Image

Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցին

7-րդ դարում, թեկուզ կախյալ վիճակում էինք, Հայոց մշակույթը մեծ վերելք է ապրել։ Հատկապես մեծ զարգացում են ունեցել ճշգրիտ գիտությունները, պատմագրությունը, փիլիսոփայությունը, ճարտարապետությունը։ Այսօր միայն Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում պահպանվել են նույն 7-րդ դարի մոտ 50 վանք ու եկեղեցի, ինչպես նաև՝ աշխարհիկ շինությունների ավերակներ, հիմքեր։ Ճարտարապետության հրաշալիքներ Զվարթնոցի, Օձունի,  Թալինի կաթողիկեի, Պտղնավանքի, Արուճավանքի Սուրբ Գրիգոր և այլ սրբատուն տաճարների շարքում է նաև Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրությամբ Դդմաշեն գյուղը Սևան-Հրազդան երկրորդ ճանապարհի վրա է՝ Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում։

Սևանի տարածաշրջանի հարավային կողմից նախավերջին բնակավայրն է։ Հեռավորությունը Սևանից 13 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից` 46 կմ: Հարևան Զովաբեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի հետ վերաբնակեցվել է Մակուից Արևելյան Հայաստան գաղթած մեր հայրենակիցների կողմից 1828-30 թվականներին։ Իհարկե այդ ժամանակ էլ տարածքում քիչ քանակով բնակիչներ եղել են։ Գյուղի անվան հետ կապված՝ կան տարբեր վարկածներ, կարծիքներ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա ( պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։ Երվանդ Լալայանը գյուղի անունը կապում է դդումի հետ, որը ժխտվել է բանահավաք, ծնունդով դդմաշենցի Գուրգեն Ստեփանյանի և այլոց կողմից։ Իսկ խորհրդային պատմաբան, բանասեր-աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971) Լևոն Խաչիկյանը(1918-1982թթ․) «ԺԵ. Դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» (Երևան 1955 թ.) գրքում վկայակոչում է Ազարիա Սարկավագի ձեռագիր թիվ 4155 հիշատակարանը՝ գրված Հայոց ՋԽԳ (943) թվականին․ նոր տոմարով (943+551=1494թ.): Գրված է․ «Արդ գրեցավ Սուրբ Ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով Սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»։ Կապված այս տեսակետի հետ՝ Հրազդան գետը գյուղը բաժանել է երկու մասի` դեմ-դիմաց, որը միմյանց է կապել քարե հնադարյան կամուրջը: Դեմդեմաշեն՝ այսինքն՝  դեմ-դիմացի շեներ: Այժմ Հրազդանի հիմնական հունով, որի վրա պահպանվել են կամրջի հենասյուներ, քիչ ջուր է անցնում։ Կեչառիսի եկեղեցու պատին փորագրված վանքին հարկատու գյուղերի թվում հիշատակվում է նաև Դդմաշենը՝ Դադմաշեն անվանումով։ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պահվում է «Սուրբ Հովհաննես» անունը կրող Ավետարան, որտեղ գրիչ Թումայ Գրիչը թողել է հիշատակարան։

Այստեղ ևս նշվում է գյուղի անունը՝ Դդմաշեն (Ձեռագիր 8906, 224ա, 225ա, 225բ)։ Դդմաշենի կենտրոնում է Սուրբ Թադևոս եկեղեցին, որն այժմ բավականին լավ վիճակում է։ Կառուցվել է 7-րդ դարում։ Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, հետագայում, ի պատիվ Թադևոս Առաքյալի, անվանափոխվել է Սուրբ Թադևոս։ Պատկանում է Վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների շարքին, ունի խաչաձև ուղղանկյուն հատակագիծ։ Միակ կոնաձև գմբեթը հենվում է տասնվեցանիստ թմբուկին, որի վերևում ութ պատուհանից լույսը թափանցում է ներս։ Արտաքին չափերն են՝ 18,8x22,5մ։ Ճարտարապետական հարդարանքով զուսպ է, գրեթե բացակայում են զարդարանքները և՛ ներքին, և՛ արտաքին պատերի վրա։ Պատուհանների վերևի զոլակները նույնպես զարդարված չեն, ինչպես նման այլ սրբատներինը՝ Խոտակերաց Սուրբ Աստվածածին եկեղեցի, Պտղնավանք և այլն։ Սակայն մնացած բոլոր հատկանիշներով նման ու հարազատ է Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ Պտղնիի, Արուճի, Թալինի տաճարներին։ Բնական է՝ մոտ 1400 տարվա պատմություն ունեցող սրբատունը ենթարկվել է ավերիչ երկրաշարժների, թշնամիների հարձակումներին և վնասվել է։ Մեր պապերը տարբեր ժամանակներում նորոգել ու հիմնակառուցել են տաճարը։ Պատերի վրա պահպանվել են նորոգումների հետքերը։ Եկեղեցու գմբեթը, ենթադրվում է՝ ավերվել է 16-18-րդ դարերի ընթացքում:

1907 թվականին թմբուկը փոխարինվել է տասնվեցնիստանիով, որը ճարտարապետական ոճով տարբերվում էր բնօրինակից։ Բացի վերը նշվածից, եկեղեցում այլ մեծ փոփոխություններ չեն եղել։ Ունի 2 մուտք՝ հարավային և արևմտյան պատերից։ Գլխավորը հարավային կողմից է՝ պատի միջնամասում։ Հարավային և հյուսիսային պատերն ունեն 4-ական, արևմտյանը՝ 2 պատուհան։ Արևելքում՝ դրսի կողմից պատն ունի 2 ներս ընկած մաս։ Սուրբ Խորանն առանձնացված է ավանդատներից։ Սուրբ Խորանից բացված է 1 պատուհան՝ համեմատած փոքր չափերով։ Իսկ ավանդատների պատուհանները մնացածների չափին են։ Ներսից ավանդատների մուտքերի վերնամասում կամարակապ են՝ զարդարված հասարակ խաչաքանդակներով։ Ձախակողմյան ավանդատան մուտքի մոտ Մկրտության ավազանն է։ 1977-78 թթ. կատարվել է եկեղեցու մասնակի նորոգում և տարածքի բարեկարգում ու պարսպապատում։ Օրերս ազգագրագետ, Երևանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի (այժմ՝ համալսարան) նախկին դասախոս Սամվել Մալխասյանի հետ այցելեցինք Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի։ Բակը բարեկարգ էր, մաքուր, միայն մի քանի գառ էին մակաղել հյուսիսային պատի տակ։ Պարսպի դարպասի մոտ կա մոտ 12-13-րդ դարերի մի խաչքար, որի վրա 3 խաչ է քանդակված։ Աջ կողմը կոտրված է։ Բակում կան 10-ից ավելի խաչքար ու տապանաքար։

Պարսպապատի մեջ ագուցված են վաղ շրջանի մի քանի խաչքար։ Արևելյան և հարավային պատերի անկյունի մոտ տեղադրված են միջնադարյան 4, իսկ մուտքի աջակողմյան պատին հենված են 2 խաչքար։ Բակում է գտնվում նաև դդմաշենցի աշուղ Ջուվթարի՝ Սարգիս Գրիգորյանի տապանաքարը՝ սազը ձեռքին մարդու քանդակով։ Ծնվել է 1809թ․ Մակու քաղաքում, արդեն երիտասարդ՝ տեղափոխվել է Դդմաշեն, որտեղ էլ վախճանվել է 1895թ․։ Երբ ծանոթանում էինք Աշուղ Ջուվթարի տապանաքարին, բակում խաղացող 3 պատանի մոտեցան և ցույց տվեցին մեկ այլ տապանաքար, որը նույնպես արձանագրված էր․ «ԱՅՍԷ ԴԱՄԲԱՐԱՆ ՍՕՂՈՄՈՆ ՔՆՅ ՏԷՐ ՍԱՀԱԿԵԱՆԻ ԾՆՆԻԱԼ Է 1835 ԱՄԻ ՓԵՏՐ․ ՎԱԽՃԱՆՎԷՑԱՒ Ի 1915 ԱՄԻ 6Ի ՅՈՒՆՎԱՐԻ ՔՀՅԱՆՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵՑ 50 ԱՄԻԱ»։ Եկեղեցու բակում կանգուն է նաև մի հուշաքար՝ նվիրված 1937-42 և 1948-49թթ․ բռնադատված 12 դդմաշենցիների, որոնցից Արիստակեսը, Բալաբեկն ու Գեղամը կրում են նույն ազգանունը՝ Ասլանյան և հայրանունը՝ Մանուկի։ Մեր այցի պահին 2 կին մաքրում էին տաճարի հատակը։ Եկեղեցու առաստաղին ծիծեռնակների բներ կան, որն էլ խնդիր է հատակի մաքրության հետ կապված։ Կանայք ասացին՝ միայն որոշ առիթների դեպքում է եկեղեցում հոգևոր արարողություն կատարվում։ Սրբատան հյուսիսային կողմում պահպանվել է գյուղի միջնադարյան հանգստարանը, որտեղ հիմնականում հասարակ տապանաքարեր ու խաչքարեր են մնացել։ Հանգստարանի սկզբնամասում կանգուն է մի խաչքար՝ ոչ մեծ չափերով։ Կենցաղային քանդակնեով մի տապանաքար էլ ճանապարհի եզրին է։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։