Image

«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»

Հայկական ժայռապատկերների խորհուրդը

 

«ՀՀ» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի հյուրը ճարտարապետության դոկտոր, գեոէկոլոգիայի պրոֆեսոր Սամվել Շահինյանն է:

 

 

«Հնագիտությունը, որն ինձ մոտ այդպես էլ չստացվեց, դարձի եկավ, երբ ես դարձա քարանձավագետ, որովհետեւ անընդհատ չափագրում էի բնակելի տարածքներ, եկեղեցիներ, ստորգետնյա դամբարաններ»,- իր ասելիքն այսպես սկսեց  հյուրը՝ նշյալները եւս բնութագրելով որպես քարանձավային կառույցներ, որոնք ստիպելու էին հմտանալ չափագրության մեջ, ծանոթանալ դրանց նախագծային առանձնահատկություններին, ուսումնասիրության եւ կիրառման համապատասխան գործիքներին: Ապա վերհիշեց, թե դեռեւս 4-րդ կուրսում ուսանելիս ինչպես է  մասնակցել միջազգային գիտական կոնֆերանսի, հանդես եկել հատուկ ելույթով, որի տեքստը հետագայում հրատարակվելով երկրաբանական ակադեմիական ամսագրում, եւ ինքը՝ որպես լավագույն գիտական հոդվածի հեղինակ, արժանացել է փոքր ոսկե մեդալի, սակայն հաղթանակած վերադառնալով Երեւան՝ «տգիտության պատճառով»… հեռացվել համալսարանից եւ բուհն ավարտել երկու տարվա ուշացումով:

Խոսելով տարբեր բնագավառներում իր գործունեության, գիտական, նաեւ գրողական նախասիրությունների մասին, գեոէկոլոգիայի պրոֆեսորը չշրջանցեց 1988-ի համազգային զարթոնքի, Ղարաբաղյան շարժման, երկրապահ ջոկատների կազմավորման, դրանց կայացման գործում նաեւ իր անձնական ներդրման մասին:

Վերադառնալով բուն թեմային, Սամվել Շահինյանը խոսեց հայաստանյան քարանձավների, դրանց գոյացման ընթացքի, բնական ներգործությունների ու առանձնահատկությունների, ինչպես նաեւ ժայռապատկերներով իր զբաղվելու մասին.

-Մտքովս անգամ չէր անցնում, որ ժայռապատկերները կարող են գիտական հետաքրքրություն ներկայացնել,- ասաց նա՝ շարունակելով.- ինչպես բոլոր մահկանացուները, այնպես էլ ես մտածում էի, որ դրանք նախամարդու թողած հետագծեր են, եւ միայն մանրազնին հետազոտություններից հետո հասկացա, որ սրանցում մի ուրիշ բան կա, որ հենց էստեղ է «շան գլուխը թաղված»: Հետո պարզեցի եւ կենաց ծառի առասպելաբանությունը, եւ բիբլիական առասպելաբանության մեջ դրախտի պատկերների նկարագրությունը, եւ պտղի գողությունը, եւ օձի գաղափարն ու վիշապները: Այս ամենը ի մի եկան մանավանդ Ղարաբաղի բարձրավանդակի ժայռապատկերներն ուսումնասիրելուց հետո: Ապա սկսեցի տարբերակել ավելի հները՝ քրմական եւ գեղջկական ժայռապատկերները, այնուհետեւ տեսա գործիքները, որոնցով արվել են դրանք:

Ըստ Սամվել Շահինյանի՝ քրմական ժայռապատկերները մանրանկարչություն են հիշեցնում, ունեն կոմպոզիցիոն ճշգրիտ կառուցվածք, եւ անպայմանորեն իմաստավորված է յուրաքանչյուր գիծ, որոնք նույնությամբ կրկնվում են իրարից ոչ այնքան հեռու գտնվող  ժայռերի վրա: Ասել է թե՝ դրանք ստույգ գաղափարակիր խորհրդանիշներ են, որ նման են յուրատեսակ այբուբենի: Այս հետազոտությունների, բացահայտումների արդյունքում 2010 թ. հրատարակվում է «Հայաստանի ժայռապատկերները» մեծարժեք գիրքը, որում հետազոտողն հիմնավորապես  պնդում եւ ապացուցում է, որ խոսուն այդ պատկերները, ի տարբերություն աֆրիկյան, ամերիկյան, միջին ամերիկյան, սիբիրյան, նորվեգական կամ որեւէ այլ երկրի՝ զուտ հայկական են, գաղափարակիր են՝ խորքային այլ իմաստներով, եւ որեւէ կապ  չունեն նախամարդու կամ կենցաղային տեսարանների հետ:

-Չկա այդպիսի բան կամ գրեթե չկա,- շեշտեց հետազոտող գիտնականը՝ ժայռապատկերների վերծանությունն համարելով իր երկրորդ մասնագիտությունը:-Այնուհետեւ հենց ժայռապատկերներից ես հասա կենտրոնագմբեթ խաչաձեւ հատակագծով եկեղեցիների կառուցվածքի իմաստաբովանդակային խնդրին եւ հասա խաչքարին: Եվ այստեղ ինձ համար բացվեց մեր ժողովրդի թե պահպանողական եւ թե զարգացող բնույթը: Պատկերացրեք, յոթ հազար տարի անընդհատ նա չի փոխել իր հավատքը: Եվ վստահ եմ (սա, իհարկե, իմ երեւակայության արդյունքն է), որ Գրիգոր Լուսավորիչը տասը տարուց ավելի համոզելով ժողովրդին, որ ընդունի քրիստոնեությունը, ընդամենը մի կետում համաձայնելուց հետո է հաջողում՝ աղեղի նշանը դարձնելով քրիստոնեության խորհրդանիշ: Մինչեւ քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն ընդունելը խաչը քրիստոնեական խորհրդանիշ չի եղել: Եթե խորապես ուսումնասիրեք, ասածիս մեջ կհամոզվեք: Խաչը մշտապես ուղեկցել է մեզ: Այն իր տեսքով նույն մեր կենաց ծառն է, պտղից դուրս եկող կենաց ծառը՝ խաչի տեսքով: Մինչդեռ հռոմեացիները ընդունեցին անախրոնիզմը՝ Քրիստոսը խաչված: Դա նույնն է, որ ես ասեմ՝ հորս սպանել են դանակով, եւ ես այդ դանակը փաթաթեմ եւ սերնդեսերունդ համբուրեմ այն նույն մահվան գործիքը, որով սպանել են հորս: Գուցե դա զոհաբերության խնդիր ու խորհուրդ ունի, բայց, կներեք, մենք այդ էտապը՝ մարդակերության ու մարդասպանության, անվերադարձորեն վաղուց ենք անցել:

Եվ շեշտեց այն միտքը, որ մեր ժայռապատկերներում առհասարակ գոյություն չունի մարդասպանության պատկեր՝ ի տարբերություն հինավուրց ացտեկների կամ այլ ցեղային միավորումների: Հյուրի համոզմամբ՝ հետագայում եւս այդպիսի վայրենություններ՝ շնորհիվ նաեւ մեր եկեղեցու, չեն եղել:

-Ես նոր աստվածաբանություն չեմ քարոզում, ես ուղղակի բացահայտում եմ գաղտնագրերը, որոնք ժայռապատկերներում կային,- շարունակեց Սամվել Շահինյանը:- Եվ կային շումերական, ուրարտական աստվածաբանական պանթեոնում: Շումերականում երկու արարիչ են, երկու գերագույն աստված:

Ըստ բանախոսի՝ Բաբելոնի, Ասորիքի, Աքատի ժայռապատկերներում արարիչը չկա. հակառակը՝ Մարդուկն սպանում է արարիչ աստծուն՝ Էնլիին, որի մարմնի կեսից աստված ստեղծել էր երկինքը, մյուս կեսից՝ երկիրը: Ինչ վերաբերում է ջրին, ապա այն ամեն տեղ կա՝ տեսնում ենք «Սասնա ծռերի» հավաքական բանահյուսության մեջ՝ քառասուն աղբյուրները, ջրից ծնված հերոսները:

-Խաչքարերին վերաբերող իմ աշխատության մեջ ես շատ հպանցիկ ամփոփել եմ այս ամենը: Եվ շատ ուրախ եմ, որ մեր եկեղեցու արմատները մինչեւ 7000 տարվա խորքերն են գնում,- ասաց գիտնականը:- Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ նախախնամության կամքով:

Հանդիպումն ավարտվեց Հարթինգտոնի՝ քաղաքակրթության զարգացման մեջ անհատներից կազմված խմբերի դերակատարմանն անդրադարձով, ըստ որի՝ քաղաքակրթությունների շարժիչ ուժը եւ պետությունների զարգացման հիմքում ընկած է հենց անհատների խումբը, որի նվազեցման դեպքում քաղաքակրթությունն սկսում է կործանվել. ոչ բանակը, ոչ ուժը, ոչ քաղաքականությունը չեն կարող այն առաջ մղել…

Read more at: https://hhpress.am/culture/2022/12800/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։