Տուն դարձան գլխովոր մրցանակով
Երևանում՝ Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, աշակերտները նաև ակտիվ մասնակցություն ունեն երգարվեստում։ Այս կրթօջախում են գործում ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և « Դեպի լույս» երգչախմբերը, որոնց գեղարվեստական ղեկավարն է ճանաչված երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը։ Օրերս զրուցեցի Վ․ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրեց՝ 2024 թվականը եղել է հագեցված տարի իր ղեկավարած երգչախմբերի համար։ Հանդես են եկել մի շարք համերգներով, մասնակցել հանրապետական ու միջազգային մրցույթների, և բոլորում արժանացել գլխավոր մրցանակի՝ Գրան պրիի։
Վ․ Խաչատրյանը ոգևորված տեղեկացրեց՝ այս տարվա նոյեմբերի 27-ին երգչախմբերը մեկնել են Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Այստեղ՝ Շարմ էլ Շեյխ քաղաքում, մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոնի։ Տարբեր երգչախմբեր են հանդես եկել փառատոնում, և ուրախալի է՝ նոյեմբերի 30-ին Վ․ Խաչատրյանի սաներն արժանացել Գլխավոր մրցանակին։ «Մեծ բավականություն ստացանք․ շատ գեղեցիկ փառատոն էր՝ շքեղ դահլիճ, բազմաթիվ երկրներից մասնակիցներ, չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ արժանացանք գլխավոր մրցանակին (Գրան պրի)», ասաց Վ․ խաչատրյանը։ Բացի փառատոնին մասնակցելեւց, ունեցել են ժամանակ՝ շրջելու հյուրընկալող քաղաքում։ «Շատ հագեցած և գեղեցիկ օրեր ունեցանք։ Փառատոնի հաջորդ օրը ելույթ ունեցանք նաև հյուրանոցի դահլիճում։ Ամեն ինչ շատ իրաշալի էր ծովը, բնությունը, արևը և ամենակարորը՝ գլխավոր մրցանակը, որը մեր այս տարվար արդեն չորրորդն էր», -խոսքը շարունակեց Վ․ Խաչատրյանը։ Անդրադարձավ նաև այս տարի իրենց ձեռքբերումներին։ Ապրիլի 20-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում մասնակցել են «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին՝ Գրան պրիին։ Մրցույթին մասնակցել է նաև Երևանի Ն․ Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային անսամբլի(գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան) սան, շվիահար Արամ Հովհաննիսյանը և շվի անվանակարգում նույնպես արժանացել գլխավոր մրցանակին։
«Մայիսի 6-ից 12-ը մեկնեցինք Արաբական Էմիրաթներ և մայիսի 9-ին մասնակցեցինք Դուբայ քաղաքում կայանալիք «Արևելքի բազե» միջազգային մրցույթ-փառատոնին։ Շատ ջերմ ընդունելության արժանացանք, չդադարող ծափահարություններ և դարձյալ գլխավոր մրցանակը մերն էր։ Սաներիցս՝ մենակատար Արթուր Նիկոլյանը, շատ ոգևորված էր։ Շատ մեծ տպավորությամբ վերադարձանք Հայաստան։ Մայիսի 13-ին ՀՀ-ում Արաբական Էմիրաթների դեսպանն այցելեց Երևանի Ն․ Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց։ Երեխաները համերգային ծրագրով ողջունեցին նրան, ով մեծ բավականություն ստացած հեռացավ մեր դպրոցից», -պատմեց Վ․ Խաչատրյանը։ Նշեց նաև՝ առավել շատ է կարևորում իր սաների ելույթները զորամասերում և մանկատներում։ 2024-ին համերգներ են ունեցել նաև ՀՀ տարբեր մարզերում և միշտ արժանացել հանդիսատեսի սիրուն ու ծափողջույններին։