Կատոսավանքը՝ Հոչանցի ափին
«Սա Հայաստան է, և վերջ․․․»։
Լեոնիդ Ազգալդյան
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը, որն իր մեջ է ընգրկում Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք, 13-րդ դարից սկսած՝ Քաշաթաղ և Խոժոռաբերդ ու Արցախ նահանգի Վայկունիք-Ծար գավառները, շատ է հարուստ հայկական պատմական հուշարձաններով։ Պահպանված վանական համալիրներից է Կատոսավանքը, որը գտնվում է Հոչանց գետի ավազանում։ Այս սրբավայրը հաճախ էի այցելում հնագետների, հետ, հաճախ կազմակերպում արշավներ քաշաթաղցի երիտասրդների ու աշակերտների մասնակցությամբ։ 2012թ․ հոկտեմբերին երկրորդ անգամ եղա Կատոսավանքում։ Գնում Էինք աշնանային անտառով. երկնաձիգ կաղնիների բացվածքներից մերթ-մերթ փայլում է արևը, դարձյալ ծածկվում:
Քաշաթաղի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցի աջակողմյան թեք լանջով ցած ենք իջնում՝ գտնելու մեր պապերի թողած ևս մեկ պատմաճարտարապետական կոթող Կատոսավանքը: Տարիներ առաջ նույն վանքին մոտեցել եմ գետի վերին մասից՝ Շրվական գյուղից դեպի ձորն իջնող ճանապարհով: Այս անգամ Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ իջնում ենք պատմական Կատոս գյուղից հարավ ընկած անտառամիջյան ծառահատումների համար բացված ճանապարհով: Մեր «Նիվա» մեքենան, կատարելով ամենագնացի իր առաքելությունը, հաղթահարել է ճանապարհի մի մասը. վարորդը՝ Արվիդը, ցուցաբերեց մեքենավարման իր հմտությունն ամբողջովին: Մնացած մասը՝ մոտ 1-2 կմ, պետք է անցնենք ոտքով՝ իջնելով բավականին թեք լանջով: Մեր ուղեկիցը Արվական գյուղի բնակիչ Կարոն է՝ որսորդ Գարեգինի անդրանիկ որդին: Մի տեսակ խաղաղ էր անտառը, և գնալով ավելի լսելի էր դառնում Հոչանց գետի խշշոցը: Ամենագնաց մեքենաների ճանապարհն էլ է վերջանում, և մուտք ենք գործում կուսական անտառ: Կարոն գտնում է արահետը, որով ժամանակին երևի սայլեր են իջել սրբատեղի, որտեղից շարունակել ճանապարհը դեպի քիչ վերևում գտնվող քարակերտ կամարակապ կամուրջը և հասել Շալուա գետի ավազան՝ Վայկունիք և այլ գավառներ: Այժմ այդ ճանապարհին մեծ ու փոքր ծառեր են աճել, իսկ հիշատակված կամրջից մնացել են միայն հենասյուները: Վերջապես հասնում ենք գետից 20-30 մետր բարձր գտնվող արահետին, որը բավականին լայն է, և պարզ է՝ ժամանակին, երևի նաև խորհրդային շրջանում, բանուկ է եղել: Այդ են վկայում կտրված հաստաբուն ծառերի կոճղերը: Շարունակում ենք ճանապարհը, և վերջապես գունագեղ ծառերի արանքից երևում է շինության պատը: Կատոսավանքն է: Դիմացը՝ գետի ձախ ափին, ուղղաձիգ ժայռեր են՝ սպիտակավուն, տեղ-տեղ քայքայված, տեղ-տեղ ծառերով պատված, իսկ դրանց վերևում Անի և Դրախտաձոր գյուղերն են, որտեղ վերջերս հայտնաբերվեց հայկական միջնադարյան գերեզմանատունը՝ ամբողջությամբ ավերված, տապանաքարերն ու խաչքարերը թափված մոտակա ձորը: Կատոսավանքից պահպանվել են բազիլիկ եկեղեցու երկու պատերը, որոնք գրեթե նույն գույնն ունեն, ինչ դիմացի ժայռերը: Հավանաբար նույն ժայռերից են մեր պապերը հատել քարերը, տաշել ու կառուցել Աստծո տունը: Կատոս գյուղը հայաթափվել է 18-րդ դարի կեսերին և բնակեցվել քրդերով: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրում է, որ 1985 թվականին, երբ այցելել է այստեղ, բնակիչները նաև քրդերեն են խոսել, նույնն է եղել նաև քիչ ավելի հյուսիս ընկած Շրվականում:
Վանքի գոյությունը, նաև իրարից 2-3 կմ հեռու ընկած 3 կամուրջները հուշում են, որ դեռևս վաղ միջնադարում տարածքը հայաշատ է եղել և ծառայել է որպես մշակութային կենտրոն: Գետից 20-25 մետր բարձրության վրա ժամանակին իր շքեղ պարիսպներով կանգուն է եղել վանական համալիրը, որի շինություններից միայն հիմքերն են մնացել՝ ծառերով պատված: Եկեղեցու Սուրբ խորանի պատերից մնացել է մի քանի շարք: Ավանդատները, ինչպես ընդունված է՝ արևելյան հատվածում են՝ հյուսիսային և հարավային պատերին կից։ Սակայն, ի տարբերություն ընդունված կարգի, գտնվում են տաճարից դուրս, ունեն բավականին մեծ մակերես և կարծես առանձին եկեղեցի են: Մուտքերը դրսից են՝ աղոթասրահի հետ ոչ հաղորդակից։ Սրանց պատերն են միայն պահպանվել՝ 1-2 մ բարձրությամբ։ Տաճարի կամարներն ի զորու չեն եղել դիմանալու դարերի ու քոչվորների ավերածությանը: Կառույցը միանավ, թաղակապ բազիլիկ է, որի արտաքին չափերն են՝ 16,70 x 6,90 մետր։ Պատերի հաստությունը 1-ից 1,1 մետր է։ Տաճարի թաղը հենվել է հյուսիսային և հարավային պատերին կցված զույգ որմնասյուների վրա բարձրացող կամարների վրա։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից: Հիմնական մուտքը հարավային կողմից է՝ վերևում, քիչ աջ՝ միակ պատուհանը՝ ներսի կողմից ընդլայնված, դրսից պահպանվել է կամարաձև պսակը: Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ բազալտով և կրաշաղախով։ Սրբատաշ քարեր օգտագործվել են կառույցի մուտքի, լուսամուտների եզրաքարերի, որմնասյուների և պատերի անկյունային հատվածներում։ Եկեղեցու հարավային պատի վրա առկա հորիզոնական խորշերի շարքը հուշում է, որ կառույցը հարավից ունեցել է կից սրահ, փայտածածկ տանիքով։ Հյուսիսային պատը գրեթե ձորապռնկին է: Պատերի պահպանված հետքերը հուշում են, որ համալիրը պարսպապատ է եղել, իսկ հարավարևելյան կողմում գտնվել է գերեզմանատունը: Պահպանված մի քանի տապանաքարերը տեղահանվել են, ջարդվել: Տարածքում հիմնական ավերածությունները եղել են 1988 թվականից հետո, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Այնուամենայնիվ, մի խաչքար, որն ունի 79-44-21 սմ չափսեր, պահպանվել է, և որը տարածքի բնակիչները կանգնեցրել ու առաջը մոմ էին վառում: Մի հարթ տապանաքարի վրա էլ մարդու կերպարանք է քանդակված. չափսերն են՝ 173-72-25 սմ: Ափսոս, երկուսի վրա էլ արձանագրություն չկա: Մի մեծ խաչքար կամ տապանաքար երեսնիվայր ընկած է եկեղեցու հյուսիսարևմտյան մասում: Ծանրության պատճառով չկարողացանք շրջել: Սամվել Կարապետյանը 1985 թվականին այստեղ տեսել է մի խաչքար, որը հետագայում չէր գտել։ Խաչքարն ունեցել է հետևյալ արձանագրությունը. …/ԿԱՆ/ԳՆԵՑԻ ԶՍ/ՈՒՐ/Բ ՆՇԱՆՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹ/ԵԱՄ/Բ ՀԱՅՐ ԳՐ/Ի/ԳՈՐՈՅ, ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք/ՐԻՍՏՈ/Ս: Վանքից քիչ ներքև հոսում է Հոչանց գետը՝ աշնանային գունեղ անտառի ու ձախափնյա ուղղաձիգ ժայռերի հետ ստեղծելով աննկարագրելի գեղեցիկ տեսարան: Ջինջ ու սպիտակավուն ջուրը հոսում է սահանքների միջով, հյուսում աշնան գեղեցիկ մեղեդին՝ պատմելով միջնադարյան հոգևոր հայրերի մասին, որոնք, այս գողտրիկ անկյունին իրենց կյանքը կապած, Ավետարան են բազմացրել՝ ի սեպումն ու տարածումն Տիրոջ խոսքի, որին էլ հաճախ ապավինելով, մերօրյա հերոսները իրենց կյանքի գնով ազատագրեցին մեր հայրենիքը: Մնում է՝ տեր կանգնենք մեր սրբատեղիներին, մաքրենք ու համապատասխան դիրքի բերենք գտնված խաչքարերն ու տապանաքարերը: 11 տարի առաջ, վերջացնելով մեր գործը, հրաժեշտ տվեցինք Կատոսավանքին՝ հույսով, որ անպայման կգտնվեն արձանագիր խաչքարն ու նորերը: Եվ հետագայում իրականացավ հույսս։ Որսորդ Գարեգինի հետ հերթական անգամ եկանք՝ ուսումնասիրելու նրա կողմից հայտնաբերված միջնադարյան հայկական գերեզմանատունը, որը ժամանակի ընթացքում ավերվել է, մի մասը կուլ է տվել անտառը։ Այնուամենայնիվ պահպանվել էին մոտ 10 շիրմաքար, որոնց մեջ էր գեղաքանդակ մի խաչքար։ Դրանից հետո էլ մի քանի անգամ տեղի բնակիչների, տարածքում ՀԷԿ կառուցողների կանչով Կատոսավանքում էի․ գտնվել էին այլ խաչքարեր, ջրաղացների ավերակներ։ 2020թ․ օգոստոսի 12-ին Գանձա գյուղի համայնքի ղեկավար Հարութ Թադևոսյանի ու Դրախտաձոր գյուղի բնակիչ Արսեն Խաչատրյանի հետ եղանք Կատոսավանքում․ գտնվել էր Սամվել Կարապետյանի հիշատակած արձանագիր խաչքարը։ Բացի այդ տարածքում բնակատեղի ու գերեզմանատուն էր հայտնաբերվել։ Վերջին անգամ Կատոսավանք գնացի բերձորցի երիտասարդների հետ 2020թ․ օգոստոսի 29-ին։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներ Արմեն Պետրոսյանի, Մարինե Ռուստոմյանի, Մանե Հակոբյանի ու Հուշարձանների պահպանության պատասխանատու Տիգրան Չուխաջյանի հետ կազմակերպեցինք արշավ։ Ընթացքում կարողացանք որոշ խաչքարեր շրջել, տարածքը մաքրեցինք ավելորդ խոտերից։ Որոշել էինք նորից գալ, ավելի մեծ խմբով ու հիմանականում՝ տղաներով, որ կարողանայինք մնացած խաչքարերը նույնպես շրջել, կանգնեցնել իրենց տեղում։ Բայց․․․ 2020թ․ 44-օրյա պատերազմը խառնեց ամեն ինչ։ Կորցրեցինք մեր հայրենի երկիրը, որն ազատագրել էինք 1992-93 թվականներին ու վերահայացրել 1994-ից։ Թշնամու տիրապետության տակ մնաց նաև Կատոսավանքը։ Այսօր անհայտ է սրբավայրի և տարածքի խաչքարերի վիճակը, ինչպես նաև՝ մնացած հուշարձանների։ Մնացել են այդ օրերի լուսանկարներ, որոնք և պատմում են և հիշողություններ արթնացնում։ Ցավով եմ նշում՝ 2020թ․ օգոստոսի 29-ին մեզ հետ էր նաև բերձորցի 19-ամյա Վարդան Հովեյանը, վերջերս զոհվեց ավտովթարից։ Կատոսավանքի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Երջանկահիշատակ հուշարձանագետ Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում տեղեկացնում է՝ 1567 թվականի ձեռագիր ավետարանի հիշատակարանում նշված Հակարու երկրի Գետուզ գյուղը վանքից 2-3կմ հյուսիս-արևմուտք ընկած ներկայիս Կատոսն է, որը գտնվում էր Հոչանցի աջակաղմյան անտառապատ լանջին։