«Լեռնահայաստանի Հանրապետությունը» խորագրով
«Երբեք առանց Սյունիքի ու Արցախի, առանց Հայաստանի այդ ուժեղ ողնաշարի, մեր ամբողջական Հյարենիքը գոյություն ունենալ չի կարող»։
Գարեգին Նժդեհ
Օգոստոսի 25-ին Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, երիտասարդ պատմաբան Գոռ Ղազարյանը «Սովորենք Պատմությունից» նախագծի շրջանակում հանդես եկավ «Լեռնահայաստանի Հանրապետությունը» խորագիրը կրող հանդիպում-դասախոսությամբ։ Ներկա էին հայոց պատմությամբ հետաքրքրվողներ, ուսանողներ։ Գ․ Ղազարյանն իր նոր դասախոսությամբ ներկայացրեց 1920-1921թթ․ գույություն ունեցած Լեռնահայաստանի Հանրապետության կազմավորման գործընթացը, պետական կարգը և սահմանները։ Մեր պատմության մեջ առանձնակի տեղ ունի այդ ժամանակաշրջանը, երբ կար հայ ժողովրդի գոյատևման խնդիր։ Ու Գարեգին Նժդեհի, նրա հայրենասեր համախոհների շնորհիվ ստեղծված Լեռնահայաստանի Հանրապետությունն իր փառահեղ տեղն է զբաղեցնում մեր ժողովրդի հետագա կյանքում։ Այսպես՝ փաստելով ժամանակակիցներից Գասպար Գասպարյանի խոսքը, ներկայացրեց հետևյալը․ «Եթե Զանգեզուրն այսօր Հայաստան է կոչվում, դա գլխավորապես Արսեն Շահմազյանի շնորհիվ է։ Արսեն Շահմազյանը հիմնաքարը դրավ հատկապես Զանգեզուրի, իսկ նրանից հետո Գարեգին Նժդեհը կառուցեց հայկական զանգեզուրի շենքը․․․»։ Թեպետ Լեռնահայաստանը միջազգային ճանաչում չունեցավ, սակայն իր գոյության կարճատև ժամանակահատվածում էական դերակատարում ունեցավ հայոց պատմության մեջ։ Երեկոյի ընթացքում Գ․ Ղազարյանը ներկայացրեց փաստեր՝ գրավոր ու լուսանկարներ, ժամանակակիցների, այդ թվում՝ օտարների, հիշողություններ, որոնք նկարագրում էին այդ ժամանակները, իրադարձություններ, քաղաքական ու մարտական գործոններ, որոնք էական նշանակություն են ունեցել Լեռնահայաստանի Հանրապետության կազմավորման գործընթացում, ինչպես նաև՝ Սյունիքը Հայաստանի Խորհրդային Հանրապետության կազմում պահելու գործում։ Այս հարցում ժամանակին կարևոր դեր է ունեցել «Դավիթբեկյան ուխտեր»-ի ստեղծումը, որոնց նշանաբանն էր․ «Դավիթ Բեկաբար՝ հանուն հայրենիքի»։ 1920թ․ օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորներն ուխտեցին Դավիթ Բեկի անունով «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը․․․»։ Բանախոսը կարևորեց նաև 1921թ․փետրվարի 18-ին սկսված ապստամբությունը, որի նպատակն էր հատկապես փրկել հայ մտավորականությանը, և որը ճնշվեց նույն թվականի ապրիլի 2-ին։ Հանգամանալից ներկայացվեց նաև Լեռնահայաստանի Հանրապետության պետական համակարգին վերաբերող մի շարք հարցեր, երկրի պետական կարգը․ խորհրդանիշները։ Դրոշակը եռագույն է և խորհրդանշում է Սրբություն, Քաղաքախան դաշտ և Վախճանաբանություն։ Զինանշանում 4 պատկեր է՝ Արծիվ Սուր, Վահան և Դափնեպսակ։ Օրհներգը /քայլերգ/ 12 տողից է․
«Մեր սարերն անառիկ եւ հպարտ,
Մեր որդիք կորովի եւ անպարտ.
Խոր ձորեր Սիւնիքի ահաւոր,
Շիրիմ են թշնամու դարաւոր։
Թշնամին հազարով միշտ մեր դէմ,
Կուրծք կրծքի մենք կանգնած նրա դէմ,
Չենք դողում, չենք սարսում մենք մահից,
Մեր մահը թեթեւ թիթեռի թեւից։
Ինքնավար Սիւնիքին ցանկանք,
Միշտ լինել թշնամու սպառնանք,
Շատ ապրի մեզ համար այսուհետ,
Քաջ հերոս Նժդեհ սպարապետ»։
Կառավարությունը կազմված էր 8 նախարարություններից, որոնցից Արտաքինն ու Զինվորականը ղեկավարում էր Սպարապետը՝ Գարեգին Նժդեհը։ Ներկայացվեց նաև Լեռնահայաստանի քարտեզը որում երբևէ ներառվել են Հայոց երկրի տարածքները։ Կարևորվեց Խուստուփ լեռան դերը, որը մեծ նշանակություն է ունեցել որպես Սյունիքի հզորության ու անառիկության խորհրդանիշ։ Դասախոսությունից հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։ Զրուցեցի Գ․ Ղազարյանի հետ․ ասաց՝ օրը համընկնում է «Դավիթբեկյան ուխտեր»-ի ստեղծման- հետ։ Իսկ դասախոսության նպատակն է․ «Լեռնահայաստանի Հանրապետության կազմավորման գործընթացի, պետական կարգի և սահմանների հանգամանալից ուսումնասիրությունը կարող է նոր լույս սփռել Զանգեզուրի գոյապայքարի պատմության էջերի վրա։ Լեռնահայաստանի դասերը մեր օրերում նույնպես արդիական են, քանզի Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում խոցելի դարձավ Սյունիքի անվտանգային համակարգը։ Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության ռազմատենչ, ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահարվերները՝ չենք կարող բացառել ռազմաքաղաքական իրադարձությունների այնպիսի զարգացումներ, որոնց դիմակայելու համար պետք է հոգեբանորեն պատրաստ լինի հայ հանրությունը՝ զինված պատմական և քաղաքական անհրաժեշտ գիտելիքներով։ Լեռնահայաստանի պատմությանն առընչվող հարցերի ուսումնասիրությունը և դրանց հանրահռչակումը կարող է հայ հանրությանն ավելի մոտեցնել Սյունիքին՝ ցուցանելով վերջինիս պատմաքաղաքական և ռազմավարական նշանակությունը։ Սյունիք-Լեռնահայաստանի (Ինքնավար Սյունիք և Լեռնահայաստանի Հանրապետություն) սահմանները հետագայում դարձան Խորհրդային Հայաստանի Զանգեզուր գավառի, իսկ 1991 թ․ անկախացումից հետո՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանները։ Ուստի ներկա քաղաքական զարգացումներում էական նշանակություն ունի այդ սահմանների հստակեցումը, որը կարող է ուղեցույց ծառայել Հայաստանի Հանրապետության համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Վերջին շրջանում, հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, հայ հանրության մեջ մեծ տարածում ունեն Լեռնահայաստանի առաջնորդ Գ․ Նժդեհի կերպարը և նրա գաղափարները, ինչը էական ազդեցություն ունի հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Այս առումով կարևոր է Լեռնահայաստանի Հանրապետության պետական գաղափարաբանության ուսումնասիրումը և դրա տարածումը հայոց մեջ որպես հզոր, անառիկ, մարտունակ, գաղափարապաշտ և ազգային պետության օրինակ։ Ուսումնասիրության նպատակն է հետազոտել, վեր հանել և ներկայացնել Լեռնահայաստանի Հանրապետության, որպես անկախ և ինքնիշխան պետություն, հիմնական բաղադրիչները։ Նշված նպատակին հասնելու համար դիտարկել ենք հետևյալ խնդիրները․ Վեր հանել պատմաքաղաքական այն հիմնական գործոնները, որոնք էական նշանակություն ունեցան Լեռնահայաստանի Հանրապետության կազմավորման գործընթացում։ Փորձել ներկայացնել քաղաքական այն խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ էր Լեռնահայաստանի Հանրապետության գոյությունը։ Ամբողջական պատկերացում կազմել Լեռնահայաստանի Հանրապետության պետական համակարգի մասին։ Փորձել տարբերակել երկրի պետական կարգը։ Ներկայացնել Լեռնահայաստանի Հանրապետության պետական գաղափարաբանությունը։ Գ․ Նժդեհի աշխատությունների հիման վրա բացատրել հանրապետության պետական խորհրդանիշները և դրանց իմաստաբանությունը, նշանակութունը, ընտրության պատճառները։ Պատկերացում կազմել այն տարծքների մասին, որոնք երբևէ ներառվել են հանրապետության սահմաններում։ Հասկանալ դրանց փոփոխությունները երկրի գոյության ընթացքում։ Ուսումնասիրության օբյեկտը հանդիսանում է 1917-1921 թթ․ Զանգեզուրի գոյապայքարի վերջին փուլը՝ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը հաջորդող շրջանը։ Ժամանակագրական առումով ուսումնասիրությունն ընդգրկում է 1920 թ․ վերջից մինչև 1921 թ. հուլիս ընկած ժամանակահատվածը։ Այդ փուլում Զանգեզուրը հանդես եկավ որպես ինքնիշխան պետականություն․ ստեղծվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը։ Պատմության այդ խառնակ և օրհասական ժամանակահատվածում Լեռնահայաստանի Հանրապետությունը կարողացավ ձևավորել պետությանը բնորոշ մի շարք ինստիտուտներ, ունենալ կայուն պետական համակարգ, հաստատել պետական խորհրդանիշներ, իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրից դուրս գտնվող տարածքներ՝ Վայոց Ձորը, մասնակիորեն՝ Գողթանը, Լեռնային Ղարաբաղը և Նոր Բայազետը»։