Image

Լեզուն ազգի իմունիտետն է

Մոդայիկ կամ այսպես կոչված թրենդային է դարձել տարբեր միջոցառումների, հաղորդումների, փառատոնների տեքստային տարբերակները կազմել ոչ գրական, խոսակցական բառապաշարով։ Որպես բացատրություն կամ «արդարացում» բերվում է «թեթեւ», «ժամանակակից», «երիտասարդական» լինելու պատճառաբանությունը։ Հայոց լեզվի մաքրության, անաղարտության պահպանումը դարձել է այսօրվա մարտահրավերներից մեկը։ Իսկ ինչո՞ւ է կարեւորվում լեզվի անաղարտության պարտադիր պահպանումը հանրությանը մատուցվող տեղեկատվության, հաղորդումների եւ զանգվածային այլ միջոցառումների ժամանակ։ Լեզուն զենք է, նաեւ ազգային իմունիտետի ամենակարեւոր բաղադրիչը, հետեւաբար երբ աղճատվում է լեզուն, փոխվում է մտածողությունը (լեզվամտածողություն), ընկալումները, պատկերացումները, արժեհամակարգը։ Հայոց լեզվի անաղարտ պահելու պահանջն առօրյա կյանքին, կենցաղային շփման մակարդակին չի վերաբերում, չնայած դա էլ ցանկալի կլիներ։

Կար ժամանակ, երբ կոկիկ, մաքուր հագուստով հանրային միջավայր դուրս գալը կիրթ, դաստիարակված մարդու բնութագիրներից մեկն էր, նաեւ սոցիումի մյուս անդամների նկատմամբ հարգանքի ցուցիչ։ Այսօր քչերի համար է անընդունելի ճղճղված, ոճական առումով անհամապատասխան հագուստով ներկայանալը։ Նույն կերպ հանրությունն ընտելացվում է լեզվի մաքրության նկատմամբ ոտնձգություններին եւ գրեթե չի ընդդիմանում ամենօրյա պարբերականությամբ  հայերենի աղավաղմանն ու խեղաթյուրմանը։

Լեզուն կենդանի օրգանիզմ է եւ այն ենթարկվում է փոփոխությունների, դա բնական գործընթաց է, սակայն ցանկացած փոփոխություն, «նորարարություն» չէ, որ պետք է ընդունվի, առավել եւս խրախուսվի։ Խնդրահարույցը խոսակցական, հաճախ գռեհկաբանությամբ համեմված լեզվի քարոզն է։ Լեզվի աղճատման դրսեւորում է նաեւ նախադասության մեջ հայերենի փոխարեն օտար բառերի հաճախակի օգտագործումը։

Լեզուն անմիջականորեն փոխկապակցված է մշակույթին։ Այն միջոց է, որով մարդիկ շփվում են միմյանց հետ եւ հարաբերություններ կառուցում, նաեւ արժեքների, համոզմունքների ու սովորույթների փոխանցման միջոց։Այսօր հայկական ինքնության՝ լեզվի, մշակույթի, պատմական հիշողության հանդեպ անողոք պատերազմ է տարվում, քանի որ կենսունակ ազգային պետություն եւ ազգ մնալու/դառնալու հիմնական առանցքն ու ռեսուրսն են։ Պատմության ընթացքում նվաճողները ռազմականից հետո ձգտել են ճնշել եւ/կամ ոչնչացնել նվաճված ժողովուրդների մշակույթն ու լեզուն։ Մեր պատմությունը նույնպես նման երեւույթներ արձանագրել է, որին հայ ժողովուրդն ու նրա մտավորական շերտը հակազդել է։ Հիմա, երբ թվում է՝ անկախ պետություն ենք, ավելի անփույթ ենք ազգային ինքնության եւ հատկապես լեզվի ու մշակույթի պահպանության հարցում։ Թերագնահատում ենք այս ոլորտի պաշտպանությունը, արդյունքում՝ պարտվում ենք մնացած ոլորտներում։ Ազգային ինքնության ճգնաժամը ուղիղ համեմատական է դառնում հոգեւոր անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին։

Բոլոր ժամանակներում մարդկության մտածող շերտն ընդգծել է լեզվի կարեւորության, անաղարտության պահպանման հանգամանքը։ «Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակներին օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, եւ թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»,- ասել է Միքայել Նալբանդյանը։ Ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը նշել է․ «Լեզուն ժողովրդի պատմությունն է, լեզուն քաղաքակրթության եւ մշակույթի ուղին է, հետեւաբար ռուսաց լեզվի ուսումնասիրությունն ու պահպանումը ոչ թե անգործությունից բխող պարապ զբաղմունք է, այլ հրատապ անհրաժեշտություն»: Ասվածը յուրաքանչյուր ազգ եւ ժողովուրդ կարող է դիտարկել իր լեզվի համար։ Իսկ ամերիկացի լեզվաբան Քեն Հեյլը, ով զբաղվել է բնիկ ժողովուրդների լեզուների ուսումնասիրությամբ եւ պաշտպանությամբ, ինչպես նաեւ այդ լեզուներով խոսողների քաղաքական իրավունքների պաշտպանության գործով, շեշտել է․ «Երբ լեզուներն անհետանում են, մշակույթները մահանում են: Աշխարհն իր էությամբ դառնում է ոչ այնքան հետաքրքիր վայր, բայց մենք զոհաբերում ենք նաեւ գիտելիքն ու հազարամյակների մտավոր նվաճումները»: Մեզ՝ հայերիս, բաժին է հասել պատասխանատվության առավել մեծ չափաբաժին, որովհետեւ միակ կրողն ենք բացառիկ լեզվի, եւ հազարամյակներ հաղթահարած ոսկեղենիկ հայերենը պարտավոր ենք փոխանցել ապագա սերունդներին՝ հաղթահարելով «մոդայիկ» թվալու գայթակղությունը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։