Վայկունիքի Մայրեջրո վանքը
Մոտ 25 տարի առաջ՝ վերահայացման տարիներին, Արցախի Քաշաթաղի շրջանում հայտնաբերվեց միջնադարյան մի վանական համալիր՝ Մայրեջրի վանքը, որը գտնվում է Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների սահմանամերձ Աղբրաձոր և Հայթաղ գյուղերի մոտակայքում՝ ,Հինավուրց անտառե կոչվող անտառի ծառաշատ, ծովի մակերևույթից 1800մ բարձրությաբ բլրակի վրա։ Այս հատվածում Շալուա գետի վերին ավազանի Րախիշ վտակի մեջ աջից թափվում է փոքր առվակ՝ ակունքներից ոչ հեռու։ Խորհրդային զինվորական քարտեզներում բլրակը կոչվում էր Տերտերի սար։ Վանական համալիրում պահպանվել է եկեղեցու մի ավերակ, պարսպապատեր, որոնց վրա ծառեր են աճել, շինությունների հետքեր։ Կիսավերակ սրբատան ներքին չափերն են՝ երկարությունը՝ 420սմ, լայնությունը՝ խորանի մոտ՝ 240սմ, արևմուտքում 20սմ պակաս։ Եկեղեցու ծածկն ամբողջությամբ թափվել է և հողի ու քարերի տակ են մնացել պատերը, Սուրբ Խորանը, մկրտության ավազանը։
Ըստ գիտնականների՝ եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում։ Խորանի բացվածքը՝ 200սմ, խորությունը՝ 215սմ։ Մուտքն արևմուտքից է, բացվածքը՝ 75սմ։ Եկեղեցու մոտակայքում կա ընդարձակ հանգստարան՝ լավ պահպանված շիրմաքարերով՝ տապանաքարեր, խաչքարեր, խաչքարերի պատվանդաներ։ Կարևորը՝ հուշաքարերի վրա պահպանվել են նաև արձանագրություններ, որոնց շնորհիվ ճշտվեց Մայրեջուր անվանումը, ինչպես նաև ժամանակաշրջանը։ 2000թ․ հունիսին Քաշաթաղի շրջվարչակազմի առաջին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ եղանք վանքի տարածքում, ուսումնասիրեցինք, լուսանկարեցինք։ Առաջին այցի ժամանակ եկեղեցու մուտքի մոտ տեսանք 2 մեծ ու իրար նման խաչքարերի բեկորներ, որոնք արձանագիր էին։ Մեկի արձանագրությունը լավ չի պահպանվել, այնուամենայնիվ ընթերցվեց տարեթիվը՝ ՇԺԷ/1068թ․/։ Մյուս խաչքարը 3 մասի էր բաժանված մոտեցրինք կտորները։ Խաչքարի վարդյակի 2 կողմերի տառերը լավ պահպանվել էին․ Ձախ կողմում արձանագրությունն ունի 3 տող, աջում՝ 5։ Ընթերցվում է․ ԹՎ‹ԱԿԱՆՆ› Հ‹ԱՅՈՑ› // ”Շ…”Ժ…”Ը // ԷՐ (=1069 թ.)։ ԵՍ՝ Գ//ՐԻԳՈՐ՝ // ԻՇԽԱՆ//ԱՑ ԻՇԽ//ԱՆ, ՈՐԴ//Ի Ա-ՏՐ//{…}։ Եկեղեցուց մոտ 30մ ցած ընկած էր ուղղանկյուն, 4 կողմից սրբատաշ մի քար, որը խաչքարի պատվանդան է։ Սրա վրայի արձանագրությունը, ըստ Ա․ Հակոբյանի, խարքարի վրա եղածի շարունակությունն է․
ՀՈԳԵՒՈՐ Տ[Է]ՐՆ ԻՄ ԵՒ ՎԱՐԴԱՊ
ԵՏՆ ՍՈՍԹԵՆԷՍ ՓՈԽԵ
ՑԱՒ ՅԱՇԽԱՐՀԷՍ ԱՌ Ք[ՐԻՍՏՈ]Ս: ԵՍ՝ ՆՈՐ
ԻՆ ԵՂԲԱՒՐՈՐԴԻՍ ՍՏԵՓԱՆՈՍ //
ԿԱ‹Ն›ԳՆԵՑԻ ԶՍ[ՈՒՐ]Բ ՆՇԱՆՍ Ի ԲԱ
ՐԵԽԱՒՍՈՒԹԻՒՆ Տ[ԵԱՌ]Ն ԻՄՈ‹Յ›,
ԶՈՐ ԴԱՍԵՑԷ Ք[ՐԻՍՏՈ]Ս ԸՆԴ Ս[ՈՒՐ]Բ ՀԱ
ՅՐԱՊԵՏՍՆ ԻՒՐ: ԱՄԷ՜Ն:
Եկեղեցու մոտակա հանգստարանի ավելի պարզ ոճով քանդակված տասնյակ շիրմաքարերի մեջ եղած խաչքարերից մեկի վրա պատկերված զարդանախշը երկրաչափորեն ճշգրիտ մշակված մի քանի խաչերից առաջացած յուրօրինակ պատկեր է ներկայացնում։ Ճակատին գրված է․ ԹԻՎՆ ”Ո…”Ղ…”Գ ԷՐ (1244 թ.): Իսկ շարունակությունը քարի հարավային կողին է․ ՈՐ ԵՐԿՈՒ ՀԱՐԱԶԱՏՔ ՝ ԳՐԻԳՈՐԵՍ ԵՒ ՄԽԻԹԱՐ, ԿԻՍԱՒՐԵԱ<Յ> ՓՈԽԵՑԱՆ,ԵՒ ՄԱՅՐՆ ԻՒՐԵ<Ա>ՆՑ ԽԱԹՈՒՆ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ ՆՈՑԱՅ։ Հանգստարանում պահպանվել է մի վիշապաքար-տապանաքար, որն ունի արձանագրություն․ ,ԱՅՍ ՀԱՆԳԻՍՏ Ի ՄԵԾԻՆ ՎԱՐԴԿՈ‹Յ›
ՄԱՅՐԷՋՐԵՑՈ‹Յ›, ՀԱՒՐ ՍՈՍԹԵՆԻՍԻ, //
ՈՐ ՏԱՑԷ Ք[ՐԻՍՏՈ]Ս ԱՐՔԱ‹Յ›ՈՒԹԻՒՆե:
Այս արձանագրությունից պարզ է դառնում տարածքի Մայրէջուր անվանումը։ Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք/Հարճլանք/ գավառը վաղնջական ժամանակներից եղել է հայի ոստան։ Տարածքում պահպանվել են կիսավեր եկեղեցիներ ու վանական համալիրներ, հարյուրավոր խաչքար ու տապանաքարե Միայն Շալուա գետի վրա մեր նախնիների կառուցած կամրջների մոտ 10 ավերակ է պահպանվել։ Գանձա գյուղի մոտ մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը, կանգուն էր միջնադարյան քաակապ կամուրջ, այժմ դրա ճակատագիրը պարզ չէ։ Պարզ չեն նաև Մայրեջրի ու տարածքի մնացած վանք-եկեղեցիների, մի քանի հարյուրի հասնող հայկական շիրմաքարերի, հուշաքարերի վիճակը։ Արցախի Վայկունիք գավառի մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին․ ,․․․Տիգրանը լսել էր, թե Վայկուն անունով մի ելուզակ վրդովում է Հայոց աշխարհը, գրավելով այն ամուր լեռը, որ մինչև այսօր էլ այդ ելուզակի անունով կոչվում է Վայկունիքե /Մ․ Խորենացի․ ,Պատմություն Հայոցե․ Երևան՝ 1990թ,, էջ՝ 83/։ Այսպիսով դեռևս Տիգրան Մեծի օրոք ու դրանից բազում դարեր առաջ Վայկունիքը եղել է Հայոց երկիր, ինչպես նշում է Պատմահայրը։ 18-րդ դարակեսից սկսած՝ այս տարածքները հայաթափ եղան։
Պատճառներից ամենակարևորը՝ կոտրվեց հայի միաբանությունը Սյունիքում, երբ զոհվեց Դավիթ Բեկը, դավաճանաբար սպսնվեց Մխիթար Սպարապետը, Արցախում Մելիք Շահնազար Երկրորդը Շուշին հանձնեց Փանահ խանին, ինքն էլ միացավ նրան։ Իսկ մեր թշնամիները միավորվեցին ու կարողացան Արցախի և Սյունիքի միջև սեպ դառնալ։ Իհարկե ամբողջովին չհայաթափվեց Վայկունիքը։ Մի շարք բնակավայրերում մնացին հայերը ու գոյատևեցին մինչև 20-րդ դարասկիզբ։ Շալուայի աջափնյա Ալղուլաշեն գյուղում/Քաշաթաղի շրջանի Ղազարապատ/ մինչև 1918թ․ միայն հայեր էին ապրում, ունեին դպրոց ու եկեղեցի։ Իսկ Սյունիքի Աղահեճք-Քաշաթաղ գավառի Հակ, Զիրիկ Ծիծեռնավանք և այլ բնակավայրերում նույնպես հայերը մնացին մինչև 1918թ․։ 1992-1993թթ․ ազատագրվեցին նշված տարածքները, հայը վերադարձավ իր հայրենիք։ Սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված ու մեզ համար կործանարար եղած պատերազմից հետո թշնամուն թողեցինք մեր երկիրը, որը մնաց անառիկ պատերազմի ողջ ընթացքում։ Չգիտեմ՝ մեր սերունդները կներեն մեզ, բայց նույն սերունդներին մենք թողեցինք դառը ժառանգություն։