Image

Նոր գիրք՝ գիտության խնդիրներով

Ապրիլի 17-ին Երևանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում, տեղի ունեցավ «Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» գրքի շնորհանդեսը։ Գիրքը, որ հոդվածների ժողովածու է, հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում 2025 թվականին։

ՀՀ ԳԱԱ «Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչություն»-ը (ԳՀԶԾՎ), որը ղեկավարում է մ․ գ․ դ․ Կամո Աթայանը, արդեն նեկ տարվա պատմություն ունի, և շնորհանդեսը նաև այդ առիթով էր։ Միջոցառմանը ներկա էին գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես ֆիզիկոս (լազերային ‎‎ֆիզիկա), ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, քաղաքական գործիչ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենսեր Աղալովյանը,  քիմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ, «Քիմիա» դասագրքերի, շտեմարանի հեղինակ Լիդա Սահակյանը, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Հայկ Սարգսյանը, գրքի հոդվածների հեղինակներ, այլք։ Բացելով շնորհանդեսը՝ գրքի կազմող Կ․ Աթայանը ողջունեց ներկաներին, հայտնեց շնորհակալություն աջակցելու համար։ Նշեց՝ գրքում տպագրված են հոդվածներ, որոնցով փորձ է արվում ըստ գիտական ուղղությունների բացահայտել հանրամատչելիացման նրբություններն ու մեխանիզմները։ Կարևորվում են նաև գիտության հանրայնացման և հանրամատչելիացման ժամանակակից խնդիրները։ Անդրադառնալով առհասարակ գիտության զարգացմանը, նշեց՝ այն երկրային քաղաքակրթության առաջընթացի կարևոր գործոնն է մարդու կյանքի ողջ ընթացքում՝ տարբեր ժամանակներում ընթանալով այլ կերպ։ Խոսելով գիտական գրքերի կարևորության մասին, նշեց, որ դրանց զուգահեռ կարևորվում են հանրամատչելի հոդվածները, հարցազրույցները, գրքերը։ Այդ խնդիրներին նվիրված նաև տպագրվել են մասնագիտական հանդեսներ, թերթեր և այլն։

Ինչ վերաբերում է նոր հրատարակված գրքին՝ այն իր տեսակի ու կառուցվածքի առումով առայժմ եզակի է։ Բաղկացած է 5 գլխից՝ «Հանրամատչելիացումը՝ հիմնախնդիր», «Մաթեմատիկայի և բնական գիտությունների հանրամատչելիացման առանձնահատկությունները», «Հումանիտար հասարակագիտական ուղղությունների մատչելիացման և գիտության հանրայնացման խնդիրները», «Գիտության հանրայնացման խնդիրը» և «Հարցազրույցների շարք»։ Կարևորեց այն հանգամանքը, որ իրենց նախաձեռնությունը լինի շարունակական։ Գրքի խմբագիր, ԳՀԶԾՎ աշխատակից  Արթուր Ղարագյոզյանը նշեց՝ պետք է գիտնականները նաև մատչելի ներկայացնեն իրենց հոդվածները, հատկապես մատչելի լինի դպրոցականների, ուսանողների համար։ Նշեց նաև՝ համոզված է իրենց վարչությունը նշված խնդիրների լուծման նպատակով կհամագործակցի գիտահանրամատչելի ամսագրերի և լրատվամիջոցների հետ, կաջակցի նրանց գործունեությանը։ Կարևորեց նաև գործունեությունը մարզերում։ Ընթացքում եղան ելույթներ, և բոլորն էլ կարևորեցին գիտության հանրամատչելիացումը։ Առանձնակի շեշտվեց այն հանգամանքը, որ դպրոցներում ստեղծվեն սովորողների ինքնազարգացման, ինքնաիրացման մեխանիզմներ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական կողմնորոշմանը։ Բնագիտական գիտությունների ներկայացուցիչներն անդրադարձան հատկապես քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա առարկաների դասավանդման ներկա ոչ բարվոք վիճակին։ Այս հարցում կարևորվեց պետության դերը։ Իր ելույթում ակադեմիկոս Ռ․ Կոստանյանը առանձնացրեց ֆիզիկայի դեը բոլոր գիտությունների զարգացման համար։ Խոսելով գիտության հանրամատչելիացման մասին՝ կարևորեց մեկամյա վարչության դերը։ Նշեց՝ դեռևս խորհրդային տարիներին Գիտությունների ազգային ակադեմիայում կատարվում էին աշխատանքներ հանրամատչելիացման ուղղությամբ, բայց ոչ համակարգված։ Ակադեմիայի ինստիտուտները համագործակցել են դպրոցների, երիտասարդների հետ, բայց առանց ոլորտը համակարգող կառույցի։ Ցավով նշեց՝ այժմ շատերն ընդունվում են ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն հետագայում զբաղվում են ավելի բարձր աշխատավարձ ապահովող աշխատանքով։ Իսկ ֆիզիկայի բնագավառում մնում են միայն նվիրյալները։ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, կարևորելով ԳՀԶԾՎ-ի դերը, ասաց՝ ԳԱԱ-ն պետք է ունենար նման կառույց, որը կտարածեր, կպրոպագանդեր գիտության դերը՝ նրա մեջ ներգրավելով ուսանողներին, աշակերտներին, երիտասարդությանը։ «Հարկավոր է վերականգնել գիտության պաշտամունքը», -հարցազրույցի ժամանակ ասել է Հ․ Սահակյանը։ 

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը նշեց՝ ինքը սոցցանցերում հետևում է լրատվությանը, ուր շատ կեղծ գիտական, հակագիտական նյութեր կան։ «Սա նշանակում է՝ բաց ունենք և այդ բացը լրացնելու խնդիր», -հավելեց Պ․ Ավետիսյանը և ողջունեց աշակերտներին ակադեմիա հրավիրելու, գիտությանը ծանոթացնելու առաջարկը։  Քիմիկոս, մ․ գ․ դ․ պրոֆեսոր Լ․ Սահակյանը նույնպես անդրադարձավ բնագիտական առարկաների, հատկապես քիմիայի ներկայիս տխուր վիճակին։ Նշեց՝ վերջերս չի գտել մի ուսանող, որ մասնակցեր քիմիայի օլիմպիադայի, այն դեպքում, որ տարիներ առաջ շատ են եղել մասնակիցներ։ Ողջունեց ՀՀ ԳԱԱ-ի համակարգում նոր վարչության դերը, հավատով՝ այն իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ում գիտական իմացության հանրայնացման գործընթացում։ ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվ․ Տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, տ․ գ․ թ․ Արսեն Ըռքոյանի ներկայացմամբ՝ ներկա ժամանակներում տնտեսագիտությունը ոչ միայն գիտական համայնքի, այլ նաև պետական, հասարակական և մասնավոր հատվածի համար կարևոր տեղեկությունների աղբյուր է։ Զարգացող տեխնոլոգիաների գլոբալացման և թվային տնտեսության խթանման հետ զուգահեռ, տնտեսագիտության հանրային հասանելիությունն անհրաժեշտություն է։  ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվ․ լեզվի ինստիտուտի ներկայացուցիչ, բ․ գ․ թ․ Սիրանույշ Հովհաննիսյանը կարևորեց լեզվաբանության դերը որպես գիտություն՝ նշելով, որ այն ոչ միայն ուսումնասիրում է լեզվի կառուցվածքը, այլև՝ դրա գործառույթները, զարգացումը և ազդեցությունը մարդու և հասարակության կյանքի տարբեր կողմերի վրա։ Իսկ գիտության հանրայնացումը, մասնավորապես՝ լեզվաբանության, լեզվին առնչվող գիտական աշխատանքը լայն հանրությանը հասանելի, մատչելի ներկայացնելն է։ Գրքում կան հոդվածներ նաև նվիրված հնագիտությանը, ազգագրությոնը, աստղագիտությանը, իրավագիտությանը։ Եղան այլ ելույթներ ևս, քննարկվեցին մի շարք հարցեր։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։