Ավերակ, բայց պատմող Մոշաղբյուր
Մեր երկրի տարբեր վայրերում ենք հանդիպում ամայացած բնակատեղիների։ Սրանցից որոշներն իրենց բնակիչների կողմից լքվել են վաղ շրջանում, որոշները՝ նույնիսկ խորհրդային տարիներին։ Հազարամյակների պատմություն ունեցող Հայոց աշխարհում բնական ու հիմնականում օրինաչափ է այս երևույթը։ Արարատի մարզի հարավարևելյան հատվածում է Մոշաղբյուր կոչվող գյուղատեղին, որն առնվազն 1000-ամյա պատմություն կարող է ունենալ և բնակիչներից դատարկ է մոր 80 տարի առաջ։ Գյուղատեղին ընկած է Արարատյան մարզը Վայոց Ձորի մարզին կապող երկրորդ կարևոր ճանապարհի հարևանությամբ՝ Լանջառ գյուղից մոտ 5կմ հյուսիս-արևելք՝ Ուրծի լեռնաշղթայի համանուն ու ամենաբարձր լեռնագագաթի/2446 մ/ հյուսիսային լանջի ստորոտում, Շաղափ գետի ավազանում, ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա։ Այս գյուղի մասին գրավոր մատյաններում հիշատակություններ չեն պահպանվել։
Սակայն մոտակա Հովհաննու Սուրբ Կարապետ վանական համալիրի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և մյուս շինությունների վրա պահպանված քարեղեն արձանագրություններից իմանում ենք Մոշաղբյուր բնակավայրի մասին, որ պատկանել է Օրբելյան հզոր իշխանական տանը։ Եկեղեցու ներսում՝ հարավային պատին պահպանված արձանագրությունից իմանում ենք՝ վանքի կառուցման ժամանակ՝ 1301 թ. Օրբելյան Ջալալ իշխանի կին Գոնցան իր հայրենի Մոշաղբյուր գյուղը նվիրել է Ս. Հովհաննես Կարապետ վանքին։ Այսօր կիսաքանդ վիճակում պահպանվում է ուխտավայր դարձած Հովհաննու Սուրբ Կարապետ վանական համալիրը, որի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում է։ Վանքի հարավարևմտյան հատվածում է Մոշաղբյուր գյուղատեղին, որից հիմնականում պահպանվ ել է բավականին մեծ տարածք զբաղեցնող գերեզմանատունը։ որում հարյուրավոր հասարակ ու անզարդ, անարձանագիր տապանաքարերի մեջ երևում են մոտ 15 խաչքար։ Կան նաև ոչ մեծ քանակով արձանագիր ու կենցաղային պատկերներով տապանաքարեր։ Նշված շիրմաքարերից էլ իմանում ենք նաև, որ գյուղը գոյատևել է մինչև 1930-50-ական թվականներ։ Իսկ լքված գերեզմանատան խաչքարերը պատմում են՝ գյուղը միջնադարում եղել է շեն ու ծաղկուն բնակավայր։ Հանգստարանում պահպանված մի խաչքարի կեսը հողի մեջ է։ Դրսում պահպանվածը եռանկյունաձև է՝ վրան 2 խաչ է քանդակված։ Մոտ 30 մետր հյուսիս կա բավականին գեղեցիկ ու լավ պահպանված խաչքար, որը ներքևից համաչափ լայնանում է։
Խաչքարը եզրերում ունի զարդանախշ շրջանակ։ Ներքևում քանդակված է հավերժության նշանը, որից վեր մոտ 1 մ բարձրությամբ ու կես մետր լայնությամբ գեղեցիկ խաչ է քանդակված։ Մեծ խաչի 2 կողմերում դարձյալ խաչեր են՝ ներքևում՝ գեղաքանդակ, վերևում՝ հասարակ գծերով։ Մեծ խաչի ու վերեևի արձանագիր մասի միջև մոտ 50 սմ հատված է՝ շրջափակված հատուկ նշաններով։ Միջին մասում 4 հասարակ խաչ կա։ Խաչքարը վերին հատվածում եզրափակվում է «Խաչս բարեխաւս Ալդոնին. Թվ. ՋՂԹ (999+551=1550)» և «Աստուած ողորմի Տէր Կիրակոսին. Անդոն երիցին խաչս աւգնեա» արձանագրությամբ։ Այսպիսով՝ իմանում ենք՝ Մոշաղբյուրը շեն գյուղ է եղել 16-րդ դարում։ Խաչքարի հարևանությամբ մի գեղաքանդակ տապանաքար կա։ Հյուսիսային և հարավային կողերի վրա գրված են. «Ես Մարիանս զալաջով կանգնեցի զխաչս իմ որդի Ալդոնճանին» և «Այս է հանգիստ Մուրատին. Սաղիլմիղին»։ Հյուսիսային կողի վրա 2 մարդկային կերպար է քանդակված։ Ձախ կողմում տղամարդ երաժիշտ է՝ թառը ձեռքին, աջ կողմում կին է պարում է՝ մի ձեռում գավ է, մյուսում կուժ։ Հարավային կողի ձախ կողմում կուժ է քանդակված, աջ կողմում ծնկած մարդ է՝ ձեռքին դրոշ կամ այլ իր է։ Արևելյան ու արևմտյան կողերին խաչեր են քանդակված։ Քիչ հեռվում մեկ այլ խաչքար կա՝ պատվանդանի մեջ՝ բավականին թեքված վիճակում։ Քանդակներով նման է նախորդ խաչքարին։ Սրանց հարևանությամբ կա մի տապանաքար, որի վրայի արձանագրությունը մաշված է։ Ընթերցվում է ԳՐԻԳՈՐ անունը և 1808 թիվը։ Վերջերս հողի տակից հանվել է մոտ 120-100 սմ չափերով մի խաչքար՝ ամվողջ մակերեսին մեծ խաչով։ Զգացվում է՝ ավելի հին պատմություն ունի, քան կանգունները։
Գերեզմանոցի տապանաքարերը շարքերով են պահպանվել։ Սա էլ խոսում է այն մասին, որ հատուկ կարգով են այդ ժամանակներում հուղարկավորել ննջեցյալներին։ Գերեզմանոցի հարավարևմտյան հատվածում պահպանված տապանաքարերն արդեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի են։ Իսկ արևելյան եզրին՝ փոսորակի թեք լանջին մեկ այլ խաչքար կա՝ դարձյալ մեծ միակ խաչով։ Հեռվից, որ նայում ես, մոտ 15 կանգուն խաչքար է երևում, սակայն ժամանակին դրանք շատ են եղել, թաղված են հողի տակ, կոտրվել են, տեղահանվել։ Գերեզմանոցից դուրս՝ վանք տանող ճանապարհի աջ եզրին կա մի խաչքարի բեկոր՝ խաչաքանդակ պատվանդանի մեջ՝ հարևանությամբ ևս մեկ խաչքարի բեկոր, ու խաչաքանդակ պատվանդան, ինչպես նաև՝ արձանագիր տապանաքար։ Մեկ այլ խաչքար էլ, դարձյալ պատվանդանի մեջ, գտնվում է քիչ հեռու։ Մոշաղբյուրի հին գերեզմանոցի հյուսիսային կողմում է Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցու ավերակը՝ կառուցված տեղական կոպտատաշ քարերից՝ հողի շաղախով։ Պատերն ունեն 1 մետրից ավելի լայնություն։ Բավականին մեծ չափերով բազիլիկ եկեղեցու մուտքը հյուսիսային կողմից է։ Բարավորի փոխարեն փայտե հաստ ու ամուր հեծաններ են։ Ներքևում անկյուններում արձանագիր ու հավերժության նշաններով տապանաքարեր են ագուցված։ Մուտքի վերին մասում պատուհան կա, որի աջ կողմու առանց գրության տապանաքարի կտոր կա ագուցված, իսկ ձախ կողմում պահպանվել է մոտ 40 սմ հիմքերով քառակուսի ոարձանագիր քարաբեկոր, որի համաձայն 1908 թ. տեղացի մի քանի անձանց ջանքերով վերանորոգվել է Ս. Սարգիս եկեղեցին։ Սա վկայում է այն մասին, որ մինչև այդ վերանորոգումը տեղում եղել է հին եկեղեցու ավերակներ, որը հավանաբար կործանվել է 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով։
Հյուսիսային պատի մեջ՝ մուտքից ձախ կա երկրորդ պատուհանը, որի ձախ անկյունում մեկ այլ արձանագիր քարաբեկոր կա, որը, հնարավոր է առաջին արձանագրության շարունակությունն է։ 20-րդ դարասկզբին հիմնանորոգված եկեղեցու Սուրբ խորանը, ի տարբերություն հիմնական ձևի՝ կոր չէ, այլ՝ ուղղանկյուն։ խորանի 2 կողմերում պահպանվել են ավանդատների ավերակները։ Հյուսիսային պատի մեջ ներքուստ պահպանվել է Խաչաձև տեսք ունեցող Մկրտության ավազանը։ Զգացվում է՝ արևմտյան կողմից նույնպես շինությունը մուտք է ունեցել․ վերևում փոքր չափերով պատուհան կա։ Ըստ տեղեկությունների՝ խարհրդային տարիներին, մինչև գյողը լքելը՝ այս սրբատունը եղել է կանգուն վիճակում և ծառայել է որպես պահեստ։ Հնարավոր է՝ արևմտյան մուտքն այդ ժամանակ են բացել։ Այս եկեղեցու հարևանությամբ 2009թ․ կառուցվել թ Սուրբ Երրորդություն անունը կրող մատուռ՝ առանց եկեղեցաշինական ավանդույթները պահպանելու։ Ինչպես տարածաշրջանի մյուս հայաբնակ գյուղերը, Մոշաղբյուրը նույնպես դատարկվել է իր ժողովրդից 1604 թ. պարսից շահ Աբասի բռնագաղթի հետևանքով։ Հետագա դարերում շրջակայքում հաստատված թուրք-թաթարական, քրդակն բնակչության կողմից գյուղատեղին անվանվել է Զնջռլու։
Գյուղատեղին կրկին հայերով է բնակեցվել 19-րդ դարի սկզբներին, երբ այստեղ հաստատվել են Խոյից ու Սալմաստից տեղափոխված հայ բնակչությունը, որի շնորհիվ նոր կյանք է ստացել ոչ միայն Մոշաղբյուր գյուղը, այլև Սուրբ Հովհաննես Կարապետ վանքը, ուր 19-րդ դարի վերջերին շինարարական մեծ աշխատանքներ են իրականացվել։ 20-րդ դարի առաջին կեսերին մոշաղբյուրցիները թողել են իրենց գյուղը և տեղափոխվել հիմնականում Արտաշատի շրջանի Նշավան գյուղ։ ՀՀ կառավարության 29.07.2004 թ. թիվ 1095-Ն որոշմամբ բնակատեղին վերանվանվել է Մոշաղբյուր: Այժմ այստեղ միայն ամռանը բնակիչներ կան՝ հիմնականում անասնապանհեր ու մեղվապահներ են։ Բացի վրաններից հովեկները նաև տներ են կառուցել։