Լույս է տեսել Հովհաննես Կարապետյանի պատմվածքների «Հետահայաց. Իսկ մենք հայրենիք ունի՞նք» ժողովածուն
Հրապարակի վրա է լոռեցի վաստակաշատ լրագրող, արձակագիր Հովհաննես Կարապետյանի 5-րդ գիրքը՝պատմվածքների «Հետահայաց. Իսկ մենք հայրենիք ունի՞նք» ժողովածուն, որում պատմվածքներից բացի տպագրվել են մանրապատումներ և հարցազրույցներ արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Հ. Կարապետյանը հեղինակն է նաեւ «Վանաձորյան ֆուտբոլ», «70.երեկ եւ այսօր», «Նրանք երդում են տվել Հիպոկրատին» գրքերի եւ պատմվածքների «Ճարմակ աղավնիներ» ժողովածուի:
«Արեւմտահայերենով հնչող հարցը հուշում է գրողի ծագումնաբանությունը՝ Հունաստանից հայրենիք, Վանաձոր, բայց առաջին հերթին՝ նրա ներքին տագնապը.հայ մնալու համար գնալ հայրենիք եւ այդ նույն հայրենիքը կորցնել հենց հայրենիքու՞մ... Չէ՞ որ հայրենիքը լքելը համազոր է հայրենիք չունենալուն, հայրենիքի գոյությունը ժխտելուն: Այսօր, տասնամյակներ հետո, կուտակված ակնթարթները դառնում են անցյալ, այսինքն՝ ներկա: Քանզի անցյալն ապագայի խտացումն է ներկայի մեջ: Հետեւաբար, ամեն մեկի ներդրումը, գերեզմանափոսում հանգուցյալի աճյունի վրա գցված մազափունջն անգամ ապագայի ուղերձն ունեն իրենց մեջ»,- «Հետահայաց» գրքի «Առաջաբանի փոխարեն» խոսքում մասնավորապես գրել է Հ. Կարապետյանի ուսանողական ընկեր, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Հակոբ Ավետիքյանը:
Լոռու մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ կազմակերպվեց «Հետահայաց» գրքի շնորհանդեսը, որը վարեց, հեղինակի գրքից լավագույն հատվածներ ընթերցեց դերասան, անվանի ասմուքող Ջիվան Սարգսյանը: Հեղինակի, նոր հրապարակված գրքի մասին գնահատանքի խոսք ասացին ՀԳՄ վարչության անդամ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի վարիչ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը, գրականագետ, գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը, տողերիս հեղինակը: Առավել հուզիչ, հանգամանալից, վերլուծական շեշտադրումներով հագեցած խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը: Բոլորի համոզմունքը մեկն էր՝ գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, այն խոսում է հեղինակի հարուստ լեզվամտածողության, հարուստ կենսափորձի, պատումը գեղարվեստական ոգով հարստացնելու եւ խոսքին դինամիկություն հաղորդելու կարողության, իմաստնության, հումորի անսպառ պաշարի եւ խոսքի արվեստին տիրապետելու մասին: Միջոցառումն ընդմիջվում էր գեղարվեստական կատարումներով. Լոռեցի ճանաչված քանդակագործ, ժողովրդական երգերի լավագույն կատարող Բոգդան Հովհաննիսյանը հանդես եկավ այն երգերի կատարմամբ, որոնք Հ. Կարապետյանը մանկության տարիներից լսել է իր մայր Համասփյուռից, ով ժամանակին եղել է աշխարհահռչակ Ժորժ Կառվարենցի երգչախմբում երգիչ: Իսկ «Վայս» երգի ստուդիայի սաներ Կամիլիա Նասիբյանը, Էլեն Ավագյանը կատարեցին այն երգերը, որոնց կատարումով նրանք արժանացել են միջազգային երգի փառատոների մրցանակների:
Վերջում հեղինակը հանդես եկավ շնորհակալական խոսքով: Այն ինքնստինքյան հասկանալի լինելու պատճառով մեջ չենք բերում, փոխարենը մատուցում ենք գրքի առաջաբանից, որի հեղինակը գրքի հեղինակ Հ. Կարապետյանն է, մի գեղեցիկ հատված. «Տարիները հիշեցնում են փորձառու նահապետի, որն օգնում է հմտորեն նավարկել իրադարձությունների փոթորկոտ հորձանուտում: Դեպքերը, դեմքերը ժամանակի հետ գնալով ավելի ու ավելի սիրելի, հարազատ են դառնում, եւ նրանց միջոցով Երկրի պտույտն Արեգակի շուրջը դառնում է համաչափ ու կառավարելի:
...Անցյալը, բարեբախտաբար, անվերադարձ չէ, եւ դադարի պահերին, մեր օրերի խենթ ու խելառ հորձանուտում նավահանգիստ գտնելու, մտորելու, խորհելու հնարավորություն է ընձեռնում;
Ասել է՝ անցյալը մշտարթուն մեզ հետ է, մեր ներկայի պահապանն ու ուղեկիցը»: