Image

Ելիզավետպոլի նահանգի էթնիկ պատկերը

1804 թվականի հունվարին գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ռուսական զորքերը գրավում են Գանձակի (Գյանջայի) խանությունը, որը վերանվանվում է Ելիզավետպոլի մարզ՝ ի պատիվ ռուսական կայսր Ալեքսանդր I-ի կնոջ՝ կայսրուհի Ելիզավետայի։ Մարզի կենտրոնն էր Ելիզավետպոլ քաղաքը։

1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանն ավարտեց Անդրկովկասի նվաճման գործընթացը: Սակայն, երկրամասի վարչական նոր սահմանները որոշելիս անտեսվեցին հատկապես հայ ազգաբնակչության շահերը: Հայկական մարզի վերացումից հետո Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի ու Գանձակ-Ելիզավետպոլի գավառները ներառվեցին Վրացա-Իմերեթական նահանգի, իսկ Արցախն ու հայաշատ այլ վայրեր՝ Կասպիական մարզի մեջ: Հետագայում՝ 1867 թվականի դեկտեմբերի 9-ին, կազմավորվում է Ելիզավետպոլի նահանգը, որն ամենաընդարձակն էր Անդրկովկասում՝ ավելի քան 44 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Նահանգն ուներ ութ գավառ՝ Ելիզավետպոլ, Արեշ, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ, Նուխի, Շուշի, և խայտաբղետ ազգային ու կրոնադավան կազմ: Այստեղ մեծ թիվ էին կազմում թյուրքախոս մուսուլմանները, որոնց հավաքական անունով կոչում էին թաթարներ։ Հայերը բացարձակ մեծամասնություն էին Զանգեզուրի և Շուշիի գավառներում: Նահանգում նրանք կենտրոնացած էին հիմնականում քաղաքներում։ Ելիզավետոպոլում հայերը շատ քիչ էին զիջում թյուրք-թաթարներին, զգալի թիվ էին կազմում Նուխիում, բացարձակ մեծամասնություն էին Շուշի քաղաքում:

Ելիզավետպոլի նահանգում իրանական ծագում ունեցող ժողովուրդներից էին թաթերը և թալիշները, որոնց մի մասը բնակվում էր Զանգեզուրի գավառի Լեկվազի և Նյուվադի գյուղական համայնքներում, Ղազախի Թաթի, Կադիր գյուղերում և այլուր։ Իրանախոսներից քրդերը հիմնականում կենտրոնացած էին Զանգեզուրի, քիչ քանակությամբ էլ՝ Ջևանշիրի, Ջեբրայիլի ու Արեշի գավառներում:

Մուսուլմանական խայտաբղետ այդ զանգվածը բաժանված էր կրոնական երեք ճյուղի՝ շիա, սունի և ալի-ալլահ։

Ելիզավետպոլի նահանգում փոքրաթիվ համայնք ունեին հրեաները: Հայտնի էր Նուխի գավառի Վարդաշեն գյուղաքաղաքը, որի հրեաբնակ թաղամասը վերածվեց գյուղի՝ Ջհուդլար կամ Ջուգուշլուր անունով։ 1897 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ Նուխի գավառում հրեաների թիվը կազում էր 2031 մարդ։

Երկրամասի հնագույն և աղվանական ծագում ունեցող քրիստոնյա բնակիչներից ուդիներն ապրում էին Նուխի գավառի Վարդաշեն և Նիջ (Նիժ) բնակավայրերում: Լինելով Հայոց եկեղեցական դավանանքի հետևորդներ՝ նրանք իրենց հայեր էին անվանում, գրում էին հայատառ, սակայն հիմնականում խոսում էին ուդիերենով։ Ելիզավետպոլի նահանգում ապրում էին նաև գնչուներ, վրացիներ։

Ռուսական տիրապետության ժամանակահատվածում նահանգի տարածքում բնակություն հաստատեցին նաև ռուսներ, գերմանացիներ և այլ ազգեր: Անդրկովկասը ռուս ազգաբնակչությամբ բնակեցնելու առաջին քայլերը կատարվել էին դեռևս 19-րդ դարի սկզբին: Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում նաև ռուս աղանդավոր գյուղացիները՝ մոլականներ, դուխաբորներ, անաբապտիստներ, պրիգուններ, սուբոտնիկներ, իկոնոբորներ, ստարոոբրյադներ: Հատկապես զգալի տոկոս էր կազմում մոլականների խումբը: Պաշտոնապես առաջին անգամ աղանդավորներն իրավունք ստացան գաղթել Անդրկովկաս՝ 1830 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ: Տարածաշրջանում նրանց բնակության առաջին վայրն Արցախի և Գանձակի տարածքներն էին։ 1830-ական թվականներին Ելիզավետպոլի գավառում հիմնադրվեց դուխաբորների 4 գյուղ: Վերաբնակեցման գործընթացը շարունակվեց ողջ 19-րդ դարի ընթացքում: 1886 թվականին Ելիզավետպոլի նահանգում արդեն կար 14 ռուսական գյուղ՝ որից 8-ը՝ Ելիզավետպոլի, 1-ը՝ Ջեբրայիլի, 1-ը՝ Զանգեզուրի, 3-ը՝ Ղազախի և 1-ը՝ Շուշիի գավառներում: Դրանք հիմնվում էին հայկական գյուղերի հարևանությամբ, իսկ նրանց մշակելի հողային տարածքների հատկացումները կատարվում էին հայկական գյուղերի վարելահողերի հաշվին: 20-րդ դարի սկզբին ռուս բնակչության թիվն այստեղ հասավ մոտ 28․000-ի:

1818 թվականից սկսած՝ Անդրկովկասում բնակություն հաստատեցին նաև գերմանացիները: Նրանց գաղութներից էին Ելիզավետպոլի գավառի Աննենֆելդ և Հելենեդորֆ (Ելենեդորֆ) գյուղերը: 1897 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ նրանց թիվը Ելիզավետպոլի նահանգում կազում էր 3194 մարդ:

Նահանգի քաղաքներում ապրում էին նաև քիչ թվով անգլիացիներ, ֆրանսիացիներ, լեհեր ու հույներ:

Ինչպես նկատեցինք, նահանգում բնակվող ազգաբնակչության մեջ չկար «ադրբեջանցի» ժողովուրդ:

1918-1921 թվականների ընթացքում Ելիզավետպոլի նախկին նահանգի տարածքների մեծ մասը մտավ նորաստեղծ Ադրբեջան պետության կազմի մեջ։ Սկսվեց տեղի մուսուլմանական ժողովուրդների թյուրքացման գործընթացը։ Իսկ ոչ մուսուլման ժողովուրդների զգալի մասը դեռևս 1918-1920 թվականներին կա՛մ լքել էր նահանգի տարածքը, կա՛մ կոտորվել Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության տարիներին։ Միայն Արցախի, Սյունիքի տարածքներում հայությունը երկարատև պայքարի շնորհիվ շարունակեց ապրել իր պապենական հողերում։

https://geghard-saf.am/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։