Image

Հնագիտական պեղումներ Արտանիշում

Սևանա լիճը Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով բաժանվում է 2 հատվածի՝ Մեծ Սևան ու Փոքր Սևան։ Արտանիշ թերակղզին լճի արևելյան կողմում է՝ առանձնացված Արեգունի լեռներից։ Այս թերակղզում 2015 թվականին բացահայտվել է մ․թ․ա III հազարամյակի առաջին կեսին բնորոշ վաղբրոնզեդարյան բնակատեղի: Հուշարձանի տարածքում պեղումներ են անցկացվում 2019 թվականից և շարունակվում են առ այսօր։ Այժմ այստեղ աշխատում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի համալսարանի մասնագետները՝ պատմական գիտությունների թեկնածուներ Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։

Այս պահին պեղվում է վաղբրոնզեդարյան բնակատեղին՝ «Արտանիշ-9» և մեկ դամբարան։ Արշավախումբը ժամանակին պեղումներ է իրականացրել Շորժա գյուղի տարածքում գտնվող «Արտանիշ-23» կոչվող դամբարանադաշտում, որտեղ արդեն պեղված են 10 ուշբրոնզ-վաղերկաթեդարյան, իսկ «Արտանիշ 29»-ում ևս 2 երկաթեդարյան դամբարաններ։ Դամբարանադաշտը հնարավոր է՝ ավելի մեծ տարածք է ունեցել, սակայն խորհրդային տարիներին տարածքը հարթեցվել է վար ու ցանքի համար: Այնուամենայնիվ դամբարանադաշտը դեռևս շատ ասելիք է ունենալու։ Տարածքից պեղումների ընթացքում գտնվել են բրոնզե դաշույն, նիզակի ծայրեր, ապարանջաններ, ականջօղեր, սարդիոնից և մածուկից ուլունքներ, կավանոթներ և այլ նյութեր, որոնք տեղեկություն են տալիս ժամանակաշրջանի բնակչության մասին։ Հուշարձանի վաղբրոնզեդարյան բնակատեղիի հատվածում այս պահի դրությամբ կան բացված քարե հիմքով, կլոր և ուղղանկյուն հատակագծերով կացարաններ, դրանց կավե հատակները։ Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է օջախ, գտնվել են մի շարք վանակատից աշխատանքային գործիքներ, մի քանի տասնյակ խեցանոթների բեկորներ, անիվի մոդել, մածուկից պատրաստված ուլունքներ։ Ըստ հնագետ Մարիամ Սարիբեկյանի` պեղումների ընթացքում պարզվել է, որ բնակատեղիում ապրել են մի քանի սերունդ մարդիկ, յուրաքանչյուր սերունդ՝ իրեն բնորոշ ճարտարապետական լուծումներով։

Պեղումներին զուգահեռ արշավախումբի շրջանակներում ընթանում է միջազգային ամառային դպրոց ուսանողների համար։ Հնավայրում աշխատում և հնագիտության մասին դասընթացների մասնակցում են ուսանողներ Հայաստանից, Կանադայից, Վրաստանից, ԱՄՆ-ից Գերմանիայից։ Նախկինում այս հուշարձանի տարածքը ուսումնասիրված չի եղել, միայն 1959 թվականին պատահական գտածոներ են հայտնի, որոնք հանձնվել են Հայաստանի պատմության թանգարանին հնագետ Հարություն Մնացականյանի կողմից։ Վերջին տարիներին այս տարածքներում մեծ աշխատանք է կատարվել և շարունակվում է։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել օգոստոսի կեսերին։ Ընթացքում զրուցեցի նաև արտասահմանցի ուսանողների հետ։ Օֆելյա Թայշոնը Կանադայից է՝ Տորոնտոյի համալսարանի ուսանողուհի, հայրը հայ է։ Հայաստանյան հնավայրը շատ է հետաքրքրել նաև գերմանացի Կարլ Կրենցին ու Եվա Պիզայցին։ Մ․ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր օր մոտ 20 հոգի աշխատում է հնավայրում։

Արշավախումբի կազմում պեղումներին մասնակցում են հնագետներ՝ Ավետիս Գրիգորյանը, Մարիամ Ամիրյանը, Հայկ Դավեյանը, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը, վերականգնող Տիգրան Զաքյանը, նաև հետագայում կմիանան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից այլ մասնագետներ(ճարտարապետ, բուսաբան, կենդանաբան)։ Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի համալսարանի ներկայացուցիչ, պեղումների համաղեկավար Ռենե Կունցեն նշեց, որ Արսեն Բոբոխյանի հետ ծանոթացել է Գերմանիայում, ու որոշել են պեղումներ իրականացնել Հայաստանի տարածքում։ 2012թ․-ից նրանք միասին սկսել են իրականացնել «Ուշկիանի» նախագիծը, որի շրջանակներում պեղումներ են իրականացվել Սոթքի, Նորաբակի, այժմ նաև Արտանիշի տարածքում։

Նախապես պեղումների նպատակը եղել է պարզելը, թե արդյոք Սոթքի տարածքում գտնվող ոսկու հանքը օգտագործվել է նաև ավելի վաղ ժամանակներում, սակայն հետագայում սկսվել է այս տարածաշրջանի համապարփակ ուսումնասիրություն, քանի որ այն երբեք դեռևս ուսումնասիրված չի եղել։ Ռ․ Կունցեն նշեց, որ բավականին լավ հաջողություններ ունեն Արտանիշի պեղումներից և եթե մոտ ապագայում լինեն հովանավորներ, հնարավոր է՝ հայ-գերմանական համագործակցությունը և այս տարածքի ուսումնասիրությունները շարունակվեն։ Զոհրաբ Ըռքոյան

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։