50-ամյա «ԱԿՈՒՆՔ»-ը
Բարի լուսո աստղ էրևաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարված լծեմ, էրթամ գութան։
2023 թվականից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում մտած «Ակունք» ազգագրական պետական համույթը հիմնադրվել է 1974 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք, ճանաչված երգիչ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ Մարո Մուրադյանի կողմից։ Սկզբում խմբում ընդգրկված են եղել Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ Մատենադարանի մոտ ունեցած առաջին համերգից հետո խումբը 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում հանդես է եկել առաջին պաշտոնական ելույթով։ Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, արտերկրում։ Այդ ընթացքում խմբի կայացմանն աջակցել են Հայրիկ Մուրադյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, արվեստի ու մշակույթի, այլ բնագավառների ներկայացուցիչներ։ 1981-ին խումբը կոչվել է «Ակունք», 2016-ին ստացել պետական կարգավիճակ՝ շարունակելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները։ Նույն թվականին համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրեց 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը։ 2013թ․ հոկտեմբերին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ Երևանից մշակութային խմբեր էին եկել Արցախ։ Այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի կազմակերպմամբ «Ակունքը»-ը, ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի և արդեն երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանի՝ Մկոյի հետ, Մարտակերտում համերգային իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին։ Երևան վերադառնալիս «Ակունք»-ը, Սարգիս Ալավերդյանի ղեկավարությամբ, հատուկ առաքելությամբ կանգ առավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում. պետք է համերգով հանդես գար շրջանի Աղավնատուն գյուղում։ Չնայած եղանակային վատ պայմաններին, գյուղի՝ Բերձորից մոտ 50 կմ հեռավորությանը՝ կայացավ համերգը։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ խմբին ուղեկցեցինք Աղավնատուն։ «Ակունք»-ի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը պատմեց խմբի անցած ճանապարհի մասին, իսկ համերգից հետո ասաց՝ սա իրենց համար մշտապես հիշվող հանդիպում էր հանդիսատեսի հետ։ Համերգ նման միջավայրում չէին ունեցել։ 2024թ․ նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ակունք»-ի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն: Շուրջ 50 տարի և այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը: Ներկա էին համույթի մշտական երկրպագուները, մշակութային գործիչներ։ Հաղորդավարը հակիրճ ներկայացրեց «Ակունք»-ի ստեղծման և հետագա տարիների մասին։ 1979 թ․ խումբը հրավերով Էստոնիայում մասնակցում է միջազգային ազգագրական փառատոնին և հաջողություն ունենում։ 1981-ին այն պաշտոնապես գրանցվում է որպես Հայաստանի Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Խմբի գործունեությանն այդ ժամանակ հաճախ է անդրադարձել նաև խորհրդային կենտրոնական հեռուստատեսությունը; Եղել են մի շարք հրավերներ՝ տարբեր հաղորդաշարերի, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ՝ նկարահանվել են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ 2007 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին, ու այլ հաջողություններ։ Նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին ազգագրական ու ռազմահայրենասիրական երգեր՝ շատերը պարային կատարումներով։ «Գողթան մանկտիք» երգը հնչեց համույթի ներկա ու նախկին անդամների կատարմամբ՝ մեծ ոգևորություն պարգևելով հանդիսատեսին։
Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնացեք:
Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:
Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համույթի մի խումբ անդամներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և նախարարության Ոսկե մեդալով։ Համերգի ընթացքում ցուցադրվում էր նաև ֆիլմ, որը պատմում էր «Ակունք»-ի անցած ճանապարհի մասին։ Տոնական երեկոն ավարտվեց ռազմահայրենասիրական երգերի կատարումով, որի ժամանակ էլ ակունքցիների հետ երգեց ու պարեց հանդիսատեսների մեծ մասը։ Խմբի գեղարվեստական ղեկավար Ա. Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց աջակիցներին՝ ֆինանսական աջակիցներին, երգիչ Արսեն Գրիգորյանին՝ Մրոյին, ով նույնպես ներկա էր համերգին, մշտապես «Ակունք»-ի կողքին է և տեսանյութեր էր տրանադրել ցուցադրվող ֆիլմի համար, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինությանը: