Մոմիկի ծննդավայրում
Ուլգյուր տեղանվան մասին լսել էի, գիտեի՝ այնտեղ է 13-րդ դարում ծնվել միջնադարի նշանավոր հայերից Մոմիկը, ով նաև իր ծննդավայրում փոքր մատուռ է կառուցել։ Իհարկե՝ նշանավոր մանրանկարիչը, քանդակագործը, ճարտարապետն առավել հայտնի է Նորավանքով, Արենիի Սուրբ Աստվածածին, Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիով, հոգևոր այլ կառույցներով։ Վերջերս հաջողվեց լինել Ուլգյուր հնավայր-սրբատեղիում։
Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված հանայնքի կազմում է Աղավնաձոր գյուղը՝ Եղեգնաձոր մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1450-1600 մ բարձրության վրա։ Այս գյուղում այժմ հիմնականում զբաղված են այգեգործությամբ՝ գերակայությունը տալով խաղողի մշակմանը։ Սմբատ Պետրոսյանը նույնպես խաղողագործությամբ է զբաղվում, և նրա հրավերով ազգագրագետ Սամվել Մալխասյանի, բժիշկ Սերգեյ Սիմոնյանի հետ քրոջս որդու՝ Արթուր Խաչատրյանի մեքենայով հասանք Աղավնաձոր։ Արփայի ձախակողմյան բարձրավանդակում է գյուղը, որի կիսաանապատային հողատարածքները, չնայած քարքարոտ են ու դժվար մշակելի, տեղի բնակիչները դրանց մեծ մասը դարձրել են այգիներ, բանջարանոցներ, և հանրօգուտ աշխատանքները շարունակվում են։ Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ Հնարավոր է՝ Ուլգյուրից և համեմատաբար բարձր դիրքում գտնվող մնացած բնակավայրերից բնակիչներն իջել են ավելի ցած և հիմնել ներկայիս Աղավնաձորը։
Գյուղը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր։ Աղավնաձոր է վերանվանվել 1946 թվականին։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։ Ասում են՝ վաղ ժամանակներում այս գյուղի մոտով է անցել Դվին-Պարտավ ճանապարհներից մեկը, որի վրա քարավանատուն է եղել, որից մնացել են ավերակները։ 1828-30-ական թվականներին Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջևանից մեր հայրենակիցները ներգաղթել են նաև Աղավնաձոր, որտեղ այադ ժամանակ կային հիմնական բնակիչներ՝ տեղացիների ասած «Հին հայերը»։ Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց՝ երկու մասնաշենքով, մանկապարտեզ, արվեստի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց, «L & L Rest House/ Լ & Լ հանգստյան տուն»-ը։ Հյուրընկալվեցինք նշված հանգստյան տանը։ Տերը՝ Արսենը, տեղեկացրեց՝ մի քանի տարվա պատմություն ունի իրենց հանգստյան տունը և գործում է բերքատու այգու տարածքում։ Աղավնաձորն ունի մոտ 2000 բնակիչ։ Եղանք Ալեքսան Հակոբյանի ընտանիքում, այցելեցինք նրա երջանկահիշատակ հոր տնկած այգին, որը հարուստ է տարբեր մրգատու ծառերով ու լավ խնամված է։ Իսկական հայ ընտանիք, որը հայոց շենը պահողն է ու արարողը։ Ալեքսանի որդիներից ավագը՝ Արան՝ մասնակցել է 2016թ․ Ապրիլյան պատերազմին։ Այդ ժամանակ ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում։ Ամուսնացած է, ունի 3 ամսեկան դուստր՝ Եվան։ Կրտսեր որդին՝ Ալիկը, 44-օրյայի մասնակից է։ Այժմ հոր հետ այգին են մշակում, բարիք ստեղծում, իրենց անձնական տեխնիկաներով օգնում նաև համագյուղացիներին։ Մեր այցի հիմնական նպատակը միջնադարյան հնավայր հասնելն էր։ Վայոց Ձորի մարզի հյուսիսարևելյան կողմում է Թեքսարի լեռնաշղթայի ճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն։ Այս հատվածում Ուլգյուրն ու այլ լեգնագագաթներ պարսպի նման 3 կողմից շրջափակել են մի սարահարթ՝ Աղավնաձորի սարահանդը, որն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։ Այս հատվածում միջնադարում գոյություն են ունեցել Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի մի քանի գյուղեր՝ Ապանան, որը գտնվում է Աղավնաձոր գյուղից մոտ 4 կմ հյուսիս–արևելք, Բաղչաջղը՝ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Ղզլաղլը, Միրաշը։
Մոմիկի ծննդավայր Ներքին Ուլգյուր (Ժամիդուզ) բնակատեղին գտնվում է Աղավնաձոր գյուղից 5 կմ հյուսիս։ Այս 5 կմ քարքարոտ ու ոլորապտույտ ճանապարհն անցնում ենք Արա Հակոբյանի վարած «Ֆոլքսվագեն» միկրոավտոբուսով։ Վերևից ափի մեջ է Արփա գետի կիրճի այս հատվածը՝ Նորավանք տանող կիրճով հանդերձ։ Արևմտյան կողմում են Ռինդ և Արենի գյուղերը։ Հեռվում Արփայի ջրամբարն է փայլում արևի տակ։ Առավել աչքի են ընկնում կանաչ տարածքները՝ այգիները։ Վերևում անասնապահների վրաններ կան, այծերի հոտեր։ Որոշ հատվածներում խոտհնձի աշխատանքներ էին ընթանում։ Վերջապես հասնում ենք Մոմիկի կառուցած Սուրբ Աստվածածին կոչվող փոքրիկ մատուռ-եկեղեցի, որի հարևանությամբ մի մեծ քարաբեկորի մեջ աղբյուրի ծորակն է։ 5,45x3,7 մ արտաքին չափսերով Սբ. Աստվածածին եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառույցի հյուսիսային պատին մի նոր քար է ագուցված՝ «Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ Ի․ Թ․ ՌՆԾԳ(1453+551=2004թ․) ՎԵՐՍՏԻՆ ՆՈՐՈԳՎԵՑ ԱՂԱՎՆԱՁՈՐՑԻ ՄՈՒՐԱԴ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՄԲ» արձանագրությամբ։ Սրա հարևանությամբ խաչ է քանդակված պատին։
Մինչ այդ մատուռը եղելել է կիսաքանդ վիճակում։ Եկեղեցին հիմնանորոգելու և տարածքը բարեկարգելու, կատարված պեղումների ընթացքում բացվել են բազալտե կիսամշակ քարերից, բարձրորակ կրաշաղախով հիմքերը։ Եկեղեցու մուտքն արևմուտքից է՝ շրջանակի մեջ։ Աջ ու ձախ ամբողջական անկյունաքարեր են՝ մոտ 2 մ բարձրությամբ։ Բարավորին հասարակ խաչ է քանդակված՝ ներքին մասում գեղաքանդակ պատկերով։ Մուտքի վերին հատվածում փոքր պատուհան կա, որի անկյունաքարերը նոր են տեղադրվել, իսկ վերին հատվածում 3 խաչերով(մեջտեղինը՝ փոքր չափերով) զարդանախշ քար է։ Պատուհանի վերին մասում մեկ այլ խաչաքանդակ քար է ագուցված պատի մեջ։ Արևմտյան պատի 2 անկյուններում մեկական խաչաքանդակ քարեր են ագուցված։ Հարավային պատը զուրկ է քանդակներից։ Արևելյանն ունի 1 պատուհան՝ Սուրբ Խորանից։ Ներսից նույնպես եկեղեցին ունի զուսպ կառուցվածք։ Միայն հարավային պատին 3 քարեր ունեն արձանագրություն՝ ՉԻ(720+551=1271), ՉՀԹ(779+551=1330) և ՉԽԶ(746+551=1297) Հայոց թվականներով։ Սուրբ Խորանում փոքր չափերով միջնադարյան խաչքար է տեղադրված։ Ըստ տեղեկության՝ եկեղեցու մուտքի իսկական դուռը եղել է մեկ ամբողջական քարից, որը, սակայն, այժմ բացակայում է, հատակը շարված է կիսամշակ քարերից, իսկ քիվային քարերը մասամբ քայքայված վիճակում են եղել։ Այժմ նորոգված են։ Մուտքի ձախ կողմում համեմատաբար փոքր չափերով խաչքար է տեղադրվել։ Մատուռ-եկեղեցու հարավային անկյունի մոտ կանգուն են 2 վշապաքար, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ 11-12-րդ դարերում: Չափերով ավելի մեծ վիշապաքարի հետագա արձանագրությունը հիշատակում է Սարգիս երեցի մասին։ Երկրորդ վիշապաքարը, համեմատած առաջինի, չափերով փոքր է։
Սրա ստորին մասում 1199թ․ նոր հորինվածքով խաչ է քանդակված, թիկունքին կա նույն ժամանակի արձանագրություն: Նույն շարքում կանգուն են նաև 2 խաչքար, մեկն էլ պառկած վիճակում է՝ քիչ հեռու։ Եկեղեցու տարածքն այժմ պարսպապատ է։ Հյուսիսարևելյան հատվածում՝ պարսպի տակ, տեղակայված են 7 խաչքար, այլ հուշաքարե բեկորներ։ Սրանք տարածքի գերեզմանատներից են տեղափոխվել։ 1995 և 2004թ․ կատարված պեղումների ժամանակ եկեղեցու բակում հայտնաբերվել է հնադարյան հանգստարան՝ հիմնականում տափակ տապանաքարերով, որոնք եղել են շարք-շարք։ Ասստեղ են նաև Մոմիկի հարազատների՝ ծնողներ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտաշի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի, Խազի ու այլ ազգականների տապանաքարերը: Նրա ծնողների տապանաքարն ամբողջական է՝ «ԶՀԱՅՐ ԵՒ ԶՄԱՅՐ ՄՈՄԿԱ ԶԳՐ[Ի]ԳՈՐ ԵՒ ԶԱՎԹԱՅՆ ՀԻՇԵՑԷՔ․ ԹՎ․ ՉԽԷ(747+551=1298)» արձանագրությամբ: «ԶՀԱՅՐ» բառն ավելի մեծ տառերով ու վերևում է գրված։ Մեկ այլ տապանաքարին գրված է․ «ԳՈՀԱՐՏԱՇՆ Է, ԵՂԲԱՅՐ ՄՈՄԿԱ ԵՒ ԴՈՒՍՏՐ ՅՈՒՐ ԽԼԱԹ։ ԹՎ․ ՉՁԲ(782+551=1333)»։ Այս տապանաքարին կից է «ԽԱԶԻ Է։ ՈՐԴԻ ԳՈՀԱՐՏԱՇԻՆ։ Ի ՄԻՈՒՄ ԱՒՈՒՐ ԵՒ ԹՎԻ» արձանագրությամբ տապանաքարը։ Այսինքն՝ նույն 1333 թվին է վախճանվել նաև Գոհարտաշի որդի Խազին։ Նույն թվին է մահացել նաև Մոմիկը՝ թաղված Նորավանքում։
Կարելի է ենթադրել՝ նույն օրը, ինչ-որ դժբախտ պատահարից՝ թշնամական հարձակում, համաճարակ, այլ չարիք, նահատակվել են Մոմիկի եղբայրն ու զավակները։ Հնարավոր է՝ ինքն էլ է նրանց հետ եղել ու դարձել այդ չարիքի զոհը, բայց, հաշվի առնելով նրա հռչակը, թաղել են Նորավանքում։ 2010 թ․` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը։ Իհարկե՝ Մոմիկի մահվան մասին կա ավանդազրույց․ «Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները (Ա․ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 228)։ Մոմիկի որդու՝ Ասկանդարի խաչքարը, որը 1955թ․ հայտնաբելել է նշանավոր գիտնական Սեդրակ Բարխուդարյանը (նշված է Կարեն Մաթևոսյանի «Մոմիկ» գրքում․ էջ՝ 52), գտնվում է Վերին Ուլգյուր բնակատեղիի գերեզմանատանը՝ հետևյալ արձանագրությամբ․ «ԵՍ ԱՍԿԱՆԴԱՐ, ՄՈՄԿԱ ՈՐԴԻ․․»։ Վերին Ուլգյուր գյուղատեղիում, պահպանվել է նաև Սբ Ստեփանոս եկեղեցու (XIIIդ.) ավերակը՝ միայն հիմնապատերը։ Կարեն Մաթևոսյանը «Մոմիկ» գրքում ներկայացրել է միջնադարյան հանճարի մասին։ «Մոմիկն առաջին անգամ հիշվում է 1283-84 թթ․ Գլաձորի համալսարանում գրված մի ձեռագրի հիշատակարանում, այնուհետև բազմիցս հիշատակվում է Օրբելյան զորեղ իշխանական տան հոգևոր կենտրոն և միաժամանակ Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստ համարվող Նորավանքում գրչագրված ձեռագրերում և վիմագրերում։ Մոմիկը, ով վերջին տարիներին հայտնի դարձած տվյալների համաձայն ծնունդով Վայոց Ձորից էր, մի քանի տասնամյակ եղել է Օրբելյանների տան ճարտարապետ-նկարիչը, որով էլ մեծապես պայմանավորվել է նրա ընդարձակ գործունեությունը և ժամանակին վայելած հռչակը», -գրում է Կ․ Մաթևոսյանը (Երևան 2010թ․ էջ՝ 8)։
1283-1339թթ.․ Մոմիկը բազմաթիվ մանրանկարներ է ստեղծել, սակայն մեզ է հասել միայն 4 ձեռագիր մատյան` 1283-1284թթ. ժողովածու (Վիեննա), Մատենադարանում պահվող 1283թ, 1292թ. և 1302թթ. Ավետարանները, 1283 թ. Ավետարանը: Նա իր աշխատանքներում անունից հետո գրում է «Մոմիկ վարդպետ», այն է՝ «ճարտարապետ»։ Իսկ «Մոմիկ» մականունը նրան տվել է պատմագիր, Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը։ Կա հիշատակություն, որ Ստ․ Օրբելյանը մի անգամ Նորավանքում մրցույթ է կազմակերպել՝ 40 քարգործների մասնակցությամբ՝ որոշելու համար, թե ով ավելի արագ կքանդակի մեկ մատնաչափ խաչ։ Հաղթել է 16-ամյա մի պատանի՝ ապագա Մոմիկը։ Տեսնելով դա՝ Ստեփանոս Օրբելյանն ասել է. «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և՛ հաղթողի մրցանակը տանք, և՛ «Մոմիկ» մականունը»: Սրբատան տարածքն ուսումնասիրելուց, Հայոց երկրի այս հատվածի գեղատեսիլ բնությունը վայելելուց հետո իջանք Աղավնաձոր գյուղ։ Երեկոյան գյուղի մշակույթի տան տարածքում ճամբար էր գործում։ Շատ երեխաներ ու երիտասարդներ էին մասնակցում ամառային ճամբարի միջոցառումներին։ Կազմակերպիչ և պատասխանատու Անին տեղեկացրեց՝ արդեն 1 ամիս է՝ գործում է ճամբարը և կշարունակվի ամառվա ողջ ընթացքում։
Գյուղի կենտրոնում կանգուն է 2000թ Մ․ Սարգսյանի բարերարությամբ կառուցված Սուրբ Մարիամ եկեղեցին։ Քիչ հեռու միջնադարյան խաչքարերի բեկորներ կան մի կառույցի պատի տակ։ Ժամանակին այս հատվածում եղել է գյուղի միջնադարյան գերեզմանատունը, պարզ է՝ եկեղեցու հարևանությամբ։ Խորհրդային տարիներին հնավայրի տարածքում այլ շինություններ են կառուցվել։ Ալիկ Հակոբյանի ուղեկցությամբ շրջեցի եկեղեցու տարածքում, որի հարևանությամբ Մեծ Հայրենականում զոհված աղավնաձորցիներին նվիրված հուշարձանն է։ Արցախյան 44-օրյայի ընթացքում Աղավնաձորից զոհվել են 4 քաջորդի։ Նրանց լուսանկարներով (Հրո-1980-2020, Վահե-1990-2020, Տիկո-2000-2020 և Կարեն-2001-2020) հուշաքարը հերոս պապերին նվիրված հուշարձանի հարևանությամբ է՝ «Երանի քարից չժպտայիք, մեր փառապանծ հերոսներ» մակագրությամբ։ Ցավով է խոսում Ալիկը նահատակ տղաների մասին։ Կարենը եղել է իր մտերիմ ընկերը, համարվում է անհայտ կորած։ Եկեղեցու հարավային կողմում տղերքին նվիրված մեկ այլ հուշարձան կա՝ սպիտակ մարմարե 3 ուղղաձիգ քարերով։ Մեջտեղինի վրա գրված է ԱՐՑԱԽ՝ ներքևում հավերժության նշան ու սուր է քանդակված։ Կարենին նվիրված նաև հուշաղբյուր կա տարածքում։ Ընթացքում զրուցեցի գյուղի երեխաների հետ, լուսանկարեցի։ Սիրում են իրենց երկիրը աղավնաձորցի երեխաներն ու երիտասարդները, գիտեն հայրենակից Մոմիկին, հպարտ են նրանով, տարբեր եղելություններ պատմեցին նրա մասին։