՞ս, ինչո՞ւ, միանում են երգչին, իրենց ձայնը միահյուսում ձայնին, երգը ձուլում երգին: Թովիչ ելևէջների ներքո մշուշվում, կորչում է կյանքի ամեն դժվարություն, ամեն առօրեական, կախարդված դահլիճն զգում է ԱՆՄԱՀ ՊՈԵՏԻ վեհաշուք ներկայությունը: Մայրն աղջկան ինպե՞ս չասի՝ այս երգի նման կատարում ոչ մի երգչի երկար ժամանակ չի հաջողվի: Այո, դժվար հաջողվի: Որովհետև միայն ձայնով չեն երգում: Խորագիտակ հոգի է հարկավոր, ով կարող է երգը մերձեցնել հոգու հետ: Նա Դսեղը համարում է տիեզերքի կենտրոն միայն այն բանի համար, որովհետև այնտեղ է ծնվել Տիեզերական մեծության բանաստեղծը: Նա կարող է ժամերով արտասանել Թումանյանի բանաստեղծությունները: Նաև նրա համար, որ այդ երգը մոռացումից փրկելու հարցում մեծ է իր դերը: Գուսանի կենդանության օրոք, նաև նրա ներկայությամբ՝ հիմնականում միայն Ստեփան Դալլաքյանն էր երգը կատարում և հավանության արժանանում: Նրա երգացանկի գոհարն է, որ կատարում է մինչև օրս: Ապա և՝ նրա շնորհիվ է նոտագրվել երգը: Նա է նաև գուսան Զաքարյանի 22 երգերի անզուգական կատարողը, այդ երգերի խտասկավառակների և երգերի նոտագրման հեղինակն ու նախաձեռնողը՝ «Հորովել» երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանի հետ: Վաղուց ավանդույթի ուժ է առել՝ Լոռիում Թումանյանաշունչ ամեն մի միջոցառում ավարտվում է «Անմահ Թումանյան»-ով: Եվ այդ երգն ամեն անգամ հնչում է հուզական նույն ուժով, ինչ որ երիտասարդական տարիներին: Հանելուկ է՝ ի՞նչ կախարդանք է՝ նրա ձայնը չի խամրում: Նրա երգերի ջերմ ելևէջները հզոր լիցքեր են հաղորդում, ունեն նախնական մաքրությունն ու զուլալությունը այսօր էլ, ինչպես 40-50տարի առաջ:
Ուղիղ 50տարի առաջ: 1974թ. Օգոստոսի 10-ի համարում «Սովետական Ղարաբաղ» թերթում տպագրվեց նաև մի լուր «Հորովել» երգի, պարի համույթի ղարաբաղյան հյուրախաղերի մասին: Թերթի թղթակից Վարդան Հակոբյանը նկատել և այս կերպ էարժևորել երիտասարդ մենակատար Ստեփան Դալլաքյանին. «Եթե մյուսների երգում իշխողը քնքշության ու ափսոսանքի զգացմունքներն էին, ապա Ստեփանի ձայնի մեջ ընդգծվում էր լեռնականի տոնականությունը: Ունկնդրում ես երգը նրա կատարմամբ ու ինքդ քո մեջ համոզվում, որ աշխարհի բոլոր անսահմանությունները ապրում են լավ բառերի մեջ, որ ձայնը կարող է տիրել աշխարհին այնպես, ինչպես արևի ժպիտը»:
Այո, նրա ձայնը արևի ժպիտ է: Եվ կարող ենք անվանի մարդկանցից շատ մեջբերումներ անել նրա մասին արտահայտած մտքերից ու գնահատականներից: Բայց, եթե, այդ «Արևի ժպիտի» մասին շատ խոսեցինք, փոխենք թեման:
Ստեփան Դալլաքյանը միայն երգիչ չէ: Մարդը մշակութային գործիչ է: Նա թե իր երգով, թե գործունեությամբ անդուլ հանրահռչակում ու հանրայնացնում է մեր ժողովրդական, գուսանական, աշուղական, հայրենասիրական երգարվեստը: Երգերի կատարումներից առաջ նա հաճախակի տեղեկություններ է հաղորդում հեղինակի մասին, ներկայացնում նրա կյանքն ու գործը, հետաքրքիր փաստեր բերում երգի ծննդյան շարժառիթների մասին: Ծանրակշիռ է նրա ավանդը ժողովրդական երգերի մատուցման լավագույն ավանդույթները նոր երգիչներին փոխանցելու, հազարավոր համերգներով հայոց երգերը տասնյակ երկրներում, համերգասրահներում, նաև սփյուռքի հայրենակարոտ ազգակիցներին մատուցելու գործում:Նա իր նախաձեռնությամբ հարյուրավոր համերգներով հանդես է եկել դպրոցականների, ուսանողների առջև, տարեցների տներում, մանկատներում, քրեակատարողական հիմնարկներում, մարզային, համաքաղաքային բոլոր միջոցառումների ամենաակտիվ մասնակիցն է: Ուր էլ որ նրան հրավիրեն երգելու, իրենց միջոցառումը զարդարելու, երգիչը մերժել չի կարողանում: Հաճախ եմ լսել.«Ո՞նց մերժեմ, մեր ժողովրդի «նոքարն» եմ»: Այսօր շատ երգիչ-երգչուհիներ կարող են հպարտ հայտարարել, որ իրենց ուսուցիչը մեծանուն երգիչն է: Շատ ուշադիր է նոր երգահանների, նոր երգերի նկատմամբ: Արժեքավորը անմիջապես գրավում է նրա ուշադրությունը / ընթերցողը թող կռահի, թե որ զգայարանով/, անտարբեր չի մնում: Երգերը շունչ են առնում և կյանքի կոչվում նրա կատարմամբ, իսկ հեղինակները ձեռք են բերում ոչ միայն ճանաչում, այլև ստեղծագործելու վստահություն: Լոռին, երկիրը մեր նրան է պարտական, որ անվերադարձ չանհայտացան, այսօր ունենք ու հնչում են գուսան Զաքարյանի անզուգական երգերը:
Հայրենիքը ըստ արժանվույն գնահատե՞լ է երգչին: Բազմաթիվ պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի, ոսկե շքանշանների, տարբեր մրցելույթներից ստացած դափնիների մասին մենք չենք էլ խոսի, քանզի դրանք բազմաթիվ էջեր կկազմեն և ընթերցողն ինքն էլ կարող է կռահել:
Հարցս միայն ակնարկ է՝ Ժողովրդական արտիստի կոչում նրան տրվե՞լ է:
Կարելի է պատասխանել՝ և այո՛, և...ո՛չ:
Այնուամենայնիվ՝ այո՛: Այդ կոչումը նրան տվել է նրա երգարվեստով ապրող ու հմայվող մեր ժողովուրդը:
Իմ կարծիքը միակը չէ: Ստեփան Դալլաքյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին իր շնորհավորական խոսքում նրա 70-ամյա հոբելյանական երեկոյում «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Մանվել Միկոյանը դիպուկ այս միտքն է մեզ մատուցել.
-Ստեփան Դալլաքյանը վաստակավորի կոչմանն արժանացավ այն ժամանակ, երբ արդեն վաղուց Ժողովրդական էր: /«Լոռու մարզ» թերթ, թիվ 29, մայիսի 3, 2023թ./
Որովհետև՝ երգիչ Ստեփան Դալլաքյանը գերում է հանդիսատեսին և միշտ մնում ժողովրդի գերին:

