Image

Միայն 10 երկրում

Այպես կոչված «Անապատի օդապարուկներ» քարակերտ պատմական հուշարձանների մաին աշխարհը ծանոթ է անցած դարի 20-ական թվականներից։ Միացիալ Թագավորության ՌՕՈւ-ի օդաչուները Լիոնել Րիսը և Գիլբերտ Ինսալը, վերևից պատահաբար տեսնելով այս կառույցները, խաղալիք-օդապարուկի տեսքով են պատկերացրել ու տեղյակ պահել հանրությանը։ Այդ պատճառով դրանք անվանել են օդապարուկներ, իսկ հետագայում «Անապատի օդապարուկներ»: Այժմ աշխարհում նման հուշարձաններ հայտնաբերվել են Հորդանանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրաքի ու Հայաստանի տարածքում։ Դրանք առավել շատ են Սիրիայում՝ 2200, Հորդանանում՝ 1700-ից ավելի և Սաուդյան Արաբիայում՝ 1100-ից ավելի, Ղազախստանում՝ ավելի քան 500։

Մեր երկրում առայժմ հայտնի է նման 200 հուշարձան։ Այս հուշարձանների ուսումնասիրմամբ Հայաստանում առաջինն սկսեցին զբաղվել 2011 թվականից։ «Անապատի օդապարուկները» շատ մեծ չափսեր ունեցող քարե կառույցներ են: Դրանք ունեն մինչև մի քանի կիլոմետր երկարությամբ քարաշարեր, որոնք տանում են դեպի շատ մեծ մակերես (1-20 հա) ունեցող շրջապարիսպը: Շրջապարիսպներն ունեն որոշակի և իրարից տարբերվող ձևեր։ Դրանք լինում են նաև V-ձև փոքր կառույցներ, որոնցից նույնպես կա մեր երկրում։ Դրանք բաղկացած են տարբեր բարձրություն ու հաստություն ունեցող երկու ցածր քարե պատերից, որոնք իրարից հեռու են սկսվում ու հետզհետե մոտենում են։ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականները՝ 2021թ․ աշնանը պեղումներ իրականացրեցին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում։ Պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մարիամ Շահմուրադյանն այն ժամանակ ուսանում էր Քեմբրիջի համալսարանում։

Օրերս նա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն «Անապատի օդապարուկների» կառուցվածքը, ձևերը, թվագրությունը և գործառույթը» թեմայով։ Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է քննվող հուշարձանների կարևոր նշանակությամբ և ոչ բավարար ուսումնասիրվածությամբ: Թեման հաստատել է Երևանի պետական համալսարանը՝ խորհրդի հետևյալ կազմով՝ ընդդիմախոսներ՝ պ․գ․դ Գուրգեն Թումանյան և պ․գ․թ․ Արսեն Բոբոխյան։ Հայցորդին ներկայացրեց գիտական ղեկավար ու խորհրդատու, պ․գ․դ․ Հայկ Ավետիսյանը։ Հայցորդ Մ․ Շահմուրադյանը ներկայացրեց իր գիտական ատենախոսությունը, որը կառուցված է Ներածությունից (Ուսումնասիրության պատմությունը, Թեմայի արդիակոնությունը, Ուսումնասիրության նպատակը և խնդիրները, աղբյուրագիտությունը, մեթոդաբանությունը, գիտական նորույթները) և 1-5 գլուխներից (Օդապարուկների աշխարհագրությունը,  կառուցվածքը և ձևերը, հնագիտական համատեքստը, թվագրության և ժամանակագրության խնդիրները, գործառույթի խնդիրները)։ Անդրադառնալով մեր երկրում այս յուրահատուկ հուշարձանների ուսումնասիրմանը՝ տեղեկացրեց՝ 2011-16թթ հայ-ֆրանսիական արշավախումբն է սկզբում ուսումնասիրել դրանք Իրեն Քալանթարյանի ղեկավարությամբ։ 2011թ․ հայ-իսրայելական և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուի արշավախումբը ղեկավարել է Բորիս Գասպարյանը։ 2018 թվականից, իր ղեկավարությամբ, աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։ Տեղեկացրեց հայտնի հնագույն օդապարուկները Նոր քարե դարով են թվագրվում (մեր թվարկությունից առաջ XII-VI հազարամյակ)։ Ըստ տարածաշրջանների՝ բաժանվում են Ուստյուրտյան, Հայաստանյան, Հյուսիսմիջագետքյան, Հարրաթ ալ Շաամյան և Հաարաթ Խայբարյան խմբերի։ Արտաքնապես դրանք ունեն տարբեր ձևեր, որոնց մի մասը երկրաչափական են (քառակուսի, շրջան, եռանկյունի և այլն), իսկ մյուս մասն առավել բարդ ձևերով են։

Կան նաև անիվ հիշեցնող օդապարուկներ։ Որոշներն ունեն նաև աշտարակներ՝ տարբեր քանակներով։ Տարածված վարկածի համաձայն՝ դրանք որսի համար են կառուցվել կամ եղել են արխաջ-փարախներ։ Հայցորդն առաջ է քաշում նաև այլ տեսակետ․ դրանք ծիսական նշանակություն ունեն։ Նշեց նաև․ «Օդապարուկներն ու ագլոմերացիոն տները անտաշ քարից են պատրաստված։ Դրանք հիմնականում գտնվում են ծովի մակարդակից 900-1400 մ բարձրության վրա՝ լեռների լանջերին։ Հայաստանում՝ հիմնականում Արագած լեռան ստորոտներում՝ Արմավիրի ու Արագածոտնի մարզերում»։ Անդրադարձավ նաև ժայռապատկերներին, որոնք ունեն օդապարուկների պատկերներ։ Ըստ ատենախոսի այս հուշարձանները բաժանված են նաև ժամանակաշրջանների։

Մեր երկրում հիմնականում պահպանվել են Երկաթե դարից մինչև միջնադար օգտագործվածները։ Շատ են օգտագործվել նաև Վաղ նոր քարե դարում, Բրոնզի դարում։ Որոշների ժամանակաշրջանը հայտնի չէ։ Իրենց ելույթներում ընդդիմախոսները կարևորեցին Մ․ Շահմուրադյանի աշխատանքը, ով ուսումնասիրելով տարբեր երկրների գիտնականների աշխատանքները, մեր երկրում անձամբ մասնակցելով հետազոտական աշխատանքների, ղեկավարելով պեղումներ իրականացնող արշավախումբը և ներկայացրել է գիտական բացառիկ ատենախոսություն։ Ելույթ ունեցան նաև ճանաչված հնագետ-գիտնականներ պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը, պ․գ․դ․ Պավել Ավետիսյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել ատենախոսին, այլոք։ Վերջում տեղի ունեցավ քվեարկություն՝ հանձնախմբի 8 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բոլորն էլ կողմ քվեարկեցին՝ ի պաշտպանություն ատենախոսության։ Եվ ատենախոսին շնորհվեց իր հայցած պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը՝ հնագիտություն մասնագիտությամբ։ Իր եզրափակիչ խոսքում Մ․ Շահմուրադյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն այս աշխատանքը կատարելու գործում։

Մեծ է եղել իր գիտական ղեկավարի՝ Հ․ Ավետիսյանի աջակցությունը, առանց որի դժվար կլիներ հասնել հաջողության։ Գիտական քարտուղար պ․գ․դ․ Արսեն Հարություննյանը մշտապես է աշխատել ու աջակցել իրեն։ Անդրադարձավ նաև արտերկրի գիտնականների դիտողություններին։ Նրանցից փ․գ․դ Մարկ Վանդեր Լինդեն, Դեյվիդ Քեննեդին և ա․գ․դ․ Օլիվիե Բարժին նույնպես կարևորել են  Մ․ Շահմուրադյանի աշխատանքը։ պտմաբան Գոռ Ղազարյանը, ով 2021թ․ մասնակցում էր Թլիկ գյուղի վարչական տարածքում կատարվող պեղումներին, ի ֆեսբուքյան էջում գրել է․ «Ատենախոսության հեղինակին հաջողվել է կազմել Հայաստանի «անապատի օդապարուկների» կատալոգը, որը մեզանում կատարվում է առաջին անգամ։ Հարկ է նշել, որ սա «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձաններին նվիրված առաջին ատենախոսությունն է աշխարհում»։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։