Ստեղծագործական համագործակցություն
«Ես փորձում եմ իմ մտքինը գույն ու գծով նկարել․․․
Իմ գույներով, ապրումներով նոր աշխարհներ արարել․․․»
Արևշատ Ավագյան
Հունիսի 16-ին Երևանի Ավաետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի նախագահ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից, Հայաստանի նկարիչների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի գրողների միության անդամ Արևշատ Ավագյանի և երգիչ-երգահան, գրող Արսեն Համբարյանի հետ։ 2 արվեստագետները երկար տարիներ համագործակցում են, և այդ համագործակցության արդյունքում ստեղծվել են մշակութային նոր արժեքներ, հիմնականում՝ երգեր։ Ներկա էին «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի անդամներ, արվեստասերներ, Ա․ Ավագյանի և Ա․ Համբարյանի հարազատներ, գրչակից ընկերներ, հյուրընկալող գրադարանի աշխատակիցներ՝ տնօրեն Հասմիկ Կարապետյանի գլխավորությամբ։ Ցերեկույթը վարեց դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը՝ սկսելով Ա․ Ավագյանի «Պոեզիայի անդաստանում շատ երգեր եմ գրանցել․․․» տողերով։
Այնուհետև էկրանին ցուցադրվեցին «Լուրեր» հաղորդաշարի տեսանյութերը՝ նվիրված Ա․ Ավագյանին և Ա․ Համբարյանին։ «Արևշատ Ավագյանի իմաստասիրական մտորումները» խորագրով լուրի ժամանակ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասում է Հովհ․ Թումանյանի անվ․ մրցանակի արժանանալը պատահական չէ Ա․ Ավագյանի համար։ Ցերեկույթը վարող Գ․ Սամվելյանը հարց ուղղեց գրող-արվեստագետներին՝ ինչու՞ են ստեղծել այս համագործակցությունը։ Ա․ Ավագյանն ասաց՝ Արսենի հետ իրենց ծանոթությունն ու ընկերությունը տարիների պատմություն ունի, իսկ այսօրվա համագործակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արսենն իր բանաստեղծությունները երգեր էր դարձնում։ «Արսենն սկզմունքային, նվիրյալ, երաժշտական բարեկամական մի անձնավորություն է, և նման մարդկանցով է համախմբված «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ը․․․ Իր հոգետեսակավ Արսեն Համբարյանն իմ հավանած արվեստագետն է․․․», -խոսքը շարունակեց Ա․ Ավագյանը։ Ինչ վերաբերում է օրվա հանդիպմանը, կարևորում է բանաստեղծ-նկարիչը, որ պետք են նման միջոցառումները, հատկապես այս օրերին։ Ա․ Ավագյանն անդրադարձավ նաև Ա․ Համբարյանի՝ որպես գրող և առակագիր էությանը։ Կարևորեց նրա գրած առակները, որոնք մշտապես արդիական են։ Վերջերս «Լուրեր» հաղորդաշարում նույնպես հյուրընկալված է եղել Ա․ Համբարյանը։ Այս հաղորդման ընթացքում նույնպես կարևորվեցին Համբարյանի առակները, որոնցում, ինչպես նշեց հաղորդավար Աննա Ավագյանը, ցանկացած մարդ կգտնի իրեն։ Առակները թարգմանվել են նաև վրացերեն, և Ա․ համբարյանը ճանաչվել է տարվա լավագույն առակագիր։
Առակներում շոշափվում է նաև արտագաղթը հայրենիքից, հայրենասիրությունը։ Ա․ Համբարյանն անդրադարձել է նաև հայտնի հեքիաթներին։ Խոսելով իր և Ա․ Ավագյանի հետ ծանոթության ու հետագայում բարեկամության հետ կապին՝ Ա․ Համբարյանը նշեց՝ անմիջական ծանոթությունն ավելի ուշ է եղել, քան այն, որ Ա․ Ավագյանն ընթերցել է իր գործերը՝ «Հաղթականչ» առաջին գրքում, հավանել։ Հետագայում «Գարուն» ամսագրի խմբագրությունում հանդիպել է Ա․ Արևշատյանին, ներկայացել, և շարունակվել է իրենց բարեկամությունը, ինքը նույնպես դարձել է «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի անդամ, որն իր համար պատիվ է։ Այնուհետև միասին շատ միջոցառումներ են կազմակերպել տարբեր վայրերում, շատ ուրախ է նար այս հանդիպման համար, որը նույնպես Ա․ Ավագյանի նախաձեռնությամբ է։ Կարևորեց այն, որ Ա․ Ավագյանը տասնյակ հաղորդումներ է վարել հեռուստացույցով, և դրանցից իրեն առավել հոգեհարազատ է եղել «Նավասարդը»-ը, որից ընքը շատ բան է սովորել։ Հանդիպման ընթացքում Ա․ Համբարյանը կատարեց Ա․ Ավագյանի խոսքերով և իր երաժշտությամբ մի քանի երգեր։ Հանդիպման վերջում կատարեց «Մոկաց Միրզա» երգը։ Անդրադառնալով այս երգին՝ Ա․ Ավագյանը Մոկաց Միրզային համեմատեց «Սասունցի Դավիթ» էպոսի Մհերների հետ։
Ա․ Ավագյանի և Ա․ Համբարյանի մասին խոսեցին գրչակից ընկերներ Հովիկ Վարդումյանը, Սուրամ Անդրանիկը/Ալբերտ Անդրանիկի Հովհաննւսյանը/, Նինո Պանդելաշվիլին։ Բոլորն էլ բարձր գնահատեցին նրանց արվեստը, հայրենասիրությունը, մարդկային արժեքները։ Նինո Պանդելաշվիլին կարևորեց հայ-վրացական բարեկամությունը, գրական կապերը, որոնցում մեծ է Ա․ Ավագյանի և Ա․ Համբարյանի դերը։ Ա․ Ավագյանը թարգմանել է վրաց դասականների և ժամանակակից բանաստեղծների գործեր։ Վրացերենով ընթերցեց մի բանաստեղծություն։ Ազատամարտիկ, գրող «Հայկազուններ» Համահայկական միաբանություն» հայրենասիրական հասարակական կազմակերպության համահիմնադիր Հովիկ Վարդումյանն իր խոսքում նշեց, որ վաղուց է ճանաչում Արևշատ Ավագյանին ու Արսեն Համբարյանին, համագործակցում է նրանց հետ և շատ է կարևորում նրանց դերը հայ գրականության, մշակույթի կյանքում։ Ինքը սովորել է պոլիտեխնիկ ինստիտուտում և ստեղծագործել է, և գրական կյանք մտել է Ա․ Ավագյանի և Լիպարիտ Սարգսյանի շնորհիվ, ովքեր իր համար նաև գրական ուսուցիչ են եղել։ Հանդիպման վերջում ներկաները միասին լուսանկարվեցին։ Դահլիճում ցուցադրված էին Ա․ Ավագյանի և Ա․ համբարյանի գրքերը։