Image

Հանդիպում Գագիկ Շիրմազանի հետ

Գրական շրջանակներում նա առավել հայտնի է փոքրածավալ, գունագեղ արձակ պատմվածքներով, երգիծական մանրապատումներով, նորատիպ առակներով, խոհական բանաստեղծություններով, տարբեր առիթներով արարված երգերով, հայ եւ ռուս գրողների չափածո եւ արձակ ստեղծագործությունների երկկողմանի բարձրորակ թարգմանություններով:

Հատկապես հայերենից ռուսերեն կատարած թարգմանությունները բարձր են գնահատել այնպիսի Մեծություններ, ինչպիսիք են ՍիլվաԿապուտիկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Նորայր Ադալյանը, Մելս Սանթոյանը, Հավհաննես Այվազյանը, Հրաչյա Սարուխանը. Վահագն Մուղնեցյանը, Սամվել Խալաթյանը:          Ուշագրավ են մեծանուն բանաստեղծ Հրաչյա Սարուխանի կողմից Շիրմազանի «Տատասկոտ ճանապարհով» պոեմի շապիկին գրված հետևյալ խոսքերը.«Թող տեղայնական չափազանցություն չթվա, եթե հավաստեմ, որ Լոռու մարզի մասնավարապես Վանաձորի գրական-մշակութային մտնոլորտը (տառասխալ չէ) այսօր անսովոր կլինի պատկերացնել առանց նրա քնարական շնչի ու կենսափիլիսոփայության՝ երկրային սիրուց մինչև երկրպագություն առ Հայրենիք, իր իսկ հորինած մեղեդայնությամբ…Գագիկ Շիրմազանը նաև տաղանդավոր թարգմանիչ է. Տերյանի, Իսահակյանի, Սևակի և իմ մի քանի բանաստեղծությունների ռուսերեն գրեթե համարժեքները դրա վկայությունններն են արդեն…Հակիրճ այս խոսքով, այո, իսկապես ուզում եմ շոյել նրա մարդկային ինքնասիրությունը, քանզի թե օրինապատշաճ իր աշխատանքում, թե բանարվեստի իր տքնության մեջ անինքնասիրության դրսևորումներ չունի նա»:

Շիրմազանի բառերով գրված եւ հեղինակած եգերը սիրով կատարել են անվանի երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Ռուբեն Մաթեւոսյանը, Գերոգի Մինասյանը, Արթուր Իսպիրյանը և շատ ուրշներ: Ստեփանավանի քաղաքային գրադարանի հանրույթը համաքաղաքացիների, ընթերցասեր հասարակայնության համար հանդիպում կազմակերպեց վերոնշյալ
ակնառու հաջողությունների տեր, բազմաժանր ստեղծագործող Գագիկ Շիրմազանի հետ: Գրադարանի տնօրեն Սոֆիա Դունիամալյանը հանգամանալից ներկայացրեց Գ.Շիրմազանի գրական-ստեղծագործական վերընթաց ճանապարհը: Նրա պատանեկան պատմվածքներն ու բանաստեղծությունները սկզբում տպագրվել են «Պիոներսկայա պրավդա», «Կոմսոմոլսկայա պրովդա» թերթերում: Այդ ժամանակներից նա արդեն հանդես է եկել նաև որպես ասմունքող և Անդրկովկասյան 24-րդ փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: Թբիլիսիի օկրուգային Սպայի տան թատրոնում ստացել է դերասանական կրթություն: Որպես կինոդերասան նկարահանվել է շուրջ 30 ֆիլմերում, ինչպես նաեւ ՌԴ ՆՏՎ հեռուստաընկերության նկարահանած գեղարվեստական հեռուսատատեսային ֆիլմերում: ՀՀ ոստիկանության հայտարարած հանրապետական մրցույթում նրա «Հայ ոստիկանների քայլերգը» արժանացել է առաջին մրցանակի: 1988թ. «Ոսկան Երեւանցի» հրատարակչությունը լույս ընծայեց «Նա էլ է մեր գյուղացի» չափածո երգիծական հեքիաթը՝հայերեն  և ռուսերեն լեզուներով, որն արժանացավ լուրջ գնահատանքի: Նույն 1988թ. Ընթերցողի սեղանին դրեց «Տատասկոտ ճանապարհով» պոեմը, արձակ եւ չափածո ստեղծագործությունների «Կյանքի ծիածան» ծողովածուն/ այն վերահրատարակվեց եւս երեք անգամ/, իսկ 2019թ.-ին՝ «Գեներալ  Անդրանիկը Ստեփանավանում» վավերագրական ակնարկը՝այդ ընթացքում մամուլում հանդես գալով նորանոր թարգմանություններով:

«Երգիծանքով եւ բարոյականությամբ՝ ներգործուն» /ՀՀմշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի վերլուծականից/ գեղեցիկ նկարազարդ գիրքը /«Վան Արյան» հրատարակչություն, 2022թ./ եկավ ապացուցելու, որ Գ. Շիրմազանն իրեն «հիանալի» է զգում նաեւ առակի ժանրում: Նա իրեն, անշուշտ, հիանալի է զգում նաեւ դժվարին, տքնաջան փնտրտուքներից հետո լույս աշխարհ հանած, հայրենական մեծ պատերազմի մասնակից, ֆաշիստական 17 կործանիչներ ոչնչացրած,բազմաթիվ մեդալների և շքանշանների ասպետ հերոսուհի հայ հրետանավոր, կիրովականցի Նվարդ Մալխասյանին ու նրա սխրալից կյանքը մոռացումից փրկելու կոչված գիրքը լույսը ընծայելուց հետո: Այդ մասին երախտագիտությամբ ներկաներին պատմեց Ռուս-հայկական Ռազմական ակադեմիայի պետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ Էդուարդ Մանեւը. «Այդ հերոս կինը իմ մայրն է եղել: Գ. Շիրմազանն իր իսկ ցանկությամբ, իր միջոցներով ՌԴ է մեկնել, փորփրել եւ գտել արխիվային այնպիսի անհերքելի փաստեր ու տվյալներ, որոնք էլ հիմք են հանդիսացել նման գիրք գրելու համար: Նման փաստը լավագույնս վկայում է հեղինակի մարդկայնության, ճշմարիտ քաղաքացի լինելու պատվավոր առաքելության մասին»:  
            Էդ. Մանեւը տեղեկացրեց նաև, որ Մարդու իրավունքների միջազգային ասոցիացիան Գ.Շիրմազանին պարգեւատրել է «Մ. Խորենացի» շքանշանով, իսկ գրադարանի տնօրեն Սոֆիա Դունիամալյանին՝պատվոգրով: Նա ինքն էլ պարգեւները հանձնեց տերերին:

            Իր ընկեր Գ. Շիրմազանի մասին հետաքրքիր հուշեր պատմեց «Սագամար» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արայիկ Բերբերյանը եւ կրակոտ ասմունքեց բանաստեղծի «Այս ի՜նչ կատարվեց» ստեղծագործությունը: Ստեփանավանի արվեստի դպրոցի մանկավարժ Կարեն Մկրտումյանը հնչեցրեց Ստեփանավան քաղաքի օրհներգը դարձած, Գ. Շիրմազանի հեղինակած «Իմ Ստեփանավան» երգը, իսկ ռուսական համայնքի «Ռյաբինուշկի» համույթը կատարեց նրա «Ստեպանավանսկիյե  Ռյաբինուշկի» երգը, որն այսօր համույթի այցեքարտն է դարձել:

            Գ. Շիրմազանի մասին գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցրեցին Վանաձորի պատվավոր քաղաքացի, դոկտոր, պրոֆեսոր ՎանդոսՂարագյոզյանը, «Արվեստագետ» Հկ-ի նախագահ, «Արվեստագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը, Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնի նախկին վարիչ Արամ Ռեւազյանը և տողերիս հեղինակը: Իվան Անտոնյանը ընթերցեց «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի խորհրդի միաձայն որոշումը՝ Գ. Շիրմազանին «Հովհ. Թումանյան-150»հուշամեդալով պարգեւատրելու մասին, միաժամանակ արտասանեց Շիրմազանի «Տատասկոտ ճանապարհով» պոեմից մի հատված: Պարգեւը հանձնեց Վանդոս Ղարագյոզյանը: Պարգևոտրումից հետո Լոռեցի գուսան Զաքարյանի հեղինակած  «Անմահ Թումանյան» երգի կատարումով «կամավոր» հանդես եկավ մեներգիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր վարպետ Ստեփան Դալլաքյանը: Ներկաների խնդրանքով նա սիրով երգեց  նաև այլ գուսանների ստեղծագործություններից:

Գ. Շիրմազանը շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ընթերցեց իր ստեղծագործություններից, իր թարգմանություններից՝ նույն հեղինակի թե հայերեն, թե ռուսերեն տարբերակներով:
            Ստեփանավանի քաղաքային գրադարանում անցկացված «Գրողի հետ հանդիպում» ցերեկույթը հիանալի նախապատրաստված էր, բազմաշնորհ մտավորականի գործունեության հանրայնացման ու արժեւորման լավագույն միջոց: Հանդիպման կազմակերպիչների  լիովին հասան իրենց առջեւ դրված նպատակին:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։