Գիտաժողովը՝ մասնագիտական պարտք

Ապրիլի 22-23-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ կայացավ միջազգային և կարևոր գիտաժողով։ «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով գիտաժողովի նպատակն էր համակողմանիորեն ուսումնասիրել և հանրահռչակել 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում սկիզբ առած ազգային զարթոնքը, ինչպես նաև դրա ազդեցությունը հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի վրա։
Առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ տեսակապով, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանը։ Իր խոսքում Ա․ Մելքոնյանը ցավ հայտնեց, որ մեզանում վերաբերմունքը Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ փոխվում է։ Ժամանակին նույնիսկ ամոթ էր՝ Հայաստանում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, քանի որ դժվար թե մեր երկրում լինեին մարդիկ, որ ժխտեին այդ իրողությունը։ Սակայն այսօր, ելնելով քաղաքական իրողություններից, 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից, կան մարդիկ որ նույնիսկ հակված են մոռանալ ցեղասպանության մասին։ Եվ այս պայմաններից ելնելով է՝ ՀՀ ԳԱԱ ՊԻ-ն Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի կապակցությամբ հրավիրել է միջազգային գիտաժողով։ Ա․ Մելքոնյանի խոսքով՝ գիտաժողովն առանձնահատուկ են համարում նաև այն տեսանկյունով՝ փորձելով պատասխանել ինչու՞ 1930-ական թվականներին չէին խոսում ցեղասպանության մասին, իսկ 1960-ականներին բարձրացվեց այդ հարցը։ Ըստ պատմաբանի՝ պատասխանը պարզ է՝ մինչև Քեմալի մահը, 1920-30-ական թվականներին խորհրդային ու թուրքական սիրախաղերի ժամանակ անհնար էր խոսել հայկական ջարդերի մասին։ Բացի այդ «Ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ է մտել 1940-ականների կեսերից։ Իսկ 1950-60 ական թվականներին աշխարհաքաղաքական նոր իրողություններ հանդես եկան՝ կապված ՆԱՏՕ-«Վարշավյան պայմանագիր» հակազդեցության հետ։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր, և Խորհրդային Միությունը Հայոց ցեղասպանության իրողությունը միջազգայնացրեց՝ ներկայացնելու Թուրքիային որպես ցեղասպան երկիր։ Նշեց նաև՝ գիտաժողովը նաև պետք է անդրադառնա 1988-ից մինչ օրերս Ադրբեջանի տարածքում և Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողություններին Ադրբեջանի կողմից։ Ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր խոսքում նշեց՝ ցեղասպանությունը մեր ժողովրդի սև էջերից է, և չանրադառնալ դրան, ուղղակի անթույլատրելի է։ Նշեց նաև՝ մեր ազգի հանդեպ ցեղասպանությունն սկիզբ է դրվել 19-րդ դարի վերջերին՝ Սուլթան Համիդի օրոք, այնուհետև 1915-ին, 1920-ին Շուշիում, 1988-ին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր։ Իսկ վերջերս Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում է և ցեղասպանություն։
Անդրադարձավ նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող տիկին Ստեփանյանի գրքին, որտեղ նշված է՝ Թուրքիայում ժամանակին կրթական հաստատությունների մեծ մասը, այլ կառույցներ հայկական էին, և հայ ժողովուրդն զգալի ծառայություն էր մատուցում թուրքիային։ Յուրի Սուվարյանն անդրադարձավ նաև 1920-ական թվականներին Արցախում կատարված ցեղասպան իրադարձություններին։ Հետագա նման իրողությունների չենթարկվելու նպատակով, ակադեմիկոսը կարևորում է ունենանք հզոր պետություն՝ հզոր բանակով ու տնտեսությամբ։ Ցավ հայտնեց, որ այսօր, չնայած ունենք գիտական մեծ ուժ՝ աշխարհով մեծ ցվրված, և չենք օգտագործում դա։ 2-օրյա գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրեցին տարբեր զեկույցներ՝ նվիրված ցեղասպանության իրողությանը, պատմական շարժման բարոյահոգեբանական, քաղաքական և հասարակական նշանակությանն ու արդարության վերականգնման հնարավոր հեռանկարներին։ Առավել կարևորվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մեկնարկը, նրա հիմնական փուլերի վերլուծությունն ու ներկայացումը։ Անդրադարձ եղավ Սփյուռքի համայնքների, կառույցների և կազմակերպությունների մասնակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին։ ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի զեկույցում անդրադարձ եղավ Սիրիայի խորրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման վերաբերյալ։ Իսկ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Լիբանանի խորհրդարանի կողմից» ելույթով։
Գիտաժողովի վերջին նիստը, որը նախագահեց պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, նվիրված էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերին ԽՍՀՄ-ում։ ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտաշխատող Վ․ Բալայանը ներկայացրեց «1960-ական թվականների համահայկական զարթոնքի ազդեցությունն Արցախում ազգային-ազատագրական պայքարի ծավալման գործում» զեկույցը՝ կարևորելով արցախցի շատ մտավորականների դերը։ Նույն ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Իսկուհի Ավանեսյանի «Ազգային գաղափարների շուրջ պայքարի նոր վերելքն Արցախում 1980-ական թվականներին» զեկույցում անդրադարձ եղավ Արցախյան շարժմանը։ ԱՀ ՊԲ «Մարտիկ» թերթի խմբագիր, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանի «ԽՍՀՄ-ում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության թեման «Մարտիկ» թերթի էջերում» զեկույցում ներկայացվեց այդ թերթի կատարած կարևոր գործընթացին։ Թերթը, որը հրատարակվել է 1994-ից մինչև 2020թ սեպտեմբեր, ժամանակին լույս էր տեսնում Ստեփանակերտում մեծ տպաքանակով, հատկացվում էր զորամասերին, դպրոցներին, գրադարաններին և այլ կառույցների։ Կ.գ.թ., դոցենտ, ՃՇՀԱՀ դասախոս Մարիամ Ավագյանը, ով ծնունդով Արցախի Բանանց գյուղից է, ներկայացրեց «Ազգային զարթոնքը Բանանցում հարվածի տակ էր» զեկույցը՝ լուսանկարներով ներկայացնելով իր ծննդավայրն ու նրա մարդկանց։ Վերջում ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտաշխատող Հովիկ Ավանեսովը, ով մշտապես հետևում է բռնազավթված Արցախում նաև պատմական հուշարձանների հանդեպ իրականացվող ցեղասպանությանը։ «Մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարն Արցախում 1960-80-ական թվականներին» զեկույցում նշվեց՝ դեռևս խարհրդային տարիներին է Արցախում գոյություն ունեցող հայոց պատմամշակութային ժառանգությունն ադրբեջանցի վայ-գիտնականների կողմից համարվել աղվանական։ Վերջում հարց ու պատասխանից հետո կայացավ գիտաժողովի ամփոփում։ Պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտաշխատող Արմեն Մարությանը, ով նաև հանդես էր եկել «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի նշանակությունը այդ հանցագործության հետեվանքների հաղթահարման համատեքստում» զեկույցով, նախագահել էր առաջին նիստը, իր ամփափիչ խոսքում կարևորեց գիտաժողովի նշանակությունը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ելույթ ունեցողներին։