Image

Կարևոր պատկերագիրքի շնորհանդես

«Երանի երբեք գոյություն չունենար այս պատկերագիրքն ստեղծելու շարժառիթը․․․»

  Րաֆֆի Քորթոշյան․ ՀՃՈՒ հիմնադրամի համատնօրեն

 

 Երևանում գործող Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ շատ կարևոր գրքի շնորհանդես։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի ու Արցախի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ, Համազգայինի կենտրոնական վարչության և Յարութ Պրոնոզեանի հովանավորությամբ, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ՝ լույս է տեսել «Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պատկերագրքը։

Պատմական Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախ աշխարհի՝ հազարամյակներ շարունակ հայի ոստան լինելու վառ ապացույց են շատ ու շատ պատմական հուշարձաններ՝ վանքեր ու եկեղեցիներ, մատուռներ, հանգստարաններ, հուշակոթող-խաչքարեր, ամրոցներ, կամուրջներ։ Եվ այս ամենի մասին է պատկերագիրքը, որը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի կողմից՝ հիմնվելով հստակ փաստերի և մասնագիտական ուսումնասիրությունների վրա։  Պատկերագրքի առաջին մասը լույս է տեսել 2023 թ. և ներառում է Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում մնացած և հետևաբար վտանգված մեր պատմաճարտարապետական ժառանգությունը։ Նոր լույստեսած երկրորդ պատկերագրքում արդեն ներկայացված են 2023 թ. սեպտեմբերի արհավիրքի հետևանքով Ադրբեջանին անցած Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգության պատմական հուշարձանները։ Շնորհանդեսը բացեց «Համազգային»-ի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Տեղեկացրեց՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո «Համազգային»-ի Հայաստանի և Արցախի գրասենյակները նախաձեռնեցին այդ կարևոր հրատարակությունը՝ նպատակ ունենալով պատկերագրքի տարածման միջոցով աշխարհի ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Արցախում վտանգված է հայկական մշակութային հետքը։ Հավելեց նաև՝ ժամանակին մենք ըստ արժանվույն չենք հակադարձել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, երբ նա տարիներ ի վեր փորձում էր աշխարհին ապացուցել, թե Արցախում հայկական հետք չկա։ Այսօր տարբեր կազմակերպություններ, անհատներ գրքեր, հոդվածներ և այլ աշխատություններ են հրատարակում՝ կապված Արցախի մշակութային ժառանգության՝ ադրբեջանցիների կողմից ոչնչացման, սեփականացման, այլ էթնիկ ցեղերի մշակույթ ներկայացներուն ընդդեմ։ Եվ այս պատկերագիրքը, ինչպես իր խոսքում հավելեց Ռ․ Առաքելյանը․  «Գուցե փոքր, բայց շատ կարևոր քայլ է՝ հակազդելու մեր հարևանների նկրտումներին և մեր մշակութային արժեքներն աշխարհին ցույց տալու համար։ Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացնել նոր ցեղասպանություն։ Ոչ ոք չի սաստում և չի բռնում նրա ձեռքը»։

Շնորհանդեսին ներկա էին արցախցիներ, մեր հայրենիքի այդ հատվածի ճակատագրով մտահոգ անձինք։ Պատկերագրքի կարևորության մասին եղան ելույթներ ներկաների կողմից։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարևորեց արցախահայության հավաքական վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հիմնախնդիրները։ Այս առումով կարևորեց նման գրքերի լույսընծայումն ու տարածումն այսօր, առավել քան երբևէ։ Նշեց՝ միջազգային դիվանագետների հետ նման փաստարկներով պետք է խոսենք։ Անդրադառնալով Արցախի հարցին՝ ասաց․ «Ի տարբերություն ՀՀ ներկա իշխանությունների, որոնք կարծում են, թե Արցախի հարցը փակված է, մենք շեշտում ենք` դա այդպես չէ։ Արցախում մշակութային ցեղասպանության իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակամարտությունը գոյություն ունի և լուծված չէ։ Քանի դեռ ժառանգության պահպանման հարց կա, մենք պարտավոր ենք միջազգային բարձր հարթակներում շարունակաբար բարձրաձայնել և հետապնդել այն»։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ով Արցախին նվիրված գրքերի հեղինակ է, եղել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, պատկերագիրքը կարևորեց ոչ միայն որպես մշակութային երևույթ, այլ կարևորեց դրա քաղաքական դերը։ Իսկ նման գրքերը պետք է դառնան դասագիրք մատաղ սերնդի համար։ Վ․ Բալայանը ընդհանրապես կարևորեց ՀՃՈՒ հիմնադրամի կողմից հրատարակված բոլոր աշխատությունները, որոնք աչքի են ընկնում րպես արհեստավարժ գործեր։ Ելույթ ունեցան նաև պատկերագրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, հայագետ Հայկազուն Ալվրցյանը։

Բոլորի խոսքում կարևորվեց պատկերագիրքը որպես վառ ապացույց՝ Արցախի Հայոց բնօօրան լինելը։ Գ․ Ստեփանյանը կարևորեց նաև մեկ այլ հանգամանք, որ շնորհանդեսը կայանում է հենց Արցախի ներկայացուցչությունում, որը պետք է դառնա հիմնական հանգույց նման միջոցառումների համար։ Արմատներով ջավախքցի Հ․ Ալվրցյանը ցավ հայտնեց, որ մեր հայրենիքի մաս կազմող Արցախը ցանկանում են դարձնել միայն հոգևոր հայրենիք։ Իսկ նման գրքերը պայքարում են այդ քաղաքականության դեմ։ Ր․  Քորթոշյանը նշեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած բոլոր պատերազմները նաև ուղղված են եղել հայ մշակույթի դեմ՝ ուղեկցվելով մշակութային ցեղասպանությամբ։ «1990-ականներից սկսած, երբ տեղի էին ունենում հայերի բռնի տեղահանություն իրենց հայրենի բնակավայրերից, հաջորդ քայլն ադրբեջանցիների կողմից հայկական մշակույթի ոչնչացումն էր։ Եվ մեր կազմակերպությունը բազում աշխատություններով ներկայացնում էր՝ ինչ է կատարվում այդ տարածքներում։ Դրանք մեկ միտում ունեին՝ ցույց տալ Ադրբեջանի ցեղասպան լինելը և դրանով փորձում էինք պաշտպանել Արցախի Հանրապետությունը։ Ցավոք, 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ որ Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանի հսկողության տակ, մենք, ունենալով նախորդ փորձը, կանխատեսեցինք, որ հաջորդ զոհը լինելու են գերված հուշարձանները։ Այդ պատճառով սկսեցինք հրատարակել աշխատություններ՝ փորձելով  միջազգային հանրությանը ցույց տալ՝ ինչ է կատարվում», -հավելեց պատկերագրքի հեղինակը։ Տեղեկացրեց նաև՝ գրքի հղումներով հնարավոր է ներբեռնել «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրքը և համանուն ֆիլմը։ Ա․ Շահբազյանը նշեց՝ Համազգայինի Կենտրոնական վարչությունը  կարևորվել է աշխատությունը։ Չնայած Համազգայինը մշակութային և կրթական կառույց է, սակայն այս պատկերագիրքը կարևորվում է նաև քաղաքական նշանակությամբ՝ որպես վավերագրություն Արցախի հայկականության մասին։ Անդրադարձավ նաև Զիա Բունիաթով-վայ գիտնականին, ով դեռևս խորհրդային տարիներին, պետական հովանավորությամբ, Արցախի մշակույթը համարում էր ոչ հայկական։ Սա ադրբեջանաթուրքական ռազմավարություն է, և մենք պետք է կարողանանք դիմակայել։

Պատկերագրքի առաջաբանը՝ «Ընդդեմ ֆաշիզմի․ մեկտեղելով մեր համազգային կարողությունները» վերնագրով, գրել է Ա․ Շահբազյանը։ Մի հատվածում նշել է․ «Ֆաշիզմի դեմ Երկրորդ աշխարհամարտում մարդկության տարած հաղթանակի 80 ամյակի շեմին հարևան երկրի իշխանությունը ոչնչացնում է այդ պատերազմի մասնակից, ֆաշիզմի դեմ պայքարում կյանքը զոհաբերած հերոսների հուշարձաններն ու հուշահամալիրները, իսկ այդ գործի գլխավոր կազմակերպիչը գերմանական ֆաշիզմի դեմ պայքարած այլ երկրների ղեկավարների հետ 2025 թ․ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կտոնի ֆաշիզմի դեմ տարած հազթանակի հոբելյանը․․․ Դժվար է ասել՝ մեզ համար կարևոր այս գրքի հրատարակման գազափարը գիտական ու մասնագիտական ինչ որակով հնարավոր կլիներ կյանքի կոչել, եթե «Համազգային»-ի հետ սիրահոժար չգործակցեր համապատասխան աշխատանքի տարիների փորձառություն և վաստակ ունեցող Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը»։ Ռուզան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչությանը և բոլոր հովանավորներին, ովքեր աջակցել են պատկերագրքի առաջին և երկրորդ հատորների լույսընծայմանը։ Երախտագիտություն հայտնեց Արցախի ներկայացուցչությանը՝ նշելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։ Վերջում նաև պատկերագիրքը նվիրեց ներկաներին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։