Բնակատեղին, որն ուներ ամրոց

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը հարուստ է վաղնջական ժամանակների մշակութային հուշարձաններով։ Բավականին հարթ տարածքում՝ եղած բլուրների, ինչպես նաև Արտենի լեռան և հարևան սարերի վրա պահպանվել են ինչպես նախաքրիստոնեական շրջանի, այնպես էլ միջնադարյան կառույցներ՝ ամրոցներ, բնակատեղիներ, մեգալիթյան ծիսապաշտամունքային աշտարակներ, բնական է՝ եկեղեցիներ և այլ պատմամշակութային հուշարձաններ։ Վերջերս հնագետ Լևոն Մկրտչյանի հետ հերթական անգամ այցելեցինք Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջան։ Թալին-Թաթուլ ճանապարհի ձախակողմյան հարթ ու քարքարոտ տարածքում մեծամեծ քարաժայռերով բացված հեղեղատ կա։
Դեռևս խորհրդային տարիներին այս հատվածում գյուղատնտեսական նպատակներով տարածքներ են հարթեցվել, ազատվել քարերից՝ հացահատիկ մշակելու նպատակով։ Նույն արտերի կենտրոնում 1560 մ բարձրությամբ մի բլրակի վրա(N 40, 22, 00-E 43, 50, 17 կոորդինատներ) պահպանվել են մոտ 3000-ամյա ամրոցի ավերակները։ Ոչ բարձր, սակայն տարածքը հսկող բլրի գագաթը, որը նման է աղեղի, ամբողջությամբ պատված է եղել պարսպով։ Պահպանված որոշ հատվածներում 2-3մ բարձրությամբ պարսպաշար կա։ Մինչ Լևոնը դրոնով նկարահանումներ սկսեց, շրջեցի տարածքում, լուսանկարեցի։ Պարսպի ներսում պահպանվել են կառույցների հիմքեր։ Հյուսիսարևմտյան կողմում պահպանվել է կլորավուն հիմքով բուրգ-աշտարակի պատերը՝ մոտ 3 մ բարձրությամբ։ Բուրգի մեջ թփեր են աճել։ Պարսպապատը կառոցված է անմշակ մեծ-մեծ քարերով՝ առանց շաղախի։ Հիմնական մուտքի տեղը պարզ չէ, բայց ամրոցի հյուսիսային կողմում՝ պարսպից դուրս պատերի հիմքեր կան․ հնարավորէ՝ այս հատվածում է մուտքը եղել։ Հյուսիսարելյան հատվածում գտնվեց պարսպի միջով ժամանակին անցած մեկ այլ մուտք՝ մոտ 2 մ լայնությամբ։ Ամրոցի հարավային հատվածում երկտակ պարիսպ է եղել։ Ավելի ցածում՝ հարթության վրա, մի քանի կառույցների շրջանաձև հիմքեր են երևում։
Երկրորդ կամ արտաքին պարսպի հիմքերը լավ պահպանվել են։ Ներսում՝ հարավային մասում՝ պարսպին կից, մոտ 10 մ տրամագծով կլորավուն կառույցի հիմքեր են երևում, հարևանությամբ փոքր շինություն է եղել։ Եթե պեղումներ իրականացվեն, կպարզվի՝ ինչի համար է օգտագործվել՝ ջրամբա՞ր, հո՞ր գաղտնուղի՞։ Սկզբում թվում էր՝ միայն ամրոցատեղի կա այս հատվածում։ Սակայն Լևոնի հետ ուսումնասիրեցինք տարածքը։ Պարզվեց՝ այստեղ ինչ-որ ժամանակ բավականին մեծ տարածքով բնակավայր է եղել, իսկ ամրոցը գտնվել է ներսում՝ միջնաբե՞րդ։ Ամրոցը պահող բլրի հյուսիսային կողմում, չնայած ինչ-որ ժամանակ կատարված մելորացիոն աշխատանքներին, որի արդյունքում բնակատեղին շատ է տուժել, պահպանվել են երկար ձգվող պարիսպների հիմքեր, պատաշարեր։ Բլրի արևմտյան հատվածում ժայռապատ թումբ է, որի թույլ հատվածները նույնպես պատով են փակվել։ Որոշ ժայռերի վրա փոսորոկներ են փորված, մեկի մոտ նույնիսկ տուֆե խուփ կա։ Ամրոցի արևելյան հատվածում ժայռապատ բլրակներ կան, սակայն կառույցների հետքեր չունեն։ Բուն բնակատեղին փռված է ամրոցի հարավարևելյան մասում։ Վերևից նայելիս երևում են տասնյակ քարաթմբեր։ Առաջին հայացքից թվում էր՝ մելորացիայի ժամանակ հավաքված քարերն են կուտակել այդ հատվածում․ արտերի մոտ շատ էին նման կույտեր։ Բայց, երբ իջանք ցած, պարզվեց՝ մեծ դամբարանադաշտ է՝ տասնյակ կառույցների ավերակների հարևանությամբ։ Եթե ամրոցի տարածքում խեցեղեն կամ այլ հնագիտական նյութ չգտնվեց, ապա բնակատեղիում խեցեղեն շատ կար։
Հիմնական բնակատեղին փռված է նշված հեղեղատ-ջրատարի աջակողմյան ափամերձ հարթությունում՝ Արտենի լեռան դիմաց։ Հեղեղատի մեծամեծ քարերը հիմնականում տուֆ են, և մի մասն ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես քարհանք։ Որոշ քարերի վրա պահպանվել են քարագործ վարպետի սորանու հետքերը։ Հեղեղատում դեռ ձյուն կար, որը հալվում էր, ու հրաշալի տեսարան է աչքիդ առաջ։ Մի մեծ քարի տակ պատվանդանի նման ավելի փոքր քարեր կան։ Նման տեսարան մի քանի ամրոցում կամ հնավայրում տեսել եմ՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում։ Լևոնի հետ անցանք հեղեղատը, որի ձախակողմում, մեգալիթյան ծիսապաշտամունքային աշտարակի հիմքեր կան։ Բայց այս հատվածում ևս ականատես եղանք բնակատեղիի ավերակներին։ Ըստ հնագետի․ «Նորահայտ հուշարձանը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքին պատկանող տարածքում՝ քարքարոտ բլրաշղթայի հարավային մասում։ Ամրոցի հարավային մասում տարածվում է բլրա-ալիքավոր սարավանդ, որը հասնում է Արտենին և Դդմասարին։ Սարավանդը խորհրդային տարիներին էապես տուժել է գյուատնտեսության նպատակով կատարված մելորացիայի հետևանքով։ Ներկայումս տարածվում են մշակովի դաշտեր, որոնք ընդհուպ հասնում են նորահայտ հուշարձանին՝ ավերելով բնակատեղին, որը տարածվում էր ամրոցի հարավային ստորոտներին։ Նախնական դիտարկմամբ այն բավական մեծ տարածք է զբաղեցրել հյուսիս-հարավ ձգվելով հարևան հեղեղատի երկայնքով։ Բացի տնատեղիների հիմքերից՝ բնակատեղիում պահպանվել են նաև փողոցների հետքեր։ Չափազանց կարևոր է հեղեղատի ձախ մասում առկա մոնումենտալ շենքի ավերակները։ Առկա խեցեղենը բնորոշ է մ.թ.ա. 6-4 դարերի»։ Ինչ խոսք, հուշարձանը պետք է լավ ուսումնասիրվի, պեղումներ իրականացվեն։ Կարևոր է նաև պահպանությունը։ Հեղեղատն էլ իրենից բնական ու հետաքրքիր հուշարձան է ներկայացնում, այն նույնպես պետք է պահպանվի։ Օրվա ընթացքում այցելեցինք նաև մոտակա Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում գտնվող Արագածոտնի մարզի պատմության և անշարժ հուշարձանների ցանկում տեղական նշանակությամբ հուշարձան՝ Քաղենի բնակատեղի։ Բավականին ընդարձակ տարածք զբաղեցնող բնակատեղին ունի երեքհազարամյա պատություն և գոյատևել է մինչև 18-րդ դար։
Բնակավայրում է ժամանակին կառուցվել Դաշտադեմի ամրոցը։ Քաղենին միջնադարում էլ է եղել կարևոր բնակավայր, ունեցել է նաև վանական համալիր՝ Սուրբ Քրիստափորը։ Այն կազմված է 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերի ավերակներից, անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից։ Նույն գերեզմանատունը նաև այժմ է ծառայում Դաշտադեմին։ Այստեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար, որի վրա հետագայում խաչ են քանդակել։ Բնակավայրի մասին հիշատակվում է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Կաթողիկոս Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» գրքում՝ կապված 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացված հայերի դաժան կոտորածի հետ, որը պատմության մեջ հայտնի է որպես «Թալինի կոտորած». «Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր»։ (Երևան․ 1996թ․էջ՝ 110)։ Նույն իրադարձությունների մասին 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը «Պատմություն» գրքում գրում է․ «Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում Պտղունք, Թալին, Կողբ գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում»։ (Երևան․ 1982թ․էջ՝ 116)։ Հնարավոր է՝ նույն ժամանակ հիշատակածս ամրոցն ու բնակատեղին նույնպես ենթարկվել են հարձակման, դադարել գոյատևել։ Ամեն դեպքում այս հարցի պատասխանը հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները կտան։
Լուսանկարները՝ Գայանե Ըռքոյանի