Image

Հնագիտական պեղումներ Նոր Արմավիր գյուղի տարածքում

Արաքսի ձախափնյա ոչ բարձր, այժմ «Սուրբ Դավիթ» և Արմավիր բլուրների վրա են փռված պատմական Արգիշթիխինիլի քաղաքի երկու միջնաբերդերի ավերակները: Ք․ Ա․ 776 թվականին՝ Էրեբունու հիմնադրումից ընդամենը 6 տարի անց, Ուրարտուի հզոր Արգիշթի Առաջին արքան (786-764 թթ.) Ուազա երկրում հիմնում է հաջորդ քաղաք-ամրոցը՝ դարձնելով այն իր թագավորության վարչատնտեսական ու կրոնական կարևոր կենտրոն։

Արևելյան ամրոցը, որն ընդունված է կոչել Արմավիրի բլուր, առ ժամանակ լքվելուց հետո, հետագայում դարձավ Երվանդունի արքաների մայրաքաղաքը։ Արևմտյան ամրոցը գտնվում է հիմնականում այժմյան Նոր Արմավիր գյուղի տարածքում, ինչպես նաև հարում է Նալբանդյան, Ջրաշեն, Նոր Արտագերս գյուղերին։ Ամրոցի արևմտյան ստորոտին կառուցված է Սուրբ Դավիթ մատուռը, որի պատճառով էլ այն անվանում են նաև «Դավթի բլուր»։ Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցի համար որպես դամբարանադաշտ է ծառայել մոտակա հարթությունը։ 1962 թվականին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը՝ Հարություն Մարտիրոսյանի, հետագայում, Ռ. Մ. Թորոսյանի ղեկավարությամբ, իրականացրել է արևմտյան ամրոցի պարբերական պեղումները։ Արևելյան ամրոցի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1870-ական թթ․,իսկ 1960-ական թթ․ պարբերական պեղումները ղեկավարել է նույն ինստիտուտի արշավախումբը՝ Բաբկեն Առաքելյանի և, ապա, Գևորգ Տիրացյանի և Ինեսա Կարապետյանի ղեկավարությամբ։ Պեղումների արդյունքում հայտնաբերված տարբեր հնագիտական նյութերի շարքում առավել կարևորվում են Արգիշթի Ա-ի, Սարդուրի Բ-ի, Ռուսա Գ-ի թողած սեպագիր արձանագրությունները, որոնք թվով 27-ն են և պատմում են քաղաքի հիմնադրման և հետագա եղելությունների մասին։ Արևելյան բլրից գտնվել են նաև էլամերեն աղյուսակներ ու հին հունարեն ժայռափոր արձանագրություններ: Արգիշթիխինիլի խոշոր քաղաքի ջրամատակատարումն իրականացվել է Արաքսից բերված 5 ջրանցքով: Այժմ էլ պահպանվել են քաղաքի պալատների, տաճարական համալիրների, քաղաքային թաղամասերի, ամրոցի գլխավոր մուտքի և այլ կառույցների ավերակները: Արգիշթիխինիլիի նախկին արվարձաններում ու դամբարանների վրա, ծովի մակերևույթից մոտ 870 մ բարձրության վրա, 1922 թվականին հիմնվում է մի նոր բնակավայր՝ Նոր Արմավիրը՝ հեռավորությունը Երևանից՝ 51 կմ, մարզկենտրոն Արմավիրից՝ 9 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 5 կմ։ Գյուղի նախագիծը կազմել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Սկզբում գյուղում հաստատվել է 25 ընտանիք՝ Կոստանդուպոլսից, Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, Հունաստանից, Պարսկաստանից և այլ վայրերից գաղթածներ։ Արգիշթիխինիլի հնավայրից ոչ հեռու է գտնվում Հովհաննիսյանների տունը, որի այգում 1986 թ․ հայտնաբերվել է երկու դամբարան՝ կարասային և սարկոֆագային թաղումներով։

Պայմանական «Լևոնի այգի» է կոչվում հնավայրը, քանի որ այգին պատկանել է Լևոն Հովհաննիսյանին: Այս տարի, նույն այգում, բացվել է հիմնահողային թաղումներից բաղկացած նոր դամբարան, հարևանությամբ պատաշար և այլ հնագիտական կառույցներ։ Այժմ այս տեղամասում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ արշավախումբը, հնագետ, պ. գ. թ., ՀԱԻ   ավագ գիտաշխատող, Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դոցենտ Սիմոն Հմայակյանի ղեկավարությամբ իրականացնում է պեղումներ և ուսումնասիրություն։ Հնավայրում ներկա եղա պեղումների ընթացքին: Երջանկահիշատակ Լևոն Հովհաննիսյանի դուստրը՝ Նվարդ Հովհաննիսյանը, ով նույնպես արշավախմբի կազմում է, ցույց տվեց այգու այն տարածքը, որտեղից 2022 թ. հայտնաբերվել էր քարարկղային դամբարան: Այն ծածկված է քարե մեծ սալերով, որոնցից ամենամեծի վրա ինչ-որ խորաքանդակներ կան: Նվարդն ասաց, որ, երբ Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցի տարածքում կատարվում էին հնագիտական աշխատանքներ՝ պեղումներ, ուսումնասիրություններ, դրանց մասնակցում էր նաև իրենց  ավագ եղբայրը՝ Եղիշեն: Արդեն ծանոթ լինելով հնագիտությանը՝ Եղիշեն իրենց այգում կոյուղու համար փոս փորելու ընթացքում տեսել է արտասովոր հողաթումբ և տեղյակ պահել հնագետներին: Բացելով դամբարանը՝ հայտնաբերել են թաղումային կարասներ՝ մեկը բավականին մեծ, մյուսը՝ միջին չափերի, և վերը հիշատակված քարե սարկոֆագը: Դրանք այժմ պահվում են տեղում: Կատարված պեղումների արդյունքում գտնվել է մեծ քանակի հնագիտական նյութ, որոնք պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում: Տեղեկացրեց նաև, որ իրենց այգում միջնեկ եղբայրը՝ Դավիթ Հովհաննիսյանը,  2009 թ.  շինարարական աշխատանքների ժամանակ, գտել է իրար մոտ տեղադրված  մեկ հիմնահողային ու մեկ կարասային թաղում: Հիմնահողային թաղման կմախքը լավ պահպանված է եղել։ Պատմում էր, որ երեխայի ծնոտն առանձին է թաղված եղել: 1986 թ. պեղված թաղումերի վրա գտնվել է ձիու ամբողջական մի կմախք: Նույնպիսի մի դամբարան 2019 թ․, արդեն Նոր Արմավիրի արշավախումբը հայտնաբերեց այդ դամբարանի հարևանությամբ, որը բաղկացած էր ոսկյա, արծաթյա և բրոնզե գույքով կարասային թաղումից և 10 անձի հիմնահողային թաղումներից։ Կարասից փոքր-ինչ վեր գտնվել էր ձիու կմախք։ Այս փաստը համադրելով թաղման կարասի կմախքի մարդաբանական ուսումնասիրությունների հետ, հավանական է, որ հուղարկավորվածը հեծյալուհի է եղել։ Այս տարի նույն այգում  հայտնաբերված դամբարանը պեղող ՀՀ ԳԱԱ ՀԱԻ հնագիտական արշավախմբում են Նվարդ Տիրացյանը, Մարգար Հմայակյանը, Նվարդ Հովհաննիսյանը: Պեղումներին երբեմն մասնակցում են նաև ուսանողներ: Զրույցի ընթացքում արշավախմբի ղեկավար Ս. Հմայակյանը տեղեկացրեց՝ տարածքի դամբարանադաշտն ուսումնասիրելու նպատակով 2012 թ. կազմավորվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Նոր Արմավիրի արշավախումբը»։ Մինչև այս Ս. Հմայակյանը շուրջ 20 տարի ղեկավարել է հայ-իտալական հնագիտական արշավախումբը, որն իրականցրել է Սևանա լճի ավազանի մինչքրիստոնեական շրջանի հուշարձանների ուսումնասիրություններ: 2012 թվականից մինչ 2023 թ․ իր ղեկավարած Նոր Արմավիրի հնագիտական արշավախումբը «Լևոնի այգի» տեղամասում  հայտնաբերել է 25 դամբարան 46 անձանց թաղումներով: Տեղամասում կա երկու հնագիտական հորիզոն․    ստորինը՝ մ․թ․ա․ 8-7-րդ դդ․ թվագրվող դամբարաններ են և 2․ վերինը՝ մ․թ․ա․ 6-րդ դարով թվագրվող վաղ հայկական թաղումներն են։ Թաղումները բազմազան են՝ կատարված են քարարկղերում, սարկոֆագներում, կավարկղերում, կարասներում, մեծ թիվ են կազմում հիմնահողային հուղարկավորությունները։ Արշավախումբը գյուղում ունի նաև հանգրվան (պատկանում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին), որը ինստիտուտը 2023 թ-ից տրամադրվել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ մոտ 40 հոգու: Այժմ այստեղ մնացել է մեկ ընտանիք՝ 4 երեխա, տատ, մայր: Երեխաների հայրը զոհվել է 44-օրյայի ժամանակ, իսկ հայրական պապը՝ Արցախյան առաջին գոյամարտում:

2014թ. «Լևոնի այգի» տեղամասում, պեղումների ժամանակ, հայտնաբերվել էր այսպես կոչված «Երկու աղջիկների թաղումը»։ Աղջիկները թաղված էին իրար մոտ, պեղված մի շինության հյուսիսային պատի դիմաց։ Նրանցից մեկը հուղարկավորված էր փոքր կարասում, մյուսը` կարասների բեկորներից սարքված «դագաղում»։ Իսկ նոր պեղվող թիվ 26 դամբարանը, ըստ Ս. Հմայակյանի, պատկանում է Ք. Ա. 6-րդ դարին:  Սկզբում հողի տակից բացվել է հետաքրքիր տեսարան՝ 4 անձի թաղումով: Գտնվել էր 1 սև գույնի պուլիկ և 1 բրոնզե ապարանջան: Սակայն հետագա աշխատանքների ընթացքում, որոնք ավարտվեցին 2024 թ. օգոստոսի վերջին, բացվել է ևս 2 թաղում, գտնվել է կարմիր, անգոբապատ, լավ պահպանված սափոր-գավաթ, բրոնզե 3 ականջօղ, մազակալներ և երկաթյա մեկ դանակ: Գիտնականի կարծիքով գյուղի այլ այգիներում ու տների տակ նույնպես դամբարաններ ու հնագիտական այլ կառույցներ կան:  Բացի դամբարաններից  արշավախումբը նույն «Լևոնի այգի» տեղամասից և Նոր Արմավիր գյուղի այլ վայրերից  հայտմնաբերել  և հաշվառել է վեց ուրարտական խարսխաքար, մեկ «տորաձև» խարսխաքար, ուրարտական անարձանագիր կոթող և արևմտյան ամրոցի քարե դռներից մեկը: Ս. Հմայակյանը գոհ է արշավախմբի անդամների կատարած աշխատանքից: կարևորում է նաև աջակիցների դերը՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Հովհաննիսյան, Արաքսյա Կարապետյան, Թամարա Զարմանյան, Արմեն Մուրադյան, Լիլիթ Յազիչյանին, Շուշան Յազիչյան, ճարտարապետ Թագուհի Հմայակյան, գյուղի երիտասարդներ, ովքեր աշխատում են իրենց հետ և շատ ուրիշներ: Պեղումները կատարվում են ՀՀ ԳԱԱ ՀԱԻ  բազային ֆինանսավորմամբ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։