Սրբավայրերում՝ Արևադարձից մեկ շաբաթ առաջ
Հայկ Նահապետի փառավոր հաղթանակի օրվան և այդ պատմական եղելությանը նվիրված Նավասարդյան տոնակատարությունների առթիվ «Հանուն հայրենիքի» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը/ՀՀԿ/ 17 տարի առաջ կատարել է ուխտագնացություն Արագած լեռան լանջ, և այդ արարողությունը դարձել է շարունակական։ Արագածի հարավային լանջում գտնվող Քարե լճի մոտ 1943 թ. Ալիխանյան եղբայրների կողմից հիմնադրված Արագածի տիեզերական մասնիկների հետազոտման բարձրալեռնային /3200 մ/ կայանն է։ Այստեղ է 1924թ․ հայտնաբերված Վիշապաքարը, որը գիտակայան է տեղափոխվել 1960-ական թվականներին, ունի 359 սմ բարձրություն, իրանի չափերն են՝ 116x44 սմ։
Այս հետաքրքիր և արդեն պատմական պատմական դարձող ուխտագնացությունը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, հայտնի աստղագետ ու տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։ 2023թ․ հունիսի 14-ին կայացավ հերթական ուխտագնացությունը, որին մասնակից եղա։ Մինչ Արագած հասնելը՝ ուխտավորներն այցելեցին Արագածոտնի մարզի Աղցք գյուղում գտնվող հնավայր, որտեղ է Հայոց Արշակունի թագավորների դամբարանը։ 2021թ․ ապրիլի 11-ին, 65 տարեկան հասակում Կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Գրիգոր Բրուտյանը։ Նրա շիրիմը գտնվում է Բյուրականի գերեզմանատանը։ Աղցքում Հայոց արքաների ոգեկոչման արարողությունից հետո ուղտավորներն այցելեցին իրենց կողմից մեծ սեր ու հարգանք վայելող գիտնականի շիրիմին։ Ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հայտնի գիտնականի շիրիմը՝ հարգանքի տուրք մատուցելով նրա անմար հիշատակին։ Հուշեր պատմեցին Գ․ Բրուտյանի մասին։ «Հանուն Հայրենիքի» հանդեսի գլխավոր խմբագիր Ներսես Ներսիսյանը կարևորեց Գ․ Բրուտյանի դերը հայ և համաշխարհային աստղագիտության մեջ։ Բրուտյանի մտերիմ ու գաղափարկից ընկեր Արմանը, ում համար Գ․ Բրուտյանը եղել է հոգևոր հայր, ասաց․ «Գ․ Բրուտյանի տոմարագիտական հայտնագործությունն Անանիա Շիրակացուց 1500 տարի անց երկրորդ կարևոր տոմարագիտական աշխատանքն է»՝ նրան համարելով տամարագիտության Մեսրոպ Մաշտոց։
Բյուրականից կայացավ այցը դեպի Արագածի փառավոր լանջ՝ Քարե լճի ափ։ Այստեղ ևս ուխտագնացության մասնակիցներից շատերը, ովքեր ժամանակին աշխատել են Գ․ Բրուտյանի հետ, եղել են ծանոթ, հուշեր պատմեցին մեծ գիտնականի, լավ ու հայրենասեր, ազգի նվիրյալ մարդու, ընկերոջ մասին։ Ըստ նրա մտերիմների՝ Գ․ Բրուտյանը, ում հեղինակած վերջին գրքերից «Հայկական տոմարագիտութիւն»-ը տոմարագիտություն առարկայի և հատկապես դրա հայկական մասի ամբողջական համահավաք շարադրանք է, դեռ նոր մեծ հայտնագործություններ կաներ, եթե չլիներ Կորոնավիրուսը։ Գ․ Բրուտյանը ծնվել է 1955 թ․ հունիսի 28-ին Երևանում։ 1973-1978 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Բարձր կուրսերում աշխատել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ։ Ավարտելով համալսարանը՝ աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում։ Զբաղվել է բռնկվող աստղերի (նաև՝ Վոլֆ-Ռայե դասի աստղերի) ուսումնասիրությամբ, գործուն մասնակցություն է ունեցել աստղադիտարանում ընթացող դիտողական ծրագրերին։ 1982-ից աստղաֆիզիկական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև հայկական օրացույցին վերաբերող խնդիրներով։ 1992-2002 թթ. Բյուրականի աստղադիտարանում եղել է հենց հայկական օրացույցների հետազոտությանը նվիրված գիտական թեմայի ղեկավար։ 1999-ից աշխատել է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, մեկ տարի անց արդեն գիտամշակութային այդ օջախի տնօրենն էր։ 2004թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմաիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Նույն ժամանակ աշխատել է նաև Երևանի Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Գ․ Բրուտյանը երեք տպագրված և մեկ անտիպ մենագրությունների, ինչպես նաև շուրջ վաթսուն գիտական հոդվածների հեղինակ է՝ հիմնականում հայկական օրացույցի, դրա պատմության, հարակից խնդիրների և աստղաֆիզիկայի որոշ հարցերի վերաբերյալ։ 2020թ․ Գ․ Բրուտյանի ղեկավարությամբ կատարվել են Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրության աշխատանքները։ Արագածի լանջում՝ Վիշապաքարի մոտ ուխտավորների կողմից փառավորվեց Հայոց Հայկ Նահապետը։ Իսկ ինչու՞ հենց հունիսի 14-ին է կատարվում Նավասարդյան այս այցն Արագած, ոչ թե օգոստոսի 11-ին, ինչպես ընդունված է դարեր շարունակ հարցին, եղավ պատասխան՝ գիտական երկար աշխատանքների ընթացքում Գ․ Բրուտյանը գտել է, որ վաղնջական ժամանակաշրջանում մեր նախնիները Նավասարդը տոնել են ամառային Արևադարձի ժամանակ։ Այս մասին անդրադարձել «Հայկական տոմարագիտութիւն»-ում։
Արագածի լանջից ուխտավորներն այցելեցին նաև Ամբերդ, որտեղ էլ խոսեցին մեծ գիտնականի մասին։ Արորդիների Ուխտի Քուրմ Գագիկի ասելով՝ այս ուխտագնացությունն իր մեջ մեծ խորհուրդ ունի՝ հայ մշակույթի քարոզչության, մեր ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու առումով։ «Հանուն հայրենիքի» ՀՀԿ անդամ, «Վահագնատուն» հայ արիական խոխանոցի հիմնադիր Վլադիմիր Նիկողոսյանը նշեց՝ Գ․ Բրուտյանը նաև կոմիտասյան երգերի հրաշալի կատարող էր։ Ընթացքում ուխտավորները նաև ծանոթացան «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պատմությանը։ Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Արգելոցի նախկին պատասխանատու Մանուկ Մանուկյանը սիրով ընդունեց ուխտավորներին հնավայրի տարածքում, տեղեկություններ տվեց ամրոցի մասին։ Հունիսի 17-ին՝ Պարույր Սևակի հիշատակի օրը, «Հանուն հայրենիքի» ՀՀԿ-ի ուխտավորներն կայցելեն Զանգակատուն, իսկ 21-22-ին Գառնիի տաճարում կդիմավորեն Արևածագը։