Սթունիս և Մկնատամի խաչ
Սա Հայաստան է, և վերջ:
Լեոնիդ Ազգալդյան
Սյունիքի բարձրավանդակի Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասարի (3550մ) լեռների հարավարևելյան ստորոտների լճակներից, աղբյուրներից է ծնվում Աղավնո գետը (Արքունագետ, Զաբուղչայ), որը Հակարի գետի աջակողմյան և ամենաջրառատ վտակն է, ունի 50 կիլոմետրից ավելի երկարություն: Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք(Քաշաթաղ-Խոժոռաբերդ) գավառի արևմտյան հատվածի այս գետի հովիտը և մոտակայքը ժամանակին եղել են հայաշատ ու ծաղկուն: Եթե որևէ պատմական աղբյուր էլ այս տարածքի մասին չհիշատակի, միևնույն է՝ միայն պահպանված պատմամշակութային բազում հուշարձանները հաստատում են նորօրյա հերոս հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի խոսքը՝ «Սա Հայաստան է, և վերջ»: Այս գետի աջ ափին է Ծիծեռնավանքը, որը հիմնվել է 4-րդ դարում, հնարավոր է ավելի վաղ:
Ըստ որոշ աղբյուրների՝ վանքի Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցու տեղում եղել է հեթանոսական տաճար: Ծիծեռնավանքից մոտ 5կմ հյուսիս՝ Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի միջնամասում՝ Աղավնագետի աջափնյա ժայռեղեն մի բլրակի վրա գտնվում է Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին: Նույն բլրակն ունի նաև քարանձավներ, որոնք դարեր առաջ եղել են բնակելի, հավանաբար նաև՝ ճգնարաններ: 2020թ․ ամռանը՝ Քովիդ կոչվող վիրուսի օրերին, ,Հայաստանի Հանրապետությունե թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը, նկարահանող խմբի հետ վերջապես կարողացավ այցելել Բերձոր։ Դեռևս տարվա սկզբին էինք պլանավորել ֆիլմ նկարահանել Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին։ Սակայն վարակը խանգարում էր։ Օգոստոսի կեսերին միասին եղանք Աղավնո գետի հովտի հուշարձաններում՝ Ծիծեռնավանք, Մկնատամի Խաչ, Սթունիս գյուղում և մոտակայքում պահպանված եկեղեցիներ։ Մեզ էին միացել նաև երիտասարդներ Բերձորից ու այլ բնակավայրերից՝ ծանոթանալու տարածքին և պահպանված նշված հուշարձաններին։ Հաջորդ օրն այցելեցինք նաև Հակարի գետի աջափնյա ձորակներից մեկում գտնվող Քրոնքի եկեղեցի կամ Քրօնից վանք սրբավայրի տարածք։
Մկնատամի Խաչ սրբատունը պահող բլրակիմոտակա սարալանջի վերին մասում քարեղեն բլուր կա: Այն կարծես արհեստական լինի։ Երկու շինությունից է կազմված 12-րդ դարում կառուցված Մկնատամի Խաչ սրբավայրը՝ մատուռ-եկեղեցուց և, հավանաբար, գրապահոցից: Մատուռ-եկեղեցին կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտից: Արևմտյան կողմից է միակ ցածր ու նեղ մոտքը, որն ունի քանդակազարդ շրջանակ. վերևում կամարակապ է, իսկ մի քիչ էլ վեր կա փոքրիկ պատուհան, որի պսակը նույնպես աչքի է ընկնում իր գեղեցիկ հորինվածքով: Թաղակապ տանիքը պատված է հարթ ու մի կողմից բոլորակով ծածկասալերով, որոնց մեծ մասը թափվել են և գտնվում են մոտակայքում: Հյուսիսային և արևմտյան պատերի անկյունաքրերը ներքևի մասում նույնպես ընկել են: Որոշակի շինարարական աշխատանքների դեպքում դրանք կարելի է վերականգնել և պահպանել եկեղեցին, իսկ ուշացումը կլինի ճակատագրական: Արտաքին չափերն են. 4,3-3,15 մ: Պատերին արձանագրություններ չկան: Արևելյան կողմում նույնպես մի պատուհան կա: Ներսում՝ խորանի աջ կողմում մի խորշ կա, ավանդատներ չկան: Մատուռին կից՝ հարավային կողմում, կիսաքանդ վիճակում պահպանվել է մեկ այլ շինություն՝ արտաքին 5,15-5, 25 մ չափերով: Տանիքն ամբողջովին փլված է: Հավանաբար եղել է թաղակապ. այդ են հուշում արևմտյան և արևելյան կողմերի պատերը, որոնց վերին մասն անկյունաձև է: Այս շինությունը կառուցված է կոպտատաշ քարով: Միայն անկյունաքարերն են սրբատաշ և մուտքի բարավորն ու անկյունաքարերը: Ներսի կողմից պատերի մեջ խորշեր կան, որոնք ենթադրում են, որ շինությունը եղել է գրապահոց: Արևմտյան պատը որոշ չափով առաջ է ընկած մատուռից և ունի պատուհան: Մուտքը արևելյան կողմից է: Այս մասում ժամանակին երևի աստիճաններ են եղել: Այժմ 3-4 մետրից հետո ուղղաձիգ ժայռն է: Ժայռի ներքևում գտնվող քարանձավները միջնադարում հավանաբար եղել են կացարաններ և ծառայել ճգնավորներին, որոնք էլ մատուռում աղոթել են, իսկ գրապահոց-գրադարանում մատյաններ գրել ու ընթերցել: Ըստ ավանդույթի՝ սրբատունը կոչվում է Մկանատամի խաչ այն պատճառով, որ այստեղ բուժվել են մկնատամ հիվանդությամբ տառապող ուխտավորները։ Նույն անվամբ սրբավայրեր են եղել Արևմտյան Հայաստանում, Ուտիքում։ Նշված քարանձավները, հնարավոր է, դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում են եղել բնակելի։ Մատուռը պահող բլրի մոտով է անցնում Աղավնոյի աջակողմյան վտակներից մեկը՝ Սթունիս գետակը, որն ունի ընդամենը 4-5կմ երկարություն։ Վերին հատվածում ունի 2 օժանդակ, որից ձախակողմյանն սկիզբ է առնում համանուն գյուղի մոտակա սառնորակ աղբյուրներից, իսկ աջակողմյանը՝ բլրալանջերում գոյություն ունեցող ժայռակերտ ձորակների աղբյուրներից։ Մկնատամի Խաչ սրբատունը պահող բլրակի մոտով ճանապարհը շարունակվում է դեպի արևմուտք: Անցնելով մոտ 2կմ՝ լայն ձորը, որի հարավային կողմն անտառապատ է, իսկ հյուսիսայինը՝ ցից-ցից տարբեր պատկերներով ժայռորով։ Դեպի ձախ թեքվող ճանապարհը տանում է պատմական Սթունիս գյուղ, իսկ դեպի ուղիղ՝ ավելի նեղ ձորակով, որի հարավային կողմը դարձյալ անտառապատ է, իսկ ափամերձ մասում բազում քարանձավներ են, հյուսիսայինը նույնն է, ինչ սկզբում, 1 կմ հեռու հայ մշակույթի մեկ այլ հուշարձան է՝ 9-10-րդ դարերի բազիլիկ եկեղեցի: Որոշ հնագետների կարծիքով՝ այս սրբատունը նույնպես 4-5-րդ դարերի կառույց է, ինչպես՝ Ծիծեռնավանքը, Ամարասը․․․ Գետակի ձախափնյա՝ դեպի երկինք ձգվող լանջի սկզբնամասում է եկեղեցին, որի մոտակայքում պահպանված պատերը, տների հետքերը հուշում են, որ, ով գիտե, որ ժամանակում այստեղ մարդիկ են բնակվել, եկեղեցի ու ջրաղաց հիմնել: Այս մասում նաև մի ժայռակերտ, աննման գեղեցկությամբ կիրճ կա, որի ցից-ցից ու սնկանման հսկա ժայռերի մեջ քարանձավներ շատ կան, որոնք նույնպես մի ժամանակ եղել են բնակելի։ Ավելի վերևներում արծիվներ ու բազեներ են ճախրում: նույն տեղում եղել էի նաև գարնանը՝ սլովակ կինոռեժիսոր Լիբոր Սպիմրին էի ուղեկցում: Այն ժամանակ գարնանային բազում ծաղիկներ էին զարդարել տարածքը, իսկ այժմ այլ է՝ ծաղկած մասրենիների սպիտակավուն ու վարդագույն ծաղիկներն են հանդեսի տերը: Հարավից է եկեղեցու հիմնական մուտքը՝ արևմտյան կողմից, որի անկյունաքարերի կեսը տեղում չէ: Նույն պատի վերևում՝ միջին մասում է պատուհանը: Դռնից վերև նաև 7 հատ խորշեր կան, որոնք երևի գերանների տեղեր են:
Դիմացի մասում նաև պատի հետքեր են մնացել, որը հուշում է՝ կից կառույց է եղել: Մյուս մուտքը, որն այժմ չի գործում, արևմուտքից է՝ ավելի վերևում պատուհանն է. այս մասում թաղը քանդվել է: Թաղածածկ ու միանավ է՝ շարված կիսամշակված քարերով ու կրաշաղախով: Հարավային մուտքի աջակողմյան անկյունաքարին հասարակ խաչեր են քանդակված: Հավանաբար եկեղեցին արձանագրություն չի ունեցել: Արտաքին չափերնեն՝ 8,4x5-6 մ. պատերի հաստությունը՝ 1,2 մետր: Սթունիս պատմական գյուղը հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրութիւն»-ի հավելվածում, որ 1600 պտղաչափով հարկ է տվել Տաթևի վանքին: Գյուղը գտնվում է թեք սարալանջին՝ դիմացը հարավարևելյան կողմում բազում քարանձավներ կան, որոնք, բնական է ավելի հնում եղել են բնակելի, իսկ այժմ ծառայում են որպես անասնագոմ ամառանոց եկող անասնապահների համար: Սթունիս գյուղում կանգուն է 17-10,25մ արտաքին չափերով եռանավ թաղակապ բազիլիկ եկեղեցին, որը ճարտարապետական կառույցով նման է 17-րդ դարում կառուցված տարածքի մի շարք եկեղեցիների։
Այս սրբատան մասին առաջին անգամ տեղեկացա հարևան Տանձուտ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Ֆելիքս Ղազարյանից։ 2008 թ. նույն դպրոցի տնօրեն Կամո Պետրոսյանի հետ Ֆ․ Ղազարյանիի ուղեկցությամբ եղանք Սթունիսում՝ նախապես եղանք Տանձուտի հյուսիսարևելյան հատվածում գտնվող ժայռեղեն պուրակում պահպանված ժայռափոր եկեղեցի։ Սթունիսի սրբատան պատերն ունեն 1,15մ հաստություն։ Այս եկեղեցու մասին հայկական աղբյուրներում հիշատակություն չկա (ամեն դեպքում՝ չեմ հանդիպել։ Նույնիսկ տարածքի լավագույն գիտակ, երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մոտ չի հիշատակվել)։ Գյուղը, որի մի տան կտուրը մյուսի համար գրեթե բակ է ծառայում, ընկած է բավականին թեք սարալանջին: Եկեղեցին առաջին հայացքից թվում է, թե երկհարկանի է: Մուտքը հարավ-արևելքից է՝ պայտաձև կամարով, սրբատաշ անկյունաքարերով: Վերևում՝ դեպի աջ, կա մի փոքր պատուհան, իսկ երկրորդը, որն ավելի մեծ է, բացված է նույնանման փոքրիկ տեղում՝ հետագայում արդեն քուրդ-ազերիների կողմից, երբ եկեղեցին օգտագործել են որպես պահեստ: Այն գտնվում է ավելի աջ: Հյուսիսարևելյան պատին կան 3 պատուհաններ. երկուսն ավանդատներին են, իսկ մեջտեղինը, որ դարձյալ իր չափերով մեծ է, բացված է Սուրբ խորանից: Զգացվում է, որ սա էլ է հետագայում մեծացվել: Նույն պատի ձախակողմյան անկյունաքարերից երեքը տապանաքարերի բեկորներ են, երկուսը խաչաքանդակներ, իսկ մեկը մարդապատկերով է:
Նման քարեր կան նաև հարավարևմտյան՝ մուտքին մերձակա անկյունում: Սրանք հուշում են, որ մինչ եկեղեցին կառուցելը այս մասում գերեզմանատուն է եղել: Կառույցի միայն անկյուններն են սրբատաշ, իսկ մնացածը մշակված և համաչափ կապտավուն բազալտե քարեր են: Մի մեծ պատուհան էլ (1, 5 մ բարձրությամբ, 1 մ լայնությամբ) կա արևմտյան պատին: Պատուհանի վերևի մասում տանիքը քանդված է: Ներսի կողմից թաղակապ տանիքը պահում են կամարներն ու սյուները: Սուրբ խորանի երկու կողմերում կան խորշեր, որոնցից մեկը ուղղանկյուն է, իսկ մյուսը վերևում կամարաձև է: Խորանի և ձախ կողմի ավանդատան մեջտեղի սյան ներքևամասում խաչ է քանդակված, որի մի մասը թաղված է հողի մեջ: Ընդհանրապես, հատակը լցվել է հողով: Մուտքի մոտ գտնվող սյունը եռաթև է. մեկին արձանագրություն կա՝ ծածկված կրասվաղով: Մյուսների վրա հետաքրքիր ոճի 2 խաչեր են քանդակված: Արձանագրության որոշ տառեր բացվել են: Այսուամենայնիվ, սրբատունը բավականին լավ վիճակում է մեզ հասել, կարևորը՝ արձանագրությունները և քանդակները վնասված չեն: Արևմտյան պատի հարևանությամբ կան քարանձավներ, որոնք ժամանակին բնակելի են եղել և, հավանաբար, ծառայել են որպես եկեղեցուն կից օժանդակ կացարաններ: Բազիլիկի 3 կողմում պատեր կան, որոնք պահում են բակը, իսկ հյուսիսային պատը կպած է հողին. այս կողմում տանիքը հարևան տան բակին է հավասար, և հանգիստ կարելի է բարձրանալ եկեղեցու կտուրը, որը դրսի կողմից կավապատ է: Սթունիսի օժանդակների միացման մասում այդ օրերին, երբ ուղեկցում էի մեկ այլ արշավախմբի, բլրակի վրա պատահաբար տեսա մեկ այլ կառույցի ավերակ, որը եղել է եկեղեցի։ Արտաքին չափերն են 9ճ4,5մ։ Զգացվում է, որ կառույցը եղել է բազիլիկ եկեղեցի։ Արևելյան պատը կամարաձև է, որը վկայում է Սուրբ խորանի` այստեղ լինելու մասին, հարևանությամբ որմնասյան հետքերն են։ Մուտքը եղել է արևմուտքից․ ավերված պատի մեջ պահպանվել է բարավորը։ Այժմ նշված տարածքը գտնվում է թշնամու տիրապետության տակ։