Image

Բարության ու սիրո պատգամաբեր Բանաստեղծը, որ ամեն կերպ ցրում է խավարն ու տգիտությունը

Ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցը Վանաձորում

 

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցի «Կենաց լույս», «Հավատքի տաղեր» և «Մատյան հայրենյաց» բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը։ Ներկա էին գրողներ, գրականագետներ, ուսանողներ, հայ գիրն ու գրականությունն արժևորող անձինք։

Միջոցառումը վարող դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը նախախոսքում նշեց՝ Վանաձորը պատիվ ունի հյուրընկալելու տաղանդավոր բանաստեղծի, որն աչքի է ընկնում նաև մարդկային բարձր որակներով։ Ավիկ Դերենցն իր մեջ կրում է մարդ-պոետ-քաղաքացի եռամիասնությունը։Նրա պոեզիայում գերիշխում է սերը, և ընթերցողը մշտապես զգացել է, զգում է ու զգալու է մեծ հայրենասերի սրտի բաբախումները։

Բացման խոսքում ՀԳՄ նախագահության անդամ, ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն ասաց. «Երեք ժողովածուներում հեղինակը ընթերցողի առաջ մինչև վերջ բացել է իր հոգին։ «Կենաց լույս» ժողովածուում ընդգրկված են խոհափիլիսոփայական բանաստեղծություններ։ Հետաքրքիր ու ինք¬նատիպ պատկերներ կան նաև մյուս գրքերում։ «Հավատքի տաղեր» ժողովածուն ապացուցում է, որ Ավիկ Դերենցը բարձր հոգևոր արժեքներ դավանող բանաստեղծ է։ «Մատյան հայրենյաց» գրքում ընդգրկված են հայրենասիրական բանաստեղծություններ։ Եթե արտասահմանում ապրող այլ բանաստեղծների երկերում նկատելի է միայն կարոտաբաղձությունը, ապա Ավիկ Դերենցն այս գրքով ապացուցում է, որ ինքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում է։ Ի տար¬բե¬րություն սփյուռքահայ շատ բանաստեղծների՝ նա շոշափում է մեր ժամանակի հայ մարդուն հուզող խնդիրներ»։ Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական, պատմաբան Արման Բերնեցյանը բարձր գնահատեց Ավիկ Դերենցի՝ երիտասարդ գրողների գրքերի տպագրությունը հովանավորելու փաստը։ Երևանի պետական համալսարանի դասախոս, գրականագետ, բգ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի ներկայացրած ծավալուն զեկուցումն ամբողջացրեց Ավիկ Դերենցի ստեղծագործական դիմանկարը։ Ներկաները լսեցին. «Նա իր ստեղծագործությամբ համալրում է դասականների շարքը։ Նրա գրքերին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ գործ ունենք ազգային ակունքներից սնվող բանաստեղծի հետ։ Ավիկ Դերենցի գրականությունն արժանի է մասնագիտական վերլուծությունների։ Վերջին երկու տարվա ընթացքում բանաստեղծը հրատարակել է 4 ժողովածու։ Հենց Ավիկ Դերենցն է լցնում Թումանյանից, Չարենցից հետո առաջացած այն դատարկությունը, որ գոյացել էր մարդու հոգևոր անկման հետևանքով։ Ավիկ Դերենցը բարության ու սիրո պատգամաբեր է, որ ամեն կերպ ցրում է խավարը և տգիտությունը։

Վանաձորի պետական համալսարանի դասախոսներ, լեզվաբաններ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գուրգեն Խաչատրյանը և Թերեզա Շահվերդյանը լեզվաբանական տեսադիտակով քննության առան Ավիկ Դերենցի գրքերը, անդրադարձան անձնավորումներին և փոխաբերություններին, նորակազմություններին, պատկերավորման զինանոցին ։ Բանախոսները շեշտեցին՝ «Ավիկ Դերենցի բառա¬պաշարը հոյակապ է»։ ԳՆահատանքի խոսք ասացին նաեւ ՎՊՀ-ի դասախոս, գրականագետ, բգ թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը / կարդաց իր՝ Ավիկ Դերենցին նվիրված բանաստեղծությունը/, Երևանի Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը:

Շնորհանդեսը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով։ Ավիկ Դերենցի բանաստեղծություններից կարդացին Փարիզի «Այբ FM» ռադիոկայանի «Պոեզիայի պատառիկներ» հաղորդաշարի հաղորդավար, ասմունքող Նվարդ Մնացականյանը, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը, Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները, Ա. Դերենցի խոսքերով ստեղծված երկու երգերի կատարմամբ հանդես եկավ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Սամվել Գալստյանը։ Պարային համարներ ներկայացրեց Վանաձորի «Անի» պարային համույթը (գեղ.ղեկավար՝ Մարինե Աղաջանյան)։

Ավիկ Դերենցը, վերջում, շնորհակալություն հայտնեց բոլոր ներ¬կա¬ներին, Մանվել Միկոյանին, Ջիվան Սարգսյանին, ելույթ ունեցողներին։Նա հավաստիացրեց, որ Վանաձորից հեռանալու է՝ իր հետ տանելով բոլորի սերն ու ժպիտները։

Միջոցառումն ավարտվեց մեներգիչ Ստեփան Դալլաքյանի՝ Գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգի կատարմամբ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։