Image

Հրաշունչ երգիչը

«Եթե կուզես ազգային պատկանելիութեան սահմանը անգամ մը չափել, պետք է երթալ և հայ զինվորին կողքին կենալ․․․»։

Գևորգ Հաճեան

 

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմին մասնակից եղան նաև շատ արվեստագետներ, ու մտավորականներ՝ հավատով տեր ենք մնալու Արցախին՝ 1990-ականների հզոր հաղթանակին։ Պատերազմի առաջին իսկ օրը մարտադաշտ հասավ նաև լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճեանը։ Նա նաև մինչ պատերազմը, հաճախ էր այցելում Արցախ և անպայման լինում Քաշաթաղի շրջանում՝ Բերձորում, այլ բնակավայրերում և հանդես գալիս համերգներով՝ հիմնականում կատարելով ռազմահայրենասիրական երգեր։ Աշխատանքի բերումով՝ հաճախ ուղեկցում էի նրան և լուսաբանում համերգները, աշխատանքը։ 2019թ․ մարտի 22-ին Գևորգ Հաճեանը, Մեծն Կոմիտասի ծննդյան 150 ամյակի առթիվ, Համազգային հայ կրթական և մշակութային միության ու Քաշաթաղի շրջվարչակազմի համագործակցությամբ, այցելեց Կովսական, որտեղ հայրենասեր երգիչը հանդես եկավ համերգով՝ ներկայացնելով Կոմիտաս, ինչպես նաև ռազմահայրենասիրական երգեր։ Այստեղ մնաց մոտ 10 օր և համերգներով հանդես եկավ տարածքի բնակավայրերում՝ տեղի երիտասարդներին ու դպրոցականներին ուսուցանելով  հիմնականում կոմիտասյան երգեր: Առաջին օրը ներկա էի նրա համերգին, որն անցավ մեծ ոգևորությամբ։ Կովսականցիներն ու մոտակա Միջնավան, Մուշ, Ալաշկերտ, Վան և այլ բնակավայրերից շատ երիտասարդներ ու երեխաներ էին եկել համերգին ու երգեցին Գևորգի հետ։

Հրաշալի երեկո էր՝ անմոռաց ու արդեն մեծ կարոտով լի։ Կարոտ և հայրենիքի կորստի համար, կարոտ նաև մեծ երգչի մարտիրոսվելու համար։ 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին Գևորգը մշտապես առաջնագծի տարբեր հատվածներում էր՝ իր հայրենասիրական երգերի կատարումներով։ Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ երգիչն արդեն Մարտակերտի շրջանում էր ու զենքով՝ ՀՅԴ կամավորական գումարտակի 2-րդ վաշտի Պռոշյանի դասակի կազմում։ Նույն 2020-ի հոկտեմբերի 7-ին մամուլում եղավ հաղորդագրություն. «Նախօրեին Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաև օպերային երգիչ, լիբանանահայ Գեւորգ Հաճեանը: Գևորգն ընտանիքի հետ Հայաստան էր տեղափոխվել 2004 թվականին ու բնակություն հաստատել Պռոշյան գյուղում: 2015 թ. ստացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Այս առթիվ Գևորգի կինը՝ Ֆրիդա Հաճեանը մի անգամ անդրադառնալով իրենց համատեղ կյանքի ճանապարհին և վերջում հայրենիքում բնակություն հաստատելուն, ասել է․ «Մենք հասանք մեր երազանքին, բայց չգիտեինք, որ հետագան շատ ծանր է լինելու մեզ համար»։ 2020թ․ հոկտեմբերի 6-ին Գևորգն ու պռոշյանցի մոտ 20 կամավորական ազատամարտիկ՝ հրամանատար Մհեր Հարությունյանի, ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ   մարտիրոսվեցին Մատաղիսի մոտակա մեծ կարևորություն ունեցող Վարագնաթաղի բարձունքի ինքնապաշտպանության ժամանակ։ 

Այս հերոսներին նվիրված՝ Արցախյան գոյամարտը վավերագրող ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադևոսյանն «Արդարության մարտիկներ» շարքից նկարահանել է նոր ֆիլմը, որը կոչվում է «Անմահների ժամանակը»։ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղը Երևան-Աշտարակ մայրուղու վրա է, որի աջ կողմում ոչ բարձր բլրակի վրա է այս բնակավայրի «Զորաց պանթեոն» սրբատեղին։ Այստեղ են հուղարկավորված Արցախյան պատերազմներում հերոսաբար անմահացած 23 պռոշյանցի կամավորականներ, այդ թվում Գևորգը, Արցախյան առաջին գոյամարտի լեգենդար հերոս Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն։ Գևորգ Հաճեանը ծնվել է 1971 թ․ հունիսի 11-ին Լիբանանի Այնճար քաղաքում Մուսալեռան հերոսամարտի մասնակիցների ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է տեղի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» վարժարաններում։ 1984 թ․ ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքը, նաև հաճախել է Լիբանանին «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը։ Որպես մեներգիչ` հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախմբերում։ Եղել է Այնճար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։ 2005 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում, որտեղ էլ մինչև 2009 թվականը ուսումը շարունակել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։

Որպես մեներգիչ` հանդես է եկել Երևանի «Շարական» հնագույն երաժշտական անսամբլում՝ Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ։ Պռոշյանում բնակվելիս 2011-ի նոյեմբերին, մասնակցելով Իտալիայի «International Competition of Opera Singers»-ին, դասվել է լավագույն տասնյակում և արժանացել պատվոգրի։ Մեծ երգչին ու Անմահ հերոսի ծննդյան 52 ամյակի առթիվ Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, հունիսի 11-ին տեղի ունեցավ համերգ-միջոցառում, որը կազմակերպվել էր երգչի կնոջ՝ Ֆրիդա Հաճեանի և հարազատների կողմից։ Համերգը վարեց Գեորգ Հաճեանի երկարամյա ընկեր, ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը։ Հիմնականում Գևորգի երգացանկի երգերի կատարումներով հանդես եկան Գևորգ Հաճեանի անունը կրող «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի կրթամրցանակակիրներ Քրիստինե Գրիգորյանը, Դավիթ Խաչատրյանը, Լուիզա Պետրոսյանը, Թովմաս Կարապետյանը և անձնական նվիրումով Նարինե Գևորգյանը: Իր խոսքում Մ․ Սարգսյանն անդրադարձավ Գևորգ Հաճեան երգիչ-զինվոր հայրենասեր մարդու գործունեությանը, ով զինվոր էր նաև խաղաղ տարիներին և նրա համար երջանկություն էր անընդհատ աշխատել, հանդես գալ համերգներով տարբեր վայրերում։ Նա ցանկացած համերգի ժամանակ հանդես է եկել նվիրումով։ «Գևորգը կամերային երգիչ էր, կատարում էր Կոմիտաս, հոգևոր երգեր, ռոմանսներ, բայց նաև ռազմահայրենասիրական երգերի կատարող էր։ Երբ հիշում եմ զրույցները նրա հետ, մտածում եմ՝ Գևորգն զգում էր՝ կարճ է ապրելու և շատ էր աշխատում, սկավառակներ ձայնագրում Կոմիտասի երգերը, հոգևոր երաժշտություն։ Ցավում եմ, որ նա չհասցրեց ձայնագրել սկավառակ Ավետիք Իսահակյանի խոսքերով ռոմանսներ՝ կապված ֆինանսավորման հետ»։ Ցավով նշեց․ որ չեղավ որևէ մեկը, որ հովանավորեր այդ աշխատանքները և հավելեց․ «Երկար տարիներ աշխատել եմ Գևորգի հետ, և այսօր ինձ համար տխուր օր է, որովհետև ես կուզեի՝ այսօր Գևորգի ձայնը հնչեր։ Այսօր նա մեզ շատ պետք է․ այսօր նրա հայրենասիրական երգերը չեն հնչում։ Երանի ինչ-որ մեկը բռներ նրա ձեռքը և չթողեր գնար պատերազմ, բայց նա չէր կարող մնալ անմասն պատերազմից»։

Հավելեց նաև՝ համերգի մասնակից երգիչներից Դավիթ Խաչատրյանը նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Գևորգի կուսակցական ընկեր Գաբրիել Փանոսյանը, ով ներկա էր համերգին, շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին և ասաց․ «Գևորգը չէր կարող չմասնակցել պատերազմին, որովհետև նա պատկանում է այն ընտանիքին/մուսալեռցիներին Զ․ Ը․/, որ սարը բարձրացավ և նահատակությունն իր աչքին առաջն առավ ամբողջ ժողովուրդով։ Գևրոգն այն անձն է, ում համար Հայաստան, հայություն, հայրենիք ամենեն վերևում են, և այդ ճանապարհով գնաց»։ Համերգին ներկա էին Գևորգի ընկերներ, բարեկամներ, արվեստասերներ։  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։