Image

Հազարամյակների պատմությամբ գյուղը՝ Շողակաթ

Ճանապարհից էլ պարզ երևում է սարի գագաթին թառած փոքրիկ մատուռը՝ կիսավեր, սակայն խոսուն։ Արարատյան թագավորության օրոք էլ, միջնադարում էլ, այսօր էլ Հայոց ոստան է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղը՝ նախկին Շորժան, որը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևելյան և հարավային մասով պատված ապառաժներով հարուստ բլուրների արանքում՝ ծովի մակերևույթից 1932 մետր բարձրության վրա։ Արտանիշ թերակղզու հարևանությամբ է՝ Ճամբարակ քաղաքից 10-12, Մարզկենտրոն Գավառից 95, Երևանից 110 կմ հեռավորությամբ։ Այս հատվածում Սևանա լիճը բաժանվում է Մեծ ու Փոքր Սևանների։ Պատմական անցյալ ունի նաև Արտանիշ գյուղը, որի մոտակա հանվայրը 5000 տարեկան է։

Այդ են վկայում վերջերս պեղումներից հայտնաբերված նյութերը։ Շողակաթ գյուղի մոտակայքում էլ պահպանվել է հնադարյան դամբարանադաշտ։ Այս ամենը հուշում են՝ մշտապես մարդաբնակ են եղել Շողավանքը, Արտանիշը, մնացած բնակավայրերը։ Շողավանք-Շորժայի մասին տեղեկություն կա նաև Արարատյան թագավոր Ռուսա Առաջինի (Ք.ա 735-714 թթ) թողած սեպագիր արձանագրությունում, որը դեռևս 19-րդ դարում կախված է եղել ուղիղ Սևանա լճի ալիքների վրա։ Արձանագրությունը պահպանվել է, գտնվում է լճի հարավային կողմում՝ Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ և Ծովինար գյուղերի մեջտեղում՝ Թեյշեբաինի (Օձաբերդ) հնավայրի հյուսիսային կողմում։ Տարածքն այն ժամանակ կոչվել է Վեդուրի-Էթիունի (Ջրային Էթիունի)։ Սևանա լճի ավազանում գոյություն են ունեցել ավելի քան 20 թագավորություններ ու ցեղապետություններ, որոնց նվաճման մասին է արձանագրել Ռուսա առաջինը։ Արձանագրությունը վերծանվել է այսպես․ «Խալդյան զորությամբ տիրական Ռուսա Սարդուր որդի ասում է.- Ես այս երկրները մեկ արշավանքում նվաճեցի, ծառա դարձրի Ադախու, Վելիքուխե, Լուերուխե, Արկուկյան երկրները- չորս արքայի այս կողմից ծովային գավառում. Գուրկումելե, Շանատուայան, Թերիվիշայան, Ռիշուայան, Արիայան, Զուայան, Զամանե, Երկիմայան, Ելայան, Երելթուայան, Արդամանիու, Գուրիայան, Ալզերա, Պիրուայան, Երայան, Շիլայան, Վիդուայան, Ատեզայան, Ազամերունե երկրները, 19 արքայի այն կողմից մեկ օրում (արշավանքում), ծովային գավառում՝ լեռնաշղթայի ստորոտում գրավեցի։

Ընդամենը 23 արքայի մեկ օրում նվաճեցի։ Մարդ, կին դեպի Բիաինելու երկիր քշեցի։ Հարկային տարում եկա, կառուցեցի այս ամրոցները հենց այս երկրում։ Թեյշեբաինե ամրոցը հոյակապ կառուցեցի, դրեցի անունը Թեյշեբայի քաղաք՝ Բիաինելե երկրի զորությունը լուլույանների՝ բարբարոսների մեջ ամրապնդելու համար»։  Ինչպես Հայոց բազում բնակավայրեր, նաև այս տարածքինը, հազարամյակների ընթացքում ենթարկվել են ասպատակությունների օտարների կողմից, ինչ-որ ժամանակ ամայացել, նորից վերահայացել, երբեմն բնակեցվել քոչվորներով։ Գյուղի արևելյան կողմում՝ բարձունքի վրա է ավերակ մատուռը, որը 16-17-րդ դարերի կառույց է։ Կառուցված է կոպտատաշ քարով ու կրաշաղախով։ Արտաքին չափերն են մոտ 6x4,5մ։ Արևմտյան կողմից է կոպտատաշ բարավոր ունեցող մուտքը՝ մոտ 1,5 մ լայնությամբ, 2,2մ բարձրությամբ։ Վերևում կա պատուհան։ Ավերված են թաղակապ տանիքն ու Սուրբ խորանը․ արևելյան պատի կեսը քանդված է։ Հարավային պատը նույնպես քանդված է, իսկ հյուսիսայինը ճաքեր ունի, դեռ դիմակայում է։ Ժամանակին մատուռը եղել է պարսպապատ։ Պահպանվել են 2 մ լայնությամբ պարիսպների հիմքերը։ Հարավային կողմում պարիսպն ավելի լայն է եղել՝ մոտ 2,5մ։ Մատուռը պահող բլրի լանջերին նույնպես պարսպապատերի հիմքեր ու հետքեր են պահպանվել։ Կարելի է ենթադրել՝ ավելի վաղ շրջանում այստեղ ամրոց /հնարավոր է՝ կիկլոպյան/ կամ հենակետ է եղել։ Մատուռի հարևանությամբ բարձր լարման հոսանքատարի աշտարակ-հենասյուն կա, որի տեղադրված է նույն պարսպապատերի վրա։ Նույն բլրի ստորոտում՝ գյուղի եզրին գործում է նաև 16-րդ դարում կառուցված և 2007 թվականին վերականգնված եկեղեցի, որի 4 կողմում հնադարյան գերեզմանատուն կա։ Այս մասին Գեղարքունյաց թեմի Շողակաթի և հարակից տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը գրել է․ «2007 թվականի նոյեմբերի 3-ին ձեռամբ Գեղարքունյաց թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի վերաօծվել է ՇորժայիշՇողակաթի/ հինավուրց հայ-հունական գերեզմանատանը գտնվող մատուռը և կոչվել է Սուրբ Աստվածածին: Մատռան վերականգնումը և մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանի նախաձեռնությամբ և համայնքի միջոցներով: Ուշագրավ է, որ հավարտ մատռան վերաօծման արարողության՝ թեմի առաջնորդ Սրբազան Հոր ձեռամբ կատարվել է 12 նորածին մանուկների մկրտություն»։ Եկեղեցու մուտքը հարավ-արևմտյան կողմից է։ Բարավորը հնադարյան խաչքարի բեկոր է։ Հարավային կողմում միջնադարյան խաչքար է կանգնեցվել 2007-ին, որը եղել է տարածքում։ Վերին հատվածում կա դժվար ընթերցելի արձանագրություն․«.....ՍԲ.ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՍ ՄԻՐԶԻՆ...»։  Եկեղեցու արևմտյան պատն ունի փոքր չափերով պատուհան, դրսի կողմից միջնադարյան խաչքարեր կան ագուցված։ Գերեզմանատանը հուղարկավորված են նաև ուղղափառ հույներ, որոնք դեռևս վաղ միջնադարից պարսկա-արաբական հալածանքներից խուսափելով հաստատվել են այստեղ: Շիրմաքարերի մեջ կան նաև հասարակ քանդակներով խաչքարեր, որոնք հիմնականում արձանագրություն չունեն։ Եկեղեցի բարձրացող աստիճանավանդակի 2 կողմերում դարձյալ տարածքից գտնված խաչքարերի բեկորներ են կանգնեցրել։ Ձախակողմյանը թևավոր խաչքար է․ միայն վերին հատվածն է պահպանվել, իսկ աջ ու ահյակ կողմերի թևերը կոտրված են։ Վերին մասում արձանագիր է, բայց չի ընթերցվում․ շատ է մաշված։ Աջակողյանից կեսն է մնացել։ Մեկ այլ խաչքարից միայն վերին հատվածն է պահպանվել, ունի հետևյալ արձանագրությունը․ «ԵՍ ՃԱՆՂՈՒԼՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԽԱԹՈՒՆԻՆ՝ ԻՄ ՄԱՒՐ, ԻՄ ՀԱՐ Փ...Ր ՏԱՐԻՆ, ՍԱՌԻԿԻՆ․․․»։ Ըստ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանի տեղեկության՝ տարածքում մեկ այլ խաչքարի վրա գրված է․ «ԱԾ. ՈՂՈՐՄԻ ԱՒԵՏԻՍ ԱՂԻ ՀՈԳԻՆ, Ո... ԻՇԵՑԵՔ ԱՒԵՏԻՍ ԱՂԷՍ,ԳԵՂԻՍ Կ.(60) ՏԱՐԻ ՏԱՆԴՐՈՒԹԻԻՆ ԱՐԻ ՄԵԼԻՔ ՊԷԿԻ ՉԱԽՈՎՆ. ԻՄ ՍԱՐՀԱՏՆ ԷՍԱՅ.ԱՂԱՅՔԱՐԻ ՁՈՐԷՆ ԴԱՀԱՆԿՆ, ԱՂՊՈՒԼԱՂՆ»։ Տեր Մեսրոպը տեղեկացնում է նաև՝ Մելիք բեկը եղել է Վասակաշեն-Գեղամաբակի (Վարդենիս) տարածաշրջանի և ողջ պատմական Սյունիք նահանգի Սոթք գավառի մելիքը, որի իշխանությունն անշուշտ տարածվում էր նաև ներկայիս Շողակաթի և հարակից բոլոր բնակավայրերի վրա: Մելիք բեկի հիշատակին նրա հինգ որդիները կառուցել են իրենց անունից գեղեցիկ մահարձան-խաչքար Մեծ Մազրա (Մեծ Մասրիկ) գյուղում 1678 թվականին: Ներկայումս արդեն Ժողակաթ վերանվանված հազարամյա գյուղում բնակվում են հիմնականում Արծվաշենից տեղահանված մեր հայրենակիցները։ Կան նաև մորդվին մի քանի ընտանիքներ:  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։