Image

Արցախյան մշակութային խմբերը՝ Արենիի գինու փառատոնին

ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ՝ հոկտեմբերի 5-ին Վայոց Ձորի մարզի գինեգործության բնօրրան հանդիսացող Արենի գյուղում կայացավ «Արենի Գինու փառատոն»-ը՝ արդեն 16-րդ անգամ։ Առաջին փառատոնը կայացել է 2002 թվականին։ 2010թ․ գյուղի՝ Արփա գետի ձախափնյա հայտնի քարանձավում հայտնաբերվեց աշխարհի հնագույն գինեգործարանը, որն էլ առավել կարևորեց փառատոնը։

Կազմակերպիչների որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը կայանալու է այս մշակութային և տնտեսական, զբոսաշրջությունը խթանող միջոցառումը, որին մասնակից են լինում ինչպես տնայնագործ գինեգործներ, այնպես էլ մեծ ու փոքր գործարաններ, այլ տնտեսվարողներ։ Փառատոնն առանձնակի շուք է ստանում մշակութային տարբեր համույթների ու անհատ կատարողների երաժշտական ելույթներով։ Փառատոնի սկիզբը հայտարարվում է հոգևորականի օրհնանքով, այնուհետև կայանում է գինեգործության խորհուրդ հանդիսացող խաղողի ճզմման արարողությամբ՝ հիմնականում մանուկների մասնակցությամբ։ Ներկաներին ողջունեց Արենի խոշորացված հսմսյնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը՝ կարևորելով այս միջոցառման դերը համայնքի զարգացման, աբոսաշրջիկների այցի համար: Այս տարի փառատոնին մասնակից եղան նաև Արցախի տարբեր մշակութային խմբեր, այդ թվում՝ Պարի պետական համույթը, «Մենք ենք, մեր սարերը» երգի պարի համույթը, անհատ կատարողներ՝ երգչուհի Լիլիթ Ավանեսյանը և արցախյան կարոտով երգերի կատարող ու հեղինակ Արթուր Խաչենցը։ 2023թ․ սեպտեմբերի վերջերին բռնի տեղահանված արցախցիները պատսպարվել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանում։ Եվ Հայաստանում արցախյան մշակույթը պահպանելու նպատակով 2023 թվականի նոյեմբերին ստեղծվել է «Արցախյան մշակույթի պահպանություն»(ԱՄՊ) հասարակական կազմակերպությունը (ՀԿ), որը տնօրինում է Ապրես Մարգարյանը, ով նույնպես ներկա էր փառատոնին։ ՀԿ-ի նախաձեռնությամբ, որի կազմում ընդգրկվել է Արցախի 12 պետական և 3 ինքնագործ համույթ, կայացավ խմբերի այցն Արենի։ ԱՄՀ ՀԿ-ն շարունակում է արցախյան մշակութային խնդիրներով զբաղվել նաև պատմամշակութային հուշարձանների հանրահռչակման գործում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։