Հոչանցաձորի հայոց հրաշքները
Սա Հայաստան է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Արցախի Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցն սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Ծավդեից լեռնաշղթայի լանջերի աղբյուրներից ու գետակներից: Հոսելով 63կմ՝ Հոչանցն ավելի ներքևում միանում է Հակարիի արևելյան վտակ Շալուային: Աղավնոն ու այս գետերն են ժամանակին Արցախն ու Սյունիքը միավորել, և պատահական չէ, որ յուրաքանչյուր գետի վրա վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել մի քանի կամուրջներ, որոնց վրայով են անցել Մեծ Հայքի երբեմնի հզոր աշխարհներ տանող մայրուղիները: Հոչանցը հոսում է անկրկնելի գեղեցկություն ունեցող կիրճով, որի երկու ափերը ժայռակերտ են կամ անտառապատ լանջեր են: Տեղ-տեղ ժայռերից փոքր ջրվեժներ են ցած թռչում՝ առավել հրաշալի դարձնելով տեսարանը: Իր ողջ ընթացքում Հոչանցը քանդել-քշել է հողը, մխրճվել ժայռերի մեջ և մեզ նվիրել այս հրաշք-կիրճը:
Այստեղ՝ գետի վրա, միջնադարում, դրանից առաջ մեր պապերը նաև ջրաղացներ են կառուցել, որոնցից մեկի ավերակները հայտնաբերվեցին: Գետի վրա այդ ժամանկ մի քանի փոքր ՀԷԿ-եր էին կառուցվում, և շինարարական աշխատանքների ընթացքում են հայտնաբերվել էր ջրաղացի ավերակը: Գետի աջափնյա բարձրադիր լանջերին ու ձորակներում վաղուց գոյություն են ունեցել մի քանի բնակավայրեր, որոնց մասին հիշատակում են 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, 17-րդ դարի մատենագիրներ Առաքել Դավրիժեցին, Զաքարյա Քանաքեռցին, այլոք: Նշված բնակավայրերից Հոչանցը, Սոնասարը, Մշենին, Արվականը, Մարգիսը, Շրվականը, Սպիտակաջուրը և այլն, գրեթե նույն անուններով մերն էին 1993թ․ գարնանից մինչև 2020թ․ դեկտեմբեր, երբ պարտվեցինք անկազմակերպ պատերազմում, իսկ այդ տարածքները թուրքին տվեցինք «եղբայրաբար»՝ հանուն «խաղաղության»։ Մինչ 18-րդ դարակես Արցախ և Սյունիք աշխարհները միավորող այս հատվածը՝ Արաքսից մինչև Օմարի լեռնաշղթա, մերն էր։ Այնուհետևեղավ մի պահ, ինչպիսին այսօր է, թուլացանք, դավաճաններ հայտնվեցին, դարձանք անձնասեր, ու նման պատճառներով հայաթափվեցինՔարվաճառն ու Աղահեճք-Քաշաթաղը, Քաշունիքն ու Բաղքը, Կովսականն ու Գրհամը, Վայկունիքն ու Բերդաձորը․․․ Իհարկե՝ որոշ բնակավայրեր՝ Հակը՝ Քաշաթաղում, Ալղուլաշենը՝ Վայկունիքում, Հարարը՝ Բերդաձորում, և այլն, մնացին հայկական կամ կիսահայկական, մինչև 1918 թվականը։ Հոչանց գետի ձախ կողմում դարավոր անցյալ ունեն 1994-ից Դրախտաձոր և Անի կոչված գյուղերը, որոնց պատմական անունները հայտնի չեն: Հայաթափումից հետո գյուղերում բնակություն հաստատած քրդերը դրանք անվանակոչել են Աղջաքյանդ և Ղոչասու: Աղջաքյանդ-Դրախտաձորը գտնվում է ձորից գրեթե ուղղաձիգ բարձրացող ժայռապատերի վերին մասում:
Ստ. Օրբելյանը Սյունիքի Աղահեճք-Քաշաթաղ գավառի գյուղերի ցուցակում Սպիտակաջուր և Արվական գյուղերի միջև հիշատակում է Քարագլուխ բնակավայրը: Ելնելով գյուղի դիրքից՝ կարելի է ենթադրել՝ ներկայիս Դրախտաձորը հայաթափումից առաջ կոչվել է Քարագլուխ: Այն, որ պատմական անցյալ ու հայոց ոստան են եղել այդ բնակավայրերը, այդ են հուշում խորհրդային տարիներին թուրքերի կողմից կառուցված տների պատերում հայկական շիրմաքարերի առկայությունը: Իսկ Անիում տարիներ առաջ հայտնաբերվեցին կոտրված խաչքարերի բեկորներ: Թուրքերը Հայոց գերեզմանատունը ամբողջությամբ ավերել էին և խաչքարերն ու տապանաքարերը գլորել ձորը: Բնական է՝ բնակավայրերը պետք է ունենային իրենց ջրաղացները: Նորահայտ ջրաղացը գտնվում է Արվական գյուղի դիմաց՝ գետի ձախ ափին: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության աշխատակից Հրայր Սարգսյանը, ով նախօրոք եղել էր այստեղ և գիտեր տեղը, 2018թ․ ամռանը մեզ ուղեկցեց ջրաղացի ավերակ, որն ընկած է գետին շատ մոտ՝ պատված ծառերով ու թփերով, փարթամ խոտով: Պատերը շարված են կիսամշակված գետափնյա քարերով: Միայն անկյունաքարերն են համեմատաբար մեծ ու մշակված: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի այդ ժամանակվա վարիչ Հարութ Ավանեսյանի, Հրայրի և Էդգարի հետ մաքրում ենք տարածքը, ազատում խոտից, թփերից: Գետափնյա պատը քանդված է: Պահպանվել են ջրաղացի 2 հատվածի պատերը: Բուն հատվածը, որի մեջ են 1,5մ տրամագիծ ունեցող 2 լավ մշակված քարերը, ունի մոտ 9մ երկարություն և 5 մ լայնություն: Մուտքը հարավային կողմից է, աջ կողմում ավելի փոքր շինություն է՝ մոտ 4x4 մ չափերով: Այս շինության պատերն ավելի հարթ են շարված, քարերը մշակված են: Մուտքը մեծ սենյակից է: Աջ պատին փոքր պատուհան կա: Ջրաղացից մոտ 3կմ հյուսիս՝ գետի աջափնյա անտառապատ տարածքում կիսակործան վիճակում պահպանվել էր 9-11-րդ դարերում կառուցված Կատոսավանքը/այ-մ անհայտ է սրբատան վիճակը/: Սոնասար գյուղի բնակիչ Արթուր Եփրեմյանի հետ անցնում ենք գետը և անտառապատ կածանով հասնում սրբավայր: Մինչ Կատոսավանք հասնելը՝ եկեղեցուց մոտ 100-150 մ հեռավորությամբ հյուսիսային կողմի հեղեղատներից մեկի մեջ մեծ-մեծ քարաբեկորների հարևանությամբ մի հրաշակերտ խաչքար ենք պատահաբար տեսնում: Զգացվում է՝ վերջերս են գտել տարածքի բնակիչներն ու կանգնեցրել. տակն այրված մոմեր կային: 126x70սմ չափերով խաչքարը զարմանահրաշ քանդակներ ունի: Մեջտեղում մեծ խաչ է քանդակված, որի ներքին մասը սրի կոթ է: Աջակողմյան քանդակներից մեկը սվաստիկա է հիշեցնում: Հուշակոթողի ներքին մասը կոտրված է, սակայն ընդհանուր տեղեկություն քանդակի մասին կարելի է ստանալ: 2020թ․ մի քանի անգամ էլ այցելեցինք կատոսավանք, պարզվեց տարածքում բնակատեղի է եղել՝ մի քանի գերեզմանատներով, որոնցում մոտ 50 խաչքար ու տապանաքար գտանք։ 1990-ականներին ադրբեջանցիները հնարավորինս ավերել էին այդ գերեղմանատները, վնասել շիրմաքարերը, այնուամենայնիվ պահպանված մի քանի տասնյակը պատմում էին։ Հոչանցի ձորի աջափնյա անտառապատ լանջերում է գտնվում Կատոս անվանված բնակավայրը՝ Շրվականից մոտ 2 կմ հարավ: Հնարավոր է՝ բնակվայրը պահպանել է պատմական անվանումը, որից էլ՝ Կատոսավանքը:
Սամվել Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում, ներկայացնելով Կատոս գյուղը, տեղեկացնում է. «1567թ. Հակարու երկրի Գետուզ գյուղում գրված մի ձեռագիր «Ավետարան»-ի գոյությունը կարծել է տալիս, թե Գետուզն ու Կատոսը միևնույն գյուղի քիչ այլակերպված արտասանություններն են»: Կատոսավանքը գտնվում է գետից մոտ 20 մ վեր հարթությունում, ծովի մակերևույթից 1363մ բարձրությամբ։ Երբեմնի վանական համալիրից պահպանվել են եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը: Հարավային կողմից է հիմնական մուտքը, որն ունի կամարակապ պսակ և սրբատաշ քարերից անկյուններ: Ընդհանուր շինությունը կառուցված է կրաշաղախով և մշակված բազալտից: Մոտ 1 մ հաստությամբ պատերը զուրկ են արձանագրություններից ու քանդակներից: Ներսի կողմի թաղակիր կամարների քարերը սրբատաշ են, մի քանիսի վրա հասարակ խաչեր են քանդակված: Սուրբ խորանը կեսով խոնարհված է: Մոտ 17x7 մ չափեր ունեցող միանավ բազիլիկ եկեղեցին ունի 2 ավանդատուն, որոնք ներկայացնում են առանձին շինություններ և գտնվում են տաճարից դուրս: Համեմատաբար լավ են պահպանվել եկեղեցու հարավային կողմի ավանդատան հիմքերը, որոնց վրա են պատերի 2-3 շարք: Արտաքին չափերն են՝ 7,6-3,5 մ: Այս ավանդատան արևելյան կողմում մի քանի խաչքար են պահպանվել: Այս մասում էի է եղել հայոց հնադարյան հանգստարանը, որը հիմնովին ավերվել է թուրքերի կողմից: Հյուսիսային կողմի ավանդատունն ունի մոտ 7x2 մ չափեր և գտնվելով գետի կողմում՝ ավելի է վնասված: Եկեղեցու հարևանությամբ տարբեր շինությունների հիմքեր կան, որն էլ հուշում է՝ այստեղ հազար տարի առաջ վանական մեծ համալիր է եղել: Ս. Կարապետյանը տեղեկացնում է նաև, որ մինչ տարածքի ազատագրումը, ինքն այցելել է Կատոսավանք և այստեղ տեսել խաչքար՝ հետևյալ արձանագրությամբ. …/ԿԱՆ/ԳՆԵՑԻ ԶՍ/ՈՒՐ/Բ ՆՇԱՆՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹ/ԵԱՄ/Բ ՀԱՅՐ ԳՐ/Ի/ԳՈՐՈՅ, ՀԻՇԵՍՋԻՔ Ի Ք/ՐԻՍՏՈ/Ս: Հաջորդ այցի ժամանակ չէր գտել, սակայն մենք գտանք նաև այդ խաչքարը։ Սա էլ է հավաստում, որ դարեր առաջ այստեղ է եղել Աղահեճ-Քաշաթաղ գավառի հոգևոր կարևոր կենտրոններից մեկը: Եկեղեցու արևմտյան պատի մոտ երեսնիվայր մի մեծ խաչքար է ընկած: Վանքից մոտ 1կմ հարավ՝ անտառապատ լանջին Արվական գյուղի բնակիչ Գարեգին Հովհաննիսյանը հայտնաբերել էր հայկական մեկ այլ գերեզմանատուն, որտեղ պահպանվել են մոտ 10 խաչքար ու տապանաքար՝ դարձյալ գեղաքանդակ պատկերներով: Հավանաբար՝ հիշյալ ջրաղացն սպասարկել է նաև Կատոսավանքին կամ եղել է վանքապատկան: Վանքից մոտ 1 կմ հյուսիս՝ գետի վրա ժամանակին մի մեծ կամուրջ է եղել՝ սրբատաշ քարով, կամարակապ և բավականին լայն՝ 7,5 մ: Հնարավոր է՝ ճարտարապետական այս կոթողը, որից միայն հենասյուներն են պահպանվել, նույնպես եկեղեցու ժամանակ է կառուցվել: Զգացվում է՝ այս կամրջով է եղել Սյունիքի և Արցախի հյուսիսային կապը: Այժմ գետի վրա կանգուն կամուրջ չկա:
Շրվական գյուղի տակ պահպանվել էր կամարակապ մի կամուրջ՝ մոտ 4 մ լայնությամբ, 13մ թռիչքով, սակայն տարիներ առաջ կամուրջը քանդվեց: Մեկ այլ կամրջի հենասյուն է պահպանվել Սոնասար գյուղի տակ: Մշենի գյուղի դիմաց՝ գետի ձախափնյա ժայռեղեն բլրի վրա, պահպանվել է վաղ միջնադարյան ամրոցատեղին: Այժմ այս ամենը և բազում նման հուշարձաններ, Արցախի մեծ մասը գերության մեջ է։ Անհայտ է դրանց վիճակը։