Image

Ծիրանատոն՝ Յոթ մուսաների այգում

«Այգու դռները բաց են իմ բոլոր ընկերների, բարեկամների, արվեստագետների, արվեստասերների առջև...»

Արևշատ Ավագյան

 

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ Քասախ գետի աջակողմում է բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի նախագահ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից, Հայաստանի նկարիչների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի գրողների միության անդամ Արևշատ Ավագյանի «Յոթ մուսաների այգին»։ Տարիներ առաջ այստեղ արվեստագետները մրգատու ծառեր են տնկել, որոնք արդեն բերք են պարգևում։

Երբ այգին սկսել է բերք տալ, Ա․ Ավագյանի նախաձեռնությամբ, կատարվել է առաջին մրգատոնը, որը դարձել է ավանդույթ և շարունակվելու է։ Հուլիսի 1-ին դարձյալ մարդաշատ էր «Յոթ մուսաների այգին»․ նշվում էր ամենակարևորը՝ «Ծիրանատոն»-ը։ Հիմնականում գրողներ էին, արվեստասերներ, արվեստագետներ, ովքեր եկել էին Ա․ Ավագյանի հրավերով, և եղավ իսկական տոն։ Հնչեցին երգեր՝ հիմնականում Ա․ Ավագյանի բանաստեղծությունների խոսքերով։ Սկզբում տոնի մասնակիցներն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա։ Եկեղեցում էին նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի դպրոցի առաջին դասարանի աշակերտները։ Ծիրանատոնի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին, մոմեր վառեցին եկեղեցու կամարների տակ։ Այնուհետև շրջեցին եկեղեցու տարածքում, որտեղ է նաև Մեսրոպ Մաշտոցի հուշակոթողը և նրա ստեղծած Այբուբենը՝ տուֆակերտ ու գեղաքանդակ։ Եկեղեցու մուտքի մոտ նաև բացեցին Հայոց Եռագույնը, ծածանեցին։ Այգում Ա․ Ավագյանը պատմեց մշակութային այս օջախի հիմնադրման, նպատակների, հեռանկարների մասին։

«Շատերը գիտեն՝ այս ծառերը տնկել են մեր հանրապետության ճանաչված մտավորականներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ․․․ շուրջ 60 հոգի, որոնցից շատերը դեռ ապրում են, մեզ հետ են։ Ես հավատում եմ՝ իմ ժառանգները շարունակելու են այս ավանդույթը, որ Ծիրանատոնը դառնա մեր ժողովրդի տոներից մեկը։ Երբ ես տեղեկացնում եմ՝ լինելու է Ծիրանատոն, արձագանքում են աշխարհի տարբեր վայրերից։ Եվ այստեղ հիմնականում կարևորվելու է մշակույթը․․․»։ Ասաց նաև՝ առաջինը տոնում են Կեռասի օրը․ այգում կան վաղահաս կեռասենիներ, և դրանց բերքից առաջինն օգտվում են Աստծո արարած թռչունները՝ խնամքով, որ ճղին է մնում պտղակորիզը։  Հունիսի երկրորդ կիրակի կայանում է Թթի օրը։ Այգում աճում են 10-ից ավելի տեսակի թթենիներ, որոնք բերվել են հանրապետության տարբեր վայրերից։ Որոշվել է նշել նաև խաղողի օրը։ Քանի որ ծիրանը հայոց միրգն է, որի գույնը մեր Եռագույնի վրա է, այգում ամենակարևորը Ծիրանատոնն է։ Ծիրան, որն ամենահամեղ միրգն է, սակայն քիչ է դիմանում և շուտ դառնում չիր ու մուրաբա։ Ա․ Ավագյանը հավելեց՝ Ծիրանատոնին նվիրված բանաստեղծությունների շարք է գրել։ Այգում վերջինը տոնվում է Աշտարակի հայտնի ընկույզի օրը։ Տոնի առթիվ նաև երգեր են գրվել՝ նվիրված ծիրանին։ Երգիչ Արսեն Համբարյանը կատարեց մի քանի երգ Ա․ Ավագյանի խոսքերով, ինչպես նաև՝ «Մոկաց Միրզա» էպոսածին երգը։ Ազգությամբ վրացուհի բանաստեղծ, Ա․ Ավագյանի բանաստեղծությունների թարգմանիչ, Հա¬յաս¬տա¬նում վրա¬ցա-կան հա¬մայն¬քի փոխ¬նա¬խա¬գահ, Վրաս¬տա¬նի գրող¬նե¬րի միու¬թյան ան¬դամ, թարգ¬ման¬չու¬հի Նի¬նո Սպան¬դե¬րաշ¬վի¬լին ծն¬վել և սո¬վո¬րել է Վրաս¬տա¬նում, սա¬կայն 35 տա¬րի է, ինչ ապ¬րում է Հա¬յաս¬տա¬նում: Նրա խոսքերով գրված  «Յոթ մուսաների այգի» երգն իր երաժշտությամբ կատարեց Հռիփսիմե Խրիմյանը՝ վրացերեն Ն․ Սպանդերաշվիլիի մասնակցությամբ։ Հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդման գործում կարևորվեց 2 ժողովուրդների գրողների դերը։ Հ․ Խրիմյանի կատարմամբ հնչեց նաև Արևշատ Ավագյանի խոսքերով, իր երաժշտությամբ գրված  «Ծիրանատոն Աշտարակում» երգը։ Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր, վիպասան Ռաֆայել Սահակյանն ընթերցեց իր բանաստեղծություններից, կարևորեց Ա․ Ավագյանի ձեռնարկը, որ վերածվել է տոնի, և այս այգում կայանում է տասնյակ արվեստագետների հանդիպում։ Նաև Կոմիտասի երգերից հրաշալի ներկայացրեց։ Երգահան Լիլիթ Համբարձումյանը, ով առավել մանկական երգերի հեղինակ է, համագործակցում է շատ հեղինակների, այդ թվում՝ Արևշատ Ավագյանի հետ։ Տեղեկացրեց՝ բանաստեղծուհի Ալվինա Փաշինյանի հետ գրել են նոր երգ՝ «Ծիրանաքաղը»՝ նվիրված ծիրանին և կատարեց։ Ա․ Ավագյանը շնորհակալություն հայտնեց երգչուհուն ու բանաստեղծուհուն, որ միասին աշխատում են նաև երեխաների հետ։ Արտերկրից հայրենիք վերադարձած բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացրեց իր «Ես եմ» բանաստեղծությունների ժողովածուն և ընթերցեց մի քանի բանաստղծություն։ Եղան այլ ելույթներ՝ երգ, ասմունք։ «Յոթ մուսաների այգում» ներկա էին նաև Արցախի բանակի հիմնադիր հրամանատար Արկադի Կարապետյանը, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1991) Վան Արյանը, այլոք։

«Հանուն Հայրենիքի» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Ներսիսյանը տեղեկացրեց՝ հուլիսի 2-ին նշելու են համանուն հանդեսի 20 ամյակը, և ներկաներին հրավիրեց մասնակցել միջոցառմանը։ Ընթացքում զրուցեցի մասնակիցների հետ։ «Վահագնատուն» հայ արիական խոհանոցի հիմնադիր Վլադիմիր Նիկողոսյանը  նշեց՝ բազում անգամ է մասնակցել Ծիրանատոնին և միշտ օրը հագեցած է եղել հայ մշակույթով։ Նի¬նո Սպան¬դե¬րաշ¬վի¬լին իր ֆեսբուքյան էջում գրել է․«Ողջունելի է, երբ հանդիպում են արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող մարդիկ, և սկսվում է նոր համագործակցություն։ Շնորհակալություն պարոն Արևշատ Ավագյանին եզակի հնարավորությունների և հյուրընկալության համար»։ Իսկ Մարինա Հակոբյանը գրել է․ «Հրաշալի է ամեն տարի հուլիսի մեկին այցելել Օշական, ծաղիկներ խոնարհել Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին և արվեստագետների, արդի գրողների, երաժիշտների, մշակութասեր հայրենակիցների հետ միասին ուղևորվել Արևշատ Ավագյանի հյուրընկալ այգին։ Շնորհակալ ենք անկեղծ ժպիտների, դրական ու ջերմ մթնոլորտի համար»։ Ծիրանատոնի մասնակիցները Յոթ մուսաների այգուն հրաժեշտ տվեցին երեկոյան՝ Խաղողի տոնին նվիրված օրը հանդիպելու ակնկալիքով։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։