Արտենի լեռան հրաշքը
Հայոց երկրի բազում ամրոցներից մեկը միջնադարում կառուցվել է ներկայիս Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից ոչ հեռու գտնվող Արտենի լեռան գագաթին։ Հսկայական ժայռերով հարուստ լեռան վրա բնակություն եղել է նաև քարե դարում։ Այդ են վկայում այստեղ հայտնաբերված գործիքները՝ վանակատից (օբսիդիան, հրաբխային ապակի) հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն։ Վանակատի ամենախոշորը և ուսումնասիրվածն Արագածի (Արտենի) հանքավայրն է։ Լեռան բնական ամրությունները հաշվի առնելով՝ մեր պապերը հետագայում այստեղ հզոր ամրոց են հիմնել։ Արագած լեռան հարավարևմտյան կողմում է հրաբխային ծագում ունեցող, հեռվից կոնաձ ու մեկուսի լեռնազանգվածը, որի հիմքի տրամագիծը կազմում է մոտ 10 կմ։
Լեռն ունի 2 գագաթ։ Մեծ Արտենիի կամ Սատանիդարի բարձրությունը ծովի մակերևույթից 2047 մետր է, հարաբերական բարձրությունը՝ 500մ։ Իսկ Փոքր Արտենին կամ Արեգունին ունի 1753մ բարձրություն։ Սատանիդար է կոչվում լեռը, քանի որ հարուստ է վանակատ-օբսիդյանով, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Սատանի եղունգ»-ով։ Հայկական Սովետական Հանրագիտարանում կարդում ենք․ «ՍԱՏԱՆԻ ԴԱՐ, վաղ պալեոլիթյան կայան–բլուր ՀՍՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղի մոտ, Արտենի (Արտին) լեռան լանջին։ Հետազոտվել է 1945–49-ին։ ՍՍՀՄ-ում հնագույնն է» (հատոր՝ 10, էջ՝ 208։) Լեռը հարուստ է նաև շերտավոր քարերով, որոնք նույնպես ժամանակին օգտագործվել են որպես հումք՝ գործիքների համար։ Լեռան գագաթի ամրոցն ուսումնասիրելու նպատակով օգոստոսի 4-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի և Լևոն Մկրտչյանի հետ հասանք նախկինում Արեգ կոչվող գյուղ, որը 2006 թվականից, ի պատիվ նույն գյուղում ծնված Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, վերանվանվել է Թաթուլ։ Արտենիի հարավարևելյան կողմում է մարզկենտրոն Աշտարակից 54կմ հեռավորությամբ գտնվող Թաթուլ գյուղը՝ ծովի մակերևույթից՝ 1540 մ։ Արտենի լեռան լանջերից մեկում կանգուն է հեռուստաաշտարակ, որի քարքարոտ ու դժվարանց ճանապարհով Գագիկի «ՆԻՎԱ» մեքենայով բարձրացանք։
Հեռուստաաշտարակի մոտից արդեն Փոքր Արտենիի ժայռակերտ լանջերով բարձրացանք վեր։ Ամրոցից առանձնացված մի ջրավազան կա Փոքր Արտենիի հարավային եզրին։ Մոտ 20մ երկարությամբ, 5 մ լայնությամբ ջրավազանը կառուցված է կրաշաղախով՝ ներսը՝ սրբատաշ տուֆ է։ Հիանալ կարելի է մեր պապերի ստեղծագործությամբ։ Շարունակում ենք ճանապարհը դեպի վեր ու հասնում բուն ամրոցի տարածք։ Մի քանի հեկտար մակերես ունի ամրոցը՝ որը ժամանակին 4 կողմից շրջապատված է եղել հզոր պարսպով։ Մոտ 1 մ լայնությամբ պարիսպները շարված են բավականին լավ մշակված քարերով։ Բնական է՝ օգտագործվել է տեղի քարը։ Լեռան հյուսիսարևելյան կողմում հիմնական պարսպին զուգահեռ մոտ 30 մ ներքևից մեկ այլ պարիսպ է ձգվել։ Ժամանակը և այլ պատճառներ ավերել են պարիսպները, սակայն հիմքերը պահպանվել ու պատմում են, որ շատ կարևոր ամրոց է եղել Արտենիի գագաթին։ Ամրոցի հյուսիսարևմտյան կողմում պահպանվել են ևս 2 բավականին մեծ չափերով ջրամբարներ, որոնց ներսը նույնպես պատված է եղել սրբատաշ տուֆով, իսկ հիմնական պատերը՝ կառուցված են կրաշաղախով ու կոպտատաշ քարով։
Ամբարներից մեկը կառուցվել է նախապես փորված փոսում։ Երկրորդը կիսով չափ է հողի մեջ։ Արտաքին պատերը կառուցված են շերտաքարերով։ Բացի այս հիմնական մեծ ամբարներից, ամրոցի տարածքում հանդիպում են այլ փոսորակներ, որոնք ունեն հիմնականում շրջանաձև մակերես, մոտ 2 մետր խորություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքում աղբյուրներ ու գետեր գրեթե չկան, ամրոցում պատսպարվողներն օգտագործել են ձնհալքի ու անձրևների ջրերը և ամբարել մեծ ծավալ ունեցոց ջրամբարներում։ Ընթացքում հնագետ Լևոն Մկրտչյանը նկարահանումներ կատարեց դրոնով։ Գտնում է․ Տակավին բաց ու չուսումնասիրված է մնում հայոց «ամրոցայնացումը (incastellamento)»։ Միայն բարձր պետական մոտեցմամբ (10-13-րդ դդ, Բագրատունիներ, Զաքարյաններ) կարելի էր դժվարամատչելի լեռնագագաթները պատել նման շքեղ ամրոցներով։
Արոցի հարավարևելյան կողմում է եղել միջնաբերդը, որի մուտքը արևելքից է։ Մոտ 2 մ լայնությամբ պարսպապատից տեղ-տեղ պահպանվել են 2 մ և ավելի բարձրությամբ շարերը։ Չնայծ նույն պարիսպ քանդված է, ու քարերը թափված, այնուամենայնիվ երևում է ամրոցից միջնադերդ տանող մուտքը։ 4 աշտարակներ ունեցող պարսպապատով է փակված հարավարևելյան կողմում միջնաբերդը։ Այս պարիսպները կառուցված են համեմատաբար մեծ ու կոպտատաշ քարերով ու համեմատաբար լավ են պահպանված, տեղ-տեղ ունեն մինչև 2 մ բարձրություն։ Միջնաբերդի արևելյան պարսպապատից քիչ հատված է պահպանվել, սակայն զգացվում է՝ մեծ քարերով է շարված եղել այդ կողմի ամրապատը։ Աշտարակներով պարսպից մոտ 20 մ հեռավորությամբ մոտ 5 մ լայնությամբ, 23-մ խորությամբ, 50-60մ երկարությամբ խանդակ է փորված։ Ամրոցի երկրորդ մուտքը միջնաբերդից շարունակվող և մոտ 1 կմ երկարությամբ ձգվող պարսպի մեջ է՝ արևելյան կողմում։
Պարսպից դուրս՝ լեռը ժայռերով է պատված, որոնք առավել անմատչելի են դարձրել Արտենիի բերդը։ Ժայռերի միջով է անցել ամրոցի ճանապարհներից մեկը, որը վերևից պարզ երևում է։ Տարածքում կան խեցու, շերտաքարե կանոնավոր ձև ունեցող բեկորներ։ Ամրոցի ամենաբարձր կետում ՌՋՂԸ-1998թ․ խաչքար է կանգնեցվել՝ դեմի մասում՝ «Ապրիլ 24», իսկ հետևի կողմում «Արցախի հերոսամարտի նահատակներին» գրությամբ։ Ինչ խոսք, կազմակերպիչները հայրենանվեր գործ են արել, սակայն կարելի էր չվնասել պարսպի այդ հատվածը, որտեղ ինչ-որ մի օր մոտ 10 անվադող է վառվել։ Հնարավոր է՝ ապրիլի 24-ին։ Լեռան հյուսիսային լանջին քարերով բավականին մեծ չափերով 100 թիվն է գրված՝ խորհրդանշելով Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը։ Միգուցե այլ խորհուրդ է ունեցել կրակ վառելը տարածքի ամենաբարձր սարի ամնենաբարձր կետում։ Բայց այսօր նույն անվադողերի մեջ եղած մետաղյա լարերը դարձել են աղբ տեղանքում, դարձել են թակարդ կենդանիների համար, փաթաթվում են մարդկանց ոտքերին։ Իսկ Արտենի լեռան գագաթ, ինչքան գիտեմ, շատ զբոսաշրջիկներ են բարձրանում։
Հուսանք՝ կրակ վառող նույն կազմակերպիչները կհավաքեն մետաղյա լարերը։ Կատարելով նկարահանումներ, ուսումնասիրելով լեռան գագաթում պահպանված ամրոցը՝ նույն ճանապարհով ցած իջանք։ Պարզվեց լեռան արևելյան հատվածում, ամրոցից բավականին հեռու, դարձյալ պարիսպ է գոյություն ունեցել, որն ունեցել է մուտք։ Մեզ հետ էր նաև Գագիկ Սարգսյանի 13-ամյա թոռը՝ Տիգրանը, ով սիրով ու հետաքրքրությամբ բարձրացավ լեռան գագաթ ու իջավ՝ ծանոթանալով հայրենի երկրի գեղատեսիլ ու պատմական այս հատվածին։