Վարպետի երախտավոր զավակը
Տաղանդը, անշուշտ, բնատուր է, բայց երբ առկա է նաեւ ժառանգականության գործոնը, ապա, ըստ իս, այն շատ ավելի վառ է արտահայտվում: Ասվածն այս պարագայում վերագրելի է հայ գեղանկարչության նահապետի՝ Մարտիրոս Սարյանի որդուն՝ անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին, որի մայրական կողմից պապը թումանյանական «Վերնատան» նահապետ Ղազարոս Աղայանն է: Իհարկե, տարբեր մուսաների ընտրյալներ են նրանք, բայցեւայնպես, այս մեծերից ակունքված երաժիշտն էլ պիտի հայոց մշակութային անդաստանի հեղինակավոր ու վաստակաշատ բնակիչը դառնար՝ որպես նրանց գենից սերված պայծառ արվեստագետ:
Իսկ նրա օժտվածությունն ու սերը երաժշտության հանդեպ դրսեւորվել է տակավին երեխա հասակում. մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի եւ երաժշտագետ քեռու՝ Մուշեղ Աղայանի հետ հայկական ժողովրդական երգեր է երգել երեք տարեկանից, իսկ յոթը չբոլարած՝ սովորել Երեւանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում, որտեղ իր դասընկերներն էին Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը: Ընկերություն, որը շարունակվելու էր նրանց ողջ կյանքի ընթացքում եւ ճանաչվելու որպես «Հայկական հզոր խմբակ» տպավորիչ անվանումով:
Ղազարոս Սարյանն ուսումնառությունը շարունակել է փոքրուց հարազատ դարձած մայր երաժշտանոցում՝ կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի եւ Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում: 1939 թ. նրան զորակոչում են խորհրդային բանակ, այնուհետեւ մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին: Այստեղ էլ հրետանա-գնդացրային թիվ 7 զորագնդի լեյտենանտին տալիս են իր անվան ռուսերեն տարբերակը՝ Լազար անունը, որը երբեւէ չէր մոռացվելու: Անցնելով պատերազմական կրակների միջով՝ երաժիշտ զինվորականն արժանանում է «Մարտական վաստակի համար», «Մարտական կարմիր դրոշ» մեդալների, «Կարմիր աստղ» շքանշանի: Մարտական գործողությունների ընթացքում, երբ տարբեր խմբեր, մտավորականներ գործուղվում էին ռազմաճակատ՝ ոգեշնչելու մարտնչող զինվորներին, Ղազարոս Սարյանը ղեկավարում է զորագնդի ինքնագործ խումբը, բայան նվագում ու գրում երգեր:
Կոմպոզիտորն ամուսնանում է 1945-ին: Ընտրյալը համագնդեցի Գալինա Լեսնիկովան էր, ով ամուսնուն պարգեւում է երեք զավակ. որդի Ռուբեն եւ երկու դուստր՝ Կատարինե եւ Ռուզան: Վերջինը՝ մեր լավ բարեկամ Ռուզան Սարյանը, ներկայումս Վարպետի՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենն է: Պատերազմի ավարտից հետո Ղազարոս Սարյանն ուսումնառությունը շարունակում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, ուսանում Ա. Ալեքսանդրովի, ինչպես նաեւ ռուս խոշոր կոմպոզիտորներ Դ. Շոստակովիչի, Դ. Կաբալեւսկու մոտ: Ավարտելով հեղինակավոր բուհը՝ երիտասարդ կոմպոզիտորը վերադառնում է հայրենիք, աշխատանքի անցնում Երեւանի կոնսերվատորիայում՝ դասավանդելով գործիքագիտություն, ապա նաեւ մասնագիտական կոմպոզիցիա:
1955-1956 թթ. նախագահն էր Հայաստանի կոմպոզիտորների միության, իսկ 1960-1986-ին՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: Այստեղ ծավալած նրա գործունեությունը բնորոշվում է որպես պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման տեւական շրջան: Անպայմանորեն հիշատակելի է, որ նրա՝ 1986-ից բուհի ստեղծագործական ամբիոնի վարիչի դասարանում են իրենց մասնագիտական կրթությունն ստացել այսօր լայնորեն ճանաչված կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, այլ անհատներ:
1963-1967 թթ., ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, նա է ղեկավարել հանճարեղ հոր՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման, առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Գնահատելով կոմպոզիտորի ծանրակշիռ վաստակը՝ մասնագետներն ընդգծում են՝ նրա ստեղծագործություններն առանձնանում են ազնվաբարո ոճով, գաղափարա-բովանդակային նշանակալիությամբ, գունային վառ զգացողությամբ, նվագախմբային վարպետությամբ, ազգային ավանդների եւ արդիական միտումների ստեղծագործական ինքնատիպ զուգակցմամբ: Նրա նախասիրած բնագավառներն են եղել սիմֆոնիկն ու կամերային գործիքայինը: Գրել է նաեւ երգեր, ռոմանսներ, կինոերաժշտություն: Հիշենք ֆիլմերից մի քանիսը՝ «Մանրուք», «Հովազաձորի գերիները», Առնո Բաբաջանյանի հետ՝ «Առաջին սիրո երգը», «01-99», վավերագրական՝ «Մարտիրոս Սարյան»: Մեծ ճանաչում են ձեռք բերել կոմպոզիտորի «Սիմֆոնիկ պատկերները», «Հայաստան» սիմֆոնիկ պանոն՝ ներշնչված հոր՝ Մարտիրոս Սարյանի կերպարվեստով, «Արիա եւ Տոկկատը»՝ ջութակի եւ դաշնամուրի համար, ինչպես նաեւ ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը, սիմֆոնիան, երկրորդ լարային կվարտետը, թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, դաշնամուրային երեք պոստլյուդը: Գրել է նաեւ «Խաղաղության օրը» վոկալ-սիմֆոնիկ սյուիտը, «Հանդիսավոր նախերգանք», Սերենադ, Ադաջո, «Անդանտե եւ Պրեստոն»՝ ջութակի եւ կամերային նվագախմբի համար:
«Ղազարոս Սարյանը մեր երաժշտության ամենապայծառ եւ ազնվագույն դեմքերից մեկն է, ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր անձնավորություն, փայլուն երաժիշտ, իր գործի իսկական վարպետ, միեւնուն ժամանակ՝ բնածին մտավորական եւ ազնիվ մարդ»,-այսպիսին է ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բնութագիրը՝ ըստ երաժշտագետ Գեւորգ Գյոդակյանի: Իսկ անվանի կոմպոզիտոր Ադամ Խուդոյանը արվեստագետի կերպարն ընկալում է որպես դպրոց նրա ընկերների եւ շրջապատի համար…
https://hhpress.am/culture/2023/19928/