Ըստ ադրբեջանցիների՝ Մխիթար Գոշը աղվան է, սակայն իրականությունն այլ է
13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ով իր «Հայոց պատմություն» աշխատության գլուխներից մեկը (ԺԳ) վերնագրել է «Մխիթար վարդապետի մասին, թե որտեղից էր և ինչպիսի մարդ էր», ներկայացնում է Մխիթար Գոշին․ «հռչակավորն ու գիտությամբ մեծիմաստը Գանձակ քաղաքից էր, զավակ քրիստոնյա ծնողների, որոնք նրան տվին Սուրբ գրքի ուսման․․․»։
Մխիթար Գոշի (1120-1213 թթ․) բազմաթիվ աշխատություններից առավել նշանավոր են «Շարք հայրապետացն Աղուանից» գիրքը, որը Աղվանքի 11-12-րդ դարերի պատմությունն է և «Դատաստանագիրք հայոց» աշխարհիկ օրենսգիրքը (1184 թ․)։
Ադրբեջանցի պատմաբանները Մխիթար Գոշին ներկայացնում են աղվան՝ ծնված Գանձակում, աշխատությունը՝ կոչում «Դատաստանագիրք»․ իբրև թե վերնագրի փոփոխությունը կատարել են հայերը։ Քիչ ուշադիր լինելու դեպքում ադրբեջանցիներն անզեն աչքով կարող էին տեսնել օրենսգրքի «Նախադրութիւն» մասի Գլուխ Ա-ի վերնագիրը՝ «ՅՈՐՈՒՄ ԿԱՅ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՅՆՈՑԻԿ, ՈՐ ԲԱՄԲԱՍԵՆ ԶՄԵԶ, ԵԹԵ ՉԿԱՅ ԴԱՏԱՍՏԱՆԻ Ի ՀԱՅՔ» («Որտեղ պատասխան է տրված նրանց, ովքեր բամբասում են մեզ, թե հայերը դատաստանագիրք չունեն»)։ Այս փաստով Մ․ Գոշն ինքն է հաստատում իր ազգությունը՝ հայ, ոչ թե աղվան։
Դժվար թե հայկական Նոր Գետիկ վանքի հիմնադիրը կարծեր, թե օրերից մի օր արժանանալու է Ադրբեջան նորաստեղծ պետության «պատմաբանների» ուշադրությանն ու համակրանքին։