Զրույց Մեծերի մասին

«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»:
Զորավար Անդրանիկ
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…
Հովհ․ Թումանյան
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու առաջին օրերին՝ 1914թ. օգոստոսի սկզբներին, Զորավար Անդրանիկը գտնվում էր Բուլղարիայում, և շուտով՝ ընկերների գաղտնի կանչով հասնում է Թիֆլիս: Նույն օրերին Վրաստանի Ձաղվեր ամառանոցում էր Հովհաննես Թումանյանը, ով իրավիճակի մասին գրել է. «Ամենքս կլանված ենք պատերազմով: Ամենքս դարձել ենք ռազմագետ»: Թիֆլիսում Անդրանիկը հանդիպում է ռուս ռազմական ղեկավարության հետ և պայմանավորվում, որ ռուսական բանակի կազմում հայ կամավորական ջոկատների առանձին գործելու հնարավորություն ունենան: Ժամանակի՝ հայոց 2 մեծերի՝ Թումանյանի և Անդրանիկի բարեկամական հարաբերությունների և մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ապրիլի 22-ին Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, տեղի ունեցավ զրույց-դասախոսություն: Գրականագետ, բ․ գ․ թ․ Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Թումանյանը, ով տարիներ շարունակ ուսումնասիրել է ամենայն Հայոց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը, հանդես եկավ հերթական «Ազգային ճակատագրի արհավիրքների մեջ. Հովհաննես Թումանյան-Անդրանիկ Օզանյան» թեմայով դասախոսությամբ՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 160 ամյակին: Մոտ 1 ժամ տևած զրույց-դասախոսության ընթացքում ներկաները՝ թեմայով հետաքրքրվողներ, ուսանողներ, ծանոթացան ժամանակի մեծ մարդկանց՝ մշակույթ-գրականության ու ֆիդայի-զինվորականի բարեկամական կապի ու նրանց կյանքի պատմությանը՝ սկսած 1904 թվականից մինչև 1917-ը։ Մեր ժողովրդի կյանքում կարևոր, հաղթանակների ու առավել ողբերգական ժամանակներում 2 մեծերը փորձել են հայությանը դուրս բերել դժվար իրավիճակներից։ Երբեմն հաջողվել է, սակայն հաճախ դեմ են առել ծանր խնդիրների։ «Եթե մենք մի ժողովուրդ ենք, որ արժանի ենք ավելի լավ օրերի ու ապագայի, պետք է սնունդ ու ծավալ չառնեն անմիաբանության վատ ջանքերը մեր մեջ՝ մեր սրբազան ձգտումի վայրկյանին»:
Այսպես է ոգևորել Թումանյանն իր ժողովրդին նրա կյանքի տարեգրության ամենամռյալ օրերին՝ 1915 թ. մայիսին: Եվ այդ խոսքերի հավատի ուժը Թումանյանն ստանում էր այդ թվում Անդրանիկ զորավարի ջոկատի հաղթական պաշտպանական մարտերից՝ Արճավազի, Ախլաթի, Դատվանի ուղղությամբ: Թումանյանը, կողմնակից լինելով հայոց կամավորական ջոկատների ստեղծմանը, ներգրավվել էր Ազգային բյուրոյի աշխատանքներին: Եվ երբ բյուրոյի ենթակայությամբ 1914թ. հոկտեմբերից գործել է «Պատերազմից վնասվածներին օգնող կենտրոնական կոմիտեն»՝ Թիֆլիսի հայկական թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսիսյանի նախագահությամբ, բնական է՝ Հայոց ցավոց տառապող Թումանյանն այդ կոմիտեի կազմում էր: Իսկ Անդրանիկն իր 500 զինվորներով ճանապարհ է ընկնում դեպի Վան՝ Սալմաստով: Կար հավատ ու հույս ռուսական աջակցության վերաբերյալ: Թումանյանը նույն օրերին մամուլում հանդես էր գալիս հոդվածներով, որոնցից առավել խոսունն է «Երրորդ զարկը»:
«Կովկասում վարած ռուսական պատերազմներից երեքը հայ ժողովրդի համար եղել են սրբազան, ազգային պատերազմ. Առաջինը 1827-28 թթ. Երևանի պատերազմը։ Երկրորդը 1877-78 թթ. Ղարսի պատերազմը։ Երրորդը՝ այժմյան պատերազմը։ Առաջինը հայ ժողովրդի մի մասն ազատեց մի անհույս դժոխքից ու ազգովին ապրելու հույս ներշնչեց։ Երկրորդը դրեց ինքնավար Հայաստանի հարցը: Երրորդը բերելու է թուրքահայերին ազգային ինքնավար կյանք»։ Այդ օրերին, հավատալով ռուսների օգնությամբ մեր ազգի բարօրությանը, գրել է «Վերջին տագնապը» բանաստեղծությունը․
Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի
Սլանում է մեծ արծիվը հյուսիսի
Շիտակ դեպի բարձունքները հայկական,
Իր հետևից հայի բախտն ու ապագան:
Նույն հավատով էր Անդրանիկը, ով 1915 թ. փետրվարի 10-20 Թիֆլիսում էր՝ բուժման նպատակով: Սակայն կրկին ռազմի դաշտ վերադարձավ փետրվարի 27-ին, երբ ջոկատը շարժվում էր դեպի Խոյ: 1915 թ. ապրիլի 15-18 Թուրքիա-Պարսկաստան սահմանագլոխ ին տեղի է ունեցել Դիլմանի հերոսական ճակատամարտը՝ հայ-ռուսական ուժերի հաղթանակով: Առաջինը թուրքերի հետ ընդհարվել է ռուսական բանակում գործող հայկական կամավորական ջոկատը Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Խալիլ բեյը Անդրանիկից պահանջեց առանց կռվի ճանապարհ տալ դեպի Խոյ, բայց մերժում է ստացել և ապրիլի 18-ի առավոտյան թուրքերն անցել են հարձակման։ Թեև ուժերը անհավասար էին (հայերը շուրջ 1300 զինվոր, թուրքերը՝ 1600 սվին), հայ կամավորները կռվել են հերոսաբար, մինչև հասել են ռուսական զորքերը։ Դիլմանի ճակատամարտում Անդրանիկի և նրա կամավորների քաջագործության մասին գովեստով են գրել գեներալներ Չեռնոզուբովը, Տրուխինը և ուրիշներ, իսկ գեներալ Նազարբեկյանը նշել է․ «Դիլմանի համբավավոր ճակատամարտը շահողը զորավար Անդրանիկն էր»։ Նույն օրերին Թումանյանը մեկնել էր Բաքու՝ դպրոցներ այցելելու և ռազմաճակատ մեկնող կամավորներին քաջալերելու: Այդ օրերին գրել է «Վերջին օրը» բանաստեղծությունը.
Երբ որ հոգնեցին երկար զարկվելուց,
Երբ որ հոգնեցին բազուկները կուռ,
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձըր լեռների
Ամենից բարձըր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թըշնամու...»
1915 թ. մայիսին Անդրանիկը Վանում էր, և մայիսի 6-ին Վանի բերդի վրա ծածանվեց հայակակն դրոշը, ստեղծվեց քաղաքական վարչությունը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Հունիսի 14-ին Վան է հասնում նաև Թումանյանը: Տեղեկանում է, որ չնայած Անդրանիկը նահանջի կարգադրություն էր ստացել, բայց հրաժարվելով նահանջել իր պատասխանատվությամբ շարունակել մարտը: Վան է մեկնել նաև Թումանյանը՝ ակտիվ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ, այցելել դպրոցներ՝ Կենտրոնական, Երամյան, Սանդխտյան։ Փանոս Թերլեմեզյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքի տեսարժան վայրերով: Հունիսի 18-ին Վանում՝ երիտասարդների կազմակերպած պատվո թեյասեղանի շուրջ, նա առաջին անգամ կարդացել է նոր գրած «Շուռ է գալիս ծանր քարը» բանաստեղծություններից.
Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար...
Արդ օրերին Թումանյանը հանդես է եկել նաև «Վան ու Երևան» բանաստեղծությամբ՝ կարևորելով հայոց 2 մայրաքաղաքների ազատագրումը ռուսական զորքերի աջակցությամբ: «Սրանից հարյուր տարի առաջ, էր, որ ընկավ Երևանը, և ռուսաց հաղթական զորքը ներս մտավ Երևանու բերդը, խլեց Հասան խանից ասիական բռնակալության սիմվոլը՝ Լենկթեմուրի թուրը, ղրկեց Պետրոգրադ, ու ռուս օֆիցերները գրական երեկույթ սարքեցին պարսիկ սարդարի պալատում, առաջին անգամ ներկայացրին իրենց մի ընկեր օֆիցերի՝ Ա. Ս. Գրիբոյեդովի, նոր գրած պիեսը՝ «Горе от ума»», -գրել է Թումանյանը։ Սակայն նույն ժամանակ էլ զգացվեց՝ ռուսական օգնությունը խաբուսիկ էր: Նույն ռուսական հրամանատարությունը 1915 թ. հուլիսի 12-ին կրկին նահանջի հրաման է արձակում: Անդրանիկը ռուս գեներալներից մեկին ասում է. «Այս նահանջ կատարյալ կեղծիք մըն է, դուք կուզեք, որ Հայաստան առանց հայու մնա, ահա ձեր մտապատկերը… Հոս դավադրություն և մը և խաղ մը կա»: Նահանջող զորքի հետ ստիպված էր ետ քաշվել նաև Անդրանիկի ջոկատը: Բանակում նա զրկված էր ամենատարրական ազատությունից և ամեն ինչի համար պետք է պատասխան տար: Մտածում էր թողնել բանակը և վերադառնալ ֆիդայական կյանքի: Թումանյանը, որ Էջմիածնում էր՝ գաղթականների հարցերով, Անդրանիկի մասին ծոցատետրում գրառել է. «Անդրանիկը՝ դուրսը իր խմբի մնացորդը, ինքը՝ ներսը, խորտակված և հուսահատված»: Հետագայում Թումանյանի այդ օրերի գերմարդկային գործունեության մասին պիտի գրեր նաև Անդրանիկն իր հուշերում: «Իր ցեղին բեկորներու համար ու տքնեցավ անոնց ցավն ու վիշտը բաժանելով: Իր արինակիցներուն դառն վիճակը և չարչարանքները խլեցին իր խնդուն ճակատեն ու աչքերեն ժպիտն ու ծիծաղը՝ անթեղելով իր սրտի մեջ իր ցեղի ցավը», -գրել է Զորավարը: 1916 թ. մարտի 18-ին Անդրանիկը վերջնականապես հրաժարվել է զորամասի հրամանատարությունից և մեկնել Թիֆլիս: Հետագայում էլ Բանաստեղծն ու ռազմիկը հաճախ են հանդիպել, բուռն զրույցների ընթացքում քննել հայոց ճակատագիրն ու իրենց իսկ անելիքը: Ազգային հարցերում նրանց հայացքների նույնությունը մտերմության խորը արմատներ էր ձգել: Ղարաքիլիսիայի դեպքերից հետո բավական ժամանակ Թումանյանն Անդրանիկի գործողություններից տեղյակ էր միայն մամուլի տվյալներով, որոնք այնքան հակասական էին: Նրանց նամակագրական կապը վերականգնվել է 1918 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ զորավարը պաշտպանում էր Զանգեզուրը: Զրույցի ընթացքում Ա․ Եղիազարյանը հատվածներ ընթերցեց Հովհաննես Թումանյանի և Անդրանիկ Օզանյանի նամակներից: Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղավ քննարկում այդ օրերի ու ներկայիս վերաբերյալ։