Image

Աշակերտ-դերասանները Թումանյանի հերոսների կերպարում

Օրերս Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միության դահլիճում, ներկա եղա «Կոմիտասի երգերը Թումանյանի հեքիաթներում» խորագիրը կրող թատերական ներկայացմանը։ Արցախի Քաշաթաղի շրջանում բնակվելու և կրթության բնագավառում, հետագայում շրջանային «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր աշխատելու տարիներին հաճախ էի այցելում հարևան Նոր Շահումյան-Քարվաճառի շրջան՝ կրթա-մշակութային միջոցառումների մասնակից-ներկա լինելու։

Դադիվանքում կազմակերպվող ցանկացած տոնական հանդեսի ժամանակ ներկա էր Եղեգնուտ գյուղի դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանը, ով մշտապես գլխավոր կազմակերպիչների շարքում էր։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բազմազավակ մայր Մարիամն էլ հեռացավ հայրենի Եղեգնուտից։ Այժմ աշխատում է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցում որպես դասվար։ Նշված դպրոցի 2-րդ Բ դասարանի սաները, իրենց դասվարի Մ․ Փիլաֆյանի բեմականացմամբ ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները Կոմիտասի երգերի համադրմամբ։ Դահլիճում ներկա էին հիմնականում նշված կրթօջախի ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ, հյուրեր։  «Նարեկացի» արվեստի միության ներկայացուցիչ Սեդա Մանուկյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ ներկայացմանը և իրենց միության խորհրդանիշ կերամիկական նուռը հանձնեց Գեղանիստի դպրոցի տնօրենին՝ մաղթելով հաջողություներ մարզային կրթօջախին։

Դպրոցի տնօրեն Պայծառ Ամիրջանյանը, ընդունելով խորհրդանիշը, երախտագիտություն հայտնեց նաև իրենց հյուրընկալելու համար։ Այնուհետև փոքրիկ դերասանները «գրավեցին» բեմը՝ իրենց ներկայացումն սկսելով Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթով։ Քաջ-Նազար թագավորին մարմնավորող Մկրտիչը հանդես եկավ նաև «Սուտասանը», «Անհաղթ աքլորը» և այլ հեքիաթների թագավորների դերում։ Փոքրիկ դերասանները վարպետորեն ու հետաքրքիր ձևաչափով ներկայացրեցին նաև «Սուտլիկ որսկան» և «Ծիտը» հեքիաթները։ Փոքրիկ Աննան, ով մարմնավորում էր Ծիտ հերոսին, իր գեղեցիկ ու անկաշկանդ խաղով բազմիցս արժանացավ ծափողջույնների։ «Սուտլիկ որսկան»-ի որսկանների ու անշունչ պառավների խաղը միայն ծիծաղ ու սեր էր առաջացնում դեպ այդ ջերմ ու գեղեցիկ երեխաները, ովքեր նաև շատ գեղեցիկ կատարեցին «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա» երգը․

 Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,

Անըրջային, թեթևասահ

Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

 Գոհ էի, որ ներկա եղա նման ներկայացման, տեսա մեր անուշ-անուշ երեխաների, ինչ-որ տեղ անվարժ, սակայն նվիրումով, ձգտումով խաղը։ Ծափերի, դաշնամուրի, դհոլահար Աննայի ու մեներգիչ Սյուզաննայի կատարումների ներքո ավարտվեց երկրորդ դասարանի սաների ներկայացումը։ Գեղանիստի միջնակարգ դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ դասվար Պայծառ Ամիրջանյանը ներկայացումից հետո դիմեց իր սաներին՝ հայտնելով շնորհակալություն գեղեցիկ ու սպասվածից ավելի ելույթների համար՝ ասելով․ «Ձեր ուսերին դրած հանձնարարականը գերազանց կատարեցիք․․․»։ Շնորհակալություն հայտնեց նրանց դասվար Մ․ Փիլաֆյանին, ով կարողացել է լավ աշխատել երկրորդ դասարանի աշակերտների հետ նաև թատերական բնագավառում, և կայացավ դիտարժան ներկայացում։ Ելույթի վերջում Պ․ Ամիրջանյանը դիմեց իր սաներին՝ ասելով Թումանյան պապիկն անմահ է իր գործով, քանի որ նրա թոռնիկները կարող են նման ձևով ներկայացնել նրա ստեղծագործությունները։ 

Ընթացքում զրուցեցի դպրոցի տնօրենի ու երկրորդ դասարանի դասվարի հետ։ Պ․ Ամիրջանյանը տեղեկացրեց՝ իր ղեկավարած կրթօջախում աշխատում են 40 ուսուցիչ, սովորում մոտ 500 աշակերտ։  Մ․ Փիլաֆյանն ասաց՝ ներկայացումը  Հենրիկ Մալյանի ոճով էր, որտեղ բոլորը միասին են խաղում կամ խոսում։ Նշեց՝ ներկայացումը կայանալու գործում իրեն օգնել են դպրոցի տնօրենը, փոխտնօրեններ Նելլի Ալոյանը, ՄԿԱ գծով Ալլա Մարկոսյանը, ուսուցիչներ։ «Միջոցառման նպատակը մատաղ սերնդի մոտ ազգային ճիշտ արժեքներ ձևավորելն է, այն շարունակելը։ Որպես ազգային մշակույթի կրողներ և փոքրիկ պատվիրակներ՝ մեր աշակերտների կողմից ազգայինը նորովի ներկայացնելն է հասարակությանը, տարածելը և մարդկային բարոյական արժեքներ ձևավորելն է», -ասաց Մ․ Փիլաֆյանը, ով նույն մտածողությամբ ու առավել նվիրումով էր աշխատում նաև Քարվաճառում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։