Քառորդդարյա պատմություն
Արցախի Քաշաթաղի շրջան բնակություն հաստատեցի ու կրթության ոլորտում աշխատանքի անցա 1996 թվականի սեպտեմբերից։ Աշխատանքի բերումով հաճախ էի շփվում շրջան բարեգործական ծրագրերով այցելողների հետ։ Կային հազմակերպություններ, որ կարևոր աշխատանքներ իրականացնում էին, ինչպիսին էին Հայ կրթական հիմնադրամը, ամերիկյան «ԱԳԱՊԵ» կազմակերպությունը։ Իհարկե, մեծ է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի դերը շրջանի բնակչությանն օժանդակելու, ինչպես նաև Բերձորի տարածքում տարիների ընթացքում 20-ից ավելի պուրակ ու այգի, ծառուղի հիմնելու գործում։ Այսօր էլ Գուգեն Մելիքյանն իր ղեկավարած հիմնադրամով օժանդակում է բռնի տեղահանված արցախցիներին։ Կային նաև անհատներ, որոնցից որոշները պարզապես իրենց բիզնեսի հարցերն էին կարգավորում բարեգործության անվան տակ։ Շատ էին շրջան բերում գրքեր, որոնց մեծ մասն անպետքություն էր, համակարգիչներ, որոնք, սակայն այդպես էլ պետք չեկան։ Երևի 203-ին կամ մեկ տարի անց շրջանային կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն(ԿՄՍԵ) բերվեցին գեղարվեստական գրքեր։ Այդ ժամանակ աշխատում էի ԿՄՍԵ վարչության պետի տեղակալ, կրթատեսչական բազնի վարիչ։ Որպես բանասեր՝ ուրախացա բերված իսկական գրականության համար, որը բաժանեցինք դպրոցներին։ Եվ այդ ժամանակ առաջին անգամ լսեցի «Թուֆենկյան» բարեգործական ծրագրի մասին։ Գրքերը «Թուֆենկյան»-ի կողմից էին։ Եվ սկսվեց հիմնադրամի գործունեությունը նաև Քաշաթաղի շրջանում։ Հաճախ էի նրանց հետ լինում շրջանի տարբեր վայրերում։ Գրեթե բոլոր ոլորտներին էին աջակցում։ 2010 թվականից արդեն շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն էի, ու լուսաբանում էի «Թուֆենկյան»-ի, «Հայրենասեր»-ի, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի աշխատանքները։ Մեծ էր նվիրումը շրջանի զարգացման գործում, բայց այսօր ունենք այն, ինչ կա։ «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցներ Էդվին(Էդիկ) Գրիգորյանն ու երջանկահիշատակ Էդգար Դանիելյանը մշտապես էին Քաշաթաղի շրջվարչակազմում՝ նոր ծրագրեր ներկայացնելով, խնդիրներին ծանոթանալով։ Մինչ պատերազմը, նրանց ծրագրով հիմնանորոգվեց նաև շրջանի առաջին կրթօջախներից Տանձուտ գյուղի դպրոցի եռահարկ շենքը։ Ու էլի գործեր, ծրագրեր, որ միտված էին քաշաթաղցիների բարօրությանը։ Նույն ծրագրերն իրականացվում էին նաև Արցախի բոլոր շրջաններում, մայրաքաղաքում։
Հոկտեմբերի 3-ին Երևանում՝ Թուֆենկյան երևանյան ավանդական հյուրանոցում, նշվեց «Թուֆենկյան» հիմնադրամի կազմավորման 25 ամյակը: «Թուֆենկյան»-ը հիմնադրվել է 1999 թ.: Զբաղվում է սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական ամենահրատապ խնդիրներով, որոնց բախվում են Հայաստանն ու Արցախը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Ջեյմս Թուֆենկյանը, տնօրեն Գրիգոր Պետեանը, աշխատակիցներ, հյուրեր: Ներկա էին նաև արցախցիներ՝ կառավարության ու ԱԺ անդամներ, կրթության, մշակույթի, գյուղատնտեսական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ժամանակին աշխատել են «Թուֆենկյան» հիմնադրամի հետ: Ներկաներին ողջունելով՝ հաղորդավարուհի Նաիրի Գրեյսը կարևորեց հիմնադրամի դերը, որը կոչված է ծառայելու Հայաստանին ու Արցախին, բարելավելու մարդկանց կյանքը: Հիմնադրամն Արցախում իր գործունեությունն սկսելու հենց առաջին օրվանից աջակցել է արցախցիներին՝ ապահովելով բնակարաններով, կարևոր դեր է ունեցել կրթության, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական և այլ ոլորտների բարելավման գործում: Մեծ աշխատանք է կատարել Արցախի Հանրապետության Քաշաթաղի վերաբնակեցված շրջանում: Հիմնադրամի աջակցությամբ շրջանում վերանորոգվել են միջնադարյան 3 եկեղեցի։ Հոչանցի Սուրբ Ստեփանոս 17-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցու հիմնանորոգման ընթացքում տարածքի մաքրման աշխատանքներում բացվեցին 10-ից ավելի տապանաքար, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանցիները թաղել էին հողի տակ։ Պատմական Հակ գյուղի Սուրբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, այն հիմնադրամի կողմից հիմնանորոգվեց ավելի վաղ։ Նույն գյուղում 2017-ի նոյեմբերին «Թուֆենկյան»-ի և «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից հիմնանորոգվեց նաև դպրոցի շենքը։ Միրիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնպես կառուցվել է 17-րդ դարում, սակայն նշված բոլոր սրբատների տեղում ավելի վաղ շրջանի սրբավայր ու գերեզմանոց է եղել։ Թուֆենկյանցիները նորոգեցին նաև Սուրբ Աստվածածինը։ Տարիների ընթացքում կառուցվեցին նաև այլ դպրոցներ, տասնյակ բնակելի տներ, հիմնվել են պտղատու այգիներ ու հատկացվել բնակիչներին, իրագործվել այլ բարեգործական ծրագրեր: Հիմնադրամի անցած ճանապարհի մասին ներկայացրեց նախկին տնօրեն և ներկայիս հոգաբարձուների խորհրդի անդամ Անտրանիկ Գասբարյանը, ով դեռևս Արցախյան գոյամարտի տարիներին, որպես լրագրող, եղել է Արցախում և հետագայում աջակցել արդեն «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով: Էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ «Թուֆենկյան» հիմնադրամի անցած ճանապարհի մասին: Ներկաներին ողջունեց ու հիմնադրամի աշխատանքները կարևորեց ներկայիս տնօրեն Գրիգոր Պետեանը՝ հակիրճ անդրադառնալով 25-ամյա պատմությանը: Նշեց՝ իր իր գործունեությունը «Թուֆենկյան» հիմնադրամի հետ սկսել է Արցախի համար ամենադժվար ժամանակներում՝ 2020թ. սեպտեմբերի 26-ից՝ պատերազմի սկսվելուց 1 օր առաջ: Ասաց. «…մեծ պատիվ է այսօր այստեղ արժևորել նրանց, ովքեր ինձանից առաջ ղեկավարել են այս հիմնադրամը, հիմքը զրոյից դնելով, այն դարձնելով կարևոր ու ազդեցիկ կառույց»: 1999-ին հիմնադրված հիմնադրամի առաջին տնօրենը եղել է Մարգարիտա Հովհաննիսյանը, ով հյուրերի շարքում էր: Գ. Պետեանը տեղեկացրեց նաև՝ հիմնադրամն Արցախում սկսել է գործել 2003 թվականից՝ Անտրանիկ Գասբարյանի ղեկավարությամբ: Արցախում նրա հետ աշխատել են լուսահոգի Մաքսիմ Միրզոյանը, ինչպես նաև երեկոյին ներկա Արմեն Սարգսյանն ու Հուսիկ Սարգսյանը: Նշեց նաև Մարո Մաթոսյանի, Ջորջ Տաբակյանի, հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի անունները, ովքեր տարիներ շարունակ աշխատել են Արցախում: Գ. Պետեանը ներկայացրեց նաև նոր թիմը, որի հետ այժմ աշխատում է: Հատկապես կարևորեց Էդիկ Գրիգորյանի դերը, ով երկար տարիներ աշխատել է հիմնադրամի կազմում հատկապես Արցախում, իսկ այժմ ղեկավարում է Սյունիքի ծրագրերը: Է. Գրիգորյանը կատարած վաստակի համար հիմնադրամի տնօրինության կողմից արժանացավ շնորհակալագրի: Երևանյան ծրագրերը ղեկավարում է Մեդինա Հովհաննիսյանը, ով ժամանակին աշխատում էր Ստեփանակերտում: Երեկոյին Քաշաթաղի շրջանից ներկա էին շրջվարչակազմի հիմնադիր ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, Բերձորի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Սամվել Քոչարյանը, Կովսականի բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Սարգսյանը, տողերիս հեղինակը՝ «Մերան» շրջանային թերթի գլխավոր խմբագիրը, ով բազում անգամ է լուսաբանել «Թուֆենկյան»-ի ծրագրերը վերաբնակեցվող հայոց տարածքում: Իր ելույթում Լուսինե Սարգսյանը մեծ պատիվ համարեց՝ ելույթ ունենալ նման միջոցառման ժամանակ՝ նշելով՝ հիմնադրամի գործունեությանը ծանոթ է 2006թ. հունիսի 15-ից, երբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բացվեց նորակառույց բուժամբուլատորիան, որը 2016թ. և 2020թ. պատերազմների ժամանակ ծառայում էր որպես զինվորական հոսպիտալ: Նշեց նաև՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տարին 3 անգամ կազմակերպվում էր բժիշկ մասնագետների այց շրջիկ լաբորատորիայով, իրականացվում էր անվճար բուժզննում և դեղորայքների տրամադրում: Նույնիսկ հոգում էին 45 գյուղից բնակիչների զննության այցելելու մասին, տրամադրում էին անվճար ավտոբուս: Ցավով նշեց այսօր այլևս մերը չեն «Թուֆենկյան»-ի կողմից Քաշաթաղի շրջանում կառուցած գրեթե 100 բնակարան և բազմաբնակարան շենքեր, խաղահրապարակ Կովսական քաղաքում, 3 բուժհիմնարկ և այլն: Անդրադարձ եղավ նաև Իշխանաձոր որպես բժիշկ աշխատելու և բնակվելու եկած սիրիահայ Խաչո Հայկի մասին։ «Բարև, ես Խաչո Հայկն եմ, բժիշկ եմ, Սուրիայեն վերադարձած եմ հայրենիք, կուզեմ վերաբնակվիլ Իշխանաձորի մեջ, ունիմ 3 դուստր ու ուրիշ ոևէ մեկ բան…»․-այսպես է դիմել նա Լուսինեին։ Հուզվեցի, -շարունակեց Լուսինեն, -բժշկին խնդրեցի սպասել մի քանի րոպե: Իսկույն զանգահարեցի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ: Ինձ պատասխանեց Մեդինա Հովհաննիսյանը: Լսելով իմ խնդրանքը՝ ասաց. «Լուսին, ցավդ տանիմ, էս սհաթիս փոխանցիմ վերադասներին ու քեզ զանգ տամ»: Մի քանի ժամ հետո խորհրդի որոշումը պատրաստ էր՝ հիմքից կառուցել և կահավորել բժիշկ Խաչո Հայկի տունը: Մինչ այսօր Խաչո Հայկի ընտանիքը այնքան չի ցավում Սիրիայում կորցրած իրենց տան համար , որքան երազում է վերադառնալ Արցախ՝ Իշխանաձոր: Ամեն անգամ ինձ հետ խոսելիս բժիշկ Հայկն ասում է․ «Պիտ երթանք Իշխանաձոր․․․»։ Խոսքի վերջում Լ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան»-ի բոլոր աշխատակիցներին, ցավով հիշեց հիմնադրամի երիտասարդ աշխատակից Էդգար Դանիելյանին, ով զոհվեց 2023թ․ սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ: Երեկոյին ներկա էր նաև Էդգարի կինը՝ Լուսինեն: Ներկաներին ողջունեց և իր հիմնադրած բարեգործական կառույցի աշխատանքներին անդրադարձավ Ջեյմս Թուֆենկյանը: Վերջում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության շահառու երեխաները, որոնց խմբում նաև արցախցիներ կան, ներկաներին բաժանեցին հիմնադրամի մասի տեղեկագրեր՝ նվիրատվության քարտերով: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի 25 ամյակին նվիրված երեկոն ամփոփվեց Վիլյամ Սարոյանի խոսքրով. «…Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ կործաներ այս ցեղը: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած հայոց աշխարհում, մեր ստեղծած Մայր հայրենիքում…»: