Image

Նրանք հիշեցրին «ԵՐԳԻ ՔԱՂԱՔ ԿԻՐՈՎԱԿԱՆԸ»

Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային այգում զբոսնողները, հանգստացող հովեկները հաճելի զարմանք ապրեցին, երբ ՀՀ օրհներգից, տերունական աղոթքից հետո, բեմ բարձրացան և տոթակեզ մի երեկո իրենց կատարումներով այգում երաժշտական «հորդառատ անձրև տեղացին» Վանաձորի «Voice» երգի ստուդիայի սաները:

Նրանք 8-15տարեկան այն երգիչ-երգչուհիներն էին, ովքեր մոտ երկու ժամ այգու այցելուներին գամեցին բեմեզրին՝ որ արդեն կամավոր ունկնդրում էին տարբեր ժանրերի նրանց երգերը: Անգամ մասնագետները խորասույզ լսելով մեղեդիները, հավանություն արտահայտող հայացքներ փոխանակելով՝ համոզիչ կարծիք էին արտահայտում.«Կեցցեն երեխաները, կեցցեն ուսուցիչները, նրանք մեզ հուզեցին»: Անվանի լրագրող, գրող Հավհաննես Կարապետյանը հիացմունքը թաքցնել չկարողացավ. « Ժամացույցի սլաքները ետ չեն պտտվում, բայց իմ հոգում վերահառնեց «ԵՐԳԻ ՔԱՂԱՔ ԿԻՐՈՎԱԿԱՆԸ» /հիշեցնենք, բազմաթիվ տարիներ քաղաքում անչափ սիրելի էին «Համաքաղաքային երգի տոն» ամենամյա միջոցառումները/:   Երգիչ-երգչուհիների  մեջ հայտնի անուններ կան: Տարբեր մրցույթներում և փառատոներում, այդ թվում նաեւ արտասահմանյան, ստուդիայի սաները ձեռք են բերել 80-ից ավելի մրցանակներ: Ահա ինչու դժվար է անուններ նշելը: Ստուդիայի ղեկավարները առիթը բաց չեն թողնում մասնակցելու քաղաքային, մարզային, հանրապետական, միջազգային  մրցույթներին:

«Voice» երգի ստուդիան հիմնադրվեց 2014 թվականին` ճիշտ և գրագետ երգեցողության ուսուցման, սաներին  հայ երգարվեստին ծանոթացնելու, գեղագիտական և հայրենասիրական ոգով դաստիարակելու նպատակով։ Ստուդիայի հիմնադիր   Վարազդատ Հովհաննիսյանը   գեղարվեստական ղեկավարն է, որ նաեւ դասավանդում է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան `Վալերի Հարությունովի դասարանը։ Աշխատել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջում`   երգեցողության բաժնի  դասախոս, Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում ` մենակատար,Դիլիջանի Արվեստի Պետական քոլեջում ` դասախոս և քոլեջին կից դպրոցում` դասատու,Դիլիջանի միջազգային դպրոցում` դասատու, այժմ` Մ. Թավրիզյանի անվ. Արվեստի Պետական քոլեջում` դասախոս։ Նա արժանացել է միջազգային մրցույթներում հաղթողի մի շարք շնորհակալագրերի։Ստուդիայի երաժշտական մասի ղեկավարը Կարինե Հովհաննիսյանն է, ով  

սովորել և ավարտել է Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը և աշխատում է Մ. Թավրիզյանի անվ. Արվեստի Պետական քոլեջում`  դաշնամուրային բաժնի դասատու և երգեցողության բաժնի կոնցերտմայստեր։

 Ստուդիան ունենում է նաև ամենամյա բացօթյա համաքաղաքային մեծ համերգներ։

Ստուդիայի սաները ուսումը շարունակում են հանրապետության տարբեր երաժշտական քոլեջներում  և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։