«ՄԵՐԱՆ» 21-22․ Նոյեմբեր 2024թ․
«Նոր գրքի շեմին» խորագրով
․․․նրա հետ այսու Դու շռա՜յլ եղիր ու հայրախնա,
նրա ձեռքերի քնքշանքով գծիր ուղին առ Քաղաք,
որ երբ ետդարձի զանգը ղողանջի,
նա վերադառնա բեղմնավոր ծոցով
եւ տան բանալին սրտի մեջ պահած:
Արցախյան ողբերգական իրադարձություններից հետո արցախցիների համար առավել դժվար է հոգեկան վիճակը։ Հայրենի տան կարոտը սրտում՝ ստեղծագործող արցախցիները փորձում են նոր գեղարվեստական գործերով մեղմացնել հոգու կրակը, երկխոսել հայրենակիցների հետ, մտովի բռնել տունդարձի ճամփան։ Ինչ խոսք, դժվար է հայոց հպարտություն Արցախի 30-ամյա իրողությունից հետո ունենալ նման վիճակ ու ստեղծագործել։ Բայց կան համարձակները, որ այսօր առավել են կարևորում մշակույթի դերը՝ հավատացած տունդարձին։
Թատերագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հրատարակիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչ Հրանտ Ալեքսանյանը, ով նաև «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրենն է, Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ), ներկայացրեց իր դեռ չտպագրված գիրքը։ Ներկա էին բանաստեղծներ, գրական գործորի երկրպագուներ։ Բանաստեղծը «Նոր գրքի շեմին» խորագրով հանդիպումը համարեց յուրահատուկ շնորհանդեսի ձև։ Իր ողջույնի խոսքում Հ․ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանին նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ «Նարեկացի» արվեստի միությունը շնչում է մշակույթով, ինչը մեր օրերում շատ կարևոր է: Ներկայացնելով դեռ չհրատարակված բանաստեղծությունների ժողովածուն՝ Հ․ Ալեքսանյանը նշեց՝ նոր գործերում արտացոլված է Արցախի վերջին ողբերգական իրադարձությունները՝ պատերազմ, նահատակություն, բռնագաղթ։ Ընթացքում նաև ընթերցեց նոր գործերից։
ԳԻՇԵՐԱՄԱՅՐ
Երբ ցերեկները ներամփոփվում են անծայր գիշերվա
սեւ բազալտի մեջ - պարպված, խեղված ու նման խեղդվածի,
աչքերը թեթեւ սրբում է փեշի կանաչ մահուդով
եւ Տիրուհու պես ելնում շրջայցի.-
գտնում է զարկված հավք ու կենդանի,
անհայտ զոհյալներ, ասուպներ ընկած –
նրանց տալիս է անուն ու անցյալ,
պատանքու՜մ խաղաղ սիրո գոհությամբ,-
լքված ու մոլոր, հեգ հոգիներ է հանում անթափանց
թավուտներից ու հին անձավներից –
նրանց ներշնչում կենաց սլացքներ,
ցասման պսակներ ընծայում ապա:
Նրբախոսում է ոգիների հետ,
ննջեցյալներին օրորներ բաշխում
եւ որդեգրում որբ երազները մահապարտների…
-Քեզ հետամուտ եմ անքուն մանկան պես -
պիտի աղերսվե՜մ հոգուդ լուսնյակին,
որ ձեռքդ դնես գլխիս մայրաբար
ու աչքս բացես խավարների դեմ,
որ, թեկուզ մեռյալ գիշերվա գուբում, ես գտնեմ շունչը
իմ ընկածների - շողանքը նրանց, բարբառը հնչեղ,
եւ քո հովանուն հանձնեմ միառպահ -
մինչ նրանք մարմին ու դալար կառնեն
վերածնության մայրիների տակ:
23.09.2024
Հ․ Ալեքսանյան-բանաստեղծի մասին ներկայացրեցին գրչակից ընկերները՝ բանաստեղծ, լեզվաբան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թադևոս Տոնոյանը, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ներսես Աթաբեկյանը, բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյան, Արցախյան գրական ընտանիքի անդամ, գրող, դերասան, լրագրող, արվեստաբան, դասախոս, հասարակական գործիչ Համլետ Մարտիրոսյանը՝ Մարտիրոս Ոբնեցին։ Նրանց խոսքում կարևորվեց Հ․ Ալեքսանյանի ստեղծագործությունը, որն ունի մեծ արժեք։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին բանաստեղծին, որ իրենց պարգևեց անմոռաց երեկո։