Մշակութային փառատոն
Աղե, արկանք, մաղե, արկանք,
Քիզանըմ կա էլա հարգանք:
Ժողովրդական երգից
Արցախյան 2020թ․ 44-օրյա պատերազմից, այնուհետև Արցախի ամբողջական հայազրկումից հետո շատ արցախցիներ հաստատվեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ջերմորեն ընդունեցին մարտունեցիները։ Այսօր Տուն-Արցախ վերադառնոլու հավատը սրտներում՝ Մարտունու տարածաշրջանում արցախցիներն արդեն դարձել են համայնքի անդամ։ Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում կայացավ «Արցախյան ֆեստ-Արցախյան Համերու Փառատոն»-ը, որն արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ ավանդույթների, սովորույթների, խոհանոցի, երգի պարի փոխանցումն է հանրությանը։ Փառատոնը կազմակերպվել էր Մարտունու կանանց համայնքային խորհրդ-ի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի-DVV International in Armenia-ի(հիմնվել է 2002թ.) կազմակերպմամբ՝ համագործակցելով պատկերասրահի հետ։ Ներկա էին Մարտունու տարածքում բնակվող արցախցիներ, նրանց հարազատներ, խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց Մարտունու պատկերասրահի վարիչ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը։ Կարևորեց փառատոնը հատկապես այն առումով, որ տեղահանված մեր հայրենակիցներն իրենց զգան Մարտունու տարածքի լիիրավ անդամ։ Ասաց՝ որևէ տարբերություն չկա արցախցիների և տեղացիների միջև։
Շնորհակալություն հայտնեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին, ով նույնպես ներկա էր մշակութային միջոցառմանը։ Նշեց՝ առանց այս կառույցի համագործակցությամբ դժվար կլիներ իրականացնել փառատոնը։ Մարտունու խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը, ով ներկա էր փառատոնին, ողջունեց միջոցառումը, զրուցեց փառատոնի մասնակից արցախցիների հետ։ Նշեց՝ համայնքապետարանը պատրաստ է աջակցել նրանց հանրօգուտ ձեռնարկները։ Արցախցի կանայք ներկայացրել էին դարեր շարունակ տարածքի հայության ստեղծած ավանդական ուտելիքներից՝ Փախլավա, Ժինգյալով հաց, Թերթերուկ, Կուրկութ, Խաշիլ, Կճեխաշ, Կաթնահունձ։ Մոտ 200 տարի առաջ էլ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից, Մուշից Մարտունու ներկայիս տարածք եկան մեր հայրենակիցները, նաև իմ նախնիները։ Մինչ օրս Մարտունու տարածաշրջանում պահպանվել են Ալաշկերտի ու Մուշի ավանդական ուտեստները, որոնք ներկայացրել էին մարտունեցիները։ Ներկայացված ուտեստների պատմությանն անդրադարձավ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։
Նույն ուտեստների պատրաստման անհրաժեշտ մթերքները, ձևը և այլն ներկայացրեցին խոհարարները։ Սեղաները, բացի ուտեստներից, զարդարված էին նաև նկարչական խմբակի սաների՝ Արցախի խորհրդանիշ նկարներով։ Փառատոնին մասնակից եղան նաև մշակութային խմբեր, ինչպես նաև ցուցադրվում էին Արցախի տարածքի պատմական հուշարձանների լուսանկարներ։ 2021թ․ մայիսի 18-ին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը «Յոթ սարի ետևում» միջոցառման շրջանակներում կազմակերպեց տողերիս հեղինակի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի ազատագրման օրվան։ Նշված, ինչպես նաև երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի կամուրջներ»-ը և հնագետ Արտակ Գնունու՝ Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի դամբարանների պեղումներից գտնված խեցեղենի լուսանկարնեն արդեն երկրորդ անգամ ցուցադրվում են Մարտունու պատկերասրահում։ Լուսանկարներում ներկայացված հուշարձանների մասին անցած տարի լույս տեսավ իմ հեղինակած լուսանկարներով և դրանց մասին հակիրճ տեղեկությամբ «The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone» («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը») անգլերեն պատկերագիրքը՝ բ․ գ․ թ․ Մհեր Քումունցի համահեղինակությամբ։ Գիրքը նույնպես ներկայացվեց փառատոնին։ Տեղեկացրեցի՝ վերջերս Ֆրանսիայի 2 քազաքում կայացավ նշված գրքի շնորհանդեսը՝ համահեղինակների մասնակցությամբ։ Արցախյան ավանդական երգն ու պարը ներկայացրեցին «Արցախի այաներ» ազգագրական համույթի արտիստները։ Հնչած երգերը հիմնականում Արցախի կենցաղն էին ներկայացնում։ Առավել հուզիչ էր «Աղե, արկանք» ժողովրդական երգը, որը և կարոտի ցավ էր արթնացնում և Արցախի անցյալը։
Փուշկես տակեն վերջին փուշին
Եկավ տարավ Դերանց Նուշին,
Էն մին հաբուռ կորեկըն էլ
Բալաս տվավ ծտեն, ղուշին:
Հայ ժողովրդական պարերի կատարումով հանդես եկան Մարտունու «Ավետյաց» մանկական պարային համույթի պատանիները՝ Արմինե Մովսիսյանի ղեկավարությամբ։ Յուրահատուկ ներդաշնակություն էր ստեղծվել՝ արցախցի այաներ և մարտունեցի պատանիներ։ Մշակութային մասից հետո ներկաներն ըմբոշխնեցին ներկայացված ուտեստները։ Ընթացքում զրուցեցի ներկաների, ուտեստները պատրաստողների հետ։ Գոհ էին կազմակերպված միջոցառումից։
«Մի պատառիկ Արցախ` իմ կարոտ ու թախիծ, Հայրենիքս, ծննդավայրս․․․Անչափ շնորհակալ եմ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանին Արցախյան ֆեստ կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ, այնքան ամեն ինչ հագեցած էր կազմակերպված, չկարողացա զսպել հուզմունքս․․․» իր ֆեսբուքյան էջում գրել է արցախցի Սաթենիկ Գրիգորյանը։