Image

Հերթական պեղավայրում

Քարապատ բլրի վրա աշխատանք է ընթանում․ արդեն տեղյակ եմ՝ հնագիտական պեղումներ են։ Արմավիրի մարզի Խանջյան գյուղից քարքարոտ ճանապարհը տանում է ոչ բարձր բլուրներով առատ մի տարածք, որը հազարավոր տարիներ առաջ էլ եղել է մարդաբնակ։ Շատ են մի քանի հազար տարի առաջ այստեղ բնակված մարդու թողած հետքերը՝ շենքերի պատերը, հիմքերը, դամբարանները, այլ կառույցներ։

Պեղավայրում աշխատում են հայ-գերմանական արշավախմբի հնագետները՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետ Լևոն Մկրտչյանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հնագետ Սիմոնե Առնոլդի համաղեկավարությամբ։ Խանջյան գյուղի վարչական տարածքում արդեն 10 օր է՝ պեղվում է «Խանջյան» պայմանական անունը կրող ամրոց-բնակատեղին։ Այս օրերի ընթացքում հնագետները բացահայտել են ամբողջությամբ քարերով շարված մի եզակի կառույց, որն ունի մոտ 8 մ․ երկարություն, 7 մ․ լայնություն։ Իսկ պատերի բարձրությունը դեռ որոշված չէ։ Բլրի ողջ տարածքը պատված է նաև խեցեղենի բեկորներով։ Արշավախմբի անդամ, հնագետ Գագիկ Սարգսյանը, ով տարիներ առաջ պեղումներ էր կատարում Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակա ամրոցում, այս կառույցը որոշակի նմանեցնում է այնտեղ հայտնաբերված աշատարակին, որն ուներ աստիճանավանդակ։ Այստեղ ևս զգացվում են աստիճանավանդակի հետքերը։ Բլրի հյուսիսարևելյան կողմում գերմանական խմբի կողմից բացվել էին մի շինության պատեր ու հատակ։ Ս․ Առնոլդն ու նրա հետ աշխատող Նաիրա Խաչատրյանը չափագրում էին կառույցը։ Տեղեկացրեցին՝ հետաքրքիր կառույց է իրենից ներկայացնում․ գտնված նյութերի ուսումնասիրությունից կորոշվի ինչ է իրենից ներկայացնում փոքր չափերով կառույցը։

Պատերը շարված են կոպտատաշ բազալտ քարով՝ հողաշաղախով։ Այդ հատվածում նման կառույցների պատեր ու հիմքեր էլի կան։ Մեկի մոտ սյան խարիսխ է գտնվել, որը տուֆակերտ է։ Ընդհանրապես բլրի 4 կողմերում պահպանվել են բավականին մեծ քարերով կառուցված պարսպապատերի հիմքեր, որոշ տեղերում մոտ 1 մ բարձրությամբ պատեր։ Հետաքրքիր է՝ պատերի մեջ պահպանվել են տուֆակերտ ոչ մեծ չափի քարեր, որոնց մի քանիսը կուռքեր են հիշեցնում։ Իսկ ընդհանրապես ի՞նչ է թաքնված հնավայրում, ի՞նչպես է հայտնաբերվել հարցին՝ Լևոն Մկրտչյանը պատասխանեց․ «Հուշարձանը հայտնաբերբեր ենք ավագ գործընկերոջս՝ Գագիկ Սարգսյանի հետ, երբ 2020 թ․ հետազոտում էինք ՀՀ Արմավաիրի մարզի Խանջյան համայնքից հյուսիսային և հյուսիս-արմւոտք ընկած հատվածների հուշարձանները՝ հույս ունենալով հայտնաբերել և ֆիքսել բրոնզ-երկաթեդարյան աշտարակների նոր օրինակներ /Լ․ Մկրտչյանը վերջին տարիներին նման տասնյակ աշտարակներ է հայտնաբերել, ուսումնասիրել/։ Թեպետ նոր օրինակներ հայտնաբերեինք, բայց առաջացան խնդիրներ փաստգրման համար։ Աշտարակները գտնվում էին ՀՀ ՊՆ զորավարժարանի տարածքում, և հենց այդ օրն էլ տեղի էր ունենում ինչ-որ զորավարժություն։ Ստիպված ուղղությունը փոխելով՝ նկատեցինք և մոտեցանք այս բլրին, որը հեռվից ուներ արհեստական դարավանդների հետքեր, իսկ գագաթը կտրած էր։ Ենթադրեցինք, որ ամրոց է։ Սակայն շուտով պարզվեց, որ անծանոթ հուշարձան է․ ավելին՝ մեր որոնումները այս հնավայրի մասին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և հին, և նորհայտերի ցանկում ոչ մի արդյունք չտվեցին։

Գործընկերոջս՝ Ռ․ Դավթյանի հետ, ով բնակվում և աշխատում է Գերմանիայում, որոշեցինք սկսել հնագիտական ուսումնասիրություններ այս նոր հուշարձանում։ Այսպես ծնվեց գաղափարը և վերածվեց նախագծի։ Հալլեի համալսարանի հնագետ Ս․ Առնոլդի հետ ստեղծվեց հայ-գերմանական միացյալ արշավախումբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությաբ՝ թույլատվություն ստանալով ՀՀ ՊՆ և ԿԳՄՍ նախարարությունների կողմից»։ Արշավախմբի հետ օրավարձով աշխատում են նաև դպրոցականներ ու երիտասարդներ Արմավիր քաղաքից ու Խանջյան գյուղից։ Արմեն Միրզախանյանը Խանջյան գյուղից է, սիրով է կատարում իր աշխատանքը։ Հետաքրքիր աշխատանք է, հատկապես, երբ որևէ իր է գտնվում հողի տակից։ Արմենի հորեղբոր որդին՝ Սարգիսը, Արմավիր քաղաքից է, բայց նրան նույնպես հետաքրքրել է պեղումների աշխատանքը։ Օրվա ընթացքում կառույցի արևմտյան պատի տակից կարասի մեծ բեկորներ էին գտել, քարերի տակից այրված ոսկոր ու ածուխ էին հանում, խնամքով փաթեթավորում, որ հետագայում ուղարկեն ուսումնասիրման։ Գտնվեց նաև բրոնզի փոքր բեկոր։ Աշխատանքները հետաքրքրել է նաև երիտասարդ Կարեն Պապիկյանին, ով գալիս է Արմավիր քաղաքից։ Խանջյանի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վրեժ Աթոյանն ասաց՝ սիրում է պատմություն առարկան, հնարավոր է՝ դպրոցն ավարտելուց հետո պատմաբան-հնագետ դառնա։ Գոհ է տղաների աշխատանքից Լ․ Մկրտչյանը։ Պեղավայրում էր նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ճարտարապետ Լևոն Վասիլյանը, ով հավատացած է՝ ինչ-որ հետաքրքիր պատմական իրողություն կպարզվի պեղումների վերջում։ Ամրոցը պահող բլրի արևելյան կողմում մեկ այլ բլուր կա, որի վրա նույնպես նույն ժամանակի շինություններ կան։ Բլրի ստորոտում դամբարաններ կան։ Խորհրդային տարիներին այս հատվածում հարթեցման աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում գտնվել են վանակատ-օբսիդիանի գործիքներ, խեցեղենի բեկորներ։ Գ․ Սարգսյանը նշեց՝ այս հատվածում ավելի վաղ շրջանում էլ բնակեցված է եղել։ Հնարավոր է ժամանակին տարածքը եղել է անտառապատ, ջրով հարուստ։ Այժմ կիսաանապատային վիճակ է։ Մի քանի օրից հնագետները կավարտեն պեղումների առաջին շրջանը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։