Image

«Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի…»

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ համային նախասիրություններ ունեին նշանավոր հայերը։ Այս անգամ մենք անդրադարձել ենք տաղանդաշատ հայ մտավորականների ու արվեստագետների՝ Թումանյանի, Իսահակյանի, Սարյանի, Չարենցի, Շիրազի, Պարույր Սեւակի, Սահյանի եւ այլոց սիրելի ուտեստներին՝ մեջբերելով ջերմ ու հուզիչ պատմություններ նրանց կյանքից։

Կոմիտաս.- Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից: Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»: Բծախնդիր էր մաքրության հարցում: «Անոր թխորակ դեմքը, սեփ սեւ մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը»: «Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչեւ բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ»,- պատմում էին մտերիմները:

Հովհ. Թումանյան.- Ամենայն հայոց բանաստեղծը ոչ միայն համեղ ուտել էր սիրում, այլեւ ինքն էլ հաճույքով պատրաստում էր։ Նրա ամենասիրելի ուտեստներից էր խորոված ձուկը, որի թումանյանական բաղադրատոմսը շատ պարզ էր։ «Ձուկը փաթաթում էր լրագրի կամ թիթեղյա թերթիկի մեջ, դնում վառարանում, խորովում»,- հիշում է բանաստեղծի դուստրը՝ Նվարդը։ Թումանյանների ընտանիքում սիրելի ուտեստ էր նաեւ եղինջով ապուրը, որի հետ նրանք նախընտրում էին մատուցել չորացրած հացի կտորներ՝ դրանք նախապես թաթախելով սխտորով պատրաստված թանձրուկի մեջ։ Թումանյանի ճաշացանկում առանձնահատուկ տեղ ուներ թել պանրով ձվածեղը, որի մեջ նաեւ սպանախ եւ ռեժան էր ավելացվում։ Մեծ պոետը նաեւ քաղցրավենիքների սիրահար էր։ Կրկին Նվարդ Թումանյանի հուշերից իմանում ենք հետեւյալը. «Ծննդավայրի թխվածքներն էր սիրում, որ կերել էր մանուկ օրերին։ Ամենից շատ՝ թարմ սերուցքով պատրաստած ագդակը (սերուցքով հունցած ու յուղի մեջ տապակած գլանաձեւ եւ նախշած խմորեղեն, կարկանդակ, տապակված խմոր, մատուցվում է մեղրով, շաքարավազով կամ շաքարի փոշիով), ապա եւ հալվան, խավիծը, նազուկը (Վարդավառի ծիսական գաթա), գաթան, բաղարջն ու բիշին (փքաբլիթի նման քաղցրավենիք, մատուցվում էր շաքարավազով): Սուրճն իրեն վնաս էր, բժիշկներն արգելել էին։ Բանաստեղծի տանը հյուրեր հաճախ էին լինում, իսկ նրանց համար Թումանյանը սիրով կրյուշոն էր պատրաստում (գինու, կոնյակի եւ թարմ պտուղների խառնուրդ)։ Նախապատվությունը տալիս էր խնձորով, տանձով, սերկեւիլով եւ կարմիր գինով պատրաստված տարբերակին։

Ավետիք Իսահակյան.- Առավոտյան կաթով սուրճ կամ էլ անուշահոտ խոտաբույսերից պատրաստված թեյ. վարպետի օրը հիմնականում այսպիսի նախաճաշով էր սկսվում։ Տարբեր հուշագիրների պատմություններից պարզ է դառնում, որ Իսահակյանների ընտանիքը շատ ջերմ եւ հյուրընկալ է եղել, իսկ բանաստեղծի կինը՝ տիկին Սոֆին, եւ հարսը՝ Իզաբելան, շատ համեղ ուտեստներ են պատրաստել, որոնք էլ մեծագույն հաճույքով վայելել են տան անդամներն ու հյուրերը։ Ավիկ Իսահակյանը՝ բանաստեղծի թոռը, պատմում է, որ պապիկը շատ էր սիրում հավով եւ բրնձով փլավ, քյուֆթա, հարիսա, թանով ապուր, ոսպախաշու (ոսպով ու սոխառածով պատրաստվող պասուց կերակուր), խավիծ, կաթնամթերքից` թարմ կաթի սեր։ Ճաշից հետո սառը ձմերուկ էր նախընտրում, իսկ ամենասիրելի քաղցրավենիքներից էին շաքարչորակին (փխրվող խմորով կիսալուսնաձեւ թխվածքաբլիթ)։ Նրանց տան սեղանից անպակաս էին կոնյակն ու գաթան։ Իսահակյանը նաեւ շատ էր սիրում սեւ զեյթուն, որը համտեսել էր Փարիզում։

Մարտիրոս Սարյան.- «Ի՜նչ հրաշալի են մրգերը։ Մրգերը միշտ գեղեցիկ են».- մի անգամ այսպես է ասել Մարտիրոս Սարյանը։ Մեծ վարպետը, սակայն, ոչ միայն սիրում էր վրձնել տարատեսակ պտուղներ, այլ նաեւ հաճույքով ճաշակում էր դրանք։ Սարյանը հիմնականում բուսակեր էր, ուստի մրգերն ու բանջարեղենը յուրահատուկ տեղ ունեին նրա սննդացանկում։ Իսկ դրանց օգտագործումը նա շատ հետաքրքիր կերպ էր մեկնաբանում. ըստ Սարյանի՝ մրգերն ու բանջարեղենը մարդուն առողջություն եւ ուրախություն են բերում, օրինակ՝ ձմերուկի երկարավուն կտորը ժպիտ է հիշեցնում, եթե ուտես, այն «կվազվզի» քո ներսում եւ կուրախացնի քեզ։ Մինչ Սարյանն իր գույների աշխարհը կգնար, նախաճաշում էր մեծ բաժակ թեյով, այնուհետ աշխատում մինչեւ ճաշի ժամը։ Ժամը հինգին, երբ տան պատի ժամացույցը խփում էր ուղիղ հինգ անգամ, Սարյանների ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ։ Նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, պատմում է, որ պապն ազդարարում էր ճաշի ժամը իր փոքր զանգակով զանգահարելով, իսկ եթե այն այդ պահին իր մոտ չէր լինում, ապա երեք անգամ բարձր ծափահարում էր։ Ի դեպ, յուրաքանչյուրն ուներ սեղանի մոտ նստելու իր տեղը, եւ ոչ ոք չպետք է ուշանար։ Սարյանը հաճույքով ուտում էր խորոված սմբուկ, կարմիր լոբու պաշտետ, սիգ, առանձնահատուկ սեր ուներ վրացական ուտեստների հանդեպ։ Նրա կինը՝ տիկին Լուսիկը, ամեն անգամ հաջողեցնում էր պայմանավորվել Մոսկվա-Երեւան գնացքի ուղեկցորդի հետ, որ իրենց սեղանին միշտ լինի Սարյանի սիրելի վրացական մարինացված ջոնջոլին (հայերեն՝ ողկուզենի, Կովկասում հանդիպող բուսատեսակ, որի երկարացած կոկոնները հավաքում են, աղ են դնում տարատեսակ համեմունքների հետ)։ Ի դեպ, Սարյանը սիրում էր դանդաղ ուտել՝ վայելելով կերակրի իրական համն ու հոտը։

Եղիշե Չարենց.- «Ծայրահեղ կարիքի մեջ անգամ նա ընդունակ էր անխնա շռայլել իր վերջին կոպեկները՝ հանուն հաճույքի, նախընտրում էր մեծը, շատը, լիքը, լավը: Միրգ գնում էր բացառիկ ընտրությամբ, ձմերուկը՝ ամենամեծը, որն ինքն էլ դժվարությամբ էր խանութից տուն հասցնում: Ճաշարանում պատվիրում էր բազում խորտիկներ, համտեսում միայն մեկը: Խմիչքը գնում էր մի քանի տեսակ»,- Չարենցի մասին իր հուշերում այսպես է գրել նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։ Հայտնի է նաեւ, որ Չարենցը քչակեր էր։ Քաղցրավենիք առանձնապես չէր սիրում, միայն երբեմն թեյի հետ կարող էր որեւէ թխվածք ճաշակել։ Նրա սննդացանկում առանձնահատուկ նշանակություն ուներ ձմերուկը, որը նա շատ հաճախ էր ուտում, ինչպես նշում է հուշագիրը՝ Չարենցը ջուր խմելու փոխարեն կարող էր ձմերուկ ուտել։ Այլ ուտեստներից նախընտրում էր իշխան ձուկ եւ բորշչ։ Չարենցը նաեւ թթու ու սուր համերի սիրահար էր։ Գրողի օրվա անբաժան մասն էր նաեւ սուրճը, որը խմում էր օրական մի քանի անգամ՝ համադրելով այն սառը ջրի հետ։ Դե, իսկ ոգելից խմիչքներից սիրում էր կոնյակ, որը վայելում էր փոքր ումպերով։

«Շիրազի եւ Դաշտենցի հայացքը լուսարձակի նման պայծառ լույս էր արձակում, իմաստուն` պապենական, նահապետական հաղթական լույս: Եվ թվում էր, թե Դաշտենցն այս աշխարհից չէր, կամ` պայմանականորեն էր այս աշխարհում գտնվում: Շիրազի կատակների վրա ժպտում էր, բայց խոսքով չէր արձագանքում: Մինչ այդ այդպիսի լուսարձակող հայացքով մարդ չէի տեսել: Մատուցողը մեզ բորշչ բերեց եւ ակնարկեց խմիչքի մասին.

-Հարկավոր չէ,- ասաց Շիրազը,- մենք բո՛րշ ենք խմելու:

Ճշմարիտ որ` նախախնամական ճաշ էր, որբության դեմ հաղթանակի ուրախ ճաշ` արդեն ալեզարդ Շիրազի կատակների ուղեկցությամբ…»:

Պարույր Սեւակ.- Քչակեր էր, հաճույքով ուտում էր սպաս, ոսպախաշու (ոսպով ու սոխառածով պատրաստվող պասուց կերակուր), հարիսա, գառի խորոված, շորվա (ղաուրմայով), փիթի՝ պարտադիր գառան կամ ոչխարի մսով է պատրաստվում: Սա սիսեռով եւ հորթի մսով է` համեմելով օրեգանոյով, թարմ գնձով։ Հայկական ավանդական ճաշ փիթի՝ ցուրտ եղանակներին ընդառաջ, այս ուտեստն ավանդաբար եփվել է թոնրի մեջ, մատուցվել է հենց կճուճի մեջ, մի քանի ժամով, երկար-բարակ եփելով..

Համո Սահյան.-

…Վայելում էր տաք թանապուր,

Լավաշ ու սամիթ,

Աշխատավոր մի գերդաստան՝ Պարզ ու միամիտ…

…Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի:

«Օրը մթնեց» բանաստեղծության մեջ նկարագրվող ընտանեկան ընթրիքի այս տեսարանը շատ իրական է եղել։ Իր հարցազրույցներից մեկում Սահյանն ասել է. «Հիշում եմ՝ ես մեր գերդաստանում 31-րդն էի: Հացի էինք նստում բոլորս միասին: Սպասում էինք, մինչեւ պապս ձեռքի գործը վերջացնում էր, լվացվում, նստում սեղանի գլխավերեւում, եւ նոր միայն ձեռքներս մեկնում էինք հացին»։ Այնուհետ Սահյանի տատն իր հին շերեփով ափսեների մեջ էր լցնում տաք թանապուրը, ու տնով մեկ տարածվում էր դաղձի անուշաբույրը։ Ինչպես տեղեկանում ենք Սահյանի հուշագիրներից, բանաստեղծը յուրահատուկ ձեւով էր սիրում թանապուրը, իսկ այն ուտելուց առաջ հիացմունքով բացականչում էր՝ փա՜հ։ Սահյանի համային նախընտրությունների մեջ առանձնահատուկ տեղ ուներ նաեւ հայրենի գյուղի սարերում ու ձորերում աճող տարատեսակ կանաչեղենը։ Մանկության տարիներին գյուղի երեխաներով հաճախ էին գնում խնջլոզ (վաղահաս գարնանային բանջարի մի տեսակ), սիբեխ, շուշան, բանջար ու այլ կանաչիներ քաղելու։ Այդպիսի մի դեպքի մասին շատ հուզիչ պատմության ենք հանդիպում բանաստեղծի քրոջ՝ Հասմիկ Գրիգորյանի հուշերում։ Տանը մենակ մնալով՝ երեխաները որոշում են դաշտ գնալ` սինձ ուտելու։ Քայլում են եւ ճանապարհին զգում նոր թխված լավաշի ախորժելի բույրը։ Հանկարծ հացթուխը դուրս է գալիս թոնրատնից եւ, փոքրիկներին նկատելով, երկու լավաշ է տալիս։ Համոն չի թողնում, որ ուտեն, ասում է՝ սա պահենք մեր ծնողների համար, մենք սինձ կուտենք։ Երբ ծնողներին են տալիս այդ երկու լավաշը, նրանք հարցնում են երեխաներին՝ դուք կերե՞լ եք, պատասխանում են՝ ոչ։ Հայրն ու մայրը սկսում են լաց լինել։ Սահյանն էլ այս պատմությունը պատմելիս ամեն անգամ լաց էր լինում։ Իսկ երբ արդեն 70 տարեկան էր, ասում է քրոջը՝ Հասմի՛կ, էդ երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա։

Պատրաստեց Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

https://hhpress.am/aylq/2022/9707/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։