Նշվեց Ավետարանոցի դպրոցի 150 ամյակը
Մեծ Հայքի Ացախ նահանգի հնամյա բնակավայրերից է Ավետարանոցը: Եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիքանիստը՝ Մելիք Շահնազարյանների նստավայրը: Այն դարեր շարունակ եղել է անառիկ ամրոց ու դիմակայել բազում ասպատակողների: Արցախյան 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ավետարանոցը նույնպես մնաց թշնամու տիրապետության տակ. առաջին անգամ ամբողջովին հայաթափվեց: Այս պատմական բնակավայրը հայտնի է նաև իր ճանաչված զավակներով։ Գյուղի Կուսանաց անապատում պահպանվել էին Վարանդայի հզոր տիրակալ Մելիք-Շահնազար Առաջինի (կառավարել է մինչև 1736 թ.) և նրա դստեր՝ Գայանեի տապանաքարերը։
18-րդ դարի առաջին կեսին այս հայրենասեր մելիք-ռազմական գործիչը նույնիսկ հարկ չէր վճարում Նադիր շահին։ Դուստրը՝ Գայանեն, աչքի է ընկել հերոսությամբ։ Լեոյի «Մելիքի աղջիկը» վեպում նկարագրված է այդ մասին: Ռուսական բանակի նշանավոր զորավար Վալերիան Մադաթովը (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան, մայիսի 18 (29), 1782, Ավետարանոց-սեպտեմբերի 4 (16), 1829, Շումեն, Բուլղարիա) նույնպես Ավետարանոցից է։ Կրթության ու գիտության բնագավառում ևս Ավետարանոցից հայտնի շատ մարդիկ կան։ 19-րդ դարում Ավետարանոցի որոշ երեխաներ կրթություն ստացել են Ամարասի վանքի եկեղեցական դպրոցում, իսկ 1869թ. գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից բացվել է 15 աշակերտ ունեցող դպրոց: 1874թ. գյուղում բացվել է նախակրթարան՝ 20 աշակերտով՝ ունենալով 1 ուսուցիչ՝ քահանա Ալեքսանդր Ամիրյանցը: Ավետարանոցի բնակիչների խնդրագրով, Հայոց կաթողիկոսի աջակցությամբ, 1874 թ. բացվում է միդասյա ծխական դպրոց՝ 1 ուսուցչով և 25 աշակերտով: Այնուհետև սկսվում է այս կրթօջախի կարևոր գործունեությունը: Իհարկե, 19-րդ դարավերջին որոշ ժամանակով փակվում են հայկական դպրոցները ռուս ցարի հրամանով, սակայն հետագայում Արցախում կրթությունը շարունակվում է: Խորհրդային տարիների Արցախում առավել ճանաչված դպրոցներից էր Ավետարանոցի կրթօջախը: Այստեղ 1954-ին աշխատանքի է անցնում հարևան Ջրաղացներ գյուղի բնակիչ, մասնագիտությամբ ֆիզիկոս Իվան Աթայանը: 1965 թվականին նշանակվում է տնօրեն և դպրոցը ղեկավարում մինչև վախճանվելը՝ 1998թ հուլիսի 3-ը:
Նրա տնօրինության ժամանակ առավել է ճանաչելի դառնում Ավետարանոցի դպրոցը: 1992 թ. մարտ-ապրիլ ամիսներին Բերդաձորի ջոկատներից մեկի կազմում Ավետարանոցում էի: Նախապատրաստվում էր Շուշիի ազատագրումը: Մեր զորանոցը տեղակայված էր Ավետարանոցի մետաքսի կոմբինատի շենքում, որը նախկինում ծառայել էր դպրոցին, ավելի վաղ եղել էր մելիքական գրասենյակ: Ընթացքում ծանոթացա գյուղի մարտական ջոկատի տղաների հետ: Ազատամարտիկ և դպրոցի ուսուցիչ Հրայր Մնացականյանի հետ այցելեցի դպրոց: Չնայած ընթացող պատերազմին՝ դպրոցը գործում էր: Մոտ 30 ուսուցիչ էին նվիրումով աշխատում կրթօջախում՝ Ի. Աթայանի ղեկավարությամբ: Սիրով է ընդունում ինձ Ի. Աթայանը: Մտահոգ էր, բայց հավատով լեցուն՝ ազատագրելու ենք Շուշին, ազատագրվելու է Արցախը և միավորվելու մայր հայրենիքին։ Դպրոցը 1976-ից գործում էր արդեն տիպային երկհարկանի շենքում, որտեղ Աթայանը հիմնել էր ֆիզիկայի ուսումնամեթոդական կաբինետ ու լաբորատորիա, ստեղծել նյութատեխնիկական հարուստ բազա՝ ուսուցման համար անհրաժեշտ սարքերով, որոնք նախագծվում և պատրաստվում էին նաեւ աշակերտների ջանքերով։ Աթայանն իր ղեկավարած կրթօջախի մասին է պատմում և ինձ նվիրում իր հեղինակած «Լույսի տաճարը» գրքույկը՝ նվիրված հայրենի երկրին և հատկապես՝ կրթօջախին։ Տեղակացնում է՝ տարվա սկզբին նախատեսել էր իրականացնել դպրոցի հիմնադրման 120 ամյակին նվիրված միջոցառումներ, սակայն պատերազմի պատճառով այն տեղի չէր ունեցել։ Իր գրասեղանի դարակում դեռ պահվում էին հրավիրատոմսերը։ Նույն տարվա սկզբին դպրոցի շենքում էին տեղակայվել խորհրդային բանակի զինվորները։ Տանկը քանդել էր նաեւ դպրոցի բակ մտնող մուտքի մի հենասյունը։ Պատերազմի ողջ ընթացքում Ավետարանոցի դպրոցը գործեց: Երկրորդ անգամ Ի. Աթայանին հանդիպեցի 1994 թ. դեկտեմբերին: Դարձյալ այցելեցի դպրոց: Նշում էին Հովհ. Թումանյանի ծննդյան 125-ամյակը: Դպրոցականները բեմականացրեցին «Անուշ» պոեմը: Հաղթել էինք, ազատագրել Արցախը, բայց՝ մեծ զոհողությունների գնով: Ավետարանոցի հանգստարանում պատերազմի պատճառով ավելի քան 20 շիրմաթումբ էր ավելացել: Ռազմի տարբեր ճամփաներում մարտիրոսվել էին հերոս գյուղի հերոս տղերքը, որոնց մասին հետագայում «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը գրեցի: Հիմնականում իր ղեկավարած կրթօջախի սաներն էին նահատակ-տղաները, և դպրոցում հատուկ անկյուն էր նվիրված Անմահ հերոսներին: Առայժմ հայաթափ Արցախի հերասական Ավետարանոց գյուղի կրթօջախի հիմնադրման 150 ամյակին նվիրված ցերեկույթ կայացավ նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ դահլիճում: Տեղի ունեցավ նաև «Ավետարանոցի դպրոց. 150» հանրագիտարանային գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը հովանավորել են դպրոցի շրջանավարտներ Ժիրայր Աթայանը, Արտիկ Մնացականյանը և Վրեժ Թադեւոսյանը: առաջաբանը գրել է Կամո Աթայանը: Համառոտ տեղեկություններ կան նաև գյուղից նահատակված 45 ազատամարտիկների մասին: Ներկա էին հիմնականում արցախցիներ՝ կրթության ու մշակույթի բնագավառների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Ավետարանոցի բնակիչներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Իվան Աթայանի որդին՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, այդ դպրոցի շրջանավարտ և ուսուցիչ Կամո Աթայանը, ով 2005-2007 թթ. ղեկավարում էր Արցախի կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ներկայացրեց դպրոցի անցած ուղին, կարևորեց այստեղ աշխատած մանկավարժների դերը, ովքեր լավ կրթություն են տվել իրենց սաներին: Առաջ քաշեց մի քանի հարց՝ ինչու՞ է կարևորել նշել Ավետարանոցի դպրոցի 150 ամյակը, կա՞ր Արցախի կրթության համակարգի պարփակ տարեգրություն ու հետազոտություն և այլն: Այսօր, երբ վտանգված է նաև Արցախի մշակույթը, պատմական ժառանգությունը, մենք պետք մշտապես տեր մնանք մեր արժեքներին: Այս առումով էլ է կարևոր նման միջոցառումները: «Արցախի պատմությունը, մշակույթը մենավոր ընկուզենու է նման, որին ինչով պատահի խփում են՝ փորձելով այն սեփականացնել: Այսօր և մի քանի տարի շարունակ հայաթափված Արցախում տեղի է ունենում նաև մշակութային ցեղասպանություն: Արցախի հետ տեղի ունեցածը մեծագույն ողբերգություն էր: Մի քանի հազարամյա հայաբնակ, հայաշունչ երկրամասը, որի վերջին կարգավիճակն ինքնահռչակ հանրապետություն էր, առաջին անգամ ամբողջությամբ հայաթափված է...», -իր խոսքում նշեց Կ. Աթայանը: Խոսելով Ավետարանոցի դպրոցի մասին՝ նշեց՝ այնտեղ աշխատում էին նվիյալ ու ստեղծագործող ուսուցիչներ, գործում էր մանկավարժական հայտնի դպրոց-ընտանիք-հասարակություն եռանկյունին: Ներկայացնելով ընդհանրապես Արցախում կրթության հիմքերը, Կ. Աթայանն ասաց. «Մի հետաքրքիր բան կա Վաչագան թագավորից մեզ փոխանցված, որ կրթության նկատմամբ, չեմ ամաչում այդ բառից, կար դավանանքի, պաշտամունքի հասնող մոտեցում Արցախում»: Իսկ Արցախի հարցի փակումը Կ. Աթայանի խոսքով, կապված է ողջ հայ ազգից՝ անկախ որտեղ են բնակվում: Ելույթներով հանդես եկան նաև դպրոցի մանկավարժներ, Ավետարանոցի բնակիչներ, այլոք: ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, խոսելով այդ կրթօջախի մասին, նշեց՝ այնտեղ պատերն անգամ հրամայում էին: «Պատերազմից հետո, երբ մենք 2000 քառակուսի մետր էինք, 5 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք տարել՝ բաց վերքով, դպրոց ենք բացել, 3 «Թումո» տուփեր ենք տարել, այսինք ապագան կառուցել ենք կրթության տեսլականով: Ու աննկարագրելի ծանր է այն, ինչ հիմա ես ապրում եմ», -նշեց Լ. Ղարախանյանը: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, ով 1957թ. Արծաթե մեդալով ավարտել է Ավետարանոցի դպրոցը, ելույթի ընթացքում նաև կարոտի երգ կատարեց, կարևորեց, որ արցախցիները միավորված մնան, պահպանեն ավանդույթները, առավել կարևորեց Արցախի բարբառը: Դպրոցի շրջանավարտ, մանկավարժ, լրագրող Վարդուշ Բաղդասարյանն իր ելույթում նկարագրեց դպրոցական տարիները, սիրելի ուսուցիչներին, հատկապես՝ Ի. Աթայանին, ով իրեն խորհուրդ է տվել դռանալ բնագետ, սակայն մայրենի լեզուն է կարևորել ինքը: Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին հատկապես Իվան Աթայանի վաստակն այդ կրթօջախի կյանքում: Եվ պատահական չէ, որ Արցախում խորհրդային տարիներին միայն նա է արժանացել ԽՍՀՄ վաստակավոր ուսուցչի կոչման: Եղել է նաև Արցախյան շարժման առաջամարտիկներից, «Կռունկ» կազմակերպության անդամ: Նրա մահից հետո Ավետարանոցի դպրոցը կոչվել է Իվան Աթայանի անոընով: Միջոցառման կազմակերպիչներից իրավաբան, նույն դպրոցի շրջանավարտ, ոստիկանության փոխգնդապետ, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, Արտյուշա Մադաթյանն իր ելույթում հավատ հայտնեց, որ մի օր կլինի վերադարձ հայրենի գյուղ: Նույն միտքը հայտնեցին գրեթե բոլոր ելույթունեցողները, ովքեր արդեն 4 տարի է՝ հեռու են տնից ու կարոտով են հիշում: Վերջում ցուցադրվեց ֆիլմ Ավետարանոցի և տեղի կրթօջախի մասին: Ընթացքում հանդիպեցի գյուղի ազատամարտիկների ջոկատի հրամանատար Համլետ Ստեփանյանին, ազատամարտիկ, վաշտի հրամանատար Միքայել Դանիելյանին, ոստիկանության փոխգնդապետ Հրայր Բաղդասարյանին, նահատակ տղաների հարազատների, որոնց հետ ծանոթացել էի 1992 և 1994 թվականներին: Ցավն ու կարոտն է բոլորին տանջում, բայց կա նաև տունդարձի հավատ: