Image

Արցախյան մշակույթր օրեր Երևանում

Սեպտեմբերի 21-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և 2023թ նոյեմբերի 23-ին ստեղծված «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ու համագործոկցությամբ մեկնարկեց «Արցախյան մշակութային օրերը» խորագիրը կրող 2-օրյա ծրագիրը։ Առաջին օրը «Թեքեյան կենտրոն»-ի ցուցասրահում բացվեց արցախցի նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի գեղանկարների և քանդակների ցուցահանդեսը։ Այնուհետև համերգային մասով հանդես եկան «Արցախի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, Արցախի պետական երգչախումբը, «Մենք ենք, մեր սարերը երգի-պարի համույթ»-ը և երգիչ Արթուր Խաչենցը։ Մշակութային միջոցառումներին ներկա էին արցախցիներ, երևանցիներ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանը, ինչպես նաև մեր հայրենակիցներ արտերկրից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն։

Ցուցահանդեսը բացեց Արցախի գրողների միության անդամ Հրանտ Ալեքսանյանը։ Ներկայացնելով Ռոբերտ Ասկարյան նկարիչ-քանդակագործին՝ Հ․ Ալեքսանյանը ցավ հայտնեց, ներկա իրավիճակի համար։ Սակայն կարևորեց մի հանգամանք, որ Ռ․ Ասկարյանն իր մեջ ուժ է գտնում՝ ստեղծագործելու և Երևանում արդեն երրորդ ցուցահանդեսն է բացում։ Ցուցահանդեսի կայացումը ողջունեց արվեստաբան Տաթևիկ Հանբարձումյանը։ Նա նույնպես Ռ․ Ասկարյանի աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը գնահատեց՝ հավատով՝ մի օր տանն է նկարելու։ Իր խոսքում Ռ․ Ասկարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, նշեց՝ գործերից որոշը բերվել է Ստեփանակերտից։ Այդ հարցում նրան օգնել են ԱՀ մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ներկա էր միջոցառմանը, ինչպես նաև՝ Դավիթ Իշխանյանը, ով այժմ գտնվում է Բաքվի բանտում։ Երաժշտական մասը բացեց MediaHub.am-ի լրագրող Հունան Թադևոսյանը, ով 2020թ․ հունիսից մինչև Արցախի հայաթափումը, աշխատում էր Արցախի փրկարար ծառայությունում որպես մամուլի խոսնակ։  Հ․ Թադևոսյանն իր խոսքում ասաց․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, վճռվում էր արցախահայության ճակատագիրը: Իննամսյա շրջափակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ, Ադրբեջանն Արցախի ժողովրդի դեմ իրականացրեց էթնիկ զտում և ըստ այդմ՝ մեզ պարտադրված էր լքել մեր բնակավայրերը: Այլընտրանք չկար, մեռնելու և գաղթելու երկընտրանքի մեջ մեր ժողովուրդը նախընտրեց հայ մնալը, հայեցի ապրելը: Հայ մնալու և հայրենիք ունենալու ցանկությամբ, հարյուրավոր երիտասարդներ զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը…տասնյակ խաղաղ բնակիչներ այդ թվում՝ անչափահասներ դարձան պատերազմի անմեղ զոհեր: Իսկ մենք եկանք մայր հայրենիք, եկանք որ վերածնվենք, վերստին վերընձյուղվենք: Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»-ի և «Թեքեյան կենտրոն»-ի համատեղ ջանքերով կազմակերպված այս միջոցառումը նվիրված է Արցախյան վերջին պատերազմի և Արցախի հայաթափման տարելիցին։ Մեր հիմնական ասելիքը՝ կանք, ուրեմն պարտավոր ենք պահպանել ու պիտի պահպանենք արցախյանը, հայրենյանը: Հազարավոր քաջորդիներ նահատակվեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Օրհներգները հնչեն հավետ։ Ու համերգի սկզբում հնչեցին մեր 2 հանրապետությունների Օրհներգերը՝ մասնակից համույթների համատեղ ելույթով։ Ընթացքում հնչեցին «Շուշի», «Արցախ», «Զարթոնք», «Ղարաբաղցին», «Իմ Արցախ» և այլ երգեր, որոնք Արցախն էին հիշեցնում ու տունդարձի ճանապարհը։ «Մենք ենք, մեր սարերը» համույթի կատարմամբ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր։

Արթուր Խաչենցը մի քանի երգ կատարեց՝ ոգևորելով ներկաներին, իսկ նրա «Եկ քինինք Արցախ» երգը պարզապես պահանջ է տունդարձի․․․ Իր խոսքում հյուրընկալող կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը նախօրոք շնորհավորեց ՀՀ անկախության հռչակման 33-րդ տարեդարձի առթիվ, ապա  կարևորեց «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի դերը արցախցիներին համախմբելու գործում։ Կոչ արեց՝ ազգովի միավորվենք ու տեր մնանք Արցախին առանց որի վտանգված է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Մշակութային միջոցառման առաջին օրվա վերջում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կողմից հնչեց շնորհակալություն «Թեքեյան կենտրոն»-ի անձնակազմին՝ հանդիպումը նախաձեռնելու և հարկի տակ տեղ հատկացնելու համար: «Վաղը Հայաստանի Երրորդ Հանրապետության օրն է, մեր բոլորիս տոնը: Չկորցնելով Արցախ վերադարձի տեսիլքն ու հավատը՝ շնորհավորենք Հայաստանի Հանրապետության 33-րդ տարեարձը,  մաղթելով հավերժական խաղաղություն․․․»,-հնչեց հաղորդավարի խոսքը: Նշեմ՝ ցուցահանդես-վաճառքը տևելու է մինչև սեպտեմբերի 27-ը։ Սեպտեմբերի 21-ին նույն դահլիճում համերգով հանդես եկան «Արցախի պարի պետական համույթ»-ը, «Վելլանս» վոկալ խումբը, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախումբը և մեներգիչ Լիլիթ Ավանեսյանը։ Բացի այդ կազմակերպվել էր «Ոգի-Նաիրի» գեղարվեստական կենտրոնի վերջին տարիներին հրատարակված գրքերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթի մի մասը կհատկացվի «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կազմում գործող համույթների պահպանման գործունեությանը։ Բանախոսությամբ հանդես եկան Արցախի գրողների միության անդամներ, «Ոգի-Նաիրի» կենտրոնի տնօրեն Հրանտ Ալեքսանյանը, Համլետ Մարտիրոսյանը և հրապարակախոս Ներսես Աթաբեկյանը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։