Image

Հանդիպում՝ կարևոր առաքելությամբ

Ես երբեք չեմ ափսոսա նրա համար, որ բարի գործ եմ արել։

Շեքսպիր

 

 Ցանկացած ժողովուրդ առավել կենսունակ է մնում հատկապես իր մշայույթով, գիտությամբ։ Իհարկե, առաջնայինը՝ երկիրն ունենա հզոր բանակ, տնտեսություն, ազգանվեր ու դիվանագետ կառավարություն։ Հազարամյակներ շարունակ Հայոց Արցախը գոյատևել է նաև իր մշակույթով։ Վաղնջական ժամանակներից երկրում գոյություն ունեցող վանքերում՝ Դադիվանք, Ամարաս, Գանձասար, Գտչավանք, Երից մանկանց ու մնացածներում, հոգևոր կյանքին զուգահեռ, կարևորվում էր գիտությունը, պատմությունը, մանրանկարչությունը, ռազմական արվեստը, ստեղծվում էին ձեռագրեր․․․

19-րդ դարում Հայոց Շուշի քաղաքը համարվում էր ամբողջ Կովկասի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Խարհրդային կարգերի հաստատումից հետո էլ, չնայած բռնաճնշումներին, արցախցին ապրում էր իր դարավոր մշակույթով, ազգային ավանդույթներով, հարուստ պատմությամբ։ Եվ նույն խորհրդային տարիներին Արցախի մայրաքաղաքում ծնվեցին մշակութային կարևոր օջախներ՝ թատրոն (հիմնադրվել է 1932թ․), թանգարաններ, երգարվեստի, պարարվեստի խմբեր, հասարակական կազմակերպություններ՝ գրողների, նկարիչների, երաժշտական միություններ, թերթեր և այլն։ Այլ էր արդեն անկախումից հետո։ Միայն մայրաքաղաքում գործում էին տասնյակ մշակութային խմբեր, համույթներ։ Բայց եղավ ողբերգականը՝ հայաթափվեց Արցախը, թվում էր՝ այլևս չեն գործելու հարուստ ավանդույթ ունեցող մշակութային կառույցները։ Բայց կային նվիրյալներ, ովքեր, չնայած դժվարություններին, խոչընդոտներին, հայրենիքի կորստի ցավին, փորձում էին արդեն Երևանում շարունակել գործունեությունը։ Ու այս նվիրյալներին եղան աջակիցներ, որոնցից է Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարկական կազմակերպությունը (ՀԿ)՝ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի գլխավորությամբ։ Արդեն տեղեկացրել ենք՝ «Դիալոգ» ՀԿ-ի աջակցությամբ վերակազմավորվել են Արցախի մշակութային կառույցներից որոշները։ Նոյեմբերի 14-ին Երևանում՝ «Դիալոգ» ՀԿ կենտրոնում, տեղի ունեցավ կարևոր և գործնական հանդիպում արդեն վերակազմավորված մշակութային կառույցների ղեկավարների և Յ․ Նավոյանի հետ։

Տեղեկացնեմ՝ նույն «Դիալոգ»-ի աջակցությամբ, արցախահայությանը համախումբ պահելու գործում  մեծ աշխատանքներ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմը՝ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ։ Այս տարվա ընթացքում Մոսկվայում և Երանում 5 անգամ համերգով հանդես է եկել «Արցախ» ջազ համույթը։ Հայաստանի թատերական գործիչների հետ կնքված համաձայնագրով «Դիալոգ»-ի աջակցությամբ վերակազմավորվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը նոյեմբերի 12-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդես եկավ առաջնախաղով։ Կաղմակերպության կողմից աջակցություն է ստացել «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը, Օրերս «Դիալոգ»-ը համաձայնագիր է կնքել, և իր աջակցությամբ վերակազմավորվել են «Արցախի բալիկներ» համույթը և Արցախի պետական երգչախումբը՝ արդեն «Վարարակն» ավանումով։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ճանաչված մտավորական, գրող Աշոտ Բեգլարյանը, «Քիրս» թիմի ղեկավար Զոյա Սարկիսյանը, «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը և «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Ելենա Շուլաևան։ Ողջունելով ներկաներին՝ Յ․ Նավոյանն հավաստիացրեց՝ կենտրոնը բոլորի համար է, և այստեղ տեղի են ունենում հանդիպումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների, գիտնականների, մտավորականների հետ։ Հավելեց նաև․ «Եթե 4-5-6 համակարգ առաջիկա մեկ տարում այստեղ կարողանան իրար օգնելով աշխատել, ուրեմն իզուր չէ մեր հանդիպումը։ Իսկ հանդիպման նպատակն է՝ յուրաքանչյուրը ներկայացնի իր անելիքը, ծրագրերը, նպատակները, որ իմանանք՝ փոխօգնության ինչ հնարավորություններ ունենք»։ Տեղեկացրեց նաև՝ Երևանում եղած օրերին ծանոթացել է Արցախի պետական երգչախմբի և «Արցախի բալիկներ» համույթի գործունեությանը, նրանց գեղարվեստական ղեկավարների՝ Արմինե Յախշիյանի և Գայանե Հարությունյանի հետ կնքել է աջակցության հուշագիր, մշակել ծրագրեր։

Երևանում ՀԱԵ Արցախի թեմի՝ Արցախի հայաթափումից հետո կատարած աշխատանքները ներկայացրեց թեմական խորհրդի գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանը։ Տեղեկացրեց՝ մի շարք կարևոր գործեր իրականացվել են «Դիալոգ»-ի աջակցությամբ։ Կարևորելով հանդիպումը՝ ասաց՝ յուրաքանչյուրը տեղում պետք է առաքյալ լինի։ Հետագա ծրագրերը ներկայացրեցին մշակութային խմբերի ղեկավարները։ Արցախ ջազ նվագախբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը տեղեկացրեց նվագախմբի մասին, որ բոլորը մեծ սիրով ու նվիրումով են աաշխատել ու շարունակելու են՝ ստանալով «Դիալոգ»-ի աջակցությունը։ Ասաց՝ 1 տարի համույթը պահելուց հետո արդեն որոշել էր հրաժեշտ տալ, քանի որ հնարավոր չէր առանց աջակցության պահել։ Ու եղավ Յ․ Նավոյանի օգնությունը, որի շնորհիվ ինքը վերապրել է։ Իսկ 4 ամսվա ընթացքում ունենալ 5 համերգ, 2-ը՝ Մոսկվայում, դա աներևակայելի էր։ Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը կարևորեց «Դիալոգ»-ի ու Հայաստանի թատերական գործիչների միության համատեղ կնքած հուշագիրը, որով էլ վերակազմավորվեց Արցախի մայր թատրոնը։ Նույն կառույցների աջակցությամբ նոյեմբերի 12-ին եղավ իրենց առաջնախաղը Երևանում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի լեցուն դահլիճում։ Ներկայացրեցին Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։ Նախատեսած է դեկտեմբերին նույնպես ներկայացնել այդ ստեղծագործությունը, իսկ 2026-ին հանդես կդան Մուրացանի «Ռուզան» դրամայի ներկայացմամբ։ «Դիզակ ԱՐՏ»-ի համահիմնադիր, Երազիկ Հայրիյանը տեղեկացրեց՝ 2020թ․ սպտեմբերի վերջին, երբ հայաթափվեց Հադրութի շրջանը, և հադրութցիները բնակություն հաստատեցին ՀՀ տարբեր բնակավայրերում, ինքը, Գայանե Բուդաղյանն ու Լիաննա Պետրոսյանը  հիմնեցին կենտրոնը, որը գործում է 2021 թ․ մարտի 1-ից։ Այդ 5 տարիների ընթացքում ունեցել են հաջողություններ, եղել են դժվար պահեր, սակայն այսօր կենտրոնն ունի մոտ 160 սան Երևանի և Աբովյանի մասնաճյուղերում։

Սկզբում ունեցել են մոտ 70 սան՝ միայն Հադրութի շրջանից։ Այժմ կենտրոն են հաճախում Արցախի տարբեր շրջաններից բռնի տեղահանված երեխաներ, ովքեր սովորում են մշակութային տարբեր խմբերում։ Ունեն զգալի հաջողություններ հանրապետական ու միջազգային մրցույթներում։ Օրինակ՝ մշակութային կենտրոնի սան Արման Հայրիյանը Մոսկվայում կայացած «Большая сцена» միջազգային երաժշտական մրցույթում 13-15 տարիքային խմբում գրավել է երկրորդ տեղը։ Ե․ Հայրիյանը տեղեկացրեց նաև՝ թատերական բաժին են հաճախում տարբեր տարիքի երեխաներ՝ ավագ, միջին և մանկական խմբերում։ Շուտով Գերմանիա պետք է մեկնեն 4 երեխա։ Կարևոր միջոցառումներից առանձնացրեց «Դիզակի գույները» նկարչական փառատոնը, որն անցկացրել են այս տարի՝ շարունակելով ավանդույթը։ Հատուկ ընտրել են Ճամբարակի տարածքը՝ բնությունը նմանեցնելով Հադրութի բնաշխարհին։ 1989 թ․ հիմնադրված «Արցախի բալիկներ» համույթի ղեկավար Գայանե Հարությունյանը նույնպես վհատված է եղել, բայց «Դիալոգ»-ի աջակցությունը ոգևորել է, 2026 թ․ հունվարի 25-ին կունենան համերգ։ Վերջերս Երևանում Արցախի ջազ համույթի համերգի ժամանակ ելույթ ունեցան նաև «Արցախի բալիկներ»-ը։ Գ․ Հարությունյանը կարոտեվ է հիշում իր ղեկավարած համույթի համերգներն Արցախի տարբեր շրջաններում, առաջնագծում, զորամասերում։ Նշեց նաև՝ նույն համույթում են իրենց առաջին համերգներն ունեցել Անդրեն, Ռազմիկ Ամյանը։ Արցախի պետական երգչախումբը հիմնադրվել է 1990թ․, 7 տարի անց ստացել է պետական կարգավիճակ։ Համույթի ղեկավար Արմինե Յախշիյանը նույնպես հակիրճ ներկայացրեց համույթի անցած ճանապարհը․ բացի Արցախից, երգչախումբը համերգներով հանդես է եկել ՀՀ-ում, արտերկրում։ Միջազգային մրցույթներում դարձել է մրցանակակիր։ Առաջիկայում նախատեսած է ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները։

«Քիրս» վարպետաց թիմի ղեկավար Զոյա Սարկիսյանը տեղեկացրեց «Դիալոգ»-ի կենտրոնում արդեն վարպետաց 6 դաս են անցկացրել։ Նշեց՝ ձեռքի աշխատանքների վարպետ, 3 որդիների մայր Մարա Աղայանի եղբայրն ու ամուսինը զոհվել են 2023թ․ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի ժամանակ։ Եվ նա այսօր ապրում է՝ աշխատելով երեխաների հետ։ Արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանը բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի որդին է։ Մասնակից է եղել Արցախյան բոլոր պատերազմներին, տեղեկացրեց՝ իր ստեղծագործությունը հիմնականում պատերազմի մասին է, հերոսները՝ նույն պատերազմի մասնակից իրական դեմքեր են։ «Դիալոգ»-ի աջակցությամբ նրա գրքերը տպագրվել են նաև Մոսկվայում։ Հավելեց նաև՝ ինքն Աստծով է ապրում․ առաջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել է Դրնբոնի մարտերում։ «Աստծուն խնդրեցի՝ թող ապրեմ, ու ապրեցի», հուզված ասաց նա։ «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Ելենա Շուլանովան առաջին անգամ Արցախում եղել է 2010 թվականին։ Այցելել է Հադրութի շրջան, շրջել գյուղերում, հիշում է Առաքյուլ գյուղի մարդկանց, կարևորեց արցախյան մշակույթի պահպանումը։ Անդրադարձավ «Դիալոգ»-ի ինֆորմացիոն կապերին։ Բոլոր ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին Յ․ Նավոյանին՝ «Դիալոգ»-ը համարելով Արցախի մշակույթի նախարարություն։ «Մերան» թերթի մասին ներկայացրեց տողերից հեղինակը։ Նշեմ՝ կա նպատակ ռուսերեն և այլ լեզուներով հրատարակել իմ հեղինակած «Հայոց Քաշաթաղ» գիրքը։ Յ․ Նավոյանը հավաստիացրեց՝ կաջակցի այդ հարցում։ Հանդիպումն ավարտվեց հավատով՝ Արցախի մշակութային կառույցները կշարունակեն գործունեությունը, և կգա տունդարձի օրը։   

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։