Image

Թանգարանը՝ Ագրիճի գետի ափին

 «Ես այս նկարներով եմ ապրելու»։

 Ներսես Կարապետյան

 

Նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի մասին 1980-90-ականներին շատ էին խոսում հատկապես ՀԽՍՀ Մարտունու շրջանում։ Նույն տարիներին մոտ 100 տնտեսություն ունեցող Մադինա գյուղում գործում էր նաև նկարչական խմբակ, որը ղեկավարում էր Ներսեսը, և որի սաների նկարները ցուցադրվեցին աշխարհի շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, ԳՖՀ-ում և այլն։ ՅՒՆԵՍԿՕ-ն, անգամ վավերագրական ֆիլմ նկարեց՝ «Մադինայի փոքրիկ նկարիչները», որը, ցավոք, Խորհրդային Միությունն արգելեց ցուցադրել։ Նկարիչ-մանկավարժի 5-6 սան հետագայում ընդունվեցին գեղարվեստի ոլորտի բուհեր և այսօր շարունակում են իրենց երջանկահիշատակ ուսուցչի գործը։ Նրանցից Նունե Հայրապետյանը կերպարվեստ է դասավանդում Ներքին Գետաշեն գյուղի դպրոցներից մեկում, Հեղնար Նազոյանը՝ Վերին Գետաշենի, Գեղեցիկ Ճռիկյանն ու Վեներա խաչատրյանը՝ այլ դպրոցներում։ Նրա մնացած սաները, ճիշտ է, հետագայում այլ մասնագիտություն ընտրեցին, սակայն հոգով մնացին նկարիչ, արվեստասեր։ Ներսես Կարապետյանը ծնվել է 1948թ․ հունվարի 18-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Մադինա գյուղում, որը գտնվում է Արմաղան լեռան արևելյան ստորոտում՝ Ագրիճի գետի կիրճի ձախակողմյան սարահարթում՝ ծովի մակերևույթից մոտ 2200 մ․ բարձրության վրա։ 4-5 տարեկանից սկսել է նկարել՝ պատերին, տախտակներին, քարերին։ Մանկուց է երազել դառնալ նկարիչ ու աշխատել երեխաների հետ։ Ներսեսն ավարտել է Մադինայի միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել սկզբում Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում՝ քանդակի բաժնում, ավարտելուց հետո՝ Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստիտուտի կերպարվեստ բաժնում։ Նաև բանաստեղծություններ է գրել։ 2004թ․ Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան կայացել է նրա «Բանաստեղծությունների ժողովածու» գրքի շնորհանդեսը։ 1980-ականներին Ներսեսն աշխատում էր Երևանի Մանկական պատկերասրահի տնօրեն, սակայն նա իր ծննդավայրում հիմնել էր բարեգործական նկարչական խմբակ, ամեն շաբաթ-կիրակի գալիս էր գյուղ և իր շուրջը համախմբում դպրոցականներին, երիտասարդներին՝ սովորեցնելով նրանց նկարել, ծանոթանալ արվեստի ու մշակույթի գաղտնիքներին։ Այդ տարիներին հանդիպեցի խմբակի սաներին, ծանոթացա նրանց կատարած աշխատանքի հետ։ Մեծ էր խանդավառությունը երեխաների մոտ։ Ստեղծագործում էին հայեցի։ Սակայն երկար չապրեց տաղանդավոր նկարիչն ու մանկավարժը։ 1992թ․ նոյեմբերի 2-ին երկարատև ու ծանր հիվանդության պատճառով վախճանվեց։ Մինչ այդ հասցրել էր Ագրիճիի կիրճի եզրին կառուցել այն ժամանակվա համար անսովոր տուն՝ տեղանքին ներդաշնակ, միջնադարը հիշեցնող ճարտարապետական լուծումներով։ Կյանքի վերջին տարիներին՝ 1990-92թթ․ բնակվում էր այդ տանը, որտեղ էլ կնքեց մահկանացուն։ 2023թ․ օգոստոսի 12-ին մարդաշատ էր Մադինայում։ Ինչպես գիտենք՝ օգոստոսի 12-ին աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը։

Եվ տոնի առթիվ Մարտունու խոշորացված համայնքի ղեկավարությունը Մադինայում կազմակերպել էր փառատոն, որի շրջանակներում կայացավ նաև Ներսես Կարապետյանի անվան տուն-թանգարանի բացման արարողությունը։ Իրականացավ մի կարևոր իրադարձություն՝ Մադինա գյուղն ունեցավ մշակույթի յուրահատուկ կենտրոն, որը և Ներսեսի երազանքն էր։ Օրվա սկզբում կազմակերպվել էր արշավ դեպի Արմաղան լեռան գագաթ։ Տարբեր երիտասարդական խմբեր՝ մոտ 100 հոգի հաղթահարեցին Արմաղանի՝ ծովի մակերևույթից  2830մ․ բարձրությունը։ Այնուհետև թանգարանի տարածքում կայացավ տոնական արարողությունը։ Ներկաներին ողջունեց ու թանգարանի կայացման մասին խոսեց Ն․ Կարապետյանի դուստրը՝ Լիլիթ Կարապետյանը, ում ջանքերով հնարավոր է դարձել այդ տունը վերածել թանգարանի, ով տարիներ շարունակ աշխատել է այդ ուղղությամբ և վերջապես հասել նպատակին։ Երիտասարդների տոնի առթիվ ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Կարևորեց երիտասարդության դերը հայրենիքի շենացման գործում։ Հավատ հայտնեց՝ նորաբաց թանգարանը կդառնա Մադինայի ու մոտակա բնակավայրերի երիտասարդությանն ու մանուկներին համախմբող կենտրոն։ Համայնքապետարանի ֆեսբուքյան էջում գրված է «Մարտունու համայնքապետարանն իր հերթին շնորհակալություն է հայտնում գեղանկարչի զավակներին` թանգարանի կառուցման և այն` որպես անկրկնելի դիտարժան վայր` հանրությանը հասանելի դարձնելու համար։ Շատ գեղեցիկ համագործակցություն ստացվեց։ Այսուհետ Մարտունի համայնքը կունենա ևս մեկ տեսարժան վայր՝ զբոսաշրջիկներին հիացնելու, ինչպես նաև կդառնա մշակութային ինքնատիպ հարթակ՝ արվեստի տարբեր ճյուղերի զարգացման համար»։ Թանգարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին Լ․ Կարապետյանն ու Հովհ․ Հովեյանը։ Երկհարկանի կառույցի ներսում՝ պատերին, տաղանդավոր նկարչի՝ տարիների ստեղծագործության բերքն է ցուցադրված։ Գեղանկարները պատմում են նկարչի տաղանդի մասին։ Լ․ Կարապետյանը ներկայացրեց ցուցադրված կտավները, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմություն։ Վերջին տարիներին նկարիչն ստեղծագործել է գրաֆիկական աշխատանքներ։ Լ․ Կարապետյանն ասաց՝ այդ կտավներն ստեղծվել են յուրահատուկ տեխնիկայով՝ գծիկնրով, որը նորություն է գեղանկարչության մեջ։ Թանգարանում նաև Ներսեսի սաների աշխատանքներն են հավաքված, որոշները ցուցադրված են։ Օրվա ընթացքում թանգարանի տարածքում հանդես եկան Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում գործող գեղարվեստական խմբեր ու համույթներ՝ պարային ու երգերի, թատերական կատարումներով։ Սկզբում թանգարանի կտուրին ժողովրդական պարերի համադրությամբ հանդես եկավ Մադինայի մշակույթի կենտրոնի պարային համույթը։ ՈՄԱ Մարտունու տարածքի ներկայացուցիչները հանդես եկան ցուցադրական համարներով։ Ներկաներին իր խաղով հիացրեց նաև լարախաղացը։ Ագրիճիի կիրճի եզրին աշխատում էին Մարտունու արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաները։ Տոնական միջոցառումը շարունակվեց մինչև կեսգիշեր՝ արդեն խարույկի շուրջ։ Արարողությանը ներկա էին Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, Ն․ Կարապետյանի հարազատներ՝ եղբայրը, քույրը, սաներից Նունեն ու Հուսիկը, Մադինայի վարչական ղեկավար Հարություն Հայրապետյանը, բնակիչներ, հյուրեր։ Երևանում հանդիպեցի Ն․ Կարապետյանի դստերը՝ Լ․ Կարապետյանին, ով տեղեկացրեց՝ 1985-90թթ․ հոր կառուցած տունը թանգարանի վերածելու ծրագիրն սկասել է 2018 թվականից, սակայն աշխատանքներն ընդհատվել են Կորոնավիրուսի, այնուհետև Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով։ Նշեց նաև՝ 2020թ․ սեպտեմբերի վերջերին շինարարները մեկնել են առաջնագիծ, և Փառք Աստծո, ողջ ու առողջ տուն են եկել ու շարունակել աշխատանքները։ Շինարարությունը ղեկավարել է Ներսեսի սաներից Հուսիկ Եփրեյանը, ով որոշ ժամանակ աշխատել է դպրոցում որպես նկարչության ուսուցիչ, այնուհետև զբաղվում է շինարարությամբ։ Հուսիկի որդին ու դուստրը նույնպես նկարիչներ են։ Խոսելով հոր անձնական կյանքի մասին՝ Լ․ Կարապետյանը նշեց՝ այն այնքան էլ հարթ չի եղել։ Ինքը 90-ականներին Երևանից տեղափոխվել է Մադինա ու խնամել հիվանդ հորը։ Հաճախել ու ավարտել է Մադինայի միջնակարգ դպրոցը։ Դժվար է եղել, բայց․․․ Ն․ Կարապետյանը հուղարկավորվել է ծննդավայրի գերեզմանոցում։ Նրա տունը որոշ ժամանակ հանձնվել է հորեղբորը։ Չնայած Ն․ Կարապետյանը շատ կտավներ է ստեղծագործել, սակայն դրանց ցուցադրություն չի կազմակերպել։ Գերադասում էր իր սաների նկարները ցուցադրել։ Հետաքրքիր է՝ նաև ոչ մի նկար չի վաճառել՝ դրանք համարելով իր զավակները, իսկ արվեստը բիզնեսի վերածելը չի ընդունել։ Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Լ․ Կարապետյանն ասաց՝ առաջնայինը՝ Ներսես Կարապետյանի անվան բարեգործական հիմնադրամ ստեղծելն է։ Սրանով հնարավոր կլինի կազմակերպել թանգարանի աշխատանքները, այստեղ բացել կիրառական արվեստի բաժիններ, որ կազմակերպվեն դասընթացներ։ Հավելեց նաև՝ Ներսեսը տարիների ընթացքում աշխատել է ստեղծել կերպարվեստի մանկավարժական ձեռնարկ, և կա նպատակ՝ գիրքը տպագրել։ Ներսեսին ճանաչողները նրան նաև տաղանդավոր մանկավարժ են համարում։  Նա ասում էր․«Նկարներն ու քանդակները արտաքուստ անշարժ թվացող գունային, գծային և ծավալային պատկերների միջոցով ավելի արտահայտիչ են դարձնում երևույթները` դիպուկ ու լակոնիկ... Բանաստեղծությունն ու խոսքերը տեղափոխում են մարդկանց, տանում են հեռուն... բերում են հեռվից...»։ Նրան ճանաչողներից Աշոտ Դոլուխանյանը գրում է․ «Ներսես Կարապետյան՝ դու հավիտյան կմնաս որպես հայտնի նկարիչ և քո անունը ընդմիշտ կմնա բոլոր նրանց սրտերում որոնց միտքը լուսավոր է և արթուն։ Փառք քեզ հավիտյան սիրելի հայրենակից»։ Հավատում է Լ․ Կարապետյանը՝ կիրականանան իր ծրագրերը, երջանկահիշատակ հոր երազանքները։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։