Image

Ստեղծվել է Ոսկե դարան

Հին աշխարհքը ամեն օր

Հազար մարդ է մտնում նոր,

Հազար տարվան փորձն ու գործ

Ըսկսում է ամեն օր։

Հովհ․ Թումանյան

 

Անցած տարվա այս օրերից Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավոր գործում է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում։ Սեպտեմբերի 17-ին այստեղ կայացավ Թումանյանի թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծված «Ոսկե դարան» բջջային հավելվածի շնորհանդեսը։ Ներկա էին մշակութային գործիչներ, հավելվածով հետաքրքրվողներ, այն ստեղծման գործում աջակցողներ, թանգարանի աշխատակիցները։

Ներկաներին ողջունեց Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը։ Իր խոսքում ասաց՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` անհրաժեշտություն է դառնում նորովի մատուցել Թումանյանին, ով մի յուրօրինակ կամուրջ է դառնում Արևմուտքի և Արևելքի միջև։ Նաև հավելեց՝ «Ոսկե դարան»-ը հեքիաթների շտեմարան է՝ թումանյանական հեքիաթների և բանահյուսական արժեքների տարածման ու հանրահռչակման աուդիո տարբերակով։ Հավելվածում ներառված է Մեծ լոռեցու 22 հեքիաթ, որոնք մատուցվում են հայ տաղանդավոր դերասանների ու մտավորականների ընթերցմամբ՝ ձևավորված ուշագրավ երաժշտությամբ։ Հեքիաթներն ընթերցող դերասաններից Բաբկեն Չոբանյանը ներկա չէր շնորհանդեսին, սակայն նրա խոսքը հնչեց էկրանից։ Իսկ դերասանուհի Քրիստինա Հովակիմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով հավելվածի դերը և հայտնեց շնորհակալություն ծրագիրն իրականացնելուն նաև իրեն մասնակից դարձնելու համար։ Կոմպոզիտոր Վահե Գրիգորյանի համար Թումանյանը մեծություն է, և ինքը սիրով է աշխատել հավելվածի երաժշտությունն ապահովելու համար։ Դերասան Վարդան Պետրոսյանը Թումանյանի հեքիաթները ֆրանսերեն ներկայացնողն է հավելվածում։ Իր ելույթում դերասանը բարձր գնահատեց Թումանյան-անհատի դերը հայ մշակույթում, իսկ նրա հեքիաթները շատ բնաորոշ են մեր ժողովրդին։ Օրինակներ բերեց «Կիկոս», «Ձախորդ Փանոս», «Սուտասանը» և այլ գործերից։  Հեքիաթների անգլերեն տարբերակն ընթերցել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, թարգմանչուհի, Բ․ Գ․ Դ․, «Հարի Փոթեր»-ի և այլ գրքերի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը, ով նույնպես թանգարանում էր։  Հեքիաթների արևմտահայերեն տարբերակն ընթերցել են թանգարանի աշխատակիցներ Րաֆֆին ու Մարիան, իսկ ռուսերենով՝ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը: Լ․ Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց և թանգարանի շնորհակալագրով ու 70 ամյակին նվիրված հուշամեդալով պարգևատրեց հավելվածի ստեղծման ֆինանսական հովանավորներին՝ Հայ կրթական հիմնարկությանը, որի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչները նույնպես թանգարանում էին։ Շնորհակալագիրը և հուշամեդալը հանձնվեց Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինե Հարոյանին։ «Հայ կրթական հիմնարկության համար կարևոր է աջակցել նման ծրագրերը», -ասաց Ա․ Հարոյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և հուշամեդալի համար։  Թանգարանում ներկա էր նաև Ֆրանսիայի Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, ով հավելվածի ստեղծման սկզբից համագործակցել է Թումանյանի թանգարանի հետ։ Եվ հավելվածի կայացմանն աջակցել են Ֆրանսիայի «Կայծ» նոր սերունդ մշակութային միությունն ու Երևանի «Հայ կրթական բարեսիրական կազմակերպություն»-ը, որոնց ներկայացուցիչ Վարազդատ Եղիազարյանը նույնպես ներկա էր շնորհանդեսին։ Թանգարանի շնորհակալագիրն ու հուշամեդալը Լ․ Ղարախանյանը հանձնեց Ս․ Մարդիրյանին, ով կարևորեց Սփյուռք-Մայր հայրենիք կապը։ Իսկ «Ոսկե դարան»-ի կայացումը համարեց անհրաժեշտություն հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ ԴՌ Դոնի Ռոստովի տարածաշրջանի երիտասարդական հասարակական կազմակերպության «Դոնի հայ երիտասարդական միություն»-ը նույնպես աջակցել է հավելվածի կայացմանը։ Ներկա էր միության ներկայացուցիչ երիտասարդ Տատյանան, ով գոհունակություն հայտնեց նման հավելվածի կայացման համար և արժանացավ շնորհակալագրի ու հուշամեդալի։ Բոլոր հովանավորներն իրենց խոսքում նշեցին՝ այսուհետ հավելվածը հնարավորություն կտա նաև Սփյուռքում բնակվող հայ երեխաներին, երիտասարդներին ծանոթանալու Թումանյանին և նրա ստեղծագործությանը։ Այսինքն՝ «Ոսկե դարան»-ը Թումանյանական պատուհան է դեպի մեծ աշխար, Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթների  խորը, անծայր, հարուստ ու շքեղ աշխարհի ոսկե բանալին է։ Հավելվածի նկարիչն է Կարոլին Ռոստամին, ով իր խոսքում մեծ պատիվ համարեց աշխատել Մեծն Թումանյանի հեքիաթների վրա։ Հավելվածի ստեղծման մասին Էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ, որում հանդես եկան նաև թանգարանի աշխատակիցները, ովքեր մասնակցել են հավելվածի ստեղծմանը։  Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը Արցախի բարբառով ներկայացվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային կենտրոնի սաների կողմից։ Շնորհանդեսին ներկա հյուրերից Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․«Միջոցառման ավարտը մտերմիկ ու հյուրընկալ միջավայրում էր` ստացած տպավորություններով, հետաքրքիր զրույցներով, շնորհակալական խոսքերով... Տարիների հեռվից Ամենայն հայոց բանաստեղծն իր շուրջն էր համախմբել թումանյանասերների` նորովի ընկալելի դարձնելու իր ուղերձները` շարունակելով մնալ սիրված մեծերի թե փոքրերի կողմից»։ Իսկ Գոհար Գասպարյանը գրել է․ ««Ոսկե դարան» «Voske daran» հավելվածը ևս մեկ փորձ է բոլոր ժամանակների, մեծերի, փոքրերի և հասարակարգերի անըստգյուտ մեկնաբան, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան ֆենոմենի ներկայացմանը և ամրապնդմանը, ազգային արժեքների, ինքնության, դպրոցականների, երիտասարդների և ինչու ոչ նաև՝ մեծահասակների շրջանում»։ Արցախի Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վերջին վարիչ Վարդուշ Մովսիսյանը նույնպես ներկա էր և կարևորեց բջջային հավելվածի կայացումը՝ իրագործողներին հայտնելով շնորհակալություն։ «Ոսկե դարան» բջջային հավելվածն ստեղծել է «Կապիտալ սոֆթ» ՍՊ ընկերությունը(տնօրեն՝ Արթուր Մնացականյան)։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։