Մարգարիտ Հարությունյանի նոթատետրից
Նվիրվում է երաժշտագետ Մարգարիտ Հարությունյանի 100 ամյակին
“Կուզեի լիներ երկրիս ապագան,
Այնքան լուսավոր և այնքան մաքուր,
Որքան աչքերիդ ժպիտը պայծառ։
Եվ հմայքը քո դեմքի ու հոգու”
Եղիշե Չարենց, 1936թ.
Այս տարի, հունվարի 8-ին լրացավ երաժշտագետ, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մարգարիտ Հարությունյանի 100 ամյակը։ Խոնարհվելով նրա լուսավոր հիշատակի առաջ՝ մեծ ցանկություն ունեցա ներկայացնել մի գեղեցիկ էջ վաստակաշատ արվեստագետի անցած մեծ ճանապարհից։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Մարգարիտ Հարությունյանի մասնագիտական դասարանի մի քանի տասնյակ շրջանավարտներից մեկն էի և ուսումնառության տարիներին շփվելով հայ երաժշտագիտական մտքի ու գործի առաջատար ներկայացուցչի հետ, ճանաչում էի նրան որպես հարուստ գիտելիքների տեր և լայն մտահորիզոնով մտավորականի։ Սակայն Մարգարիտա Գավրիլովնայի որդու՝ գենետիկ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի հետ ունեցած ջերմ զրույցի ընթացքում ուսուցիչս իմ առջև ներկայացավ մի նոր՝ ներկան անցյալի հետ կապող, մեր մեծերի շունչն ու հույզերը մեզ փոխանցող ինքնատիպ կերպարով։
Մարգարիտը Հարությունյանների ընտանիքի միակ զավակն էր։ Հայրը ՝ մանկաբարձ գինեկոլոգ, գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր Գաբրիել Հարությունյանն էր, իսկ մայրը Երևանի բժշկական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխեն Հարությունյանը։ Պայծառ մտավորականների մի ընտանիք, որի մասին բավական է նշել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքում նրանց մասին բնութագիրը. «Երևանում կար մի պատվական ընտանիք (հիմա էլ կան նրա արժանի շառավիղները)՝ բժիշկ Գաբրիել Հարությունյանը, նրա կինը՝ Աշխենը և փոքրիկ դուստրը՝ Մարգարիտան։ Բժիշկը Չարենցի հետ ծանոթացել էր հիվանդանոցում, որտեղ պառկած էր դժբախտ Արփենիկը։ Տիկին Աշխենը միակն էր Երևանում, ով, ինչպես ընդունված է Եվրոպայում՝ գրական սալոն էր բացել իր տանը։ Հաճախ հրավիրում էին հայրենական մշակույթի երևելիներին, Երևանի հարգված, սիրված մարդկանց՝ Դերենիկ Դեմիրճյանին, Արուս Ոսկանյանին, Եղիշե Չուբարին, նկարիչ Բաժբեուկ Մելիքյանին, քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուին և ուրիշների»։
Հենց այդ տարիներին ընտանիքի ութամյա գեղեցկուհի Մարգարիտան, ում հարազատները քնքշորեն դիմում էին Լյալյա անունով, որոշում է տան այցելուներից վերցնել հուշագրեր՝ անմահացնելով այդ օրերը։ Այսպես ինքնաբուխ ծնունդ է առնում մի հավաքածու, որտեղ մեկտեղված են Փանոս Թերլեմեզյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Սարգիս Բարխուդարյանի, Եղիշե Չարենցի, Պավլո Տիչինայի, Միկոլա Բաժանի, Արամ Խաչատրյանի, Վահագն Դավթյանի, Ռոբերտ Աթայանի, Կիրիլ Մոլչանովի անձնապես Մարգարիտային նվիրված գրառումները։
16 թանկագին էջերով մինչ այժմ չհրապարակված նոթատետրը մասունքի պես մեծ ջերմությամբ պահում է Մարգարիտ Հարությունյանի որդին։ Մոտ քառորդ դար՝ 1929-ից 1952 թվականներն ընդգրկող այս թանկագին վավերագրից մեզ հետ են խոսում ազգիս մեծերը։ Սրանք սրտաբուխ և անմիջական անկեղծությամբ գրված տողեր են. յուրաքանչյուր գրառում մի պատմություն է, գեղեցիկ օրերից մնացած մի անկրկնելի հիշողություն։
Առաջին էջին մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ճեպանկարն է՝ պրոֆիլ նկարը, որտեղ հեղինակը աղջնակին պատկերել է ընդգծված կոկիկ հագուստով և սևեռուն հայացքով։ Թերլեմեզյանը կարծես այս չքնաղ էակի մեջ արդեն տեսնում էր ապագա մտավորականին։ Երբ մտաբերում եմ սիրելի Մարգարիտա Գավրիլովնայի հայացքը, համոզվում եմ, թե նկարչի խորաթափանց աչքը ինչքա՜ն ճիշտ է տեսել...
Առաջին գրառումը՝ 1929 թվականի փետրվարի 6-ին՝ կատարել է Հայաստանում երաժշտական կրթության հիմնադիր, կոմպոզիտոր և մեծ արվեստագետ Ռոմանոս Մելիքյանը։ Պատահական չէր նաև այն, որ «Սիրելի Լյալյա-յին հիշատակ» գրառման ներքո նոտագրված են հայտնի «Վարդը» երգի 2 տակտերը «Սիրուն վարդին, կարմիր վարդին» խոսքերով։ Կոմպոզիտորի պատկերավոր համեմատությամբ վարդի պես գեղեցիկ և գրավիչ փոքրիկը, որն այդ տարիներին արդեն նորաստեղծ երաժշտական ստուդիայի սան էր, գիտակցաբար, թե բնազդորեն ազգանվեր գործ էր սկսել։ Եվ դա իրեն շրջապատող մեծությունները հասկանում և գնահատում էին։ Մեկ ամիս անց 1929 թվականի մարտի 5-ին նոթատետրը հարստանում է ևս մեկ գրառումով։ Այս անգամ Ավետիք Իսահակյան է կատարում Մարգարիտայի ցանկությունը և գրում.
«Գեղեցիկ ու սիրելի Լյալյային։
Աչիկներդ լուսեղեն
Պատուհաններ դրախտի,
Թաթիկներդ ոսկեղեն
Կյանք կհյուսին քո բախտի։
Ավետիք Իսահակյան
5.III. 1929 Երևան»։
1929 թվի մայիսի 8-ին կատարած Վարպետի գրառումը ունի շատ հետաքրքիր նախապատմություն, որը մեզ վերապատմեց Ռուբեն Հարությունյանը։ Իսահակյանը Փարիզ գնալուց առաջ այցելում է բժիշկ Գաբրիելի ընտանիքին։ Զրույցի վերջում հարցնում է ութամյա Մարգարիտին, թե ի՞նչ բերի Փարիզից։ Աղջնակը պատասխանում է. «Գինի»։ Վարպետը ծիծաղում է և նոթատետրում գրում.
«Սիրուն սիրունիկ սիրելի Լյալյային։
Քո ծովերդ շամպայն դառնան,
Քո նավերդ հարբած ման գան»։
Նույն տարվա մարտի 20-ին ավելանում է ևս մեկ գրառում։ Այս անգամ Ռոմանոս Մելիքյանի մաղթանքը ժողովրդական տեքստով է, որն ծառայել է որպես գեղարվեստական հիմք նորաստեղծ «Զմրուխտի» վոկալ շարքի չքնաղ «Օրորի» համար.
«Սիրելի Լյալյային։
Ալ վարդ դառնան քարն ու փուշը,
Որ ճամփովն էլ դու գնաս»։
Այո՛, ընդգծված տողերով, քանի որ այդ տարիներին խոչընդոտները շատ էին, մթնոլորտը՝ վախով լցված։ Միայն համարձակները և անվախները կհանդգնեին գնահատել արժանավորներին, մնալ ազնիվ և անկաշառ։ Իսկ Հարությունյանների ընտանիքը այդպիսին էր։
Հետո որոշ ժամանակ՝ մինչև 1935 թվականի հունվարի 1- ը նոթատետրը հավանաբար «մոռացվում է»։ Արդեն 14-ամյա երիտասարդ աղջկա համար կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը Ռոմանոս Մելիքյանի օրինակով գրառում է իր հիասքանչ տոնական մեղեդին։ Նույն օրը գիշերվա երկուսն անց կեսին կատարվել է ևս մեկ գրառում։ Կարին Միքայելյանի տողերն են. «Ուրիշների համար դու կլինես հիացք, իսկ ինձ համար, - նախանձ, որովհետև ես չունեմ քեզ պես աղջիկ»։ Մեկ տարի անց՝ 1936 թ. նոյեմբերի 26-ին Հարությունյանների տուն այցելած Հրաչյա Աճառյանը որոշում է գրառել գեղեցկուհի Մարգարիտի անունը քսան՝ այդ թվում մեծապես հնագույն, նույնիսկ մեռած լեզուներով՝ հայերեն, լատիներեն, ռուսերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն, եբրաերեն, ասորերեն, զանդկերեն (Ավետայի լեզվով), հաթերեն, բժշկական, խպտերեն, փիւունիկերեն, պալմիրերեն, եթովպերեն, պահլավերեն, հնդկերեն, խալդական բևեռագիրների լեզվով, ճապոներեն և չինարեն։ Սա մեծ լեզվաբանի մի յուրահատուկ գրառում է։
Այս յուրօրինակ հավաքածուի մեջ իր ուրույն տեղն ունի Մարգարիտ Հարությունյանի պաշտելի Եղիշե Չարենցի քառյակը։ Առանձնահատուկ ու ճակատագրական էր Չարենցի հետ Հարությունյանների մտերմությունը։ Վիգեն Իսահակյանի հուշերում շարունակում ենք կարդալ. «Հայրս և Չարենցը այդ տանն էին հանդիպում։ Ճոխ սեղանի շուրջը, մինչև առավոտ, զրույցներ, վեճեր էին տեղի ունենում նոր գրքերի, նոր բեմադրությունների մասին։ Չարենցը շատ սուր, տիպիկ էպիգրամներ էր հնարում՝ Երևանի զանազան «հեղինակավոր» մարդկանց վրա, ոչ ոքի չէր խնայում, սակայն հորս հանդեպ մշտական մեծ հարգանք էր պահում»։ Այդ հանդիպումների մասին գրել է նաև Աշխեն Հարությունյանը «Իմ հուշերից» հոդվածում, զետեղված «Եղիշե Չարենցի մասին» հուշերի գրքում։ Այստեղ նա պատմում է նաև 1935 թվականի մայիսի 30-ին թվագրված Մարգարիտին ուղղված առաջին քառյակի մասին։ «Հաղճապակյա Նաիրուհի» այսպես էր դիմում Չարենցը հյուրընկալ ընտանիքի դստրիկին՝ տան ուրախությանը։ Տիկին Աշխենը գրում է. «Մի օր մեր տանը, դիտելով աղջկաս երկու դիմանկարը, որ կատարել էին մեր երկու վարպետները (Մարտիրոս Սարյանը և Բաժբեուկ Մելիքյանը-Ն.Ե.) աղջկաս ալբոմում գրեց հետևյալ քառյակը...»
«Փոքրիկ, հաղճապակյա,Նաիրուհուն՝ Մարգարիտին
Ու՞ր եք դուք, Վատտո՛, Բուշե՛, Ֆրագոնա՛ր,-
Նրբալույս վրձնին ձեր հին
Որքա՜ն պիտի սազեր, օ՜, որքա՜ն֊
Այս փոքրիկ Նաիրուհին...»
Վերջին այցելություններից մեկի ժամանակ՝ 1935 թ. դեկտեմբերի 3-ին, իր հետ էին ուկրաինացի գրողներ Պավլո Տիչինան և Միկոլա Բաժանը։ Հայկական հյուրընկալությունից շոյված հյուրերը իրենց երախտիքի խոսքն են շարադրում Մարգարիտի նոթատետրում, իսկ արդեն 1936 թվի հունվարի 11-ին Չարենցը նոր քառյակ է նվիրում՝ բայց արդեն ընտանիքում մշտապես ընթերցվող մեկ այլ գրքում.
«Հաղճապակյա նաիրուհուն՝ սիրելի Մարգարիտային,
Կուզեի լիներ երկրիս ապագան,
Այնքան լուսավոր և այնքան մաքուր,
Որքան աչքերիդ ժպիտը պայծառ։
Եվ հմայքը քո դեմքի ու հոգու»։
Չարենցի մահից հետո իր դուստր Արփենիկը տեղափոխվեց մանկատուն: Աշխեն և Գաբրիել Հարությունյաններն ակտիվորեն օգնում էին նրան բանաստեղծ Գևորգ Էմինի միջոցով: Երբ Չարենցի ռեաբիլիտացիայից հետո վերսկսեցին տպագրվել հանճարի գրքերը, պարզվեց, որ լուսանկարների զգալի մասը, չնայած ժամանակների վախերին, պահպանվել էր Հարությունյանների տանը:
Մարգարիտ Հարությունյանի պայծառ կերպարը շատերին է ոգեշնչել։ Կարդում ենք 1950 թ. հունիսի 15-ին չարենցյան գրչից ազդված ևս երկու գրառում։ Առաջինում Վահագն Դավթյանը քառյակը նվիրելով Մարգարիռին, դիմում է Չարենցին.
«Ոչ փոքրիկ, բայց հաղճապակյա Նաիրուհուն՝
պայծառ աչքերով չքնաղ աղջկան,
Ու՞ր ես դու արդյոք Չարենց Եղիշե
Եվ ու՞ր է արդյոք գրիչը քո հին...
Օ՜, քո երգերին որքա՜ն կսազե՜ր
Այս չքնա՜ղ, պայծառ այս Նաիրուհին...»
Բանաստեղծի միտքը շարունակում է երաժշտագետ՝ Ռոբերտ Աթայանը. «Բանաստեղծ չեմ և թերևս այդ պատճառով չեմ կարողանում ոչինչ գեղեցիկ գրել, բայց կասեմ, որ երբ քո աչքերին եմ նայում տեսնում եմ իմ ողջ ժողովրդի պատմությունը և ապագան»։
Հայրենասիրությունը, պետականության հանդեպ պատկառանքը, ազգային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքը հատկանշական էին մտավորական Մարգարիտ Հարությունյանին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերն էին։ Արամ Խաչատրյանը՝ Հարությունյանների ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկը, 1944 թվի ամռանը եկել էր Երևան։ Կոմպոզիտորի տուն թանգարանում « «Անհայտ» Խաչատրյանը» վերտառությամբ մի պատմություն է պահվում այդ այցելության մասին. «1944 թ.-ին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Խաչատրյանը ժամանեց Երևան՝ բերելով երաժշտության իր տարբերակը՝ գրված Սարմենի խոսքերով։ Մի գիշեր, նստելով գործիքի մոտ, ընտանեկան (Մարգարիտ Հարությունանի-Ն.Ե.) նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել ու երգել իր գրած հիմնը։ Ամառ էր, և բոլորի պատուհանները բաց էին։ Պարզվեց, որ շուրջբոլորը (պատշգամբներում, պատուհանների մոտ, փողոցում) բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք, ոգևորված իրենց լսածով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին»։ Հենց այդ օրն էլ՝ 1944 թ. հուլիսի 17-ին, Մարգարիտ Հարությունյանի նոթատետրում հայտնվում է ևս մեկ պատմական գրություն՝ Արամ Խաչատրյանի ձեռքով արձանագրված Հայաստանի պետական օրհներգի մեղեդին, որը 1950-ին կես կատակ խմբագրել է Ալեքսանդր Դոլուխանյանը։ Նոթատետրի վերջին էջին կոմպոզիտոր Կիրիլ Մոլչանովի ձեռագիրն է՝ սերը և նվիրվածությունը փառաբանող Կատյայի երգը «Քարե ծաղիկ» նորաստեղծ օպերայից։
Խորհրդանշական է, որ հենց այսպես է ավարտվում նոթատետրը։ Բայց չի ավարտվում արվեստին ու բարձրին ծառայելու, լավագույնը ստեղծելու Հարությունյանների ընտանիքի պատմությունը։ Այն արդեն գրվում է Մարգարիտ Հարությունյանի թոռնուհու՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի ստեղծագործական կենսագրությամբ։ Մասնագիտական կրթությունը Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում սկսած և Ժնևի ու Բեռնի կոնսերվատորիաների ասպիրանտուրաներում ավարտած, Եվրոպական կոնսերվատորիաների պատմության մեջ ամենաերիտասարդ տնօրենն իր կյանքի 12 տարիներով լուսավորում է Ֆերենց Լիստի հիմնած երաժշտական կրթօջախի նորագույն էջը՝ զարգացնելով տատիկի ընտանիքին հատուկ շնորհը՝ արվեստում ու կյանքում աջակցել ամեն նորին ու տաղանդավորին։ Հայրենիքը և մայր կրթօջախը պահելով իր սրտում, նա նաև միջազգային մշակութային նոր կապերի հեղինակ է։ 2019թ. Ժնևի կոնսերվատորիայի հետ համագործակցության շրջանակներում Եվայի ջանքերով և գլխավորությամբ Երևան ժամանեցին մի խումբ աշակերտներ և պրոֆեսորներ, որոնք Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցի աշակերտների հետ հանդես եկան մայր կրթօջախի 80 ամյակին նվիրված միացյալ հիասքանչ հոբելյանական համերգով։
Շնորհակալություն սիրելի, ազգանվեր Մարգարիտ Հարությունյանին, այն «փոքրիկ հաղճապակյա Նաիրուհուն», ով գողտրիկ ակնթարթները հավերժացնելու եռանդով մեզ է փոխանցել իր ժամանակի փայլուն հանճարների եզակի վկայությունը - անգին ժողովածուն։
Հեղինակ՝
ԵՊԿ ԳՄ դասախոս,
երաժշտագետ՝ Նվարդ Եղոյան։