Միասնության վայրը՝ Սիսիան քաղաք
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ
բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Կոմիտաս
2023թ․ մայիսի 21-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հիմնվեց «Հազարաշեն-Հայոց ազգային մշակույթի տուն» նախաձեռնությունը՝ Գլխատունը, որի նպատակն է աջակցել հայ ժողովրդի հազարամյակների պատնություն ունեցող ազգային մշակույթի վերհանմանըը, պահպանմանն ու տարածմանը։ Նախաձեռնության համահիմնադիր Արա Շահինյանը տեղեկացրեց՝ անելիքների առաջին քայլը նախատեսված է ազգային (ավանդական) պարերի ուղղությամբ։ «Հազարաշեն»-ի նախաձեռնողները գտնում են նաև՝ մենք` հայերս, չունենք ազգային պարերի անդրադարձի հատուկ օր, որի ժամանակ համայն հայությունը, անկախ իր գտնվելու վայրից, նշի պարատոնը։ Եվ ի պատիվ Սրբուհի Ստեփանի Լիսիցյանի ու նրա ծննդյան 130 ամյակի առթիվ, առաջարկում է հունիս ամսվա վերջին շաբաթ օրը, հռչակել «Հայոց ազգային պարերի օր»: Նախաձեռնության առաջին այցը եղավ Սիսիան քաղաքը։
Որպես կարևոր օր, Սիսիանում ծածանվեց Հայոց ամենամեծ Եռագույնը` Միասնության Դրոշը, որի երկարությունը 888 մետր է և խորհրդանշում է մեր ազգային երգ ու պարի վերհանման ու տարածման գործում մեծ ավանդ ունեցած 12 հայերի՝ Կոմիտասի, Սրբուհի Լիսիցյանի, Վահրամ Արիստակեսյանի, Թաթուլ Ալթունյանի, Հայրիկ Մուրադյանի, Գուսան Շահենի, Շատեր Սահակյանի, Ժենյա Խաչատրյանի, Մարո Մուրադյանի, Զավեն Թագակչյանի, Մկրտիչ Սարգսյանի և Ռուդիկ Հարոյանի (հերթականությունը նշված է ըստ ծննդյան տարեթվի) ապրած տարիների հանրագումարը։ «Ազգային մշակույթը, առավելապես հայերիս հնամենի երգն ու պարը, դրանցով ուղեկցվող ծեսերն ու արարողակարգերը, տարազն ու շարժումները, իրենց մեջ պարունակող խորհուրդն ու սովորույթները պահելով է նաև, որ հայությունը, անցնելով դժվարագույն պատմական ուղի, կարողացել է հասնել այսօրվան և շարունակել իր առաքելությունը մարդկության պատմության մեջ։ Մասը կազմենք ամեն մի գերանը ստեղծելու, ամրացնելու և մեր Հազրաշենը կառուցելու կարևոր գործին», -ասում են «Հազարաշեն»-ի ներկայացուցիչները։ Հունիսի 25-ին Երևանից` Մաշտոցի պողոտայից, որտեղ է Սրբուհի Լիսիցյանի անվամբ տեղադրված հուշաքարը, Նախաձեռնության մասնակիցներն ուղևորվեցին Սիսիան։ Մովսես Գորգիսյանի դուստրը՝ Գորհար Գորգիսյանը, ներկաներին փոխանցեց Լիսիցյանի կենսագրական տվյալներիը․ «Հայ ազգագրագետ, արվեստաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), պատմական գիտությունների դոկտոր (1959), պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիրը Խորհրդային Միությունում, պարարվեստի ուսուցման կազմակերպիչներից մեկը Հայաստանում Սրբուհի Լիսիցյանը ծնվել է 1893 թ․ հունիսի հունիսի 15 (27)-ին Թիֆլիսում։
Նրա հայրը հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ և ազգագրագետ ն էր։ 1930 թվականին Լիսիցյանը հաստատվում է Երևանում։ Նրա ջանքերի շնորհիվ նույն թվականին Երևանում բացվում է «ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի» ուսումնարանը (հետագայում՝ «ռիթմի և պլաստիկայի ստուդիա»)։ Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան։ Նրա անմիջական մասնակցությամբ 1936 թվականին բացվում է պարարվեստի ուսումնարանը։ Լիսիցյանը դառնում է ուսումնարանի առաջին տնօրենը։ Վախճանվել է 1979թ․ օգոստոսի 28-ին»։ «Ինչպես Կոմիտասը՝ հայ երգարվեստում, Գարեգին Սրվանձտյանը՝ ժողովրդական Էպոսի հավաքման գործում, այնպես էլ Սրբուհի Լիսիսցյանը հայկական պարերում, համարվում է բազմաթիվ ազգային պարերի հավաքագրողը և մեզ փոխանցողը», -գտնում են պարարվեստի մասնագետները: Այցի ընթացքում «Հազարաշեն»-ի ներկայացուցիչների առաջին կանգառը մեր մշակույթի կարևոր հուշարձաններից Քարահունջի աստղադիտարանում էր։ Այստեղ «Քարահունջ» հայագիտական կենտրոնի համահիմնադիր Հրաչիկ Հակոբջանյանը, նշանավոր գիտնական ու հայորդի Պարիս Հերունու ծննդյան 90 ամյակին նվիրված, ներկայացրել է Քարահունջի հնավայրն ու Պարիս Հերունու գործունեությունը։ Ներկա է եղել նաև «Քարահունջ» հայագիտական կենտրոնի նախագահ, Պարիս Հերունու դուստր Նանա Հերունին։
Քարահունջում այցի մասնակիցները հանդես են եկել ռազմական պարերով՝ հոգևոր հաղորդակցություն ունենալով Հայոց նախնիների հետ։ Այս առումով շնորհակալություն են հայտնում «Զորաց Քարեր» պատմամշակույթային արգելոց թանգարանի տնօրինությանը` ի դեմս Արմեն Հովհաննիսյանի և Արամ Դավթյանի, համագործակցման և անձնակազմերին առանց մուտքավճարի աստղադիրանի տարածք մուտք գործելու թույլատվություն տալու համար։
Սիսիանում Պատմության թանգարանի դիմացից 888 մետրանոց Հայոց ամենամեծ Եռագույնը, երթի մասնակիցների ձեռքերի վրա, անցել է քաղաքով, խորհրդանշական ձևով միմյանց միացնելով Գարեգին Նժդեհի և Սիսակ Նահապետի հրապարակները։ Օրը եզրափակվել է ռազմահայրենասիրական պարերով ու երգերով։ Խրոխտ երգերի անզուգական կատարողներ Գրիգոր Համբարյանը, Արսեն Համբարյանը և Հրայր Սուրմալեցին իրենց ելույթներով հիացրել են ներկաներին։ Մեծ ոգևորությամբ է ընդունվել նաև «Արդվին», «Սուրմալու», «Սասուն» և Սիսիանի պարային խմբերի կատարումները, որոնց անմասն չեն մնացել ներկաները։ Զրույցի ընթացքում Ա․ Շահինյանն ասաց՝ «Հազարաշեն» նախաձեռնությունը մեկնարկած է համարում Հայոց Ազգային պարի օրը և աստիճանաբար նախապատրաստվում հաջորդ տարվան։ Հավելեց նաև՝ միայն պարերի ներկայացումով չէ, որ գործելու են, կարևորը մշակութային տարբեր խմբերի համատեղ աշխատանքն է։ Իհարկե, Հայոց ազգային ու ավանդական պարերի լուսաբանումով հանդես են գալիս տարբեր խմբեր, հատկապես «Կարին» ավանդական երգի-պարի խումբը, որը տարիների պատմություն ունի և մեծ դեր՝ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման, ազգային նկարագիրը չկորցնելու և ազգային պարերի ազգագրության գիտական զարգացման գործում: «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը հայ պարը գրաբար դառնա», -ասել է «Կարին»-ի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով մեծ ավանդ ունի հայ ազգային պարի վերհանման ու տարածման գործում։ Մեր ժողովրդին լավ ծանոթ են «Մասունք»-ը, «Ակունք»-ը, «Մարաթուկ»-ը և այլն։ Կարևոր գործունեություն էր ծավածել «Գութան» ազգային պարերի փառատոնը։
Ազգային պարերի վերհանմամբ հանդես են գալիս նաև Արցախում ու ՀՀ մարզերում գործող տասնյակ այլ համույթներ։ Մեր պարերի մասին տեղեկություններ արված են դեռևս լեռներում պահպանված ժայռապատկերներից։ Հույն պատմիչ, կենսագիր, փիլիսոփա Պլուտարքոսը/մոտ․45-120թթ․/ մեր երկրի, ժողովրդի, պետական գործիչների, մշակույթի սովորույթների մասին բազում տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներում»։ Հայկական պարի մասին առաջինը նա վկայել, որ Ք․ Ա․ 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից: Գիտենք 1982 թվականից պարի Միջազգային խորհրդի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապրիլի 29-ը հռչակվել է Պարի միջազգային օր։ Ժամանակն է՝ նշվի նաև հայկական պարի օրը։