ՇԱԼՈՒԱ ԳԵՏԻ ՀՈՎԻՏ․ Արցախի Վայկունիք գավառ
42 կմ երկարություն և 582ք/կմ ջրահավաք ավազան ունեցող Շալուա գետն սկիզբ է առնում Արցախ աշխարհի Շալուայի, Զոլասարի և Կուսանաց լեռնաշղթաների մոտ 2500 մ բարձրություններից բխող աղբյուրներից: Ներառելով Րախիշ, Վաղազնոգետ և այլ գետակներ, միավորվում է Հոչանցին, որտեղ էլ ծնվում է Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարին ու հոսում դեպի Արաքս՝ ճանապարհին ընդունելով Աղավնո և Որոտան գետերը: Շալուա գետի վերին հոսանքում, ծովի մակերևույթից մոտ 1300x1500 մ բարձրության վրա է գտնվում համանուն գյուղական համայնքը՝ կազմված 4 բնակավայրից՝ Շալուա, Հիմնաշեն, Վերիշեն և Քարուտ: Մատենագիտությունից տարածքում հայտնի բնակավայրեր են Շալուան, Վակունիսը, Մայրաջուրը, Արախիշը, Վաղազինը, Արտաշավին, Ալիղուլին և այլ գյուղեր, որոնք մինչ օրս կան, պահպանել էին իրենց պատմական անունները՝ որոշակի փոփոխությամբ։
Շալուա գյուղը փռված է համանուն գետի ձախակողմյան երկարավուն ու նեղ հարթությունում: Բնակավայրի մասին հայ մատենագրության մեջ տեղեկություն չկա, սակայն տարածքում պահպանված հայոց պատմական հուշարձանները վկայում են, որ Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք, հետագայում՝ Զառիստ, Հաջի Սամլու գավառի մեջ մտնող այս և մոտ 2 տասնյակ այլ բնակավայրերը ժամանակին եղել են շեն ու ծաղկուն և մտել Գտիչ վանքի եպիսկոպոսական թեմի մեջ: 18-րդ դարակեսից սկսած Շալուայի ողջ ավազանը հայաթափվել է: Վայկունիք անվանումը Խորենացին այսպես է բացատրում. ,…Որովհետև Տիգրանը լսել էր, թե ՎԱՅԿՈՒՆ անունով մի ելուզակ վրդովում է հայոց աշխարհը՝ գրավելով այն ամուր լեռը, որ մինչ այսօր էլ այդ ելուզակի անունով կոչվում է Վայկունիք…ե (Մովսես Խորենացի, ,Հայոց պատմությունե, Երևան, 1990թ., Էջ՝ 83): Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի կարծիքով` ավազակ կամ ելուզակ Վայկունը նույն հռոմեացի զորավար Լուկուլոսն է: Կան կարծիքներ, որ Տիգրան Մեծի օրոք եղել է Վայկուն անունով մի ավազակ, որ ասպատակել է Արցախ երկրում:) Տարածքում առավել հայտնի, հերոսական ու դրամատիկ պատմություն ունի ներկայիս Ղազարապատ գյուղը՝ Ալղուլին կամ Ալղուլաշենը, որի պատմական անունը դարձյալ հայտնի չէ: Գյուղը մինչև 1918 թվականը եղել է բուն հայկական՝ բոլոր կողմերից շրջափակված լինելով թշնամիներով: 1905-1906թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ Ալղուլաշենը քոչվոր թարաքեամաների կողմից պաշարվել է, սակայն հայ ժողովուրդը հերոսաբար պաշտպանվել է, մինչև Գորիսից ցարական բանակի զինվորներն օգնության են հասել: Իհարկե, այդ օրերին Ալղուլիի կեսն այրվել էր, կային զոհեր ու վիրավորներ: Գյուղը հայաթափ եղավ 1918 թվականին՝ դարձյալ ենթարկվելով ասպատակության:
ՇԱԼՈՒԱ
Համանուն գետի վերին հոսանքում՝ լայնահուն տարածքում է պատմական գյուղը՝ Ծ․ Մ․ 1500մ միջին բարձրության վրա։ Բնակավայրի հայոց երկիր լինելու մասին է հուշում գյուղի կենտրոնական մասում մինչ օրս կանգում միանավ, թաղակապ բազիլիկ եկեղեցին։ Սրբատունը կառուցված է անմշակ քարով ու կրաշաղախով, ներսը սվաղված է։ Հնարավոր է՝ խորհրդային տարիներին այստեղ բնակություն հաստատած քրդերն են սվաղել, երբ օգտագործել են եկեղեցին որպես պահեստ։ Միակ մուտքն արևմուտքից է՝ վերևում բավականին մեծ չափերով պատուհան, որը արտաքին պատերը քանդված են։ Ճարտարապետական ոճային առումով նման է 17-րդ դարում կառուցված եկեղեցիների։ Հնարավոր է՝ եկեղեցին հին սրբատան հիմքերի վրա է կառուցվել: Արտաքին չափերն են՝ 13,5x8,45մ։ Պատերի հաստությունը 1,3մ և ավելի՝ որոշ հատվածներում։ Ներսում՝ հյուսիսային պատի մեջ, պահպանվել է մկրտության ավազանը։ Սուրբ խորանի 2 կողմում կան ավանդատներ՝ մեկական պատուհաններով։ Մի պատուհան էլ ունի Սուրբ Խորանը։ Դրսի կողմից այս պատուհանը մի ամբողջական տապանաքար է․ կենտրոնում նեղ երկարավուն անցք է բացված։ Կաղքին, ներքին մասում տապանաքարերի բեկորներ են՝ կենցաղային պատկերներով։ Ինչպես ընդունված է՝ եկեղեցու տարածքում է եղել գյուղի հանգստարանը, որը խորհրդային տարիներին ավերվել է։ Տեղում պահպանվել են մի քանի խաչքար ու տապանաքար։ Եկեղեցին կառուցելիս դարձյալ որպես շինաքար են օգտագործվել տապանաքարերից մի քանիսը։ Մուտքի անկյունաքարերին և կան արձանագրություններ։ Բարավորից աջ գտնվող կամարաձև քարը բազում խաչերով է զարդարված, և ունի հետևյալ գրությունը․ ՏՐ ՊՈՂՈՂ ՄԽԻԹԱՐ, ՌԿ/1611/։ Մուտքի աջակողմյան անկյունաքարը, որը տապանաքարի ամբողջական կտոր է, ունի արձանագրություն. ՊՈՏՐՈՍ, ՊՈՂ/ՈՍ/ ԹՎ/ԻՆ/ ՌՃ-1100+551=1651.: Հավանաբար այս արձանագրությունը հաշվի առնելով են եկեղեցին կոչում Պողոս-Պետրոս:
ԺԱՅՌԱԽԱՉԸ ԳԵՏԻ ԱՓԻՆ
Շալուա գետի և նրա ձախակողմյան Րախիշ վտակի միացման տեղում ժամանակին բնակավայր է գոյություն ունեցել։ Այստեղ մի մեծ ժայռ կա, որի վրա խաչեր են քանդակված, կան այլ նշաններ։ Կա կարծիք՝ այս քարն այստեղ է տեղեկատվական նպատակով։
ԱՐԱԽԻՇԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԽԱՉՔԱՐԸ
Շալուա և նրա արևելյան Արախիշ/Րախիշ/ վտակի միացման տեղում՝ ձախափնյա հարթությունում՝ ծովի մակերևույթից 1270 մ. բարձրության վրա մեծ քարաբեկորին խաչեր կան քանդակված: Այստեղից սկսվում է անտառապատ բավականին թեք լանջը՝ ձգվելովմոտ130 մետր ուղղահայաց վեր: Իսկ վերևում արդեն մի մեծ հարթություն է, որտեղ կան 10-ից ավելի շիրմաքարեր: Հիմնականում հարթ տապանաքարեր են՝ առանց արձանագրության: Սրանց մեջ է արվեստի իսկական գլուխգործոց մի խաչքար, որն ունի արձանագրություն: Հուշակոթողը կերտված է դեղնավում քարից: Չափերն են՝ 235x105x35սմ, վերևի մասը կիսակլոր է, ավարտվում է սլաքով: Կոթողը հիշեցնում է մուտք՝ եզրաձակված 3 շերտով: Առաջին շերտը կազմված է կլորավուն մոտ 50 զարդանախշերով, երկրորդը ամբողջական կլոր եզր է՝ բաժանված առաջինից բարակ փոսորակով: Երրորդ շերտի վրա արձանագրությունն է, որն սկսվում է ներքևի ձախակողմյան անկյունից և վերջանում աջ անկյունում: Տարածքի պատմական հուշարձանների լավագույն գիտակ Ալեքսան Հակոբյանի հետ հուշակոթողն ուսումնասիրել ենք 2000թ. հունիսին: Պատմաբանն արձանագրությունը վերծանել է. ՅԱՆՈՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԷՉՍ Ի ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹ/Ի/Ւ/Ն/ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՄԻՆԱՅԻՆ ԵՒ ԱՂԲԷՐԱՑՆ « Չ… Խաչքարի ձախ անկյունը կոտրված է, և բնականաբար հնարավոր չէ ամբողջությամբ ընթերցել արձանագրությունը: Սակայն վեևջին Չ տառը հավանաբար խաչքարի կերտման թվագրության առաջին թիվն է՝ 700: Չ-ից հետո նշմարվում է նաև Կ /60 թիվ/ տառի մասնիկը: Սա հուշում է, որ խաչքարը կերտվել է հայոց ՉԿ /հնարավոր է, որ եղել են տասնավոր և միավոր արտահայտող տառեր/ թվականին: Այսպիսով հրաշակերտ այս խաչքարը կանգնեցվել է 1311-1320-ական թվերին /760+551=1311/:
Արքո գյուղի եկեղեցին
Բերձոր-Քարվաճառ ճանապարհի մոտ 60-րդ կիլոմետրին է Վայկունիք գավառի պատմական բնակավայրերից մեկը՝ հավանաբար՝ Արքուգետը։ Այս գյուղի մոտակայքում պահպանվել են Հայոց 2 եկեղեցիներ՝ դարձյալ 12-14-րդ դարերում կառուցված: Եկեղեցիներից մեկը ադրբեջանցիների կողմից պայթեցվել է 1983 թվականին. այն այժմ էլ, թեկուզ կիսականգուն, հիացնում է իր կերտվածքով ու գեղեցկությամբ: Եկեղեցին գտնվում է Ծ․ Մ․ 1540մ բարձրության վրա՝ լայնարձակ հարթ տարածքից սկսվող բլրակին։ Մինչ վերջերս կանգուն էր կենտրոնական թաղակիր կամարը։ Կաննգուն ժամանակ եղել է միանավ, թաղածածկ հորինվածքով։ Սուրբ խորանը պայտաձև է։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով, ներսը սվաղված է։ Արտաքին չափերնեն՝ 12,3x5,2մ, մոտ 1մ հաստությամբ պատերով։ Ճարտարապետական ոճական առումով կառուցվել է 12-13-րդ դարերում։ Սակայն հաշվի առնելով այն, որ Սուրբ Խորանը պայտաձև է՝ հնարավոր է՝ սրբատունը կառուցվել է ավելի վաղ շրջանում։ Եկեղեցու դիմաց գեղեցիկ զարդանախշերով, ոճական առումով 11-12-րդ դարերում քանդակված խաչքար կա՝ 220x60x30սմ չափերով։ Քարի կենտրոնական մասում մի մեծ խաչ է քանդակված՝ վերին և ներքին թևերին դարձյալ մեծ չափերով տերևային պատկերներ։ Ընդհանրապես շինության տարածքում է եղել բնակավայրի/հնարավոր է՝ պատմական Արըքլի, Արքուգետ,Արքո/ հանգստարանը, որտեղ կան 20-ից ավելի շիրմաքար։ Որոշները տեղում են, որոշները տեղահանված են։ Պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Գևորգ իշխանի եղբորը: Այդ է վկայում տապանաքարի վրայի արձանագրությունը. ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱՅ, ՈՐԴԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱՅ, // ՈՐ ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՎ: // ՅԻՇԵՑԷՔ // Ի ԲԱՐԻՆ: ԹՎԻՍ ՉԽԷ /1298թ./։ Մեկ այլ տապանաքար՝ 180x50x20սմ չափերով, տեղահան է արված, գտնվում է եկեղեցուն մոտ՝ հարավային կողմում։ Մի տապանաքար, որ գտնվում է եկեղեցուց մոտ 30 մ հարավ, ունի հետաքրքիր պատկերներով քանդակներ։ Ձախ կողմում հեծյալ է, աջ ձեռքով բազե է բռնել։ Հեծյալին դիմավորում է մի կին՝ մի ձեռքում մեծ կուժ է, մյուսում՝ երևի թաս։ Կնոջ կողքին փոքր երեխա կա։ Աջ կողմում մարդ կա ձեռքին կամ սուր է, կամ մահակ, ոտքերի մոտ այծ է նստած, իսկ գլխավերևում՝ մեծ արծիվ է՝ կտուցը բաց։ ,ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԱՒԱՔ ՍԱՐԿԱՒԱՔԻՆ/ ԹՎ/ԻՆ/ ՌԼԱ-1031+551=1582թ․/ե արձանագրությամբ, 120x55x28սմ չափերով, եկեղեցու հյուսիսային կողմում է, ունի գավազանով քանդակ։ Մեկ այլ՝ 115-30-50սմ չափերով տապանաքարին կա հետևյալ արձանագրությունը․ ,ՍԷՀԱԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԻՄ ԵՂԲԱՐ ՄԻՏԿԻՆԻՆե։ Այս տապանաքարի հարևանությամբ նույն չափերով մեկ այլ շիրմաքարին գրված է․ ,ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՊԱՂՏ/ԱՍ/ԱՐԻՆե։
Զորախաչի եկեղեցին
Միանավ թաղածածկ կառույց է՝ համարյա կանգուն վիճակում։ Գտնվում է գյուղի արևմտյան կողմում՝ ճանապարհին մոտ։ Արտաքին չափերն են․ արևմտյան պատը՝ 9,6մ, արևելյանը՝ 10,7մ, լայնությունը՝ 5, 3մ։ Սուրբ Խորանի 2 կողմերում ավանդատնե կան, որոնք իրենց ծավալներով դուրս են եկեղեցու հիմնական ուղղանկյուն մակերեսից։ Ավանդատների մուտքերը բացված են Սուրբ Խորանի միջից։ Ծածկը՝ թաղը կիսակլոր է։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով։ Պատերի մեջ, հատկապես անկյուններում, ագուցված 15-16-րդ դարերին պատկանող տապանաքարեր կան։ Հյուսիսային պատի արտաքին շերտի մի մասը քանդված է։ Ուսումնասիրելով տեղանքը՝ զգացվում է՝ ավելի վաղ շրջանում այստեղ սրբավայր է եղել, որի հիմքերի վրա էլ մոտ 600 տարի առաջ մեր պապերը կառուցել են նոր շենք։ Սուրբ խորանի պատուհանի անցքն ունի մոտ 10սմ լայնություն, 80սմ երկարություն։ 3 գծերով շրջանակված, 2 կտոր քարից է կառուցված․ արտաքին չափերն են մոտ 1-05մ։ Ներսի կողմից այս պատուհանի գլխին կա արձանագրություն, որը 1246թվականի է։ Ունի 5 տողով արձանագրություն, որի կեսը պատի մեջ է։ Երևացող մասը վերծանվել է․ ,․․․/Թ/ՎՆ; ՈՂԵ/1246/ ․․․Ց ՀԱՅՈՑ ․․․ /ԻՇԽ/ԱՆՈՒԹԵ/ԱՆ/Ս․․․/․․․Ն ՈՐԴՈՅ ՊԱՐՈՆ ԿՈՆԻ․․․ԱՌԻՆ ՄԵՐե։ Սրբատունն ունի 2 մուտք՝ հյուսիսային կողմում պատի աջ անկյունից և հարավից, որը հետագայում, հնարավոր է դեռևս գործելոը ժամանակ՝ 2-3 դար առաջ փակվել է։ Եկեղեցու տարածքում պահպանվել են Հայոց միջնադարյան հանգստարանի հետքերը՝ 13-17-րդ դարերի տապանաքարերով։ Տարածքում՝ ծառերի տակ մի քանի տապանաքար կան, որոնք նույնպես արձանագիր են։
Եկեղեցուց մոտ 100մ հարավ՝ ծառերի հարևանությամբ, բավականին մեծ ժայռի վրա, գրեթե 1 մ երկարությամբ 3 խաչեր կան քանդակված։ Ժայռի երեսը հարթեցված է։ 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս հուշարձանները մնացին գերության մեջ, և անհայտ է դրանց ներկա վիճակը։